Քաղաքների պլանավորման գլխավոր տարրը` հրապարակը, այսօր կորցնում է իր հիմնական նշանակությունը:
Լարիսա Խալաթյան
Ճարտարապետ
Քաղաքաշինության ամենակարևոր օբյեկտներից մեկը քաղաքային հրապարակն է: Քաղաքաշինության և ճարտարապետության պրոֆեսոր Քլիֆֆ Մոթինի սահմանմամբ` հրապարակը շենքերով երիզված գոտի է և նախագծված է այդ շենքերն առավել շահավետ կերպով ներկայացնելու համար:
Հրապարակները միշտ եղել են քաղաքի ամենաայցելվող վայրերը: Քաղաքին պատկանող այս տարածությունն իր ճարտարապետությամբ տարբերվում է մյուս քաղաքային տարածքներից հանրային պատկերով: Հրապարակներում են տեղադրվել քաղաքային գլխավոր ու կարևոր շենքերը, քանդակներ ու պուրակներ են նախատեսվել, շուկաներ առաջացել: Դա մի բնական վայր էր, որտեղ ընթանում է հասարակական կյանքը:
Ժամանակի ընթացքում հրապարակները ենթարկվել են փոփոխությունների` առաջացնելով լուրջ քաղաքաշինական խնդիր, ինչպես Հայաստանում, այնպես էլ` աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բացի քաղաքաշինական խնդիրներից, առաջացել են մի շարք էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրներ:
Հրապարակների նախնական շահագործման երեք հիմնական գործառույթները` տեղաշարժը, շփումը և առևտուրը, մինչև 20-րդ դարը անփոփոխ էին: Սակայն ավտոմոբիլային բումից հետո հրապարակները վերափոխվեցին տրանսպորտային հանգույցների, որոշ մասն էլ լքվեց` վերածվելով բնակչության համար անբարենպաստ քաղաքային միջավայրի: Քաղաքային հրապարակների առևտուրն ամբողջովին տեղափոխվեց շինությունների՝ առևտրի կենտրոնների մեջ:
Չնայած դրան` առ այսօր քաղաքաշինության մեջ ամենանշանակալից տարրերից է քաղաքային հրապարակը:
Շատերի համար փողոցը և հրապարակը աշխատանքի և գումար վաստակելու վայր էին: Հետագայում ապրանքների տեղափոխման ծանր աշխատանքները իրենց վրա վերցրեցին տրանսպորտի տարբեր տեսակները, իսկ քաղաքային տարածությունը հետզհետե ձեռք բերեց հանգստի և զվարճանքի նշանակություն, որը շարունակվում է առ այսօր:
Ինչպես է քաղաքային միջավայրում զարգացել սոցիալական ակտիվությունը 1880-ից մինչև մեր օրերը:
Կապի օպերատորից վերցնելով միավոր բնակիչների գտնվելու վայրի մասին տեղեկությունը միավոր ժամանակահատվածում (տոկոսային հարաբերությունը), պարզեցինք, թե հանգստի ժամերին և օրերին Երևանում որ վայրերն են ակտիվ:
Հետազոտության արդյունքում կարող ենք եզրահանգել, որ Երևանի բնակչության առավել ակտիվությունը նկատվում է ոչ թե հրապարակներում, այլ վայրերում, որտեղ սահմանափակ է մեքենաների հոսքը. օրինակ՝ Հյուսիսային Պողոտան, Կասկադը և Ազատության հրապարակը: Նման տեղերն են ադապտացվել սոցիալական ակտիվության նոր տեսակներին, իսկ հրապարակները վերածվել են տրանսպորտային հանգույցների:
Սա ևս մի ապացույց էր, որ Կենտրոնն է շարունակում լինել բնակչության հիմնական շփման վայրը և սոցիալական ակտիվության կենտրոնը, ինչը, թերևս, խաթարում է քաղաքային այլ թաղամասերի հանրային տարածքների զարգացումը:
Ժամանակակից նոր լուծումները և մոտեցումները հրապարակներին հաղորդում են նոր գործառական և ճարտարապետագեղարվեստական որակներ: Սակայն Հայաստանում իրավիճակն այլ է՝ ավելի է ակտիվացվում տրանսպորտային ենթակառուցվածքի անցուդարձը: Հրապարակների վերաբերյալ արդեն իրագործված և դեռ նախագծային փուլում գտնվող առաջարկներում գրեթե ամբողջովին անտեսվում է հետիոտնը: Ստեղծվում են բեռնաթափող ցցաթմբեր (էստակադաներ), կորսվում են հրապարակների գեղագիտական արժեքները:
Այնինչ բազմաթիվ երկրներում ծանրաբեռնված խաչմերուկներում և հրապարակներում իրականացվել են մի շարք նախագծեր ՝ հետիոտնային հարմարության համար: Նույնիսկ խաչմերուկ դարձած, հատկապես բանուկ հրապարակները կարող են դառնալ հանրային վայր:
2010թ.-ին վերափոխվել է Լոնդոնի Օքսֆորդ-Սըրքուս խաչմերուկը:
Օքսֆորդ-Սըրքուս խաչմերուկը՝ 43.000 հետիոտն և 2000 փոխադրամիջոց`ժամում:
Աշխարհի ամենածանրաբեռնված հետիոտնային խաչմերուկը` Տոկիոյի Շիբույան:
Շիբույա խաչմերուկով 2500 հետիոտն կարող է հատել միաժամանակ, 500.000 հետիոտն` մեկ օրում
Այս խաչմերուկներում, փոխելով հետիոտնի շարժման ռեժիմը, կիրառել են անկյունային հատման մեթոդը: Սրանք, բացի քաղաքաշինական կարևոր լուծումներից, այսօր զբոսաշրջության վայր են հանդիսանում: Մոսկվայում նույնպես հետիոտնի անցման բարելավման նախագծերի իրականացումից հետո այդ վայրերում նկատվել է սոցիալական կյանքի, հետևաբար` նաև տուրիզմի ակտիվացում:
Այսպիսով, «հրապարակ» հասկացությունը տրանսֆորմացվել է այնչափ, որ լիովին փոխել է իր սահմանումը: «Հրապարակ» կարող ենք կոչել այն վայրը, որտեղ կան սոցիալական շփման և տեղաշարժման հնարավորությունները (ոտքով կամ տրանսպորտով), և այսօր հաճախ հրապարակ ենք անվանում սոցիալական շփման ակտիվ գոտին:
Նոր Երևանի ճարտարապետը` Ալեքսանդր Թամանյանը, անընդմեջ աշխատում էր քաղաքի կենտրոնի հատակագծման վրա, որի հիմնական գերիշխող վայրը Հանրապետության հրապարակն էր: Ուսումնասիրելով գլխավոր հատակագիծը` կարող ենք տեսնել, որ հրապարակները կարևոր ծավալատարածական և հատակագծային բաղադրիչ են Երևանում:
Ալեքսանդր Թամանյանը հանճարեղ ճարտարապետ էր` 20-րդ դարում գրեթե զրոյից ստեղծել է մեր այսօրվա Երևանը: Սակայն ժամանակակից աշխարհի և մարդու նախասիրություններին և հետաքրքրություններին ներդաշնակ` հարկավոր է փոխել կարծրացած մտածելակերպը թե հրապարակների, թե քաղաքի առաջնային կարևորությունների վերաբերյալ: Տրանսպորտային հոսքի կառավարումը չափազանց կարևոր և դժվար լուծելի խնդիր է, որին հարկավոր է պատշաճ ուշադրություն, թեև մեր օրերում քիչ չեն մի շարք նոր լուծումներ, օրինակ` տեղաշարժման այլ միջոցներ:
Այսօր ծավալված ճարտարապետա-շինարարական աշխատանքներում հաշվի չառնելով քաղաքի գլխավոր հանրայի վայրի` հրապարակի պատմական ու ժամանակակից առանձնահատկությունները` հնարավոր է` հետզհետե կորցնենք նույնիսկ մեր ունեցած Թամանյանական Երևանը: