«ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն տարածքի երրորդ սեփականատերն է, և ըստ օրենքի՝ համարվում է բարեխիղճ ձեռքբերող։ Տնօրեն Արթուր Մնացականյանը ծանոթ է տարածքին, թաղամասում բնակվող հարազատներ ունի։
«5 տարի առաջ իրավաբանական հարցերով առնչվել եմ այդ հողամասի հետ։ Նախկին սեփականատերերը որոշակի դժվարություններ ունեին տարածքը կառուցապատելու հետ կապված, որոշեցին վաճառել: Մենք էինք զբաղվում վաճառքով, որոշեցինք, որ գնենք ու կառուցապատենք։ 2006 և 2007 թվականներին շինթույլտվություն է եղել այդ տարածքը կառուցապատելու համար»։
Նրա խոսքով, տարածքը գնելիս հարց են բարձրացրել, թե ինչ պետք է անեն կանաչ գոտին պահպանելու համար։
«Պատվիրեցինք տարածքի դենդրոնախագիծը, ըստ որի 50%-ը պետք է կառուցապատվեր, մյուս 50%-ը՝ այգի լիներ։ Այդ նախագիծը 2018 թվականի դեկտեմբերին ներկայացրել ենք քաղաքապետարան, ու այն հավանության է արժանացել»։
Բարձրահարկ շենքի կառուցմանը դեմ բնակիչները 500-ից ավելի ստորագրություն էին հավաքել՝ նշելով իրենց մտահոգությունները: Առաջնային մտահոգում էր, որ կխախտվի շենքի
ինսոլյացիան։ Արթուր Մնացականյանի խոսքով, փորձագիտական հետազոտությունը ցույց է տվել, որ բարձրահարկ շենքի կառուցման դեպքում այդ ռեժիմը չի փոփոխվում։
Բնակիչները մտահոգություն էին հայտնել թաղամասի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ, քանի որ Ֆիզգոռոդոկում հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։
Կառուցապատողը պատասխանել է, որ թաղամասն իրենք դիտարկում են ամբողջության մեջ, որտեղ կան նաև 8 բարձրահարկ շենք, իսկ 3-4 հարկանի շենքերը վերջին հատվածում են։ Բացի այդ, նա նշեց, որ Երևանում կան այլ օրինակներ, երբ ցածրահարկ շենքերի կողքին կառուցվել են բարձրահարկեր։
Թաղամասի ծանրաբեռնվածության և բնակֆոնդի թվի կտրուկ աճի վերաբերյալ՝ ներդրող և կառուցապատող Արթուր Մնացականյանը նշեց, որ դա բնական երևույթ է համարում:«Քաղաքի ծանրաբեռնվածությունը ամեն տարի ավելանում է: Ինչու՞ Երևանի այդ թաղամասում բարձրահարկ շենք չպետք է կառուցվի, ու հավասարաչափ չբաշխվի ծանրաբեռնվածությունը քաղաքի վարչական շրջանների միջև»։
Բնակիչների այն մտահոգությանը, որ բարձրահարկ շենքի կառուցումը կարող է նախադեպ դառնալ, օրինակ, հարակից չգործող մանկապարտեզի տարածքում նոր շինարարության համար, Արթուր Մնացականյանը պատասխանեց, որ չկա այդպիսի գոտևորման թույլտվություն ու այդ տարածքում հնարավոր չէ նման շինություն կառուցել։