«Ես շատ երկար ժամանակ եմ կադրեր փնտրել: Սկսել ենք զրոյից եւ արդեն այն փուլում ենք, որ սկսնակ չենք: Նոր ուղղություններ ենք զարգացնում: ՏՏ-ն այնպիսի ոլորտ է, որ պետք է իր հետ քայլես ու ինքնակրթությամբ զբաղվես»,- ասում է Hi-Tech Gateway ընկերության Վանաձորի թիմի ղեկավար Սվետլանան:
Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց 2016 թվականի հոկտեմբերին: Տեխնոպարկը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնը նպատակ ունի Վանաձորը վերածել տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային եւ միջազգային կենտրոնի, իսկ երիտասարդներին ու տեղական ընկերություններին հնարավորություն տալ կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ այդ կերպ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանն ասում է, որ այժմ իրենց մոտ աշխատում է 40 երիտասարդ, հիմնվել է 6 ընկերություն: Հախինյանի խոսքով, Տեխնոլոգիական կենտրոնը Լոռու մարզում իրականացնում է նաև մի քանի կրթական պիլոտային ծրագրեր: Հաջողության դեպքում փորձը կարող են տարածել Հայաստանի այլ մարզերում:
«Այսօր մեծ թվով լոռեցիներ են աշխատում Երեւանում եւ արտերկրում: Եթե այդ հնարավորությունները լինեն այստեղ, այդ ներուժը Վանաձորում մնա, դա միանշանակ կանդրադառնա մարզի զարգացվածության վրա: Բացի դրանից, ուզում ենք աշխատել նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների հետ, մասնավորապես «Վալեքս» ընկերության հետ, ինձ թվում է՝ դա էլ իր արդյունքը կտա», - ասում է Պատվական Հախինյանը: