Բարեկամության այգին՝
Գյումրիի նոր այցեքարտը

Վերականգնված Բարեկամության այգին կդառնա նոր ժամանակակից հանրային վայր և կգործի ամբողջ տարին:
Գյումրիի Բարեկամության այգին քաղաքի սակավաթիվ կանաչ գոտիներից է, որը ժամանակի ընթացքում կորցրել է իր նշանակությունը որպես հանրային վայր: Սակայն մոտ ապագայում այն ամբողջությամբ կվերակառուցվի: Կոնցեպտուալ նախագիծը մշակվել է գյումրեցիների ակտիվ մասնակցությամբ: Ճարտարապետները, ի դեպ, աշխատել են` հիմնվելով գյումրեցիների հիշողությունների և պատկերացումների վրա:
Գյումրիի պատմական կենտրոնը` Կումայրին, և երկրաշարժից հետո ստեղծված թաղամասերը միացնող ճանապարհն անցնում է միջանկյալ տարածքով։ Վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերն այն շրջանցում են: Հնաբնակներն այն անվանում են Անտառ` պնդելով, որ մինչև 60-կաններին մեկնարկած շինարարական բումը այստեղ թե այգիներ, թե անտառ է եղել։

Այստեղ` հինգ փողոցները միացնող հրապարակի հարևանությամբ, նախկին այգիների և անտառի տրամաբանական շարունակության տեսքով կես դար առաջ ձևավորվել է հանրային վայր, որը մի քանի անուն է ունեցել։ Վերջին` «Բարեկամության այգի» անվանումը տեղացիների կողմից մոռացվել է:

Այգին կոչվել է տարբեր անուններով, ինչը վկայում է հիշողության տարբեր շերտերի մասին: «Տեքստիլի սադ» է կոչվել , որովհետև կից էր տեքստիլի գործարանին: Հետո դարձավ «Երիտասարդական այգի», ինչը դարձյալ կապված էր վայրի նշանակության հետ` ուսանողների ժամանցի տեղ էր: Ըստ նշանակության, այն կոչվել է նաև «Անտառի սադ» կամ «Անտառավան», «Ազնավուրի հրապարակի այգի» կամ «Կրուգլի սադ», «Մանուշյանի այգի»:

70-ականներին վերջնականապես ձևավորված այգին մանուկների համար կարուսելներ, առաջադեմ երիտասարդների և ռոք խմբերի համար ամֆիթատրոն ու բեմահարթակ ուներ, Տեքստիլ գործարան գործուղված ռուս գեղեցկուհիների հետ ժամադրավայր էր:
Այգու պաշտոնական մուտքը նախկին Շիրակ հյուրանոցի դիմացն էր, որտեղ դեռ կանգուն են մուտքի կամարները։ Դրանց կանգնեցման թվականն ու հեղինակին պարզել չհաջողվեց։ Սակայն վերակառուցման նախագծի հեղինակները հավաստում են, որ կամարները կպահպանվեն, պարզապես գյումրեցի արվեստագետներն ամեն տարի կմշակեն մուտքի կամարների ձևավորման նոր լուծումներ։
Վահան Թումասյան,
«Շիրակ կենտրոն» հ/ կ նախագահ
Կարեն Խաչատրյան,
դերասան և բեմադրիչ
Նարինե Համբարյան
Երկրաշարժից հետո, ինչպես քաղաքի մյուս կանաչապատ հատվածներում, այգին այն վայրերից էր, որտեղ հնարավոր էր տեղադրել տնակներ։ Այգու տարածքում վրանի տակ ժամանակավոր գործել է N11 միջնակարգ դպրոցը։ Մինչև վերջերս արդեն կիսափուտ տնակներում դեռևս բնակվում էին երկրաշարժի հետևանքով բնակարաններից զրկված գյումրեցիների նոր սերունդները։

2018 թ.-ին IDеA հիմնադրամը որոշում կայացրեց վերակառուցել այգին և «Ազնավուր» հիմնադրամի և Հայ օգնության միության հետ համատեղ այգում մնացած վերջին 20 տնակների բնակիչներին տրամադրեց բնակարաններ՝ իրենց պահանջներին և ցանկություններին համապատասխան: Այնուհետև մեկնարկեցին ուսումնասիրություներ, հանրային քննարկումներ և այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակման աշխատանքները:
Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման նախագիծն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, որը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը:

Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի այս նախագիծը նաև «Հայաստան 2020» նախաձեռնության զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացման 5 ռազմավարական ուղղություններից մեկն է:
«Աշխատելով տեղի երիտասարդների հետ` հասկացանք նրանց կարիքները, ինչից բխեց հենց Բարեկամության այգու վերակառուցման գաղափարը` որպես խոշոր զարգացման նախագծի մի մաս։ Բնակիչների կողմից միշտ շեշտվում էր կանաչապատ տարածքների և հասարակական վայրերի պակասը։ Այդ ապագա կանաչապատ հասարակական վայրի տեղանքը փնտրելիս առաջնային նպատակներից էր խոշոր սոցիալական խնդրի լուծման հնարավորությունը», - պատմում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող Բարեկամության այգին վերականգնումից հետո ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև կարտացոլի բարեկամության և երախտագիտության խորհուրդը բոլոր այն երկրներին և անձանց, որոնք 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին Գյումրիին:

Վերականգնված Բարեկամության այգին կզարգացնի նաև քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև: Այգու կոնցեպտուալ նախագիծը մշակելու համար ուսումնասիրվել են տեղացիների հիշողությունները, հաշվի են առնվել նրանց կարիքները և հնարավորություն ընձեռել մասնակցելու ապագա այգու նախագծման գործընթացին։
Անտրոպոլոգիական ուսումնասիրության թիրախը միջին տարիքի մարդիկ էին, որոնք հիշում էին այգին` մինչև երկրաշարժը։ Ելենա Մուրադյանը հավելում է, որ, թերևս, Գյումրիում անհնար կլիներ արդյունավետ ծրագիր իրականացնել` առանց տեղացիների ներգրավման:

Գյումրեցիներն ակտիվ հետաքրքրվում են և մասնակցում իրենց քաղաքում տեղի ունեցող գործընթացներին։ Ճարտարապետական թիմի համար կարևոր էր վերհանել Գյումրիի ներուժը և այն վերածել պրակտիկ պլանի, որի միջոցով քաղաքը կունենա սոցիալ-տնտեսական լուրջ բարեփոխումներ։
Այգու մակերեսը կազմում է 7,2 հա, այստեղ կարող է տեղավորվել մոտ 10 պրոֆեսիոնալ ֆուտբոլային դաշտ։ Ընդարձակ տարածքում մնացել է մի քանի ծառ՝ նախկին համեմատաբար սաղարթախիտ անտառակը հատվել է էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Այնուամենայնիվ, լանդշաֆտային ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ վերջին երեսուն տարիներին այգում առանց հատուկ խնամքի, ինքնուրույն աճել են եզակի թփերի տեսակներ, որոնց տնկիները բավական թանկ արժեն։ Որոշվել է ամեն գնով դրանք պահպանել:

«Շինարարական կազմակերպության առջև լուրջ խնդիր է դրվելու` որոշ հատվածներում գործել առանց խոշոր շինարարական տեխնիկայի։ Այսինքն, կա խնդիր ամբողջությամբ փոխել հողի տակ գտնվող հին ու մաշված ենթակառուցվածքները, և մյուս կողմից պահպանել գոյություն ունեցող բուսատեսակները: Այգու տարածքի 70 տոկոսը լինելու է կանաչապատ», - բացատրում է Ելենա Մուրադյանը։
Բարեկամության այգու համապատկերը տնակներով
Բարեկամության այգու համապատկերը տնակները հեռացնելուց հետո
Այգու ամբողջական դիզայն-կոնցեպտը մշակել է Pomp & circumstance lab (P&C Lab) ճարտարապետական բյուրոն, որն ունի կանաչ և հանրային գոտիների նախագծման աշխատանքային մեծ փորձ։

«Մեր թիմի մարդաբանները ուսումնասիրում էին այգու մոտակայքում բնակվող մարդկանց և բուն քաղաքի բնակիչներին՝ փորձելով կազմել այգու շահառուի դիմանկարը, որպեսզի մենք հասկանանք, թե հստակ ում համար ենք աշխատելու։ Սակայն պարզ դարձավ, որ մեծ խնդիր է տեղի պատմությունը, քանի որ այն կորսվել էր երկրաշարժի ժամանակ, և հնարավորություն չունեինք աշխատել մեզ համար սովորական դարձած պատմական ժառանգության հետ։ Այդ պատճառով մենք նպատակ դրեցինք հավաքել այգու ծաղկուն տարիների հիշողությունները` մինչև երկրաշարժը», - պատմում է Բարեկամության այգու կոնցեպտուալ նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը։
Տեղի բնակիչների հիշողության հավաքագրման ընթացքում նկարած մտային քարտեզը
Համավարակի պատճառով նախագծի աշխատանքային թիմն անցյալ տարվա առաջին կեսին տեղի գործընկերների ու շահառուների հետ առցանց քննարկումներ է անցկացրել: Գյումրիում ավանդական խաղերի և միջոցառումների մասին, ժողովրդական արհեստների ու ժամանակակից արվեստի վերաբերյալ տեղեկություններն արտացոլվել են նախագծում։

