Երևան հատակագիծը կազմելիս` ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քաղաքի կենտրոնում նշել էր Օղակաձև այգի, որի հիմնական գործառույթը քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու հանգստի վայր լինելն էր: Սակայն 60-ականներին այգուն հատկացված թամանյանական տարածքը կրկնակի կրճատվեց, իսկ 90-ականներին` Օղակաձևն անկանոն կառուցապատվեց և զրկվեց խնամքից:
Ալեքսանդր Թամանյանը Երևանի հատակագծի բոլոր տարբերակներում նախատեսում է 1200 հեկտար զբոսայգիներ ու անտառներ` հատված բերքատու ծառերի փոխարեն։ Ճարտարապետը տարված էր
Էբենիզեր Հովարդի քաղաք-այգու տեսությամբ։ Վերլուծելով դեպի քաղաքները մարդկանց անընդհատ հոսքի և գյուղական համայնքների ամայացման պատճառները՝ Հովարդը եզրակացնում է, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայրեր, որոնցում կհամատեղվեն գյուղական և քաղաքային կյանքի տարրերը։
Այս տեսության համակիր
Ալեքսանդր Թամանյանը 1913 թ․ Վ․ Սեմյոնովի հետ նախագծում է
Պրոզորովկան` Ռուսաստանի առաջին քաղաք-այգին:
Երևանը Թամանյանի` քաղաք-այգիների տեսության կիրառմամբ ամենալայնածավալ նախագիծն էր, որը 1924 թ․ գարնանը ներկայացնում է ժողկոմխորհին։ Արևմտաեվրոպական թրենդերին զուգընթաց գնալով` Թամանյանն այս մոդելի քաղաքով ցանկանում էր բարելավել Երևանի կլիմայական պայմանները:
Երևանի հարավային թաղամասերը փռված են կիսաանապատային, իսկ հյուսիսարևելյան թաղամասերը (Ջրվեժ)` լեռնատափաստանային գոտում։ Նման չոր տարածքում կանաչ գոտու ստեղծումը հնարավոր է միայն պատշաճ ոռոգման պայմաններում։ Առատ ծառատունկը բարելավում է միկրոկլիմայական պայմանները, քաղաքը հագեցնում խոնավությամբ, մեղմում շոգը, պայքարում փոշու, ծխի, գազերի, աղմուկի դեմ։ Ըստ Թամանյանի՝ «Երևանի պլանով բուսականությունն ավելի մեծ չէ, քան պահանջվում է քաղաք-պարտեզի նորմայով (10%-ի դիմաց մեր բուսականությունը 9%-ի է միայն հասնում)»։