Ի՞նչն է հարթում
ճարտարապետության
ճանապարհը Հայաստանում

Հայաստանում ճարտարապետության անցած ուղին և վերջին քսան տարիների օրակարգը:
Լուսանկարը՝ Սոնա Մանուկյան և Անի Ավագյան
Ճարտարապետ, պատմաբան
Երբ 2017 թ-ին Կոպենհագենում Amager Bakke աղբամշակման գործարանի գլխավոր խողովակից դուրս եկավ սպիտակ ծխի առաջին օղակը՝ ազդարարելով, որ օդ է արտանետվել եւս մեկ տոննա ածխաթթու գազ, իսկ նույն գործարանի տանիքին կազմակերպած լեռնադահուկային սահուղուց ցած սլացավ առաջին մարզիկը, համաշխարհային ճարտարապետության զարգացման ժամանակակից միտումների շրջանակում վերահաստատվեց արդի տեխնոլոգիաների կիրառման միջոցով բնապահպանական խնդրիների լուծումներն անխուսափելի համատեղությամբ ապահովելու բանաձեւը:
Ամագեր բակե, Կոպենհագեն։
Հեղինակներ՝ Bjarke Ingels Group
Լուսանկարը՝ www.picuki.com
Գերժամանակակից երկնաքերերի վերին հարկերից մարդուն բնության գիրկը վերադարձնելու անվերջ ցանկությունն այսօր ճարտարապետին ստիպում է մե՛րթ վերստեղծել աշխարհը` երկինք հառնող հարյուրավոր հարկերի մեջ, մե՛րթ 3D տպիչների միջոցով կառուցել էկոլոգիական փոքր առանձնատներ:

Բոլոր դեպքերում, ճարտարապետին, կոնստրուկտորին կամ ճարտարագետին միացած սոցիոլոգների, մշակութաբանների, բնապահպանների, հոգեբանների թիմն առաջնային է համարում բնական ռեսուրսների խնայողության եւ գիտակցված օգտագործման հարցը: Այստեղ է, ահա, ուրվագծվում այսօրվա ճարտարապետի՝ աշխարհին զարմացնելու առաքելության շրջանակը, որից դուրս նույն այդ աշխարհը, թեւակոխելով թվային տեխնոլոգիաների ժամանակափուլը, անբացատրելի արագությամբ սեղմում է շրջանակը՝ առաջ բերելով նորանոր պահանջներ:
Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանը։ Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Պատկերը՝ www.nvardyerkanian.com
Այդպիսի պահանջների առաջնագծում են էներգիայի, ջրի խնայողության, այլընտրանքային էներգիայի ստեղծմանն ուղղված լուծումները՝ ցույց տալու տվյալ հասարակության կամ պետության նվաճումները, նախեւառաջ՝ գիտության ոլորտում: Ճիշտ այնպես, ինչպես հին Հռոմում էր կառուցվում Կոլիզեյը, կամ 20-րդ դարասկզբի որեւէ շենքում շողարձակել էր առաջին էլեկտրական լամպը, այդպես էլ այսօր եւ վաղը մոլորակի ամենապայծառ ուղեղները ջանք են թափելու բարելավել շինարարական տեխնոլոգիայի որակը եւ գիտության ձեռքբերումները օգտագործել նոր նախագծերի իրականացման գործում:

Իհարկե, միամտություն կլիներ ակնկալել, որ Հայաստանի զարգացման տեմպերը համընթաց են լինելու աշխարհի հետ: Առհասարակ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանը եզակի դեպքերում է հայտնվել քաղաքակրթական համընդհանուր զարգացման առաջնագծում: Հազվադեպ է հաջողվել համաշխարհային զարգացումներին հավասարաչափ ունենալ այն, ինչ ունեն ուրիշները՝ տվյալ ժամանակաշրջանի առաջատարները: Միջնադարյան Անիի կարճատեւ հզորացումն ու ծաղկումը այդպիսի մի միջակայք էր, որի կրկնմանը, սակայն, պետք էր սպասել եւս մեկ հազարամյակ՝ աշխարհի բեւեռներից մեկի ազդեցությամբ համընթաց զարգացում ունենալու համար:

ԽՍՀՄ կազմում լինելու ընթացքում Հայաստանի ձեռքբերումների շարքում, անկասկած, իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը: Չհաշված կրոնական կառույցները, Հայաստանում միաժամանակ հաջողությամբ առաջադիմեց հասարակական, արդյունաբերական եւ բնակելի շենքերի ճարտարապետությունը: Մեր շնորհաշատ մասնագիտական համայնքին, թեեւ մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց, օգտագործելով բոլոր հնարքները, ապահովել սոցիալիստական մոնումենտալիզմի եւ մոդեռնիզմի մեր տեղական ոդիսականը։
Երիտասարդական պալատը։
Ճարտարապետներ՝ Հրաչյա Պողոսյան,
Արթուր Թարխանյան և Սպարտակ Խաչիկյան

Պատկերը՝ www.nvardyerkanian.com
Դժբախտաբար, Խորհրդային կայսրության փլուզմամբ դադարեցին զարգանալ հանրապետության ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը, ինչի հետեւանքով դադարեց նաեւ ճարտարապետության զարգացումը: Վերացավ նախկին ֆինանսական աջակցությունը, որի միջոցով հնարավոր էր, օրինակ, Երեւանում կառուցել մետրոպոլիտեն: Իհարկե, նոր հասարակարգի հաստատումն իր հետ բերեց նոր հնարավորություններ, բայց արդյո՞ք դրանք բավարար էին կամ բավարարում են՝ առնվազն նախորդ զարգացման տեմպերը վերականգնելու համար:

Անցած տասնամյակները հակասական են այդ հարցին պատասխանելու համար: Մի կողմից, ակնհայտ է, որ սոցիալիզմին փոխարինած ազատականության պայմաններում շրջանառության մեջ հայտնված կապիտալը, փակ սահմաններով եւ կիսապատերազմական վիճակում գոյատեւող պետության համար անհամեմատ քիչ էր՝ տնտեսության կամ արդյունաբերության լիարժեք արդիականացման համար: Մյուս կողմից էլ՝ մտորելու տեղիք է տալիս այդ կապիտալի անարդյունավետ օգտագործման անհերքելի փաստը: Այս եւ այլ՝ քաղաքական, սոցիալական գործոնների անմիջական ազդեցությամբ էլ ձեւավորվել է ճարտարապետության ու քաղաքաշինության ժամանակակից օրակարգը, որն անցած քսան տարիներում իր թողած հետքով թույլ է տալիս հանգել որոշակի գնահատականների:
«Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը։
Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան,
Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան

Պատկերը՝ www.nvardyerkanian.com
Մետրոյի օրինակը որպես ենթակառուցվածքային համակարգի մաս պատահական չէր: Երկար ժամանակ է, ինչ քննարկման առարկա է նոր կայարանի կառուցման հարցը: Հասկանալի է, որ նման կարեւոր եւ բարդ ճարտարագիտական կառույցի թե՛ նախագծումը, թե՛ իրականացումը համալիր ծրագիր է, որի առանցքում ֆինանսական ներդրումն է: Բարձրորակ նախագծային աշխատանքների, միջազգային մրցույթի արժեքն արդեն իսկ ծանր բեռ է համայնքային բյուջեի վրա, ինչը նման դեպքերում ստիպում է պետությանը դիմել մասնավոր սեկտորի օգնությանը:

Չկանխագուշակելով ապագա նախագիծը՝ կարող ենք ենթադրել, որ երեւանցիների համար նախընտրելի է լինելու ենթակառուցվածքի զարգացումը, նոր կայարանների բացումը, քան` մեկ թանկարժեք, գերժամանակակից կայարանի շենքը: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնվեն մասնավոր տիրույթի գործընկերոջ տնտեսական շահագրգռվածության գործոնները, որոնք էլ, ի վերջո, ազդելու են եւ արտահայտվելու ճարտարապետական կառույցի բովանդակության մեջ:
Հայաստանի նման տնտեսապես թույլ պետությունը ստիպված է դիմել կոնցեսիոն կառավարման՝ աշխարհում ընդունված պրակտիկային: Այլընտրանքն առայժմ մեր պետության ուժերից վեր է. հարկավոր է մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցել հնարավորինս շահեկան պայմաններով:
«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: Լուսանկարը՝ wikimedia.org
Ակնառու օրինակ է «Զվարթնոց» օդանավակայանը: Ժամանակին ներդրողի (կոնցեսիոն կառավարչի) համար ավելի հեշտ էր կառուցել օդանավակայանի նոր մասնաշենք, քան լրացուցիչ ջանք թափել (միգուցե՝ նաեւ ֆինանսներ)` սոցիալիստական մոդեռնիզմի հրաշալի հին կառույցը համապատասխանեցնելու ժամանակակից պահանջներին: Նման նախագծերը ենթադրում են հավելյալ ծախս, ճարտարապետական մրցույթներ, միջազգային փորձի կիրառում, ինչն ավելորդ գլխացավանք է ներդրողի համար:

Այսպիսի դեպքերում է, որ անգամ տնտեսապես թույլ պետությունը կարող է եւ պարտավոր է գործարար համայնքի հետ հարաբերություններ կարգավորելիս առաջնորդվել սեփական քաղաքաշինական գրագետ օրակարգով, որտեղ հստակ ամրագրված կլինեն մեր առաջնահերթությունները: Եթե մեզ համար օդանավակայանի հին մասնաշենքի վերածնունդը եւ՛ օրենքի թելադրանքով, եւ՛ արժեհամակարգի գիտակցումով առաջնահերթություն չի, ապա երբեք չի հաջողվելու նույնը պահանջել մասնավորից:
Ենթակառուցվածքների զարգացման տեսակետից, իրականում, ճանապարհաշինությունն է, որ Հայաստանի համար խիստ առաջնահերթություն է եւ պետական ու դոնորական միջոցներով այս պահին միակ իրատեսական գործունեության ոլորտը: Այսինքն, նոր եւ ժամանակակից կայարան, օդանավակայան, նույնիսկ ֆուտբոլային մարզադաշտ ունենալու համար մեր եւ՛ զարգացվածության աստիճանը, եւ՛ հնարավորություններն առայժմ բավարար չեն: Սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստել եւ զբաղվել բարձր որակի ճանապարհների կառուցմամբ: Չկա ժամանակակից, զարգացած եւ հզոր պետություն` առանց այդպիսի ճանապարհների:
«Թումո Գյումրի», վերակառուցման նախագիծը`Բեռնար Խուրիի:
Պատկերը` tumo.org
Հասարակական նշանակության կառույցների ճարտարապետության զարգացումն ամենախրթին ճանապարհն է անցնում Հայաստանում: Պետության եւ հասարակության համընդհանուր առաջադիմության մակարդակը լավագույնս արտահայտող այսպիսի շենքերի ճարտարապետական վերածննդի նախադրյալները պետք է սերմանվեն մեր կենսագործունեության բոլոր ոլորտներում, որից հետո միայն միս ու արյուն ստանան ճարտարապետական արվեստանոցներում:

Այդուհանդերձ, թե՛ հանուն արդարության, թե՛ հագուրդ տալով լավատեսական տրամադրություններին՝ փաստենք, որ հենց Հայաստանում հնարավոր եղավ իրականացնել «Թումո» նորարարական կրթական ծրագիրը: Ահա՛ այն հիանալի օրինակը, երբ գաղափարի բովանդակությունն իր արտահայտությունն է ստանում ճարտարապետության միջոցով, մի գործ, որ փայլուն կերպով գլուխ է բերել լիբանանցի հանրահայտ ճարտարապետ Բեռնար Խուրին:
«Մենք կարևոր շինության հետ գործ ունենք, մենք այն վերակենդանացնում ենք՝ ավելացնելով Թումոյի գործիքները, բացի այդ, չենք ցանկանում պարզապես ռեստավրացիայի ենթարկել ու սովորական արդյունք ստանալ: Այսպես են ստեղծվում գաղափարները, այսպես է զարգանում պատմությունը, այսպես ենք նոր վայր կառուցում»
Բեռնար Խուրի, ճարտարապետ

Գյումրիի մասնաճյուղի համար ընտրված հին թատրոնի շենքի վերակառուցման մասին:



Լուսանկարը` PanPhoto
«Թումո»-ի, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF), «Այբ»-ի օրինակները փաստում են, որ արդի ճարտարապետությունը ծնունդ է առնում գերազանցապես շնորհիվ այն նորարար մոտեցումների, որոնք դրված են տվյալ ծրագրերի փիլիսոփայության հիմքում:

Իսկ ի՞նչ է անում մեր պետությունն իր կրթական համակարգի բարեփոխման համար: Պետական միջոցների անարդյունավետ օգտագործման արդյունքում տարեկան N թվով դպրոցների կոսմետիկ վերանորոգում կատարելով՝ ընդամենը ավելի է խորացնում ակնհայտ ճգնաժամը: «Մխիթար Սեբաստացու» կրթահամալիրը եզակի օրինակներից է, որտեղ խորհրդային տարիների պանելային շենքերը նոր շունչ են ստանում ոչ թե ավանդական «ռեմոնտի», այլ` շրջակա միջավայրը բարեկարգելու, բետոնե պարիսպները վերացնելու, լանդշաֆտային տարածություններ եւ մասնաշենքերի միջեւ հեծանվուղիներ ստեղծելու միջոցով: Թվում է՝ պարզ գործողություններ են, որոնք, սակայն, առայժմ համատարած բնույթ չեն կրում:
Բեռնար Խուրիի միտքն ամփոփ սահմանում է այն պարզ բանաձեւը, որով պետք է առաջնորդվեր Հայաստանն անցած տասնամյակների ընթացքում: Խոսքը ժամանակակից ճարտարապետության զարգացման հիմքում հնի, նախորդ պատմամշակութային շերտերի պահպանության մասին է:

Եթե մի կողմ թողենք ժամանակակից այն քաղաքները, որոնք ֆինանսական ներդրումների մեծ ձգողականություն ունեն եւ լայն հնարավորությունների դաշտ են բացում արդի գիտատեխնիկական եւ ճարտարապետաշինարարական նվաճումներն արտահայտելու համար, ապա հարմարավետ, բարեկեցիկ կամ զարգացած մնացած բոլոր քաղաքներն աչքի են ընկնում պատմամշակութային շերտերի պարբերաբար եւ զգուշավոր պահպանության, դրանց արդիականացման մեթոդով հաջողության հասնելու քաղաքականությամբ: Իսկ համաշխարհային պատմության փորձն էլ ապացուցում է, որ հենց այդպիսի միջավայրում են ծնվում ճարտարապետական նոր ոճերն ու գլուխգործոց կառույցները:
Հայաստանի անցած առնվազն 20 տարիների փորձը հուշում է, որ նոր հասարակարգի մեր «ճարտարապետները» մերժեցին ժառանգության պահպանության եւ արդիականացմամբ զարգանալու տեսլականը:

Երբ պետության հնարավորությունները սահմանափակ են տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացումն ապահովելու համար, միշտ էլ բնակարանաշինությունն է ծածկում այդ բացը: Ճարտարապետական համայնքն էլ, հաշվի առնելով արդյունաբերական եւ հասարակական նշանակության շենքերի ճարտարապետության առաջադիմելու խոչընդոտները, իր գործունեությունը կենտրոնացրեց ըստ պահանջարկի, այն է՝ բազմաբնակարան շենքերի նախագծման ոլորտում:
Երևան:
Լուսանկարը՝ Սերգո Տոնոյանի
Ի վերջո, Երեւանի կենտրոնում մեկը մյուսի ետեւից սնկի նման աճեցին բազմահարկ շենքերը՝ հետեւյալ գործոնների անմիջական ազդեցությամբ.

