Թումանյանը՝ բրենդ
քաղաքի համար

Թումանյանը արդյունաբերական քաղաքից
զբոսաշրջային կենտրոն վերածվելու ճանապարհին

Լուսանկարիչ
Անտառների մեջ ծվարած Լոռու մարզի Թումանյան քաղաքը գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղու հարևանությամբ, մայրաքաղաքից 158 կմ հեռավորության վրա:
Երկհարկանի ինքնատիպ տներով ու կղմինդրե կարմիր տանիքներով փոքրիկ բնակավայրը ձգվում է Դեբեդ գետի աջ ափով: Նախկինում Ձաղիձոր անունը կրող քաղաքը վեց տասնամյակից ավելի է, ինչ կրում է հայ մեծանուն գրող Թումանյանի անունը:
2016 թվականին տեղի ունեցած համայնքների խոշորացումից հետո Թումանյանը դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք, որի մեջ մտնում են Թումանյանի հարևանությամբ գտնվող Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ և Ահնիձոր գյուղերը:
Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը համոզված է` համայնքի խոշորացումը խթան է զբոսաշրջության զարգացման համար, ինչն էլ իր հերթին կբերի նոր աշխատատեղերի բացման, որն այսօր համայնքի կարևորագույն խնդիրներից է:

Նայելով իր աշխատասենյակի պատից ժպտացող մեծ գրող Թումանյանի նկարին` Զավարյանը հպարտությամբ ասում է. «Մենք բրենդի կարիք չունենք, Թումանյանը մեր պատրաստի բրենդն է: Պատկերացրեք` ո՞վ չի ուզի քայլել այն ճանապարհով, որով, օրինակ` անցել է Գիքորը, կամ տեսնել Հրանտ Մաթևոսյանի հրաշք Ահնիձորը, նման քայլարշավներ ենք կազմակերպելու: Միայն աշխատել է հարկավոր»:

Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները տեսնելով` դեռևս 2014 թվականին Թումանյանում իր առաջին հյուրատունը բացեց մասնագիտությամբ հաշվապահ Անուշ Նավասարդյանը, ով մինչ այդ աշխատել էր Թումանյանի դպրոցում, քաղաքապետարանում:

«Փոքր և միջին բիզնեսի զարգացում» ծրագրի դասընթացներին մասնակցելուց հետո 55-ամյա Նավասարդյանը, ձեռք բերելով բիզնեսը զարգացնելու անհրաժեշտ գիտելիքներ, որոշակի ներդրումներից հետո 2014 թվականին սեփական առանձնատունը վերածեց հյուրատան: Ասում է, որ հավատում է իր ուժերին և հույսը երբեք չի դնում հաջողության վրա:
Հենց առաջին տարում Անուշ Նավասարդյանը հյուրընկալեց 500 զբոսաշրջիկի աշխարհի տարբեր անկյուններից:
Անուշ Նավասարդյանն իր հյուրերին ծանոթացնում է տեղի մշակույթին, քաղաքին, խոհանոցին, տեսարժան վայրերին ու հասարակ մարդկանց կենցաղին:
«Վերջին 1-2 տարիներին արդեն նախկին մի քանի հարյուրի փոխարեն 60-70 այցելու ենք ընդունել: Բայց վստահ եմ` ճանապարհի հիմնանորոգումից հետո զբոսաշրջիկների հոսքը դեպի Թումանյան զգալիորեն կմեծանա»,- ասում է նոր հյուրատան շինարարական աշխատանքները մեկնարկած Նավասարդյանը:
Զբոսաշրջիկների հոսքը սկսեց նվազել, երբ 2016-ին մեկնարկեցին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի աշխատանքները:
101 մլն եվրո արժողությամբ ծրագիրը իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանն էլ համոզված է, որ ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլ նաև համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:

«Հենց մայրուղում նախատեսվում է կանգառ-շուկա կառուցել, որը Թումանյան խոշորացված համայնքի բնակիչներին հնարավորություն կտա վաճառելու տեղական արտադրանքը՝ գյուղմթերքը, նաև իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներ, քանդակներ կկարողանան վաճառել, տեղական մրգեր, չրեր, խոտաբույսեր, այս բոլորը խիստ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին»,- ասում է նա:

Համայնքի ղեկավարը վերհիշում է խորհրդային տարիները, երբ թումանյանցիների համար աշխատատեղ էր ապահովում հրակայուն աղյուսի գործարանը, որը կառուցվել էր 1951 թվականին` քաղաքի հարևանությամբ գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի հիմքի վրա:

Գործարանում աշխատելու համար հարյուրավոր մարդիկ տարբեր քաղաքներից ու շրջաններից գալիս էին Թումանյան, տուն կառուցում ու հաստատվում քաղաքում:
 
 
 
 
Թումանյան քաղաքի փեշին փռված աղյուսի հսկայական գործարանը զսպանակի նման ձգվում է Լոռվա ձորով:
Հսկայական գործարանը, որը ժամանակին ապահովում էր 600 աշխատատեղ, այսօր լքված տարածք է հիշեցնում:
 
 
 
 
 
 
 
 
Ժամանակին այստեղ արտադրել են հրակայուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ, ընկալափոխանցիկ սարքեր:
 
 
 
 
Նախկին արդյունաբերական հսկան լուռ է, միայն մի փոքր արտադրամաս է աշխատում` ապահովելով ընդամենը 15 աշխատատեղ:
66-ամյա Ռաֆայել Եգանյանը իր կյանքի 50 տարիները անցկացրել է աղյուսի գործարանում` որպես կռունկավար և այժմ աշխատում է արտադրամասում:
 
 
 
 
Գործարանի եկամուտը հազիվ է բավականացնում գործարանի ներքին ծախսերը հոգալու համար:
 
