60-70-ականներին տարեց բնակիչները քաղաքի փողոցները հիշում էին նախահեղափոխական անուններով: Երիտասարդները չգիտեին, որ Ալեքսանդրովսկի փողոցն է վերանվանվել Աբովյան, ո՞րն է Գեներալսկին, ո՞րը Ցարսկին: Հիմա երիտասարդները չեն հասկանա, թե որոնք են Կինգիսեպի կամ Կույբիշևի փողոցները: Կույբիշևի փողոցը վերանվանվել է Կարսը հանձնելու հրամանը կատարած ու ինքնասպան եղած սպաներից մեկի` գնդապետ Մազմանյանի անունով: Սպանդարյանի (24-րդ փողոցի) և Մազմանյանի (37-րդ) փողոցների խաչմերուկի տան վրա ցուցանակ կա փակցված, որ այդ տանն ապրել է գնդապետ Մազմանյանը:
Քաղաքի հատակագծի ձախ անկյունում եկեղեցի կա նկարված: Այն ռուս զինվորների գերեզմանոցի մատուռն է, որի դռան վերևում հին սլավոնական տառատեսակաով քարաշար գրված է «
Здесь царство мира и покоя»: Քաղաքի բնակիչների համար այս եկեղեցին երբեք անվանափոխ չի եղել: Եւ ցարական իշխանության օրոք, երբ եկեղեցի էր, և խորհրդային տարիներին, երբ պահեստի էր վերածվել, և հիմա, երբ կրկին վերաօծվել է, այս եկեղեցուն միշտ «Պլպլան ժամ» են ասել: Միայն Սև ու Կարմիր բերդերը չեն, որ իրենց անառիկ դիրքով փաստում են զինվորականության ներկայությունը քաղաքում: Քաղաքային զբոսայգում ամեն կիրակի զինվորական փողային նվագախումբի համերգ էր: «Մեր մանկության տանգոն» ֆիլմի այդ դրվագը սցենարական կամ ռեժիսորական հորինվածք չէ, այլ` մանկական հուշ: Իսկ քաղաքային գլխավոր զբոսայգին, ինչպես քաղաքի բնակիչներն են ասում` «Տեղովը մեկ կինո էր»:
Զբոսայգուն «Գորկու սադ» են անվանում: Հիմքը ռուսական բլուր-горка բառն է: Խորհրդային տարիներին զբոսայգու մուտքին մեծ տառերով գրված էր «Ստ.Շահումյանի անվ. քաղաքային զբոսայգի»: Երկու անուններն խառնելով քաղաքի բնակիչները հաճախ էին հյուրերին առաջարկում գնալ զբոսնելու «Ստեփան Շահումյանի անվան Գորկու սադում»: «Գորկու սադը» մանրամասն նկարահանված է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում: