Աշխարհի խոշոր քաղաքներում արդիականացնում են տրոլեյբուսային ցանցը:
Ուրբանիստայի խմբագրական
Բեռլինում տրոլեյբուսներ են փորձարկելու
https://www.berliner-zeitung.de/
Տրոլեյբուսները կվերադառնան Բեռլին: Շպանդաու թաղամասում փորձարկելու են տրանսպորտի այս տեսակը, որից հրաժարվել էին գրեթե կես դար առաջ:
Նոր տրոլեյբուսները սարքավորված են լինելու մարտկոցներով: Դրանք ավելացնելու են ինքնավար շարժը: Այսինքն, տրոլեյբուսները կկարողանան երթևեկել առանց «գծերի» և պետք եղած ժամանակ շրջանցել շինարարական աշխատանքների հատվածները:
Բեռլինի քաղխորհրդի տրասնպորտային բաժնի կատարած տեխնո-տնտեսական վերլուծության մեջ փորձագետները նշել են, որ տրոլեյբուսները կարող են փոխարինել Շպանդաու թաղամասի մի քանի ավտոբուսային երթուղիներ: Փորձարկվող ճանապարհահատվածում դրանք ամենածանրաբեռնվածն են:
Տրոլեյբուսների մեկնարկի օրը դեռևս հայտնի չէ: Բեռլինյան թերթերից մեկը ճշտել է, որ քաղխորհրդի տրանսպորտային բաժնում սկսել են թեսթային շահագործման պլանավորումը: Շպանդաու թաղամասում բնակիչները վաղուց պահանջում են տրամվայի երթուղի, սակայն ֆինանսապես ավելի շահավետ է տրոլեյբուսային գիծ կառուցելը: Տրոլեյբուսային երթուղին կլինի տրամվայի այլընտրանքը:
Բուն ծրագրի իրագործումը կարող է տևել 3-5 տարի: Առաջիկայում կատարվելու է գծերի նախագծումը, կառուցվելու է կոնտակտային ցանցը, տրոլեյբուսների գնման մրցույթ է հայտարարվելու և հատուկ դեպո է սարքավորվելու:
Բեռլինում տրոլեյբուսի գաղափարը նոր չէ: Էլեկտրական տրանսպորտի՝ մի քանի տասնամյակ տևած պատմությունն ավարտվել է 1973-ին, երբ փակվեց քաղաքի վերջին տրոլեյբուսային երթուղին:
Տրոլեյբուսային երթևեկությունը պահպանվել է Գերմանիայի երեք քաղաքում: Բեռլինից ոչ հեռու գտնվող Էբերսվալդե քաղաքում տրոլեյբուսը երկու քաղաքային երթուղի է սպասարկում: Քաղաքային վարչությունը պլանավորում է հետագայում մեծացնել տրոլեյբուսային ցանցը:
Մինչև 2040թվականը Լյուցերնի կանտոնում կմնան միայն վերականգնվող էներգիայով աշխատող ավտոբուսները: Քաղաքային խորհրդի կարծիքով, հենց տրոլեյբուսներն են կարևոր դեր խաղալու Լյուցերնի տրանսպորտային համակարգում: Էլեկտրաբուսերը կարող են անարգել ներառվել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքում, քանի որ կարող են նաև անդադար էներգիա ստանալ փոքրածավալ մարտկոցից: Լիցքավորումը հնարավոր է հենց ընթացքի ժամանակ` առանց հատուկ դրա համար արվող կանգառների:
Տրոլեյբուսների զանգվածային ներդրումը դեռ քննարկման փուլում է, քանի որ կառուցվելիք կոնտակտային գծերն ազդելու են քաղաքի տեսքի վրա: Բացի այդ, երթուղու տարբեր հատվածներում անհրաժեշտ լիցքավորման կայանները նույնպես կարող են բացասական անդրադառնալ քաղաքային լանդշաֆտի վրա:
Նման կայանների փոխարեն նախատեսվում է սովորական դիզելային ավտոբուսների երթուղին հարմարեցնել էլեկտրաբուսերին այնպես, որ որոշ հատվածներ մեքենան անցնի մարտկոցի էներգիայի, որոշ տեղերում էլ` գծերի հաշվին:
Հանրային տրանսպորտի արդիականացումը ծախսատար է: Հաշվարկվել է, որ էլեկտրաբուսերի արժեքը մոտ 25 տոկոսով ավելի բարձր է լինելու դիզելային ավտոբուսների արժեքից:
Ավելի ցածր հատակ, նոր նստարաններ, գրեթե անձայն շարժիչ՝ Սան Ֆրանցիսկոյի տրոլեյբուսային ցանցը նորոգվել է:
Անցյալ տարվերջից 185 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսներ են երթևեկում քաղաքում: New Flyer կոչվող նոր մեքենաները հագեցած են զորեղ մարտկոցներով, որոնք թույլ են տալիս մի քանի կիլոմետր անցնել առանց հոսանքի: Տրանսպորտային գործակալությունն այդպես կարողանում է պահպանել երթևեկի անդադարությունը անսարքության կամ, ասենք, հրդեհների դեպքում: Այս նորարարությունը հատկապես պետք է լինում փողոցների վերանորոգման ժամանակ, երբ անհրաժեշտ է անջատել հոսանքը: Այժմ փողոցների արագ ձևափոխման քաղաքականության պատճառով նման իրավիճակներ հաճախ են լինում: Մարտկոցների շնորհիվ տրոլեյբուսները չեն ընդհատում երթևեկությունը:
Սան Ֆրանցիսկոյի տրանսպորտային դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ, բացի այդ, նոր տրոլեյբուսներն ավելի քիչ են փչանում: Electric Transit Inc. արտադրության հին տրոլեյբուսները, որոնք հանրային տրանսպորտի 20տոկոսն էին կազմում, իրենց վրա էին վերցնում ընդհանուր անսարքության 40 տոկոսը:
Մոտ յոթ տարի առաջ Սան Ֆրանցիսկոյի հանրային տրանսպորտի շարժակազմը Միացյալ Նահանգներում ամենահինն էր: 2012-ին մեկնարկեց թարմացման ծրագիրը: Դիզելային վառելիքով ավտոբուսները փոխարինվեցին հիբրիդներով, ծանր վագոնները՝ ժամանակակիցներով: Հին տրոլեյբուսներն այժմ ապամոնտաժվում են, սակայն դրանց մեծը վաճառվելու է աճուրդով, այնուհետև կվերածվեն մետաղաջարդոնի:
Ի դեպ, Սան Ֆրանցիսկոյում պլանավորում են մինչև 2035 թվականը լիովին ազատվել դիզելային և հիբրիդ ավտոբուսներից: