Քաղաքից քաղաք․
հանրային տրանսպորտը



Երկար սպասելով համակարգային լուծումների` քաղաքացիներն ինքնուրույն այլընտրանքներ են ձևավորում` կարգավորելով միջքաղաքային երթևեկությունը։
Հանրային տրանսպորտի խնդիրը Հայաստանում երկար եփվածներից է։ Մարդիկ բողոքում են, իշխանությունները՝ խոստումներ տալիս։ Մենք որոշեցինք թվերով պարզել, թե ինչ վիճակ է այժմ և ինչ տարբերակներ են հայտնվել՝ որպես խնդրի այլընտրանքային լուծում։
Ինչպե՞ս A կետից հասնել B կետ
Հայաստանի հյուսիսից հարավ, օրինակ, Վանաձորից՝ Կապան, ամենակարճը 7 ժամում կարելի է հասնել՝ անցնելով գրեթե 380կմ մեքենայով։ Իսկ ի՞նչ, եթե որոշում ես օգտվել հանրային տրանսպորտից։ Եթե ծանոթ-բարեկամի հետ չկապվես, չզանգես ավտոկայան, ուրեմն կարող ես ընկնել պատասխանատու նախարարության կայք։

Հանրային տրանսպորտի մասին տվյալները հասանելի են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում՝ տվյալների բազայի տեսքով։ Այս ձևաչափն, իհարկե, հարմար չէ տեղեկություն ստանալու համար։ Փոխարենը առավել մանրամասն տեղեկություն կարելի է գտել բլոգային հարթակում։
Մեր խնդրի պատասխանն էլ սա է․ Վանաձորից ուղիղ հնարավոր չի հասնել Կապան։ Նախ պետք է գալ Երևան, տրանսպորտ փոխել ու մի քանի ժամից հետո նպատակակետ հասնել։

Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը, այն է, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ։

Երթուղիների սխեմաները մշակվում են փաստացի ուղևորահոսքի մշտադիտարկման ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
«Չվացուցակներում մշտապես փոփոխություններ կատարվում են։ Տեղեր կան՝ ուղևորահոսքը ավելանում, տեղեր կան՝ պակասում է։ Սեզոնային բնույթի փոփոխությունների կարիք է առաջանում։ Անընդհատ իրականացվող գործընթաց է», - ասաց Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության Տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը։

Այս գործընթացին առաջարկություններով մասնակից է լինում ավտոկայանը, Քաղաքաշինության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, փոխադրողը և քաղաքացիները։ Ուղևորափոխադրումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից՝ մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով։

Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ուղևորը

Հայաստանում ամենաէժան ուղղություններից մեկը Արարատի մարզից Երևան հասնելն է։ Թեև ուղեվարձը մատչելի է, տրանսպորտն էլ կանոնավոր գործում է (15 րոպեն մեկ հաճախականությամբ), բայց մայրաքաղաքի հետ բազմաթիվ թելերով կապված մարզի համար բավարար չէ։
Տարածությունը մեծ չէ՝ ամեն օր հաղթահարելու ու Երևան չտեղափոխվելու համար: Սակայն հանրային տրանսպորտը գործում է ծանրաբեռնված` վաղ առավոտից մինչև ուշ երեկո։
Այս ուղղությամբ կանոնավոր տեղաշարժվելու 4 տարվա փորձառություն ունեցող 24-ամյա Օֆելյա Սիմոնյանը ուսման տարիներին ծանրաբեռնված հանրային տրանսպորտով նստած ուղևորվելու համար նախ պետք է իրենց գյուղից՝ Շահումյանից հասներ Արտաշատի ավտոկայան։ Այնտեղ էլ՝ սպասել, պայքարել, տեղավորվել:




Երիտասարդ լրագրողը դժվարությամբ Երևան հասնելու փոխարեն գերադասեց վարձով բնակարան գտնել աշխատավայրի հարևանությամբ։ Սակայն հին խնդրին նորից բախվելու առիթ ստեղծվեց գարնան սկզբին․ բնակարանը փոխելու խնդրին գումարվեց նոր տեսակի կորոնավիրուսի բերած կարանտինը։ Օֆելյան նորից հետ գնաց Շահումյան։
Այս օրերին նա անհարմար տրանսպորտից օգտվելու փոխարեն այլընտրանք է գտել։ Ֆեյսբուքում գործող մի քանի խմբերում գրառումներ է կատարում, և նրան տեղափոխում է նույն ուղղությամբ գնացող վարորդ։ Վճարում չկա, չգրված կանոնը քաղցրի հյուրասիրությունն է։

«Աշխատող տարբերակ ա, և քանի որ էս մշակույթը Հայաստանում դեռ զարգացած չի, ազատ տեղերը շատ են», - ասում է Օֆելյան։ Թեև անծանոթի հետ երթևեկելը ռիսկային է, բայց շատ ավելի անհարմար ու ժամանակատար է հանրային տրանսպորտից օգտվելը։
Միջհամայնքային տրանսպորտի պատկերը
Հայաստանում տեղաշարժվելու համար գործում է հանրային տրանսպորտ՝ միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, որոշ դեպքերում՝ երթուղային տաքսիները։ Երկաթգծի կանոնավոր ուղևորափոխադրում այս պահին առկա է երեք ուղղությամբ՝ Երևանից Գյումրի, Արաքս և Երասխ ու հակառակը։ Մի բնակավայրից մյուսը հնարավոր է հասնել նաև անհատ տաքսիով կամ` հնարավոր է այն կիսել այլ ուղևորների հետ։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի տվյալներով Հայաստանում միջհամայնքային ուղևորափոխադրման պատկերը.

Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ըստ 2017 թվի մամուլի հրապարակման ներմարզային երթուղիներով չի սպասարկվում 97 համայնք, այժմ՝ 86։
Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Կառավարությանը ներկայացված ծրագիրը ենթադրում է ուղևորափոխադրման միասնական համակարգ, որի առաջնային խնդիրը բոլոր համայնքները կանոնավոր տրանսպորտային կապով ապահովելն է։ Լինելու են ուղևորափոխադրումներ համայնքներից դեպի մարզկենտրոններ կամ մարզի այլ խոշոր համայնքներ, որտեղից, էլ ավելի մեծ ավտոբուսներով, դեպի Երևան։

«Նախատեսում ենք միասնական լոտերով մրցույթն անել, այսինքն, հնարավոր է, որ մեկ մարզն ամբողջապես մի օպերատորի տրվի, և վնասաբեր-ոչ վնասաբեր երթուղիները մի օպերատորի սպասարկման տիրույթն անցնեն», - ասում է Կարապետյանը։
Կառավարության կողմից հաստատվելուց հետո նոր կարգը կփորձարկվի մի մարզում, ապա կտարածվի հանրապետությունում։ Սահմանվելու են ավտոբուսների նկատմամբ նոր պահանջներ, ներառվելու են հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրումները։


Այս ծրագրով պատասխանատու կառույցը կստեղծի չվացուցակների միասնական էլեկտրոնային շտեմարան, բջջային հավելված՝ երթուղիների մասին տեղեկություն ստանալու, դրանք տեղորոշելու համար։ Ապա նաև անցում կլինի՝ էլեկտրոնային տոմսավորման համակարգի։ Կարապետյանի խոսքով, այս համակարգերն արդեն ստեղծվել են, միայն տվյալներով համալրել է անհրաժեշտ։

«Այն, ինչ ունենք, մինիմալն է, որով կարողանում ենք հնարավորինս ապահովել քաղաքացիների տեղաշարժը։ Բայց մենք սկզբունքորեն նոր, միասնական ցանց ենք մշակել հանրապետության», - ասում է Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության Տեխնիկական քաղաքականության բաժնի պետը։
Հանրային տրանսպորտի այլընտրանքը
Անհարմար տրանսպորտի, ավելի թանկ տաքսիների կողքին վերջին տարիներին մի քանի համայնքներում ձևավորվել են այլընտրանքային նախաձեռնություններ։ Դրանց միջոցով անձնական մեքենայով վարորդը ճանապարհը կիսում է նույն ուղղությամբ գնացող ուղևորի հետ։ Արդյունքում, ոչ միայն տեղից տեղ տեղափոխվելն է ավելի հարմար դարձել, այլև հանրային շփումների մշակույթն է փոխվում, նոր նախաձեռնությունների սկիզբ է դրվում։

Նման նախաձեռնություններից մեկի հեղինակը 27-ամյա Արտաշես Պողոսյանն է Աբովյանից։ Գործի բերմամբ ամեն օր անձնական մեքենայով գալիս է Երևան՝ իր հետ մայրաքաղաք հասցնելով ևս մի քանի մարդու: Ավելի ուշ մտահղացումը վերածվել է լայնամասշտաբ նախաձեռնության:
«Շատ վաղուց ես այդ անում էի՝ ուղղակի փողոցի մակարդակով։ Կանգնում էի կանգառում ու ասում էի, որ գնում եմ Երևան, ով նստում էր՝ տանում էի։ Մարդիկ կային՝ գումարով էին դա անում, մարդիկ կային՝ անվճար։ Ես անվճար էի անում, ինչը խնդիրներ էր առաջացնում կանգառում կանգնող տաքսիստների համար։ Որոշեցի էդ ամեն ինչը տեղափոխել Ֆեյսբուք», - պատմում է Արտաշեսը։

Հայտարարությունները նախ տեղադրում էր անձնական էջում, ապա 2018-ից ստեղծում է «Աբովյանի ԱՆՎՃԱՐ տրանսպորտ» խումբը։ Նախաձեռնությանն արձագանքում են մեքենա ունեցող ընկերները և համախոհները: «Դարձանք հինգ, տասը ու հասկացանք, որ հնարավոր է էս ամեն ինչն ավելի ծավալուն դարձնել»։
Այս պահին «Աբովյանի ԱՆՎՃԱՐ տրանսպորտ» խմբում կա մոտ 2800 անդամ, որոնցից 1000-ը ակտիվ օգտվողներ են: Նախքան կորոնավիրուսային սահմանափակումները օրականը միջինը 100 հոգի օգտվում էր խմբից։



Արտաշես Պողոսյանի խոսքով, այս օրերին ավելի է մեծացել նման այլընտրանքի պահանջը կանոնավոր ուղևորափոխադրման հարկադրյալ դադարի պատճառով։ Արտակարգ դրության ընթացքում խմբի անդամները համալրվել են։ Եթե նախկինում խնայում էին հանրային տրանսպորտի համար նախատեսված մի քանի հարյուր դրամը, ապա այս դեպքում խնայվում է տաքսիին վճարվող մի քանի հազար դրամը։

Խմբում կան սահմանված կանոններ, գրառումները և մեկնաբանությունները մոդերացնում են խմբի կամավոր 5 ադմինները։
Արտաշես Պողոսյանը նախաձեռնությունն սկսելուց առաջ չգիտեր՝ սոցցանցը նման բանի համար օգտագործվում է, թե՝ ոչ։ Կար վճարովի ծառայություն առաջարկող տաքսիների խումբ։ Նրա խոսքով, անվճար ձևաչափով և այս տրամաբանությամբ գործող առաջին ֆեյսբուքյան խումբը հենց իրենցն էր, որի հիման վրա հետագայում ստեղծվել են մյուս քաղաքների նման նախաձեռնությունները։

Օրինակ, Կոտայքի մարզում բացվել են նաև Հրազդանում ու Բյուրեղավանում գործող խմբերը:

Կամավորական նախաձեռնություն
Վերջերս մի խումբ կամավորներ Yandex Map Editor կայքում ներմուծել են Հայաստանի խոշոր բնակավայրերը կապող հանրային տրանսպորտի երթուղային տվյալները։ Այժմ կարելի է տեղեկություն գտնել մոտ 250 բնակավայրի կայանատեղիների և չվացուցակների, ներառյալ, Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներքին տրանսպորտի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին նախաձեռնության պատասխանատուները, կան տվյալների ճշտման խնդիրներ, որոնք ընթացքի մեջ են ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Օգտատերերը նույնպես անճշտություն գտնելու դեպքում ինքնուրույն կարող են նշել այն՝ այսպիսով մասնակից դառնալով Հայաստանի ներհամայնքային տրանսպորտի չվացուցակի քարտեզագրմանը։
Աբովյանի խումբն ամենամսյա հանդիպումների ժամանակ քննարկում է տարբեր գաղափարներ ու դրանց իրագործման տարբերակները։ Հանրային տրանսպորտը թեթևացնելու գաղափարի շուրջ համախմբված խմբակիցներն աջակցել են Աբովյանի հատուկ դպրոցի երեխաներին, Տավուշի սահմանամերձ երկու գյուղի գրադարանի համար գրքեր են տարել։ Նույն հիմքով ստեղծվել է գրքերի բազա ունեցող «Աբովյանի անվճար գրադարան» խումբը, որտեղ մարդիկ կիսվում են իրենց գրքերով։

«Եթե ապրում ես ինչ-որ քաղաքում, պիտի ամեն բան անես քո քաղաքը զարգացնելու համար, մանավանդ Հայաստանի պայմաններում, երբ կենտրոնացվածությունը շատ ուժեղ արտահայտված է Երևանում, ու հիմնականում մարզային քաղաքները շատ պասիվ վիճակում են։ Խմբի նպատակը ոչ միայն մարդկանց օգնելն է: Ուզում ենք Աբովյանը ավելի մտերիմ, ընկերական, աշխույժ, ակտիվ դարձնել», - ասում է Արտաշես Պողոսյանը։

~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

ավելին