Երևանի զարգացման համար շրջադարձային պահ է հասունացել: Մի կողմից, քաղաքի զարգացման վերաբերյալ հետաքրքիր մտքեր են հնչեցրել նոր իշխանությունները, մյուս կողմից՝ տրանսպորտային ակնհայտ, օրեցօր վատթարացող խնդիրն է արգելակում այդ զարգացումը:
Հանրության տարբեր շերտերի՝ նորմալ քաղաք ունենալու պահանջ-ձգտումները քաղաքային ղեկավարությանը մանևրելու հնարավորություն չեն թողնում: Տրանսպորտային խնդրի լուծումը քաղաքային նոր ղեկավարության նախընտրական խոստումներից մեկն էր:
Թեմային հաճախ անդրադառնալով՝ քաղաքապետարանում նշում են, որ այդ ուղղությամբ մշտական աշխատանք է կատարվում: Քաղաքապետարանի՝ այդ թեմայով հնչեցրած գրեթե բոլոր ուղերձներում ասվում է, որ բանակցություններ են վարվում հնարավոր մատակարարների հետ՝ նոր փոխադրամիջոցներ ձեռքբերելու վերաբերյալ:
Բայց մի՞թե հենց դա է պետք, և նոր ավտոպարկն ու նոր երթուղիներն են տրանսպորտային խնդիրը լուծելու համար արվող անհրաժեշտ քայլերը: Կարծում եմ, որ, անգամ գիտական տեսանկյունից, բոլորովին այդպես չէ: Երևանի ճանապարհներին անձնական մեքենաների անդադար աճող քանակն է մի մեծ գլխացավանք, որը հնարավոր չէ դարմանել` հին ավտոբուսները փոխարինելով և նոր երթուղիներ ստեղծելով:
Մեր առօրյան են դարձել մշտական խցանումները, որոնք արգելակում են քաղաքի զարգացումը: Թեև, ցավոք, Երևանում այդպիսի հաշվարկներ չեն արվում, բայց չէ որ խցանումների տնտեսական և բնապահպանական վնասը ավելին է, քան՝ «ուշացել եմ` խցանումների պատճառով» և «շնչելու օդ չկա» արտահայտությունները:
Բա ի՞նչ պիտի անենք
Ներմուծել ժամանակակից հասարակական տրանսպորտ` փոխադրավարձի գանձման նոր մեթոդով և ժամանակակից միջոցներով խթանելով հանրային տրանսպորտից օգտվելը:
Պետք են ժամանակակից ու ճշգրիտ ընտրված ճանապարհային գծեր՝ հատուկ հանրային տրանսպորտի համար: Քաղաքը պետք է ցույց տա անձնական մեքենաների հանդեպ հասարակական տրանսպորտի առաջնահերթությունը, որպեսզի քաղաքաբնակը համոզվի՝ ավտոբուսով մի քանի անգամ ավելի արագ ու հարմարավետ է երթևեկելը: Սա պետք է անհապաղ որոշել: Նույնիսկ հին ավտոբուսներն ու երթուղայինները կարող են ավելի արդյունավետ աշխատել: Ընդհանրապես, մշտապես պետք է զբաղվել այդ խնդրով` անձնական մեքենաներից հանրային տրանսպորտ հրապուրելով: Դարրին Նորդալի «Առա՞նց մեքենայի` հաճույքով» գրքում կան կոնկրետ ու պրակտիկ խորհուրդներ և օրինակներ:
Հետիոտների համար ստեղծել առաջնահերթություններ, որպեսզի քաղաքը ցույց տա՝ հետիոտնի հարմարավետությունն ու հետաքրքրությունները առավել կարևոր են:
Քաղաքը պետք է պայքարի անօրինական կայանման դեմ, օրինակ՝ մայթերի վրա: Մայթերն իրենց հերթին պետք է ճանապարհներից ավելի լավը դառնան: Քաղաքը պարտավոր է խթանել մարդկանց, որ քայլեն մայթերով, իսկ մայթերը պետք է ընդարձակ և վայելուչ վայր դառնան, ոչ թե լինեն միայն երկու կետերի միջև տարանցիկ միջանցք:
Մոսկվա
Մոսկվա
Պրահա
Պրահա
Խթանել այլընտրանքային, էժան և փոքրածավալ փոխադրամիջոցների՝ հեծանիվների և ինքնագլորների գործածումը:
Երևանում արդեն հայտնվել են հեծանվի վարձույթի երկու կետ, որոնցից մեկում տրամադրում են նաև էլեկտրական ինքնագլորներ: Շուտով շուկայում կավելանա վարձույթի ևս երկու կետ: Այս բիզնեսն արդեն մասնակիորեն բավարարում է այլընտրանքային թեթևաշարժ տրանսպորտային միջոցների նորահայտ պահանջարկը և նույնիսկ մասամբ ստեղծում է այն:
Քաղաքին ուղղակի անհրաժեշտ է կիրառել այդ թրենդը՝ փողոցներն անհապաղ հարմարեցնելով տրասնպորտային թեթև միջոցների անվտանգ շարժի համար: Հապաղելով կամ հրաժարվելով հեծանվայնացման համաշխարհային թրենդից ու չստեղծելով պայմաններ՝ քաղաքային բնակչությունը, ընդամենը մի քանի դժբախտ պատահարից հետո, ընդհանրապես կհրաժարվի տրանսպորտի այս հիասքանչ միջոցներից՝ այնուամենայնիվ գերադասելով մեքենաները:
Դրա փոխարեն քաղաքային նոր ավտոբուսներն առնվազն պետք է ունենան հեծանիվ և ինքնագլոր տեղափոխելու հարմարություն, ինչը նույնպես կխթանի դրանց գործածումը մեր ռելիեֆային Երևանում: Հեծանվայնացման հակառակորդները հաճախ ասում են, որ ռելիեֆային Երևանում հեծանիվներն անելու բան չունեն: Իմ կարծիքով, ուղղակի հիանալի կլինի դիտարկել Սան Ֆրանցիսկոյի կամ Լատինական Ամերիկայի նման քաղաքների հաջողված փորձը:
Բոլոր հնարավոր ժամանակակից միջոցներով սահմանափակել անձնական մեքենաների կիրառումը:
Անհրաժեշտ են իրոք բոլոր միջոցները, ինչպես, օրինակ, տարբեր սակագներ ծանրաբեռնված և հակառակը՝ թեթև ծանրաբեռնված փողոցներում կայանելու համար, կայանելու սահմանափակումներ ծանրաբեռնված վայրերում, մեքենաների համար բարձր հարկեր, հետիոտնային փողոցների ստեղծում, հանգստյան օրերին անձնական տրանսպորտի մուտքի արգելում՝ Կենտրոնում:
Նման բաներ կիրառվում են բազմաթիվ ժամանակակից քաղաքներում: Նոր բան հայտնագործել պետք չէ, պարզապես պետք է օգտվել համաշխարհային հաջողված փորձից: Վերջին տարում Երևանի կենտրոնը` մասնակի կամ ամբողջությամբ, մի քանի անգամ փակվել է տոների կապաակցությամբ, և ոչ մի վատ բան չի պատահել:
Նեղացնել փողոցները:
Թերևս, այս կետը բխում է նախորդներից: Այլ քաղաքների փորձը ցույց է տալիս, որ, լայնացնելով մայթերը, ստեղծելով ուղիներ և գծեր՝ հեծանվորդների համար, փողոցները, այսպես, թե այնպես, ավելի նեղ կդառնան, ինչը բարենպաստ կլինի քաղաքի թե բնապահպանության, թե տնտեսության համար:
Երևանի Մաշտոցի պողոտայի գծապատկերն այսօր:
Մաշտոցի պողոտայի երկայնքով հեծանվային ճանակարհի ավելացման առաջարկ:
Մաշտոցի պողոտայի երկայնքով անձնական տրանսպորտի ճանապարհի նեղացման առաջարկ:
Մաշտոցի պողոտայի երկայնքով անձնական տրանսպորտի ճանապարհի նեղացման առաջարկ:
Կառուցել իսկապես հաջող հանրային տարածքներ:
Կասկածելի դիզայնով մեծ այգիների կողքին պետք է լինեն փոքր հանրային տարածքներ, որոնք կբարձրացնեն փողոցների և նրբանցքների գրավչությունը՝ ձևավորելով հրապուրիչ վայրեր քաղաքի տարբեր թաղամասերում՝ ոչ միայն Կենտրոնում:
Նույն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքները նոր խնդիր ունեն: Դա կենտրոնական հատվածների գերզարգացածությունն է: Լավագույն հնարավորությունները գտնվում են քաղաքի Կենտրոնում, որտեղ, դրա հետևանքով, աճում են գները, միջին խավը կտրվում է Կենտրոնից՝ այն թողնելով ամենահարուստներին և բիզնեսին: Սա էլ, իր հերթին, նոր և լուրջ խնդիրներ է ստեղծում: Լավն է այն քաղաքը, որտեղ տարբեր հատվածներում չկան բնակչության ընդգծված շերտավորումներ՝ պայմանավորված մարդկանց եկամտի չափով կամ հետաքրքրություններով:
Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ
Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ
Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքային համայնքում պետք է առաջնորդվեն այն սկզբունքով, որ լավ քաղաքում առաջնահերթություններն ունեն հետևյալ հերթագայությունը.
Նման հերթագայությամբ դրված առաջնահերթությունների շնորհիվ կունենանք ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ քաղաք:
Եվ, վերջապես, այս խնդիրները լուծելու համար պետք է հրավիրվեն մասնագետներ:
Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ քաղաքը կերտեն պրոֆեսիոնալ ճարտարապետները, իսկ քաղաքային իշխանությունները, բարերարներից հնազանդորեն ընծաներ ընդունելու փոխարեն, իսկապես լավ թրենդներ ներմուծեն՝ կարևորագույն խնդիրները լուծելու համար հրապուրելով փորձառու և գիտակ լավագույն մասնագետներին:
Երևանում այդպես կվարվեն, թե չէ՝ ես չգիտեմ: Մեծ է ցանկությունս, որ այս ամենի գոնե մի մասը լինի քաղաքային օրակարգում: