Երևանի Զեյթուն թաղամասի գերեզմանատան և բնակելի շենքերի միջև ևս պահպանված չէ սահմանված 300 մետր հեռավորությունը: Այն նաև հարակից է 136-րդ դպրոցին: Զեյթունի մասնակի փակ գերեզմանատունը ձևավորվել է 1945թ-ին, իսկ դպրոցը կառուցվել է 1967թ-ին: Դպրոցի տնօրեն Գրետա Թունյանի խոսքով, բնականաբար հաճելի չէ, երբ կրթօջախը մոտ է գտնվում գերեզմանատանը, սակայն ոչինչ հնարավոր չէ փոխել, միակ մխիթարությունն այն է, որ հուղարկավորությունները հիմնականում կատարվում են ժամը երեքից հետո, երբ դասաժամերը վերջացած են լինում: Դպրոցի տնօրենին ուրախացնում է նաև այն, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ գերեզմանատան և դպրոցի միջև ընկած հատվածում կառուցվում է զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով: Այն խոստացել են շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբերին:
Գերեզմանատների և բնակելի շենքերի միջև սահմանված հեռավորությունը չպահպանելուց զատ, մայրաքաղաքում այս պահին գերեզմանոցներին հատկացվող տարածքի պակաս կա: Թեև իրավաբան Եվա Օհանյանը պնդում է, որ նման մտավախություն չկա, սակայն
պաշտոնական հաշվարկներով, ընդամենը երեք տարի հետո Երևանի գերեզմանատներում նոր հուղարկավորության համար ազատ հողակտոր այլևս չի լինի: