2018 թվականի հուլիսի 11-ին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց յոթ կառույցի, այդ թվում՝ «Հրազդան» մարզադաշտին, մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն:
Որոշումը, սակայն, պետք է դեռ պաշտոնապես հաստատվի ՀՀ կառավարության կողմից:
«Ձևավորվել է թյուր կարծիք, որ շենքի մասնավոր սեփականություն լինելը նրան ազատում է հուշարձանի կարգավիճակից: Այդ հարցում ջանք չեն խնայել նաև շենքերի սեփականատերերը՝ դրա հետ վարվելու այնպես, ինչպես կցանկանան: Խոսքը ոչ միայն պահպանության, այլև համալիր վերանայումների, հետագա գործառույթների մասին է»,- նշում է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:
«Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» նախաձեռնող խմբի համակարգող Արևշատյանը համոզված է, որ պետությունը չպետք է խախտի սեփականատիրոջ իրավունքները, սակայն գլխավոր նպատակ պետք է լինի պատմական հուշարձանի պահպանության հարցը:
Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAAM) պրոֆեսոր, «Մոսկվա» ամառային կինոթատրոնի և «Զվարթնոց» օդանավակայանի մասին գրքերի հեղինակ Կարեն Բալյանի համոզմամբ՝ ցանկում ընդգրկված հուշարձաններից «Հրազդան» մարզադաշտի պահպանության և վերականգնման խնդիրը ամենահեշտն է: Այն ակնհայտ ձևափոխումների չի ենթարկվել, մինչդեռ «Ռոսիա» կինոթատրոնի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի շատ գումար, քան բուն շինարարության ծախսն էր:
«Շենքերի ժամանակակից ռեստավրացիայի նախագծումը շատ բարդ խնդիր է, քանի որ չկա փորձ և հստակ մեթոդոլոգիա: Բացի այդ, համարյա անհնար է առկա նյութերով այնպես վերականգնել, որ նույնությամբ կրկնվի շենքի նախկին տեսքը»,- մտահոգություն է հայտնում Բալյանը: