ՀՅՈՒՐՆ ԱՐԵՒԵԼՔԻՑ

Երևանի Նորքի նախկին ուսանողական հանրակացարանի մասնաշենքերից մեկում տեղակայվել է Միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործող ժամանակավոր տեղավորման կենտրոնը։ Այստեղ, ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշմանը սպասելով, կարող են բնակվել մինչև 45 անձ: Կացարանի բնակիչներից Ռիադը (անունը փոխված է) մի քանի ամիս առաջ ստիպված է եղել փախչել Մերձավոր Արևելքից և ապաստան հայցել Հայաստանում։
«Կյանքիս վտանգ էր սպառնում, ու ես պատրաստվում էի մեկնել արևմտյան երկրներից մեկը, սակայն թռիչքիս ժամը խառնել էի, ու թանկարժեք տոմսս կորավ։ Իմացա, որ Հայաստանում կա ապաստան հայցողների կենտրոն, և միայն դրանից հետո բացեցի քարտեզն ու գտա Հայաստանի տեղը»։
«Առաջին բանը, որ ինձ զարմացրեց Հայաստանում, ձեր հարստությունն է, որը չեք գնահատում։ Դա ջուրն է։ Ամեն անգամ զարմանում եմ, երբ տեսնում եմ ցայտաղբյուրից ազատ հոսող ջուրը»։
«Եթե պարապ ժամանակ տղամարդիկ հավաքվում են շենքի դիմացի տաղավարում, իսկ կանայք հիմնականում զբոսնում են, երիտասարդներին հաճախ տեսնում եմ՝ նստած մանկական խաղահրապարակի հետնամասի լանջին՝ անմիջապես փոշոտ գետնի կամ քարերի վրա»։
«Այստեղ փոքրերն ունեն խաղահրապարակ, տարեցները՝ տաղավար, սակայն ապաստարանի երիտասարդներով շատ կցանկանայինք ֆուտբոլի դաշտ լիներ։ Ոչ միայն մենք կկարողանայինք օգտվել դրանից, այլև բոլոր բնակիչները»։
«Ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես երեխաները, խաղահրապարակի փոխարեն, թռչկոտում են շենքի անմիջական հարևանությամբ գերեզմանատանը, համոզվում եմ, որ Հելլոուինը իրենց համար ոչինչ է»։
«Այնպես չէ, որ իմ երկրում չկա աղբի խնդիր, սակայն Հայաստանում այն շատ ակնառու է: Մինչդեռ աղբը կարելի է վերածել եկամտի լավ աղբյուրի՝ որոշակիորեն լուծելով Հայաստանի ամենացավոտ խնդիրը՝ գործազրկությունը»։
«Ուզում եմ մնալ այստեղ և անել մի բան, որը ոչ միայն ինձ կoգնի ոտքի կանգնել, այլև կարող է օգտակար լինել Հայաստանին։ Բազում ՀԿ-ներ օգնում են փախստականներին և ապաստան հայցողներին, սակայն նպատակ եմ դրել հիմնել կազմակերպություն, որը փախստականներին զուտ օգնություն տալուց բացի կօգնի հիմնել իրենց բիզնեսը»։