«TL bureau»-ն և Ուրբանիստան, «Նորմալ երևան» նախագծի մասնակցությամբ, ներկայացնում են Ստեփան Զորյան և Ալեքսանդր Սպենդիարյան փողոցների վերաիմաստավորման առաջարկը:
Առաջիկա չորս շաբաթներում քայլ առ քայլ կտեղեկացնենք փողոցների նախագծման գործընթացի մասին, կներկայացնենք մեր առաջարկած լուծումների հիմնավորումները, կպատմենք առհասարակ քաղաքային փողոցների առանձնահատկությունների մասին: Հույս ունենք, որ այս նախագիծը կդրդի քաղաքային պաշտոնյաներին և բնակիչներին մտահոգվել, թե ինչ միջավայրում ենք ապրում և ինչպիսին կարող է լինել այդ միջավայրը, եթե փոխենք քաղաքի փողոցները:
Նախագծի առաջին մասում վերլուծելու ենք փողոցների այժմյան վիճակը` ցույց տալով դրական ու բացասական կողմերը: Երկրորդ մասում կանդրադառնանք փողոցների նախագծման կանոններին և նորմերին. օրինակ, թե ինչու է կարևոր փողոցի կամ մայթի լայնությունը: Նախագծի երրորդ մասում կներկայացնենք լուծումները` քննարկելով նախագծի խնդրահարույց հատվածները: Չորրորդ մասում կլինեն փոքր ձևերի, փողոցների վիզուալ ձևավորումները:
Ստեփան Զորյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի փողոցների (վերջինիս նախագծվող հատվածը) կարճ (ընդամենը 385մ) ու խաղաղ փողոցները Երևանի ճիշտ կենտրոնում են: Դրանք մի քանի պատճառով անարդարացի մոռացված են բնակիչների և զբոսաշրջիկների կողմից: Երևանի բնակիչները միանգամից գլխի չեն էլ ընկնի, թե դրանք որտեղ են, մինչև չճշտեք, որ այդտեղ է գտնվում հանրաճանաչ «Արտաշի մոտ» խորտկարանը: Ցավալիորեն, տոտալ կայանվածության, հետիոտնային նորմալ ենթակառուցվածքների և ոչ կոմերցիոն ձգողական կետերի բացակայության պատճառով փողոցը տարանցիկ միջանցքի է վերածվել:
Ճանապարհային հատվածի լայնությունը ակնհայտորեն չի բավարարում մեքենաների երկկողմանի անվտանգ երթևեկության և երկկողմանի կայանման համար: Պարզապես պետք է ընտրել` կամ թողնել միակողմանի կայանագոտի, կամ միակողմանի երթևեկություն: Հաճախակի փոքրիկ խցանումները առաջանում են հազվադեպ հայտնվող հանդիպակաց մեքենայի պատճառով:
Չնայած թույլատրելի երկկողմանի երթևեկությանը` փաստացի այն տվյալ փողոցներում հիմնականում միակողմանի է: Դա պատկերավոր ձևով փաստում է, որ երթևեկությունը, առանց որևէ վնասի, կարելի է դարձնել միակողմանի: Ճանապարհային հատվածը հնարավոր կլինի ավելի նեղ դարձնել` ավելի հարմար և լայն մայթերի օգտին` ազատվելով տեղային խցանումներից այն ժամերին, երբ հայտնվում են մեքենաների հանդիպակաց հոսքերը: Բացի այդ, փողոցը կդառնա անվտանգ և հարմարավետ թե հետիոտների, թե մեքենաների համար:
Անցյալի սխալների և անօրինական շինարարության պատճառով մայթերի լայնությունը որոշ մասերում կրճատվել է` հասնելով 0,9 մետրի: Դա բավարար չէ մեծ թվով հետիոտների տարանցման համար: Բացի այդ, սխալ են կարգավորված մայթերի ու դեպի բակեր տանող ուղիների հատման վայրերը: Դրա հետևանքով անցորդներին անըդնհատ աստիճաններ են հանդիպում: Տեղ-տեղ բացակայում են ստորգետնյա հարկաբաժիններ տանող սանդուղքների ցանկապատները: Այս ամենը դժվարամատչելի են դարձնում փողոցը, և հետիոտները այլ երթուղիներ են ընտրում: Հետիոտնային անցումների պակասը ստիպում է, ճանապարհային կանոնները խախտելով, փողոցը անկանոն հատել: Դա խաթարում է անվտանգությունը և միջավայրի մատչելիությունը:
Փողոցները նախագծելիս պետք է հիշել` հետիոտնը միշտ ընտրում է ամենակարճ ճանապարհը: Եթե միայն չկան այլ հատուկ պայմաններ, պետք է օրինական կերպով կարճագույն ճանապարհը ընտրելու այդ հնարավորությունը տրամադրել հետիոտնին: Այլապես հետիոտնը կխախտի ճանապարհային կանոնները:
Այս ոչ մեծ փողոցներում թույլատրելի է 60կմ/ժամ արագությունը: Քաղաքի կենտրոնական հատվածի համար դա շատ է: Ժամանակակից քաղաքներում կենտրոնական փողոցներում արագությունը սահմանափակում են (մինչև 30կմ/ժ): Լավ կլիներ այդ փորձը կիրառել նաև Երևանի կենտրոնում:
Պետք է նշել, որ վիզուալ իմաստով ևս լավ վիճակ չէ: Գլխավերևով անցնող լարերի հսկայական քանակը փակում է կառույցների ճարտարապետական տեսքն ու երևանյան երկինքը: Ցուցանակների ձևավորման միասնական ոճ չկա, գովազդային կառույցները տեղ-տեղ ամբողջությամբ փակում են շենքերի ճակատները: Թերևս, այս խնդիրները Երևանում համատարած բնույթ ունեն:
Թեև Զորյանի և Սպենդիարյանի փողոցներում շատ են սրճարանները, խանութները, սպասարկման կետերը, չենք կարող ասել, որ դրանք քաղաքային ակտիվ փողոցներից են:
Ամփոփելով ` նշենք, որ այդ փողոցները, չնայած կենտրոնական դիրքին, անհրապույր են, ջնջված տուրիստական երթուղիներից, վտանգավոր` հատկապես սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար և գրեթե ինտեգրված չեն քաղաքի ժամանցային կյանքում: Դրանք կորցրել են «դեմքը, մինչդեռ հարևանությամբ տեղակայված է Սարյանի փողոցը, որը, նույն հնարավորություններն ունենալով, Երևանի ամենաաշխույժ ու գրավիչ վայրերից մեկն է:
TL bureau Ճարտարապետներ` Մանե Մովսիսյան, Լալա Ղազարյան Գլխավոր ճարտարապետ` Հայկ Զալիբեկյան Դմիտրի Կոլբին (պրակտիկանտ)
«Նորմալ Երևան» նախագիծ Սերգեյ Տոնոյան Հայկ Զալիբեկյան