Մոլդովական փողոցի նախկին հանրակացարանների միայն երկու 29/1 և 29/2 մասնաշենքերում բնակվում է մոտ 600 բնակիչ, որից 25 %-ը փախստականներ են։ Սակայն հանրային տարածք գրեթե գոյություն չունի։ Երեխաները խաղահրապարակի են վերածել շենքի բակ ներխուժած գերեզմանատունը։
Նույնիսկ մի քանի տարի առաջ կառուցված խաղահրապարակը չի լուծում այդ խնդիրը։ Նույն միջավայրում ապրող տարբեր մշակույթների և սոցիալական խմբերի մարդիկ չունեն որևէ վայր, որը կմիավորեր և կխթաներ նրանց շփումը։
Իսկ որոշ խոցելի խմբերին, ինչպիսիք են, օրինակ, տարբեր երկրներից Հայաստանում ապաստան հայցողները, այդպիսի շփումների պակասը կարող է բերել մեկուսացման։ Ովքե՞ր են ապրում այդ միջավայրում, ինչպե՞ս են օգտվում հանրային տարածքից, ինչպիսի՞ն կուզենային տեսնել այն ապագայում և ինչպե՞ս կարելի է բարելավել այն մասնակցային մեթոդով։
Ուրբանիստայի թիմն սկսում է նախագիծ, որը նպատակ ունի միջդիսցիպլինար հետազոտությունների հիման վրա առաջարկել Մոլդովական փողոցի հանրային տարածքի ճարտարապետական նախագիծ։