Բնակարանաշինությունը
մարզերում
Հայաստանում նորակառույցների առյուծի բաժինը մայրաքաղաք Երեւանում է. մարզերը մոռացության են մատնված։
Ուրբանիստա
խմբագրական
Հայաստանի մարզերում բնակարանային ֆոնդի հիմնական մասը դեռևս կազմում են ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը։ Մարզերում վերջին քսան տարվա ընթացքում կառուցվել է ընդամենը 334 բազմաբնակարան շենք, հիմնականում` երկրաշարժից տուժած գոտիներում։
Կառուցապատման գերակշռող հատվածը բաժին է ընկել Շիրակի (163) եւ Լոռու(118) մարզերին, որտեղ շենքերի մեծ մասն ավերվել էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Այս տվյալները տրամադրել են մարզպետարանները, ընդ որում, մի մասի կառուցապատումը դեռ շարունակվում է:

Կան որոշակի խնդիրներ բնակարանաշինության տվյալների չհամընկնելու հետ կապված: Այսպես, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի մարզերում պետական գրանցում է ստացել 402 բազմաբնակարան շենք:

Այսինքն, ներկայացված տվյալները 68-ով ավելի են և չեն համապատասխանում մարզերից ստացված տեղեկատվությանը։ Հետևաբար, այս տվյալների մեջ ներառված են նաեւ այն շենքերը, որոնք մինչեւ 2020 թ.-ը պետական գրանցում չեն ստացել:
Կոմիտեն նշել է, որ դեռեւս կառուցման փուլում եւ պետական գրանցում չստացած շենքերի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում:

Սակայն մարզպետարանների տվյալների համաձայն, օրինակ, Սյունիքում 2019-2020թթ.ին սկսվել են չորս շենքի շինարարական աշխատանքները։ Արմավիրի մարզում նույնպես երկու շենքի շինաշխատանքեր են սկսվել 2020թ.-ին։
614
վթարային շենք կա ՀՀ-ում
524
3-րդ աստիճանի վնասվածություն ունեն
90
4-րդ աստիճանի վնասվածություն ունեն
450
ընտանիք աղետի գոտում դեռևս բնակարանային խնդիր ունի

Մարզերում այսօր արդի է բնակարան գնելու, վարձակալելու հարցը: Մի շարք քաղաքներում, որտեղ նախորդ տարիների ընթացքում բնակելի շենքեր չեն կառուցվել, երիտասարդ ընտանիքները չեն կարողանում բնակարան ձեռք բերել կամ բախվում են վարձակալվող/վաճառվող բնակարանների բարձր գներին։ Այս ամենի հետ մեկտեղ առաջ է գալիս բնակարանային ֆոնդի պահպանման հարցը։ Քսան տարվա ընթացքում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն իրականացվել: Արդյունքում, մեծացել է շենքերի մաշվածությունը, և դրանց մի մասը դարձել է քանդման ենթակա:
Համաշխարհային տնտեսական
ճգնաժամից առաջ և հետո
Սկզբնական շրջանում, 2000-2009 թթ. ընթացքում, կենտրոնական դեր ունեին երկրաշարժից տուժած բնակավայրերը: Շինարարական հիմնական աշխատանքը եւ պետական ներդրումն ուղղված էին Շիրակի եւ Լոռու մարզերին:

Այնուհետև, 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով շինարարության տեմպը կրկին նվազել է, կրճատվել պետբյուջեից տրամադրվող ֆինանսավորումը:

Այսպես, եթե 2000-2009 թթ-ին մարզերում կառուցվել է 218 շենք, ապա երկրորդ շրջանում` 2010 -2020 թթ. կառուցվել է միայն 116 բազմաբնակարան շենք։ Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, սա ընդհանուր շինարարական աշխատանքի ծավալի 32 %-ն է, սակայն նորից աշխատանքի մեծ մասն իրականացվել է Լոռիում եւ Շիրակում։

Սակայն Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակարանաշինարարական ծրագրերն ընթացել են միայն մինչև 2010 թ.: Վերջին տասնամյակում որեւէ բազմաբնակարան շենք 1988-ի երկրաշարժի էպիկենտրոն դարձած քաղաքում չի կառուցվել։ Վերջին յոթ տարվա ընթացքում շենքեր չեն կառուցվել նաև Գյումրիում:
Հետաքրքիր է, որ նորակառույցների մի մասի կառուցումն սկսվել է անավարտ թողած հին հիմքերի վրա կամ այլ նշանակության կիսակառույց շենքի ձեւափոխման արդյունք է։ Օրինակ․

  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում մանկական պոլիկլինկայի կիսակառույց շենքերը 2005-2020 թթ.-ին վերակառուցվել են՝ դառնալով բազմաբնակարանային՝ ներառելով 78 բնակարան։
  • Արմավիր քաղաքում 2014թ. -ին Շահումյան 11/1 հասցեում գտնվող նախկին պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվել է՝ որպես բնակելի շենք, իսկ 2020թ. -ին սկսվել է Մ. Հերացու 5 հասցեում գտնվող նախկին Սանէպիդկայանի 2 շենքերի բնակելի դարձնելու վերակառուցումը։
  • 2000 - 2020 թթ.ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում երեք կիսակառույց եւս հասցվել են ավարտին։
Բնակարանային ֆոնդի
ընդհանուր մակերեսը
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 93.7 մլն. քմ, այդ թվում, քաղաքներում` 52.7 մլն. քմ (56.2%), գյուղերում` 41.0 մլն. քառ. մ (43.8%):

Քաղաքային բնակարանային ֆոնդի 48,8 % - ը գտնվում է Երեւանում։
Վիճակագրական կոմիտեի հրապարակումներում ՀՀ բնակարանային ֆոնդում ներառված շենքերի թիվը տատանվում է՝ չկա ոչ աճ, ոչ նվազում։ Պատճառն այն է, որ տարիների ընթացքում ոչ միայն կառուցվում են նորակառույցներ, այլեւ քանդվում են մաշվածություն ունեցող վթարային շենքերը կամ մեկ հարկանի տները վերածվում են բազմահարկերի։ Գծապատկերը ցույց է տալիս մարզերում բնակարանային ֆոնդի քանակի տատանումը։
Loading...

Loading...

Բացառությամբ Երեւանի, Արմավիրի մարզն ամենահարուստն է բազմաբնակարան շենքերի քանակով, սակայն ըստ տարիների՝ բազմաբնակարան շենքերի քանակը կտրուկ նվազում է։ Պատճառներից մեկը 2-3 հարկանի շենքներն են, որոնք կարող են ունենալ մեկ կամ մեկից ավելի սեփականատերեր։ Ինչպես նաեւ, նվազման պատճառ են հանդիսանում այն վթարային շենքերը, որոնք տարիների ընթացքում դառնում են բնակության համար ոչ պիտանի եւ դուրս գրվում հաշվառումից։

Բնակարանային ֆոնդով հարուստ են նաեւ Շիրակի եւ Կոտայքի մարզերը: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերջին տարիներին Շիրակի մարզում երեւում է շենքերի թվաքանակի աճ։ Բազմաբնակարան շենքերի թվի աճ գրանցվել է նաեւ Լոռիում եւ Արագածոտնում, իսկ Վայոց ձորում, Գեղարքունիքում բազմաբնակարանների թիվը գրեթե անփոփոխ է, 2001-2018 թթ.-ին Վայոց ձորում շենքերի թիվն ավելացել է 10- ով, իսկ Գեղարքունիքում՝ 11-ով։
Պաշտպանության նախարարության
բնակելի ֆոնդը
Բնակարանաշինության գործում վերջին տարիներին ներդրում ունի Պաշտպանության նախարարությունը։ Ըստ Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների, քսան տարվա ընթացքում մարզում կառուցված 14 բազմաբնակարան շենքերից 9-ի կառուցապատողը Պաշտպանության նախարարությունն է։

Կառավարության 2019-ի գործունեության արդյունքներում ներկայացված է, որ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք` Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան), Վայքում (44 բնակարան), Գյումրիում (44 բնակարան) և Չոփրլուում (33 բնակարան): Այս մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ի Կապանում ընթացող ասուլիսի ընթացքում։
«Երիտասարդ ընտանիքին՝
մատչելի բնակարան»
2010թ.-ից մեկնարկել է նաեւ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային հիփոթեքային վարկավորման ծրագիրը։ Ծրագրի ընթացքում վարկավորվել է 5 194 վարկառու, որից 49,3%-ը բաժին է հասել Երեւանին: Այս ծրագրից մարզերից ամենաշատը օգտվել են Կոտայքում: Այնտեղ շահառուների թիվը 628 է, որը զբաղեցնում է ամբողջ ծավալի 12,1%-ը։ Սակայն ծրագիրը եւս չի նպաստել, որպեսզի բնակարանաշինության տեմպերը մարզերում արագ աճեն։

Դիմումների քանակի եւ ընթացքի վերաբերյալ հարցում ենք ուղարկել բոլոր մարզերին, սակայն միայն որոշ համայնքներից ենք ստացել պատասխաններ։

«Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ դիմել են բնակարան ստանալու խնդրանքով, սակայն նրանց դիմումներին դրական ընթացք չի տրվել՝ բնակապահովման համապատասխան ծրագրեր չլինելու պատճառով», - պատասխանել են Սպիտակի համայնքապետարանից։
Նույն հարցմանը Վանաձորի համայնքապետարանի պատասխանում նշվում է, որ համաձայն 10.06.1999թ. -ի 432 որոշման՝ բնակարաններ հատկացնում են միայն երկրաշարժից տուժածներին, իսկ երիտասարդ ընտանիքների բնակարան հատկացնելու ծրագիր չկա, թեեւ դիմումներ ստանում են։ Մարզի խոշոր քաղաքներում բնակարանաշինության ծրագրեր չեն ընթանում։

Տավուշի մարզում բնակարաններ ստանալու վերաբերյալ դիմումներ առկա են միայն Դիլիջան համայնքում: Ըստ Դիլիջանի համայնքապետարանի, հարցման պահի դրությամբ բնակիչների կողմից ստացել են 99 դիմում։ Բնակարան ստանալու դիմումների վերաբերյալ այլ մարզերում վիճակագրություն չի իրականացվում կամ՝ դիմումներ չեն ստացել։
Բնակարանաշինության ծրագրերի
խոստումներ
2019թ.-ի նոյեմբերին, այն ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Վերմիշյանը հայտարարել էր, թե Հայաստանի 30 քաղաքներում կառուցվելու են բազմաբնակարան շենքեր։ Այս տեղեկությունը հետևել է վարչապետ Փաշինյանի մինչև 2050 թ-ը Հայաստանի բնակչությունը 5 մլն հասցնելու մասին հայտարարությանը:

Ըստ Վերմիշյանի՝ նախատեսվում էին նոր սերնդի տներ կառուցել, որոնցից Հայաստանում դեռ չեն եղել. «Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»,- նշել էր Վերմիշյանը։

2020թ.-ի մարտին Աժ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մարզերում լայնածավալ շինարարական աշխատանքներ չեն ընթանում եւ շենքեր չեն կառուցվում, նշել է՝ եթե նոր տներ կառուցվեն, հների գինը կընկնի:

«Բնակարանների գներն ընկնում են, և մարդիկ բողոքում են։ Երբ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ և կան դատարկ տներ, այդտեղ տեղի է ունենում շինարարություն, բնակարանների գներն ընկնում են: Մարդը, ով տուն ունի, իր տանը նստած՝ աղքատանում է։ Կպարզվի՝ մի խումբ մարդկանց բարեկեցության մակարդակը կիջեցնենք։ Բայց, ընդհանուր առմամբ, այդ գաղափարը նույնպես քննարկվում է», - իր ելույթում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարզերում չիրացված բնակֆոնդի կողքին, սակայն, դեռևս արդիական է նոր շենքերի կառուցման խնդիրը։ Չնայած պահանջարկին, առայժմ բազմաբնակարան շենքեր կառուցվում և նախագծվում են հիմնականում Երևանում: Մինչդեռ Հայաստանում կան քաղաքներ, որտեղ անկախությունից հետո չի կառուցվել որեւէ բազմաբնակարան շենք, ինչն էլ դարձել է խնդիր երիտասարդ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու համար։
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: