Այլընտրանքային
գրադարանները

Գրադարաններ, որոնք քաղաքային տարածության
և քաղաքների զարգացման կարևոր բաղադրիչներն են:
Տիգրան Ամիրյան
Գրականագետ, ՛՛CSN Lab՛՛ ՀԿ հիմնադիր
Թվային գրքի հայտնվելով և տեքստային նյութի` ցանցային տարածք տեղափոխումով տպագիր գրքերի գրադարանները ոչ դատարկվեցին, ոչ էլ անհետացան:
Քաղաքներում օրեցօր առաջանում են գրադարանային նոր տարածքներ` իսկական «թղթե» գրքերով, բայց բոլորովին այլ փիլիսոփայությամբ և ինքնությամբ, ինչպես, օրինակ` շարժական գրադարանը, ավտոբուս-գրադարանը, թռչնաբույն-գրադարանը Հայաստանում ևս պետական գրադարանների ճգնաժամի ֆոնին տարածում գտան այլընտրանքային գրադարանները:

Երևանի երիտասարդները թեկուզ մեկ անգամ այցելել են Միրզոյան գրադարան, գրքասերները հասցրել են գնահատել նորաբաց Ֆեմ գրադարանը:
Ապարխիվացում
Համացանցում գործում են էլեկտրոնային գրքի խանութներ և այդ ձևաչափի գիրքը տպագիր տարբերակից ավելի մատչելի ու արագ ձեռք բերելու հնարավորություններ: Աշխարհի խոշոր գրադարանները շարունակ թվայնացնում են իրենց ֆոնդերը: Նկատած կլինեք նորություններում, որ այս կամ այն հայտնի գրադարանը համացանցում հասանելի է դարձրել հազարավոր գրքեր: Նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն կարդալու այդ գրքերը, անմիջապես սկսում են տարածել նորությունը սոցցանցերում` իբրև մի խոշոր ընծա մինչ այդ անհասանելի համակարգից: Գործնականում տեղի է ունենում ապարխիվացում: Գրադարաններում, հասկանալով են, որ կորցրել են գիտելիքի փակ պահոցի գործառույթը, ճերմակ դրոշ են պարզում արդիականության առջև` բացելով մինչ այդ սահմանափակ հասանելիությամբ պահոցների դռները:

Աստիճանաբար գրադարանները գիտելիքի պահոցի գործառույթը տրանսֆորմացնում են հիշողության կամ ժամանցի վայրի: Ժամանակակից թանգարանի պես գրադարանները արմատական գործառութային փոփոխություններ են կրում: Գրադարանի հիմնական տարածությունը հատկացվում է առևտրի և փորձի փոխանակման համար: Ստեղծվում են սրճարաններ, կինոսրահներ, նվերների վաճառակետեր, հանգստի գոտիներ: Եթե նախկինում գրադարաններն ասոցացվում էին որպես խոնավ մի վայր, որտեղ ընդունված է խոսել շշուկով, ապա հիմա գրադարանային սրահները վերածվել են շփման վայրի: Այսինքն, գրադարանը «գիտելիքի իշխանությունից» անցում է կատարում դեպի «բաց սոցիալական հարթակ» ձևաչափի: Թերևս, հարմարավետ ընտանեկան տարածությամբ նման գոտիները փոխհատուցում են սեփական տան մեջ՝ գրքերի, իսկ գրադարաններում` հարմարավետության բացակայությունը:
Չեխիայի Ստրահովյան գրադարանը թանգարան-գրադարանի տարածված տեսակ է: Լուսանկարը՝ www.prague.eu կայքից
Ժամանակակից բնակարանների հարդարանքում տպագիր գրքերը այնպիսի շքեղություն են, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Թեև աստիճանաբար ընթերցող և չընթերցող մարդիկ ազատվում են «թղթե» գրքերից` ընկալելով դրանք անցյալից եկած փոշոտ, շատ տեղ զբաղեցնող բան: Այս միտումները գրադարաններին թանգարանային բնույթ են ավելացնում: Հաճախ տեսնում ենք, որ աշխարհի խոշոր գրադարանները ներկայանում են առաջին հերթին պատմական անցյալի կերպարով, մինչ ճարտարապետներն ու դիզայներները հին գրադարանները վերափոխում են հանգստի բազմաթիվ գոտիներով հագեցած մշակութային կենտրոնների:
Ընթերցասրահ
Պետական գրադարանները հարմարվում են նոր պայմաններին, չհարմարվողները պարզապես անհետանում են: 90-ականներից հետխորհրդային երկրները քաղաքներում գրադարանային տարածության ծանր կորուստները կրեցին: Թեև հիմա դրությունը այդքան վատ չէ, նման ծանր ճգնաժամի հետևանքները դժվար է հաղթահարել: Մանավանդ՝ գրադարանների՝ թանգարանայնացման նոր համաշխարհային տենդենցների և ընդհանուր սպառման ատրակցիոնի վերածվելու պայմաններում:

Վերջին տարիներին Հայաստանում գրադարաններին աջակցում են պետությունը, մասնավոր ներդրողները, արտասահմանյան ֆոնդերը: Պետական գրադարանները փորձում են յուրացնել արդիականության լեզուն, այլ երկրների փորձը: Սակայն գործընթացը տևական է ու բարդ: Պետական գրադարանի լեփլեցուն ընթերցասրահը դեռևս գրքի կամ երիտասարդության մեջ գրադարանի ժողովրդականության ցուցիչ չէ: Ընթերցասրահներում ժամանակ են անցկացնում միայն ուսանողները, որոնց բուհում եղածը չի բավարարում: Սակայն մեծ հարց է` արդյո՞ք ուսանողներն ու ասպիրանտները ուսումնական գործընթացից հետո երբևէ վերադառնում են պետական գրադարան: Թերևս՝ ոչ: Գրադարանը` որպես սովետական իշխանության արդյունք, նման մյուս հաստատությունների պես խոցելի է ժամանակակից մարտահրավերների և հանրային տարածքների հանդեպ պատկերացումների առջև:

Տպագիր գրքի և գրադարանների նման բարդ փոխակերպումների ֆոնին հայտնվում են այլընտրանքային հաստատություններ, որոնք բոլորվին այլ կերպ են իմաստավորում գրադարանն ու քաղաքային տարածությունը:

Երևանի Միրզոյան գրադարանը նման այլընտրանքային հաստատություն է, որ իր մեջ ընդգրկելով նման վայրի բոլոր առանձնահատկությունները` ճանաչված է անգամ Երևանից դուրս:
Մասնագիտացված գրադարան
Գրադարանի` քաղաքի մշակութային տարածություն լինելու ինքնությունը հիմնադրի հետ է կապված: Լուսանկարիչ Կարեն Միրզոյանը ոչ միայն իր անունով է կոչել վայրը, այլև ստեղծել է մասնագիտացված լուսանկարչական գրադարան՝ լուսանկարչության տեսության վերաբերյալ գրականության մեծ ֆոնդով, արտասահմանյան լուսանկարչական ալբոմներով: Առանձին բաժնով ներկայացված է հայ ժամանակակից լուսանկարչության մասին գրականությունը: Մասնագիտացվածությունը շահեկան է այլընտրանքային գրադարանների պարագայում, մինչ պետական գրադարանները ձգտում են ամփոփել ամեն տեսակի գրականություն:
Վինտաժ և Քո-ուորքինգ
Միրզոյան գրադարանը ժամանցի տեղ է դարձել` այցելուներին առաջարկելով ռետրո ոճի ընթերցասրահ, սրճարան, քո-ուորքինգ` վինտաժային տարրերով: Ժամանակի մեքենան տեղափոխում է խորհրդային կամ մինչխորհդային փոքր ինչ լղոզված անցյալ՝ կտրելով քաղաքային իրականությունից: Տարածությունը հեշտությամբ տրանսֆորմացվում է տարբեր միջոցառումների համար: Մեծ ընթերցասրահում պարբերաբար լուսանկարչական ցուցադրությություններ են կազմակերպվում: Այստեղ են գալիս ցուցադրությունների, դասախոսությունների, շնորհանդեսների, բազմաբնույթ միջոցառումների: Երեկոյան գրադարանը վերածվում է երաժշտական հարթակի՝ հայտնի դիջեյների սեթերից մինչև ջազային համերգներ:

Այս ամենով կերտվում է հսկայամոլությունից զերծ մինի-հաստատություն: Հենց դա է հրապուրում այցելուներին:

Միրզոյան գրադարանի ոչ գործառութային ինքնությունը 19-րդ դարի ճարտարապետական ոճով շենքի պահպանումն է: Շենքը հին է, բայց՝ ոչ պետական: Քարե տան ներքին բակը, փայտե սանդուղքը և պատշգամբը հին Երևանի զգացողությունն է արթնացնում, ինչն էլ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

Այլընտրանքային մյուս գրադարանը ֆեմինիստական գրականություն և կին հեղինակներ առաջարկող Ֆեմ գրադարանն է: Ֆեմ գրադարանում ազատ նույնպես կա ոչ մեծ խոհանոցային տարածք և սրահ՝ հանրային միջոցառումների համար: Ի տարբերություն մյուս այլընտրանքային գրադարանների՝ Ֆեմ գրադարանը թե տարածքի, թե գրքային ֆոնդի համար միջոցներ գտավ քրաուդֆաունդինգի շնորհիվ: Գաղափարի հեղինակ Աննա Նիկողոսյանի՝ գրքերով կիսվելու կոչին արձագանքեցին հայ ընթերցողները և արտասահմանյան կազմակերպությունները: Թերևս, այս վայրի անհրաժեշտության ամենալավ ապացույցը հենց այդ փաստն է:

Ֆեմ գրադարանը, ինչպես նաև Միրզոյան գրադարանը նույնպես մասնակիորեն համալրվում է նվիրատվության շնորհիվ: Այսինքն, այլընտրանքային գրադարաններում գրքային կատալոգները հենց այդ կերպ են ձևավորվում: Ֆեմ գրադարանում այցելուներին առաջարկվում են գրքեր, ցանկության դեպքում՝ քննարկումներ և քո-ուորքինգի հնարավորություն: Թե շենքը, թե շենքի դիրքը շատ ավելի հարմարավետ են պետական գրադարաններից: Ֆեմ գրադարանը գտնվում է Կասկադի մոտակայքում՝ բնակելի շենքի բնակարանում:
Հայկ Զալիբեկյանի և Արուսիկ Զեյնալյանի բացառիկ գաղափարն ուղղված է գրադարանի ապակենտրոնացմանը՝ իբրև գիտելիքի վայրի: Դրա փոխարեն գյուղական երեխաներին հրամցվում են ժամանակակից ընթերցասրահի ճարտարապետական լեզվի, ներքին հարդարման, գրքային նոր մշակույթի մասին նոր պատկերացումներ:

Ակնհայտ է, որ անցյալի խոշոր գրադարանների վերակառուցումը և ապամասնագիտացումը ֆինասնական մեծ ներդրումներ է պահանջում: Փոփոխությունների պատրաստ չեն ոչ հետխորհրդային քաղաքաշինարարները, ոչ գոյություն ունեցող ենթակառուցվածքները, ոչ էլ՝ գրադարանների ներքին վարչական մեխանիզմները: Ճարտարապետության և ուրբանիստական տարածության մեջ արմատական փոփոխություններ չպահանջող այլընտրանքային գրադարանները ավելի ճկուն են՝ լավ պատկերացնելով ժամանակակից մարդու պահանջները: Հենց այս հանգամանքն էլ դարձնում է դրանք քաղաքային տարածության և քաղաքների զարգացման կարևոր բաղադրիչ:


~