2020-ի սեպտեմբերին այգու կոնցեպտը մշակող թիմն այցելեց Գյումրի, և Flysound ընկերության պատրաստած այգու աուդիո համապատկերի և ձայների միջոցով բնակիչները կարողացան պատկերացնել ապագա այգու միջավայրը: Գյումրեցի 3-15 տարեկան երեխաները մասնակցեցին դիզայն-խաղին՝ ստեղծեցին իրենց երազանքի մանկական խաղահրապարակը: Իսկ 15-30 տարեկանները մասնակցություն ունեցան մարզահրապարակի ստեղծման դիզայներական խաղին:
«Մեր նպատակն է, որ այցելուների համար այգին ամեն անգամ նորովի բացվի: Այգին լինելու է բազմաֆունկցիոնալ, ներառական, որը նաև նշանակում է` տարածքը չի բաժանվելու մեծերի և փոքրերի», - նշեց Մարգարիտա Ասիրյանը։

Տարածքի մի հատվածը մանկական հիվանդանոցին, մեկ ուրիշը՝ բնակելի շենքերին է մոտ: Գոտևորումն այնպես է արվել, որ պասիվ հանգստի տարածքները հարում են հիվանդանոցին, իսկ ակտիվ գոտին՝ խաղահրապարակներն ու սպորտային տարածքները, բնակելի շենքերին` ավելի հասանելի դառնալով ընտանիքների համար։
Այգու ամբողջական դիզայն-կոնցեպտի մշակումից բացի, 2020-ին հայտարարվել էր այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ։

Չնայած համավարակին, մրցույթը մեծ արձագանք ստացավ: Գրանցվեց 84 հայտ 16 երկրից և 37 քաղաքից՝ ներառյալ Երևանը, Լոս-Անջելեսը, Մոնտեվիդեոն, Դյուսելդորֆը, Մյունխենը, Թեհրանը, Ստոկհոլմը, Վիլնյուսը, Միլանը և Վենետիկը: Ակտիվ մասնակցություն էին ունեցել նաև տեղացի ճարտարապետները և 2 կոնսորցիում:

Մրցույթի հիմքում նույնպես դրված էր տարբեր ազգերի և երկրների բարեկամության և համագործակցության գաղափարը: Արդյունքում «Ստանդարտ ճարտարապետական տարրեր» և «Յուրօրինակ ճարտարապետական տարր» անվանակարգերում հաղթող է ճանաչվել IND Architects -ը, որի նախագծի հիման վրա տարածքում կստեղծվեն վերնիսաժի տաղավարները և այգեգործության դպրոցը: Իսկ «Փոքր ճարտարապետական ձևեր» անվանակարգում հաղթած SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN ստուդիայի նախագծով այգում կստեղծվեն հատուկ նստարաններ:
Բարեկամության այգին տարվա բոլոր եղանակներին գործելու է նույն ակտիվությամբ: Մշակվել է միջազգային, տարածաշրջանային և լոկալ միջոցառումների ուղեցույց, որը հնարավորություն կընձեռի ապահովել արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի հոսք Գյումրի քաղաք:

Գյումրին, ունենալով բազմաթիվ արվեստի դպրոցներ և Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ, չունի հարմար ցուցասրահներ: Ապագա վերակառուցված այգում հնարավորություն կլինի ցուցադրել արվեստագետների աշխատանքները:
Այգում կլինեն նաև Գյումրիի պատմությանն ու մշակույթին բնորոշ տարրեր, օրինակ՝ քաղաքային դռների և պատուհանների դիզայնը հիշեցնող դետալներ և նստարանների զարդանախշեր, որոնք կմշակեն տեղի արվեստագետները՝ Արտուշ Կոշտոյանը, խաչքարագործ Նարինե Փոլադյանը և այլոք:

Այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է հանրային, մասնավոր և միջազգային կառույցների հետ համագործակցությմաբ, ինչպես նաև անհատ բարերարների և գործընկերների աջակցությամբ:

ՀՀ կառավարությունը մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքների մասով` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։ Այդ աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին:

Բարեկամության այգու վերականգնումը Հայաստանում կներդնի կանաչապատ և հանրային տարածքների վերարժևորման և պահպանման կայուն զարգացման նոր մոդել: Կարևոր նպատակ է` ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ և զարգացնել մասնագիտական նոր հմտություններ տեղի բնակիչների շրջանում:

Շինարարական աշխատանքների ավարտն ու այգու բացումը նախատեսվում է 2022 թվականին:
~