Կոնդ․
Երևանի քաղաքաստեղծ թաղը

Տարբեր հանգամանքների պատճառով Կոնդը չի պահպանել իր պատմամշութային արժեքները: Թեև քաղաքաշինարարները և ուսումնասիրողները թաղամասը դիտարկում են պատմական տեսանկյունից, առ այսօր որևէ պատմահնագիտական ուսումնասիրություն Կոնդում չի արվել:
Կոնդից հետո Երևանին ուրիշ հայացքով ես նայում: Ամեն անկյունում բաց դռներ կան, մեկի բակը մյուսի ճանապարհն է, տանիքի վրա պատ է բարձրանում, իսկ տեսարանը «խաթարում» են բարեկարգ ու նորաշեն տները:

Մասնագետները կարծում են, որ մայրաքաղաքի չխաթարված պատկերը և հին քաղաքային միջավայրը Երևանի Կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում են պահպանվել:

«Կոնդը Երևանի վերնակուլյար թաղամասերից ամենահինն է ու միակը, որ պատմական արժեք ունի»,- ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը: 1960ականներին ստեղծված «վերնակուլյար» տերմինը թարգմանաբար նշանակում է տեղային, ժողովրդական, հարազատ:

Ճարտարապետները համարում են, որ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում:

19-րդ դարի սկզբում Երևանի երեք հիմնական թաղամասերից Կոնդը միակն էր, որ բարձունքի վրա էր գտնվում: Այնինչ զառիվեր բարձունքին տարածված թաղամասը ունեցել է թե ոռոգման, թե խմելու ջուր: Կոնդեցի Տեր-Գրիգորյանները` Գրիգոր քահանան, նրա եղբայրներն ու հորեղբայրները վաճառել են իրենց ժառանգություն հասած տունը, և այդ միջոցներով 1793թվականին Գետառից խողովակներով ջուր բերել մինչև սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը: Տեր-Գրիգորյանները ջուրը բերել են ոչ թե Գետառի ակունքներից, այլ գետի` քաղաքին մոտ ու մաքուր ջուր ունեցող հատվածից: Եկեղեցու գավիթ հասնող ջրմուղի մաքուր ջրից օգտվել են բոլոր կոնդեցիները: Ի դեպ, կոնդեցի Տեր-Գրիգորյանների ժառանգը հետագայում մասնակցել է խորհրդային Երևանի ջրմուղի աշխատանքներին:
Տեր-Գրիգորյանների ընտանիքը։
«Երևանը հին ժամանակներից բաժանված է եղել երեք թաղի՝ Հին Թաղ (Հին Երեւան), Կոնդ և Քարահանք… Կոնդը բռնել է քաղաքի արևմտյան վերին բարձր մասը: Այդ թաղը մեծացել և ընդարձակվել է, երբ այդտեղ, 1724-1725թթ., բնակություն են հաստատել նստակյաց դարձած հարյուր տուն հայ բոշաները, այդտեղ բնակվել են եւ հայ մելիքները»:
Երվանդ Շահազիզ, գրականագետ, պատմաբան
Մեջբերում 1931 թ․-ին հրատարակած «Հին Երևան» գրքից։
Կիրճի գլխին, բլրակի վրա փռված Կոնդը հին քաղաքի ամենաբարձր կետում ունեցել է շահավետ դիրք ու բարենպաստ կլիմա: Բարձունքն անկանոն օղակել են նեղլիկ ու խորդուբորդ փողոցները: Բլրի գագաթին մեկ և երկու հարկանի տներ են եղել, ստորոտի հատվածում ապրել են մեծահարուստները:

Հետագայում Կոնդի փեշերին գծվել են խորհրդային փողոցները, որտեղ ազնվականների «ապարանքների» փոխարեն կառուցվել են տներ` մտավորականների և արվեստագետների համար:

Երևանի արտաքին տեսքի նկարագրությունները սկսվում են 17-րդ դարից, առաջին նկարագրողը ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենն էր, հետո՝ ռուս հետազոտող Իվան Շոպենը: Սակայն Կոնդի սահմանների և տարածքի մասին մինչև 19-րդ դարի առաջին կեսերը հստակ տեղեկություններ չկան: Արևելյան այլ քաղաքների պես Երևանը ևս հատակագծում չուներ:

20–րդ դարի 30-ականներին հաստատվեց Երևանի կառուցապատման պլանը, և բնական սահմաններ ունեցող Կոնդը սկսեց ձևափոխվել: Թեպետ կառուցապատելու համար քանդվող Կոզեռն գերեզմանատան տեղում ամենուրեք հայտնաբերվեցին վաղ քրիստոնեական դամբարաններ, սկսեցին նոր շենքեր կառուցել:




«Հնագույն ժամանակների, միջին դարերի և նոր շրջանի բնակության հետք են հայտնաբերվել։ Նայել ենք ժամանակի պատմագրության մեջ, սկսած ավելի հին շրջանի, միջին դարերի պատմիչներից, եզրակացության եկանք, որ Կոնդը որպես բնակավայր բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից, որովհետև խորհրդային շրջանում շինարարական աշխատաններ են սկսվել ու գտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մետաղադրամներ, գտնվել են հին թաղումների հետքեր, մնացորդներ», - նշում է պատմաբան, Ազգային արխիվի գլխավոր ֆոնդապահ Գոհար Ավագյանը:

Նա հավելում է, որ ուսումնասիրողները վերհանել են Կարո Ղաֆադարյանի, Երվանդ Շահազիզի և ընդհանրապես, Կոնդի վերաբերյալ գրված բոլոր աշխատությունները: Նյութերում որևէ կոնկրետ ժամանակահատված չի նշվում, բայց որ Կոնդը բնակեցված էր վաղնջական ժամանակներից, դա, կարծես թե, միանշանակ է։
Կոնդի հատակագծումն ու կառուցապատումը նախատեսված է եղել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից: Ճարտարապետը 1929 թվականի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանին գրած իր բացատրագրում ընդգծում է, որ «քաղաքն աճել է ինքնաբերաբար և անկանոն»:
Այդ ժամանակ հարթ Երևանի միակ բնական սահմաններ ունեցող բարձրադիր թաղի վրա աչք են ունեցել գրեթե բոլոր ճարտարապետերն ու քաղաքային իշխանությունները: Թամանյանի առաջարկներին հաջորդել են Կոնդի կառուցապատման բազմաթիվ տարբերակներ:
«Երևաննախագիծ» ինստիտուտում մշակվել էր Կոնդ միկրոշրջանի հատակագիծը: Նախագծով նախատեսված էին հիմնականում բարձրահարկ շենքեր: Կառուցապատման ընթացքում պիտի կառուցվեին հինգահարկանի տիպային շենքեր: Հին Կոնդի կառուցապատման բնույթն ու կոլորիտը պահպանելու նպատակով, նրա հարավ-արևելյան՝ Երևանի Կենտրոնին նայող լանջի վրա, ենթադրվում էր կառուցել ցածրահարկ քոթեջատիպ տներ, որոնք պետք է սանդուղքաձև դասավորվեին լանջի բարդ ռելիեֆի ուղղությամբ:
Սակայն «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետա-նախագծային արվեստանոցում արված, ինչպես նաև կառուցապատման մյուս նախագծերը չիրագործվեցին թաղամասի խիտ կառուցապատման, սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով:

Թաղամասում պահպանված հնություններ գրեթե չկան, պահպանվող հուշարձանների ցուցակն աստիճանաբար «բեռնաթափվել» է անկանոն կառուցապատման արդյունքում: Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը նշում է, որ այժմ Կոնդը պաշտոնապես երեք պատմական հուշարձան ունի` սուրբ Հովհաննես եկեղեցին, մի քարանձավ և հին ջրատար: Դրանցից միայն եկեղեցին է գտնվում այժմյան Կոնդի տարածքում։
Կոնդը 1930 թթ։
Տարիների ընթացքում Կոնդի բարձունքին պահպանված հին տները ծածկվել են լրացուցիչ կառույցներով կամ խարխլվել: Այժմ թաղամասը առանց որևէ կոմունալ հարմարությունների, ետնախորշային կառույցների խառնակույտ է հիշեցնում:
Արժեքավոր տներն ու կառույցներն առանց պաշտպանության և վերականգնման կամ ոչնչացել են, կամ գտնվում են վթարային վիճակում:

Կոնդ թաղամասի տարածքը վերջին տարիների ընթացքում փոքրացել է և կազմում է 16 հեկտար: Սահմաններն անցնում են Պարոնյան, Լեո, Սարյան փողոցներով, Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի մոտով, աստիճանով, որ տանում է դեպի Կոմպոզիտորների տուն և Ֆրիկի փողոցը, ապա՝ Պռոշյան փողոցով՝ ներառելով Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Շարունակել Կոնդի կառուցապատումը, զբաղվել պատմամշակութային շերտով, թե զուգադրել տարբեր մոտեցումներ` քաղաքաշինարարները դեռ չեն կողմնորոշվել:
~
Ավելին