● հենց սկզբից անտեսվեց պատմական ժառանգության պահպանության հարցը: Ընտրվեց նախկինը քանդելու եւ նորը կառուցելու մարտավարությունը: Արդյունքում, ոչ միայն մսխվեց պատմական ժառանգության ներուժն արդիականացման միջոցով օգտագործելու հնարավորությունը, այլև հարցականի տակ հայտնվեց «նորի» բնականոն ինտեգրումը քաղաքային միջավայրում: Ընդ որում, նոր կառուցապատման ինտեգրում ասելով, բոլորովին նկատի չունենք շենքերի արտաքին, գեղարվեստական տեսքի տարբերությունը գոյություն ունեցողի հետ, այլ՝

● քաղաքային պլանավորման իսպառ բացակայությունը: Երբ շենք է կառուցվում այնտեղ, որտեղ գրագետ պլանավորման պարագայում կարող էր լինել ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ վերեւում՝ զբոսայգի կամ խաղահրապարակ, անիմաստ է փորձել այդ շենքի ճարտարապետագեղարվեստական արժեքը որեւէ կերպ համադրել գոյություն ունեցող միջավայրի հետ: Քաղաքային պլանավորման բացակայությունը պարարտ հող է ստեղծում այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են՝ օդի աղտոտվածությունը, մշտական խցանումները, անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաները եւ այլն: Վերջնարդյունքում ձևավորվում է բնակության եւ կենսագործունեության համար ոչ հարմարավետ քաղաքային միջավայր:
Երևան:
Լուսանկարը՝ Սերգո Տոնոյանի
Կատարվածի վրա ամենաէական ազդեցությունը թողել է նաեւ հետեւյալ գործոնը.

● պետության ներկայացուցչական մարմինները (մասնավորապես՝ քաղաքապետարանը, նախկինում՝ քաղաքաշինության նախարարությունը) ոչ միայն չապահովեցին լայնածավալ շինարարության միասնական (համենայն դեպս, օրենսդրական բարեփոխումների մակարդակում) քաղաքականության մշակումը, այլ շատ անգամ որպես գործիք ծառայեցին եղած օրինական արգելքները շրջանցելու գործում, ինչի միակ պատճառն էր գործարար շրջանակների հետ սերտաճած լինելու արատավորությունը:

Անհնար է խոսել ճարտարապետության զարգացման մասին, եթե վերջինս, օրինակ, ծնունդ է առել ապօրինի զավթած հողակտորի վրա բիզնես շահ ստանալու նպատակով կառուցապատման արդյունքում: Այն խղճուկ փորձերը, որ արվել են մասնագիտական համայնքի մեծ մասի կողմից, ժամանակակից ճարտարապետության տենդեցների տարրական փոխառություններ կամ ընդօրինակություններ են: Նման իրողությունների պայմաններում Հայաստանում չպետք է ծնվեին HighTech կամ BioTech ճարտարապետական ոճերի շենքեր, չէր կարող վերածնունդ ապրել սոցիալիստական մոդեռնիզմը: Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ ստեղծագործական փակուղում հայտնված մասնագիտական համայնքը որոշ դեպքերում կարծես ենթագիտակցաբար օգնության է դիմում նախորդ՝ 19-րդ դարի ռուսական կլասիցիզմի կամ 20-րդ դարի խորհրդային մոնումենտալիզմի ճարտարապետական ոճերը վերստեղծելու մեթոդին:
Երևան:
Լուսանկարը՝ Սերգո Տոնոյանի
Այնուամենայնիվ, այս վերջին տասնամյակների ընդհանուր փորձը հիանալի ցուցիչ է ոլորտի արմատական բարեփոխման համար: Ի վերջո, ոչ մի հասարակություն էլ ապահովագրված չի նման փորձաշրջաններից: Սկսած օրենքների լրամշակումից մինչեւ մտածողության փոփոխությունը պետք է նպաստել գործընթացի առողջացմանը՝ չխորշելով գնահատականներ տալ մեր իսկ աչքի առաջ տեղի ունեցած երեւույթներին, որոնց մեջ, անկասկած, ուրվագծվելու են հաջողած օրինակները:

Մարդկանց կենսագործունեությունն ինքնին հարթում է ճարտարապետության ճանապարհը, եթե այն պատվիրում է ստեղծել ժամանակակից, հարմարավետ, մաքուր միջավայր:
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: