Վանաձորի հանրային տարածքները

Վանաձորի այգիների և պուրակների տարածքների գրեթե կեսը սեփականաշնորհված կամ տրված է վարձակալության խորհրդանշական գումարով:
Մարջան Չոբանյան
լրագրող
Սեդրակ Մկրտչյան
տվյալների վիզուալիզացիա
Վանաձորում կան շուրջ մեկ տասնյակ այգիներ ու պուրակներ: Դրանք հիմնականում ստեղծվել են խորհրդային տարիներին: Համեմատաբար նոր են Մոր և մանկան զբոսայգին, Համերաշխության պուրակը, որը գործարկվել է 2018 թվականին:
Սակայն Վանաձորի այգիների ընդհանուր տարածքի մոտ մեկ երրորդն այսօր սեփականաշնորհված է կամ տրված վարձակալության: Միայն 2000-ական թվականներին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշումներով հանրային մի շարք տարածքներ (այգի, պուրակ) տրվել են քսան և ավելի տարիների վարձակալության:

Վանաձորի համայնքապետարանի տրամադրած տեղեկությունից սակայն հնարավոր չէ պարզել՝ յուրաքանչյուր այգու (պուրակի) ո՞ր մասն է համայնքային, որը՝ ոչ, վարձակալված կամ սեփականաշնորհված հատվածը ընդհանուրի ո՞ր մասն է կազմում և այլն:
Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը որոշ թարմացված տվյալներ է տրամադրել: Օրինակ՝ Ազատամարտիկների պուրակը, որպես այդպիսին, այսօր գոյություն չունի, վերածվել է ճեմուղու:

Լրամշակված տարբերակով հանրային տարածքների ընդհանուր չափն ավելին է, քան նշված է եղել պաշտոնապես տրամադրված տեղեկատվության մեջ (15.38 հա):

Մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանի ու Շառլ Ազնավուրի անվան զբոսայգիները, Արցախի պուրակն ու Արհեստական լճերի պուրակն ունեն վարձակալներ, մինչդեռ համայնքապետարանը հատկացրել է միայն Հրանտ Մաթևոսյանի անվան այգու մի քանի վարձակալի հետ կնքված պայմանագրերի պատճենը:

Կրկնակի հարցում ուղարկելուց հետո ևս տրամադրվել է թերի տեղեկատվություն, որը խոչընդոտում է ամբողջական պատկեր ստանալուն՝ ովքե՞ր, ի՞նչ նպատակով ու ի՞նչ պայմաններով են վարձակալել հանրային տարածքները: Ակնհայտ է, որ այգիների և պուրակների վարձակալված հողակտորներն ավելի շատ են, քան դրանք հավաստող պայմանագրերի՝ մեզ տրամադրված օրինակները:
Այս ընթացքում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս անդրադարձել է հանրային տարածքների շահագործման խնդրին: Ըստ մարզպետի, դեռևս 2007թ-ին Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու 5 265 քմ տարածքը վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ 2010թ-ին ենթավարձակալությամբ տարածքը վերցրել է Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը:

Սակայն մինչ օրս, բացառությամբ բիզնես նպատակների համար օգտագործվող սրճարանի կառուցման, բարեկարգման որևէ այլ աշխատանք այստեղ չի կատարվել: Վարձակալության գումարի չափը մարզպետն անթույլատրելի է համարել՝ նշելով, որ նույն պատկերն է նաև Երկաթուղայինների այգում:
Վարձակալությամբ տրված հանրային տարածքների հողակտորները, ըստ մեր ուսումնասիրած պայմանագրերի, հիմնականում տրամադրվել են «սեզոնային այգու» նպատակով: Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Վահագն Դավիթավյանի պարզաբանմամբ՝ դրանք օգտագործվում են սրճարանների, կարուսելների շահագործման համար և, ըստ էության, գործում են մայիսից հոկտեմբեր ժամանակահատվածում: Ըստ այդմ, վարձակալը վճարում է միայն այդ ամիսներին:
Հանրային որոշ տարածքներ վարձակալության հանձնելուց բացի 2007թ-ին Սամվել Դարբինյանը «Գ ԵՎ Մ» ՍՊԸ-ին է վաճառել նաև Արցախի պուրակի 1425քմ հատվածը:

1988թ-ին այստեղ տեղի են ունեցել Արցախյան ազատամարտին և Հայաստանի անկախությանն աջակցող հանրահավաքներ, պուրակի տարածքում կան պատմական հուշարձաններ, և այն ընդգրկված է Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Այդուհանդերձ, տարածքը դարձել է առուծախի առարկա, որի արդյունքում նշված ընկերությունը դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Ընդ որում, այս ընկերությունը կապվում է ոստիկանության Գուգարքի բաժնի նախկին պետ, գնդապետ Արթուր Շահվերդյանի անվանը, թեև բաժնետերերը ժամանակի ընթացքում փոխվել են: Այժմ նշված հատվածում մանկական ժամանցի համար նախատեսված շինություն է:

Դեպքի առնչությամբ Վանաձորի ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2020 թ-ի մարտին ընդդեմ ՀՀ Կառավարության դատական հայցով դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ տարածքի նկատմամբ «Գ ԵՎ Մ» ընկերության իրավունքի պետական գրանցումը: Գործը քննության փուլում է:



Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով նախատեսված է վերանորոգել շուրջ երեք տասնամյակ անմխիթար վիճակում գտնվող Շառլ Ազնավուրի և Ռուբեն Սևակի անվան զբոսայգիները:

Շառլ Ազնավուրի անվան այգու հիմնանորոգումը, ինչպես նաև Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերում 0,2 հա և 1 հա մակերեսով այգիների կառուցումը ներառված է 2020թ-ին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի ցանկում և այս պահին գտնվում են ակտիվ բարեկարգման աշխատանքների փուլում։

Իսկ Ռուբեն Սևակի անվան զբոսայգին ու Արցախի պուրակը նախատեսված էր բարեկարգել 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերով, սակայն շինաշխատանքները սահմանված ժամկետում չավարտելու պատճառով երկարաձգվել են մինչև 2020թ-ի օգոստոսը:

Վանաձորի այգիների և պուրակների ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու ընթացքում դրանց բարեկարգման շինաշխատանքների որակի վերաբերյալ սոցիալական մեդիայում պարբերաբար հրապարակվում էին նաև իրարամերժ հաղորդագրություններ և լուսանկարներ: Ուստի դրանց բարեկարգության վերաբերյալ տեղացիների գնահատականները պարզելու նպատակով Ուրբանիստան առցանց հարցում է իրականացրել, որին մասնակցել է 77 անձ:

Ի՞նչ են կարծում վանաձորցիները

Մենք հարցրեցինք մեր վանաձորցի ընթերցողներին, թե ինչպես են գնահատում քաղաքի այգիների և պուրակների վիճակը:
Վանաձորի կանաչ գոտին 1980-ական թվականների համեմատությամբ այսօր կրճատվել է առնվազն 54 հա-ով: Թե որքան ծառ է տնկվել ու հատվել խորհրդային տարիներից մինչև այսօր (1980-2020թթ) Վանաձորի համայնքապետարանը դժվարանում է պատասխանել:

Համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանի խոսքով, այդպիսի վիճակագրություն չկա: «Կարող է ինչ-որ մեկը ապօրինի ծառ է հատել, որը ոստիկանության միջոցով չի ֆիքսվել, դա մեզ մոտ ֆիքսված չի էլ լինի», - ասում է Պառավյանը:

Նրա խոսքով, տվյալներն սկսել են արձանագրվել 2018թ-ից, երբ համայնքապետարանում ստեղծվել է չորացած, գերհասուն, սանիտարական նորմերին չհամապատասխանող, հատման ենթակա ծառերի ուսումնասիրության հանձնաժողով, որը կազմել է արձանագրություն: Ըստ այդ արձանագրության, քաղաքապետն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ Պառավյանի, 2015թ-ից համայնքապետարանի ենթակայությամբ գործում է «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ը, որն էլ զբաղվում է քաղաքի կանաչապատմամբ, չորացած կամ հիվանդ ծառերի հատմամբ: Սկզբնական շրջանում կազմակերպությունը ծաղիկ է տնկել, խոտ ցանել, ապա գործառույթներն ավելացել են: Արդեն 2018-2019թթ-ին կատարվել են ծառերի գնումներ, իրականացվել է ծառատունկ: Նախքան այդ իրականացված ծառատունկերը որևէ տեղ չեն գրանցվել:


Պառավյանի հավաստմամբ, եթե նախկինում ինչ-որ մեկը ծառի հատման հարց էր ունենում, ապա դիմում էր «բնապահպանական տեսչությանը»: Այժմ այդ դիմումներն ուսումնասիրում է հանձնաժողովը, որի կազմում ներգրավված են տեղական իշխանության և նշված ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ:
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում ինքնուրույն կերպով հնարավոր չէ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն այգիների ու պուրակների վարձակալների, վարձակալության պայմանագրերի, վարձավճարների, դրանցից հավաքագրվող և բյուջե մուտքագրվող գումարի չափի մասին լիարժեք տեղեկատվություն, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:

ավելին