Հրազդանի կիրճը՝ նոր հանրային տարածք Երևանում

Երեք առաջարկ, թե ինչպես կարելի է վերափոխել անմխիթար
վիճակում գտնվող բնական հանրային գոտին։
Ճարտարապետ
Հրազդանի կիրճը Երևանի ամենանշանակալից բնական ռեսուրսներից է, որը պետք է օգտագործվեր և պահպանվեր որպես հանրային տարածք, սակայն երկար ժամանակ է` իր նպատակին չի ծառայում:
Պատմական Երևանի կազմավորումը սկսվել է
կիրճի հարակից տարածքներում բնակավայրի ձևավորմամբ:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի /Ուրբանիստա/
Նոր ժամանակաշրջանում, Երևանի գլխավոր հատակագիծը նախագծելիս, այն պահպանվել է որպես բնական կանաչ տարածք ՝ հանգստի և ժամանցի համար:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի /Ուրբանիստա/

Չնայած դրան, Երևան քաղաքի հիմնական զարկերակը կորցրել է իր նշանակությունը, քանի որ կիրճի մեծ մասը անբարեկարգ և լքված վիճակում է, իսկ որոշ հատվածներ սեփականաշնորհված են և շահագործվում են` որպես մասնավոր բիզնեսներ:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի /Ուրբանիստա/

Տարբեր տարիներին մարզասարքեր են բերվել, և պարբերական այստեղ մարզվում են նաև երիտասարդները: Նրանցից մեկը նշում է, որ մարզասրահի աբոնեմենտ ունի, բայց նախընտրում է բացօթյա մարզանքը` գետի ափին:
Կիրճն ամայացել է՝ նաև ոչ այդքան ապահով տարածքի համբավ ունենալու պատճառով: Տարածքն աստիճանաբար է կորցրել հանրային գրավչությունը: Մի քանի տասնամյակի ընթացքում կիրճն աղտոտվել է, կատարվել են ծառահատումներ: Այժմ, Երևանի մեջ բնությանն ավելի մոտ գտնվելու հնարավորության փոխարեն, մարդկանց մի ստվար զանգված Հրազդանի ձորն ընկալում է որպես ազատ հողատարածք, որտեղ կարելի է կազմակերպել շահավետ բիզնես: Թեև, կիրճում արդեն քիչ չեն ռեստորաններն ու սրճարանները:
93-ամյա Ժիրայր պապիկը` 63 տարի է` Հրազդանի կիրճում է անցկացնում կիրակնօրյա առավոտները: Ժիրայր Ասլանյանի խոսքով, կիրճի այդ հատվածը նախկինում կոչվել է «Բիձեքի գյոլ», հիմա` «Ձորի չռիկ» են անվանում:
Ի պատասխան Ուրբանիստայի կատարած հարցման՝ քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Հրազդանի կիրճի տարածքում ներդրումային առաջարկներ ներկայումս չկան: Եթե այդպիսիք լինեն, Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել ներդրումային փաթեթները և մասնագիտական վերլուծության արդյունքում, հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ, ընթացք տալ կամ մերժել դրանք:

Թեպետ համայնքային իշխանությունները ներդրումային առաջարկներ չեն ստանում, Հրազդանի կիրճը շարունակում է հետաքրքրել մասնագետներին:

Կիրճն ունի բոլոր նախադրյալները և նախապայմանները՝ հանրային օգտագործելի կանաչ տարածք դառնալու, տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց հանգիստն ապահովելու համար, նշում են թեմային պարբերաբար անդրադարձող ճարտարապետները: Որպես մեծ հանրային տարածք՝ այն կարող է զգալիորեն բեռնաթափել Երևանի փոքր կենտրոնը՝ դառնալով գրավիչ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:
Կիրճն ունի բոլոր նախադրյալները և նախապայմանները՝ հանրային օգտագործելի կանաչ տարածք դառնալու, տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց հանգիստն ապահովելու համար, նշում են թեմային պարբերաբար անդրադարձող ճարտարապետները: Որպես մեծ հանրային տարածք՝ այն կարող է զգալիորեն բեռնաթափել Երևանի փոքր կենտրոնը՝ դառնալով գրավիչ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:

1
Երևանի Հրազդան կիրճի՝ Կիևյան կամրջից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածի քաղաքաշինական վերակազմավորման նախագիծ է կազմել ճարտարապետ Ծիլա Ուզաթմաճեանը:
Նախագծի նպատակն է վերականգնել կիրճի նախնական նշանակությունը և ընդգրկել այն քաղաքի կանաչապատ համակարգի մեջ, որպեսզի Երևանի միակ բնական գոտին վերադարձվի բնակչին: Ճարտարապետը, ուսումնասիրություններ անելով և հաշվի առնելով պատմական հուշարձանների առկայությունը, հինգ գոտուց բաղկացած գոտևորման նոր սխեմա է առաջարկում: Յուրաքանչյուրում նախատեսվում է քանդել տարածքում առկա կառույցները:
· Առաջին գոտին, որը մուտքային հանգույց է հանդիսանում և հարում է Հաղթանակի կամրջին, առաջարկվում է բարեկարգում կատարել և անֆիթատրոն տեղադրել՝ հաշվի առնելով հուշարձանների առկայությունը

· Երկրորդ գոտուն տրվում է մարզական գործառույթ, քանի որ այն հարում է Հրազդան մարզադաշտի տարածքին: Այստեղ կարող են լինել մարզադաշտեր և մարզման հարթակներ:

· Երրորդ գոտին ընդգրկում է մանկական երկաթուղին, և այստեղ առաջարկվում է պահպանել գոյություն ունեցող նշանակությունը

· Չորրորդ գոտին նախատեսված է ազատ հանգստի և զբոսանքի համար, որտեղ կարող են տեղադրվել բաց խաղահրապարակներ:

· Հինգերորդ գոտին հատկացվում է էքստրեմալ ստորտաձևերին, որոնց շատ հարմար են ռելիեֆի սուր անկումները:
Ծիլա Ուզաթմաճեանն առաջարկում է փակել մեքենաների համար նախատեսված ճանապարհները, որպեսզի տարածքն ամբողջությամբ տրամադրվի հետիոտնին և հեծանվորդին՝ պահպանելով միայն շտապ օգնության և անվտանգության մեքենաների մուտքի հնարավորությունը: Հանգստի գոտին քաղաքի մյուս մասերին հասանելի դարձնելու համար առաջարկվում է կառուցել ճոպանուղի, որը զարգացման հեռանկարներ կստեղծի ամբողջ քաղաքի մակերեսով:

«Ճոպանուղին չեմ ավելացրել՝ միայն որպես փոխադրամիջոց, այլ որ մարդիկ վայելեն ձորի տեսարանը, և տարբեր գոտիներին կարողանան հասնել թե՛ հեծանվային ուղիներով, թե՛ հետիոտն և թե՛ ճոպանուղիով», - նշում է Ծիլա Ուզաթմաճեանը:

2
Ճարտարապետ Աննա Խաչատրյանի նախագիծը վերաբերում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքի վերակառուցմանը:
Տարածքն ունեցել է սպորտային նշանակություն և 1991թ. ընդգրկվել է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում: 2000-2004թթ. որոշումը չեղարկվել է, և 2004 թվականից «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը սպորտայինից վերածվել է խառը կառուցապատման գոտու, որտեղ տոնավաճառ է գործում: Մարզադաշտի տարածքը կազմում է 14 հա և կից օժանդակ ընդհանուր օգտագործման տարածքները կազմում են 21 հա, որի 1.047 հա մակերեսը զբաղեցնում է տոնավաճառը :
Այլ նշանակության կառույցների ձևավորումը անհանգստացնող է, ասում է ճարտարապետը, քանի որ քաղաքներին հարկավոր են սպորտային նշանակության ամբողջական տարածքներ: Սպորտային կիսաշունչ տարածքին կարելի է նոր կյանք տալ և սպորտային միասնական միջուկ ստեղծել: Այն կսպասարկի տարիքային և շարժողական խնդիրներ ունեցող տարբեր խմբերին, և կունենա մարզադաշտ, սպորտային դահլիճներ, հարթակներ, հեծանվային ուղի, թենիսի դաշտեր:Կից հասարակական գոտին կներառի ջրային հրապարակներ, կանաչ հարթակներ՝ այդ թվում՝ մանկական ժամանցի համար: Չգործող հին սպորտդպրոցի փոխարեն առաջարկվում է նոր և մոդեռնիզացված սպորտային կենտրոն: Ընդհանուր հեծանվային ուղին կկապի տարածքը քաղաքային ենթակառուցվածքներին:

3
Կիևյան կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած 2.5 կմ տարածքը ներառված չէ քաղաքային կյանքում, չկա ոչ մի վարչատնտեսական, մասնավոր կամ այլ կառույց: Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի խոսքով, այս հատվածն ընդհանրապես սեփականաշնորհված չէ, այն հանրային է:
«Որքան շատ լինեն Հրազդանի կիրճի վերակենդանացման վերաբերյալ նախագծերն ու գաղափարները, այնքան մեծ է հնարավորությունը, որ, վերջիվերջո, դրանցից մեկը կյանքի կկոչվի», - Հայկ Զալիբեկյան:
«Ստորակետ» ճարտարապետական բյուրոն նախագծել է Հրազդան գետի կիրճում սպորտի և զվարճանքի կենտրոն: Գաղափարի համահեղինակներն են Հայկ Զալիբեկյանը, Անահիտ Ադամյանը և Վահագն Թուխարյանը:

Հայկ Զալիբեկյանի խոսքով, այն ներկայացվել է Երևանի նախկին քաղաքային իշխանություններին, քննարկվել Երևանի գլխավոր ճարտարապետի հետ և արժանացել հավանության: Նույնիսկ գտնվել էին հովանավորներ, որոնք պատրաստ էին աջակցել նախագծի իրականացմանը: Սակայն,

նախագիծն իրագործելու համար պետք էր կիրճի նշված երկայքով ավտոճանապարհը գոնե շաբաթ և կիրակի օրերին փակել, իսկ Երևանի ոստիկանությունը կտրականապես մերժել էր այդ առաջարկը: Արդյունքում՝ նախագիծը մնաց թղթի վրա:

Այնուամենայնիվ, Հայկ Զալիբեկյանը գտնում է՝ որքան շատ լինեն Հրազդանի կիրճի վերակենդանացման վերաբերյալ նախագծերն ու գաղափարները, այնքան մեծ է հնարավորությունը, որ, վերջիվերջո, դրանցից մեկը կյանքի կկոչվի:


~
Ավելին
~