Գյումրիի
պակասող կանաչը

Ինչպես նոր կյանք հաղորդել Գյումրիի
Հաղթանակի պողոտային, հանրային գոտուն
և պատմական միջավայրին:

Ճարտարապետ
«Կումայրի» պատմական տարածքի լքված բնակելի շենքերի վերակառուցման շնորհիվ հնարավոր կլիներ որոշ չափով լուծել բնակարանային խնդիրը, որը դեռևս արդիական է Գյումրիում։ Դրա հետ մեկտեղ հնարավոր կլինի լուծել պատմական նշանակություն ունեցող շենքերի պահպանման հարցը։



Քանի որ պատմական նշանակություն ունեցող բնակելի ֆոնդը խնամքի պակասից ավելի է վնասվում, կարելի է միջոցներ հատկացնել վերակառուցման և դրանք տնակների կամ վթարային շենքերի բնակիչներին` պահպանման պայմանագրային հիմքերով օգտագործման տալու համար:


Սա իրագործելու համար նախ և առաջ հարկավոր է կատարել «Կումայրի» պատմական տարածքի ձևավորման ամբողջ ընթացքի, պատմական կառուցապատման և ներկա իրավիճակի բազմաշերտ ուսումնասիրություն, ծանոթանալ Գյումրիի ժողովրդական ճարտարապետությանը՝ խմբավորելով առանձնահատկությունները, ընտրելով տարածքին գրավչություն տվող կետերը՝ ճիշտ օգտագործելու տեղային ներուժը և ռեսուրսները:

Երկրաշարժի հետևանքով արգելոցի 1115 հուշարձաններից 6-ը հիմնովին քանդվել են, 69-ը` կիսով չափ ավերվել, 85-ը ստացել են ոչ մեծ վնասվածքներ, իսկ մնացածը՝ տարբեր չափերի ճաքեր: Դրանք հիմնականում 100-130 տարի առաջ կառուցված բնակելի, հասարակական շենքեր ու եկեղեցիներ են, որոնք դիմակայել են 1926 թվականի երկրաշարժին:
«Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը ստեղծվել է 1980 թվականին:
Քարտեզը վերցված է Գյումրի քաղաքի շենքերի և բաց տարածքների պահպանման և վերաօգտագործման խորհրդատվական ուղեգրքի առաջարկից։ http://bit.ly/2XFRZGg
Արգելոցի պահպանման տարածքը 1000 հեկտարից ավելի է: Մոտ 300 հեկտարը զբաղեցնում է քաղաքի պատմական մասը:
Ալեքսանդրապոլի մեծ ամրոցի համալիր տեսքը:
Գյումրիի պատմական հուշարձանների 90 %-ից ավելին 1988 թվականին երկրաշարժից տուժել է՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

2007-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ Շիրակի մարզում շինարարական եւ վերականգնողական աշխատանքների իրականացման շրջանականերում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր է ստորագրվել: Համաձայնագրի շրջանակներում ընդգրկված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 92314,19 հազ. ռուբլի (2200257,96 հազ. դրամ):

Այս միջոցներով մասնակի նորոգվել և վերաիմաստավորվել են մի քանի պատմական շենքեր: Վնասված շենքերը վթարային կարգավիճակ են ստացել: Չնայած օրեցօր վատթարացող վիճակին վիճակին` թե բնակեցված, թե լքված շինությունները չեն նորոգվում և չեն պահպանվում:

Արգելոցի տարածքն ունի հարմարավետ միջավայր ստեղծող բաղադրիչների պակաս, ինչպիսիք են՝ կանաչ տարածքները, հանգստի գոտիները և ժամանցի վայրերը: Քաղաքը հարմարեցված չի հաշմանդամություն ունեցող անձանց համար, թեև երկրաշարժից հետո դա առաջնահերթ քայլերից պետք է լիներ:

Նմանատիպ ենթակառուցվածքների անբարեկարգ լինելը և նորմերին չհամապատասխանելը արգելք է քաղաքի կայուն զարգացման համար:

Մինչև 1988թ. Գյումրի քաղաքը զբաղեցրել է 2883,7 հա տարածք, կանաչ գոտու մակերեսը կազմել է 504հա: Երկրաշարժի և հետագա գործոնների հետևանքով կանաչապատ տարածքները կրճատվել են 52,93%-ով: 2013թ. Գյումրի համայնքի տարածքը կազմում է 4429 հա, կանաչ զանգվածների և ծառապատ վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում`447,6 հա:
«Կումայրի» պատմական տարածքը չունի կանոնավոր կանաչ գոտի և կարգավորված ճեմուղի՝ կենտրոնական հատվածի խիտ կառուցապատման պայմաններում:
2013թ. Գյումրի համայնքի տարածքը կազմում է 4429 հա, կանաչ զանգվածների և ծառապատ վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում`447,6 հա:
Առաջարկում եմ Գյումրիի Հաղթանակի պողոտան և հարակից տարածքն ընդգրկող հատվածի վերակառուցման այս հայեցակարգը` ուղղված քաղաքային տարածքների գործառնությունը վերականգնելուն և զարգացմանը:

Կենտրոնի միակ կանաչապատ տարածքը գտնվում է «Կումայրի» պատմական կառուցապատման կենտրոնական հատվածում։ Այն հարում է շուկային (քաղաքային ակտիվ տարածք) և գտնվում է անբարեկարգ վիճակում։

Պատմական հուշարձան հանդիսացող շենքերին (Ձիթողցոնց թանգարան, Ս. Մերկուրովի տուն-թանգարան) հարող հատվածը շրջապատված է գեղագիտական գրավչությունից զուրկ նոր կառույցներով: Մյուս կողմից՝ Գյումրի եկող ավտոբուսների կանգառից քայլի հասանելիություն ունի մինչև պատմական կառուցապատման վայրեր:
Պատմական հուշարձանների առկայության դեպքում առավել զգուշավորությամբ է պետք մոտենալ տարածքին, որպեսզի նոր կառուցապատման մեջ դրանք պահպանեն իրենց դերը՝ չկորցնելով արժեքը:
Պողոտայի ձախ կողմում գտնվում է Մայակովսկի, Աթաբեկյան, Տերյան փողոցներով և Հաղթանակի պողոտայով երիզվող տարածքը, որտեղ գտնվում են հուշարձանները՝ Ձիթողցոնց տունը, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը և Սրբոց Նահատակաց եկեղեցին:
Այս միջավայրում կառուցապատման լրացումներ անելիս առաջնահերթություն է ժողովրդական ճարտարապետության էլեմենտների օգտագործումը և մասշտաբների պահպանումը:
Գյումրեցիների առօրյա հանգստի և տուրիստական գրավչություն հաղորդելու համար այգին նախագծելիս նախատեսվել են օգտագործել խնայող և անվտանգ, երկարակյաց և սպասարկման տեսակետից քիչ կարիքներ ունեցող ռեսուրսներ:

Տարածքի խորքային մասում ստորգետնյա ջրահոսքերի խնդիրը կարելի է լուծել՝ ջրահեռացում կազմակերպելով փողոցներին կից խողովակաշարի միջոցով: Ազատված ստորգետնյա հատվածը կարելի է օգտագործել արհեստանոցների և արվեստանոցների ստեղծման համար:

Ստորգետնյա կառույցի ծածկ կհանդիսանա այգին, որտեղ ոռոգման ջրի շրջապտուտային օգտագործմամբ ստեղծվում են ջրային տարածքներ: Դրանք այգու համար գետ կհանդիսանան, իսկ ստորգետնյա տարածքում կապահովեն բնական լույս՝ թափանցիկ թրծված ապակու շնորհիվ:
Ճարտարապետահատակագծային լուծման հայեցակարգի հիմքում 1988 թվականի երկրաշարժի հիշատակն արտահայտող խորհրդանիշն է՝ երկրակեղևի ճեղքի տեսքով և բնակչության վերածննդի, կայուն և առաջադեմ զարգացման խորհրդանիշ՝ սրտազարկը բնութագրող գրաֆիկի գծային պատկեր:

Գլխավոր հատակագծի հիմքում շեշտված է հասարակական տարածքների դերի բարձրացումը. լանդշաֆտը և հարմարությունները նախատեսվում են տարբեր տարիքային խմբերի ժամանցի, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման համար:
Պողոտայի աջակողմյան հատվածում՝ շուկայի հարակից տարածքը պատված է ճարտարապետական արժեքից զուրկ կրպակներով և շինություններով: Այդ երևույթը զգալիորեն իջեցրել է մոտակա կառույցների քաղաքաշինական և ճարտարապետական դերը, դրանցում անբարենպաստ և վտանգավոր պայմաններ են մարդու բնականոն գործունեության համար:

Այս տարածքը կարելի է ազատել անարժեք կառույցներից՝ տեղակայելով թանգարանային շենք և վերականգնողական կենտրոն: Թանգարանի ինտերակտիվ ցուցասրահները, նոր տեխնոլոգիաներով հագեցած գրադարանը վավերական և մատչելի կներկայացնեն քաղաքի պատմությունը:
Թանգարանի շարունակությամբ վերականգնողական կենտրոնը խորհրդանշական գաղափար է: Այն կարող է լինել բաց հարթակ տարբեր տարիքային խմբերի՝ միասին ժամանակ անցկացնելու համար:

Ծավալատարածական հորինվածքում հարկերը միացնող աստիճանավանդակները և միջանցքները պատկերում են երկրաշարժի հետևանքով առաջացած երկրային ճեղք: Ճակատային հատվածում նախատեսված ծածկ-ելուստը սրտազարկի գրաֆիկի տեսքով, բացի ֆունկցիոնալ նշանակությունից, խորհրդանշում է կյանքի շարունակությունը: Ծածկի մի մասը նախատեսված է զբոսանքների, իսկ մյուս մասը` արևային մարտկոցների տեղադրման համար:

Նախագծի հիմքում դրվել են հուշարձան շենքերին ժողովրդական էլեմենտներով լրացման և պատմական կառուցապատման կողքին կոնտրաստային լուծումների մոտեցումները` չխաթարելով և չկրկնելով ընդգծելու Գյումրիի պատմամշակութային կառուցապատման արժեքը և դրանց շնորհիվ լուծելու քաղաքային կարևոր խնդիրները:
~
~