 
 
 
Չնայած նրան, որ աղյուսը դժվար է իրացնել, արտադրամասը շարունակում է աշխատել, հույս ունենալով, որ կլինեն նոր պատվերներ:
 
 
 
 
Գործարանի տնօրեն Երվանդ Շաքարյանը նշում է, որ գործարանի տարածքում հսկողություն են իրականացնում, պահակներ ունեն, ամեն ինչ անում են, որ շինությունից քար անգամ չպակասի:

«Տարիներն իրենց գործն արել են, որոշ կառույցներ կիսաքանդ վիճակում են, բայց փորձում ենք գոնե եղածը պահպանել: Ո՞վ գիտի, հնարավոր է՝ մի օր նորից ողջ թափով վերսկսենք գործարանի աշխատանքը: Աղյուսը գրեթե չենք կարողանում իրացնել, բայց մեկ է՝ շարունակում ենք արտադրել ու պահեստավորել, որպեսզի պատվեր ունենալու դեպքում ավելորդ ժամանակ չկորցնենք: Արդեն շուրջ 5000 աղյուս է կուտակվել››,- ասում է 1996 թվականից գործարանի տնօրինությունը ստանձնած Շաքարյանը:

Թումանյանցի Մերուժան Ասատրյանը հրակայուն աղյուսի գործարանում աշխատում է որպես վարորդ դեռևս 1989 թվականից: Գոհ է, որ տեղում աշխատանք ունի և կարողանում է թեթևացնել ընտանիքի սոցիալական բեռը:

«Ճիշտ է` էդ գումարով (70.000 դրամ) ընտանիք պահել հնարավոր չէ, բայց էլի գոհ եմ, էրկու անգամ գնացել եմ Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց համոզվել եմ` ավելի լավ ա քիչ վաստակեմ, բայց իմ տանը լինեմ»,- ասում է Ասատրյանը:

Ըստ Երվանդ Շաքարյանի՝ գործարանի տարեկան շրջանառությունը կազմում է ընդամենը 35 մլն դրամ, ինչը հազիվ է բավականացնում գործարանի ներքին ծախսերը հոգալու համար: Տարածքի մի մասն էլ վարձակալությամբ են տվել, որից ստացված գումարը դարձյալ ուղղում են գործարանի պահպանմանն ու գործունեությանը:

«Դեռ 10 տարվա հումք էլ ունենք, տեխնիկան էլ, որով աշխատում ենք, ԽՍՀՄ տարիներից է մնացել: Անսարքություններ, իհարկե, լինում են, բայց արագ վերացնում ենք»,- ասում է Շաքարյանը:
Ռաֆայել Եգանյան
Հրակայուն աղյուսի գործարանի աշխատող
Աշխատանքի բացակայության պատճառով շատերն են լքում քաղաքը: Ոմանք սեզոնային աշխատանքի են մեկնում, ոմանք էլ գնում՝ իրենց հետ տանելով ընտանիքներին: Գրանցված 1765 բնակիչներից միայն 1300-ն են Թումանյան քաղաքում բնակվում:

Այնուհանդերձ համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը համոզված է. եթե զբոսաշրջությունը զարգացման ճիշտ ուղու վրա դնեն, ապա առաջիկա տարիներին Թումանյանում կյանքը կսկսի եռալ, ինչպես նախկինում, աշխատատեղեր կբացվեն, ինչն էլ հետ կբերի քաղաքը ժամանակին լքած թումանյանցիներին:

«Այժմ ծրագիր է մշակվում ՝ Թումանյան քաղաքից դեպի Ահնիձոր գյուղ երթուղի գծելու և համայնքում արշավային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, իսկ հետագայում արդեն կընդլայնենք երթուղին Լորուտ գյուղով դեպի Դիլիջան: Նախատեսում ենք նաև հետագայում հեծանվային արշավների համար ճանապարհներ կառուցել»,- ասում է Լևոն Զավարյանը:

Զբոսաշրջության զարգացման հիանալի նախապայմաններ են ոչ միայն Թումանյան քաղաքի գեղեցիկ դիրքը, այլև արդեն իսկ խոշորացված բազմաբնակավայր համայնքի պատմական բազմաթիվ հուշարձանները:

Զավարյանը օրինակ է բերում Դեբեդի ձորալանջին` բարձրադիր ու դժվարամատչելի վայրում գտնվող Քոբայրավանքը, որը 1171 թվականին կառուցվել է Բագրատունիների՝ Կյուրիկյան ճյուղի կողմից:
«Մենք բրենդի կարիք չունենք, Թումանյանը մեր պատրաստի բրենդն է»,- ասում է Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը:
Համայնքի ղեկավարի գլխավոր նպատակներից մեկն էլ Մոտկորի ենթաշրջանի ողջ հմայքն ու պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջիկներին ավելի հասանելի ու տեսանելի դարձնելն է՝ մաքուր ու խնամված պայմաններում:

Նա նշում է, որ գարնանն արդեն կսկսեն համայնքի ճանապարհամերձ աղբյուրների տարածքները մաքրել աղբից, նաև կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:

«Արդեն տեղեկացրել ենք բնակիչներին էլ, որ իրենք էլ ընդգրկվեն այդ աշխատանքներում, տարածքի հսկողություն ու պահպանություն իրականացնեն: Հետո արդեն աղբյուրների հարևանությամբ աղբարկղեր կտեղադրենք, ընտրված որոշ տարածքներում հանգստավայրեր կկառուցենք, պահակ կնշանակենք: Այս բոլորը, իհարկե, կարվի ոչ թե միայն համայնքի բյուջեով, այլ նաև ներդրումների միջոցով»,- ասում է համայնքի ղեկավարը Զավարյանը:
~