ՀԵԾԱՆՎՈՎ
ՊՏՈՒՅՏ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



Ենթակառուցվածքների բացակայությունը արգելք չէ։


Թեև Հայաստանում հեծանվային մշակույթը նոր է թափ առել, Վանաձոր քաղաքի փողոցներում հեծանիվները շատացել են: Քաղաքի բնակիչներն սկսել են նախապատվությունը տալ հեծանվին, քանի որ այն չի աղտոտում բնությանը և նպաստում է առողջ ապրելակերպին։
Վանաձորի փողոցներում այժմ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գրեթե ամեն օր վարում են հեծանիվ և այն համարում են իրենց առօրյա տրանսպորտը։ Քաղաքում լեցուն երթուղայինները հազվադեպ չեն, ինչպես և` խցանումները։

Թեև Վանաձորի փողոցները ռելիեֆային չեն, քաղաքում չկան հեծանվային ենթակառուցվածքներ։

«Քաղաքի բյուջեն դեռևս այնքան մեծ չէ, որ կարողանա ապահովել գծանշված ճանապարհներ կամ հատուկ ենթակառուցվածքներ հեծանիվի համար», - ասում է համայնքապետարանի Առևտուրն ու տրանսպորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հակոբյանը:

«ՀԿ կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերից մեկի շնորհիվ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից դեպի Հնեվանք ստեղծվել է հեծանվային ուղի։ Կազմվել է «Մեթոդական ձեռնարկ հեծանվորդի համար» գրքույկը։ Ձեռնարկում կարելի է գտնել այն կանոնները, որոնց պետք է հետևել վարելու ընթացքում։

«ՀԿ կենտրոնի» ծրագրով Վանաձոր քաղաքում հեծանվի մի քանի կայանատեղի է տեղադրվել։ Նաև գործում է հեծանվի վարձույթ։ Հեծանվային մշակույթի տարածմանն են ուղղված կենտրոնի ՏՈՒԿ բազայում իրականացվող հեծանվային դասերը։
ՏՈՒԿ. Տուրիզմի ուրույն կենտրոն
«ՏՈՒԿ»-ը «ՀԿ կենտրոնի» կողմից ստեղծված ճամբարային բազա է՝ տուրիզմի հետ կապված բազմաբնույթ ծառայություններով: «ՏՈՒԿ»-ը սոցիալական ձեռնարկություն է. շահույթի մեծ մասն ուղղվում է համայնքային խնդիրների լուծմանը: Հեծանվասպորտի զարգացմանը ուղղված «ՀԿ կենտրոնի» ծրագիրը միակ չէ։ Վանաձորում լեռնահեծանվային սպորտը ևս զարգացման հնարավորություններ ունի։
«ԲՈՒ» ԼԵՌՆԱՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊԱՐԿ

Վանաձորում նախատեսվում է ստեղծել լեռնահեծանվային պարկ։ Աշխատանքներն սկսելու համար արդեն 2 տարի իրականացվում է ֆոնդահայթայթում։ Նախագծի գաղափարը Էմմա Պետրոսյանինն է:

«20 տարեկանում ինքս ինձ համար ապառիկով հեծանիվ գնեցի», - ասում է Էմման: Հեծանիվը Էմմայի ամենօրյա տրանսպորտն էր Երևանում։ Մայրաքաղաքում ամեն օր աշխատանքի` Բանգլադեշից Կասկադ և հետ, հեծանվով էր գնում։ Օրական 15-20 կիլոմետր էր անցնում։ Հետո հեծանվասեր Էմման առաջարկ ստացավ նկարահանվելու լեռնահեծանվային սպորտի մասին պատմող ֆիլմում։
Էմմա Պետրոսյան
2016 թվականին սպասարկման ոլորտի և տուրիզմի մասնագետ Էմման Երևանից եկավ Վանաձոր` մասնակցելու «ԷկոԼաբ Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալական ձեռներեցության դասընթացներին:

Դասընթացից հետո հղկեց նախնական գաղափարը, այն վերածեց ծրագրի և սկսեց իրականացնել Վանաձորում։

Էմման և նրա ընկերներն սկզբում Վանաձորից դուրս հեծանվային արահետ պատրաստեցին։ Վերջին 3 տարիներին Լոռու մարզում կազմակերպում են Bike camp (հեծանվային ճամբար): Ճամբարի ծրագրում հեծանվային արշավներ են, պարային երեկոներ, ֆիլմի դիտումներ և այլ միջոցառումներ։

«Բու» լեռնահեծանվային պարկում 2019-ի երկու սպորտային միջոցառումները ծրագրի զարգացման քայլերից են։ Միջոցառումներից մեկին` "Pedal to the medal" հեծանվային մրցույթին մասնակցեցին ոչ միայն Վանաձորի, այլև Երևանից և այլ քաղաքներից եկած հեծանվասերները։

«Մեր միջոցառմանը մասնակցում էր Եվրամիության պատվիրակությունը` դեսպանի` Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ։ Դեսպանը նույնպես վարում էր հեծանիվ, որը շատ խորհրդանշական էր»,- պատմում է Էմման։ Մյուս միջոցառումը սպորտային քվեսթն էր, որը կազմակերպվել էր երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Վերջին երկու տարվա ֆոնդահայթայթման աշխատանքները դրական արդյունք են տվել։ 2020 թվականին կկայանա Վանաձորի լեռնահեծանվային պարկի բացումը։ Նախատեսվում է ստեղծել հեծանվային կենտրոն, հեծանվային սրճարան, միջոցառումներ կազմակերպելու վայր։
Ստեղծվող հեծանվային տարածքում` Pumb track-ում, հեծանիվ կարող են վարել բոլորը` սկսած 5 տարեկանից։ Էմման և նրա թիմը վստահ են. «Վանաձորը դառնալու է լեռնահեծանվային սպորտի կենտրոն»։ «Բու» լեռնահեծանվային պարկն իր տեսակով առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐՈՂ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ

Վանաձորի՝ հեծանվի անիվ պտտողները։
"Կժեր" արվեստանոց-սրահի հիմնադիր Սամվել Առաքելյանը գրեթե ամեն օր հեծանիվ է վարում։ Հեծանիվը նրա համար և տրանսպորտի միջոց է, և ժամանակի խնայում, և առողջությունը պահպանելու միջոց։
Խնդիրները, որոնց բախվում է վարելու ընթացքում, շատ են։ «Հեծանիվ քշողին մարդու տեղ չեն դնում։ Համարյա թե չեն ուզում, որ երևաս փողոցում, բայց հեծանիվն էլ տրանսպորտի միջոց է ու իրավունք ունի փողոցներում երթևեկելու»։ Սամվել Առաքելյանը նշում է, որ ճանապարհներին վարորդների վերաբերմունքի պատճառով երթևեկությունը վտանգավոր է դառնում հատկապես սկսնակ հեծանվորդների համար։ «Կարող են շփոթվել ձայնային ազդանշանից ու վթարի ենթարկվել»։
Ալբերտ Սահակյանը վանաձորյան ալտերնատիվ ռոք խմբերից մեկի` Clocker-ի մենակատարն է։ Չնայած վատ տեսողությանը` Բուչ մականունով հայտնի Ալբերտը նախընտրում է հեծանիվը՝ առողջ լինելու համար։
Վանաձորցի Անի Աբրահամյանի համար հեծանիվն անբաժանելի ընկեր է։ Մասնագիտությամբ դերասան Անին նախընտրում է իր դեղին հեծանիվը: Անին դեղին հեծանվին "Ծիտ" է անվանել։
Հեծանիվ վարելիս Անին հաճախ նկատում է մարդկանց՝ տարակուսանքով լի հայացքները: Մյուս խնդիրը մայթերին թեքահարթակների բացակայությունն է։
Դերասան Էդգար Բարսեղյանը դեռ չունի անձնական հեծանիվ: Վանաձորում նման այլընտրանքային տրանսպորտից օգտվելը վտանգավոր է համարում. չկան առանձնացված ճանապարհներ կամ հեծանվուղիներ: Վերջերս նկատել է` քաղաքում հեծանիվ կայանելու մի քանի տեղ է հայտնվել։

Էդգարը կարծում է, որ հեծանվորդների ավելացմամբ մարդկանց վերաբերմունքը կփոխվի դեպի դրականը։
~
Ավելին