Արդյունաբերական կենտրոնի «ժառանգությունը»

Ալավերդին ու շրջակա միջավայրի
պաշտպանության բյուջետային գործընթացները:
  • Մարջան Չոբանյան
    Լրագրող
  • Վահե Աղամյան
    Լուսանկարիչ
Ալավերդու և շրջակա միջավայրի պաշտպանության բյուջետային գործընթացները չեն կարգավորվել անգամ պղնձաձուլական գործարանի կանգնելուց հետո:
Բնապահպանական և առողջապահական խնդիրներ ունեցող քաղաքին հատկացված սուբվենցիաները հաճախ ոչ նպատակային են օգտագործվում՝ ծառայելով քաղաքային այլ խնդիրներ լուծելուն:

«Պղնձաձուլարանի աշխատելու օրվանից ալավերդցիները բողոքել են, որ քաղաքի օդը հագեցած է ծանր մետաղներով, ծծմբաթթվով, բայց այսօր էլ բնակիչները գերադասում են օրվա խնդիր լուծել` աշխատատեղ ունենալ առողջության հաշվին», - ասում է 1960-ական թվականներին պղնձաձուլական գործարանում աշխատած Ռաֆիկ Իսրայելյանը:
Քաղաքի արդյունաբերական պատմությունը
Դարից ավելի է` Ալավերդի քաղաքի տնտեսության մեջ առանցքային դեր է խաղում պղնձաձուլական գործարանը: 19-րդ դարի վերջին բնակավայրը վերջնական ձևավորվել է պղնձի հանքերի և ձուլարանի շուրջ` Դեբեդ գետի կիրճում:

Խորհրդային ինդուստրիալիզացիայի տարիներին Ալավերդին մեծ ներդրումների շնորհիվ դարձավ լեռնամետալուրգիական արդյունաբերության կենտրոն` մինչև 1990-ականները:

Երկրաշարժից հետո` սոցիալ-տնտեսական անցման տարիներին Ալավերդիում դադարեցին աշխատել պղնձաձուլման գործարանը, կարի ֆաբրիկան, գարեջրի և կաթնամթերքի արտադրման գործարանները, նվազեց շինանյութերի արտադրությունը:

Սակայն ընդամենը մի քանի տարի անց` 1997 թ․ Ալավերդի քաղաքում վերաբացվեց հանքարդյունաբերությունը, թեև պղնձաձուլական գործարանը, աշխատելով առանց արտանետումների մաքրման սարքավորումների, մշտապես վտանգ է ներկայացրել շրջակա միջավայրի համար:

2017 թ-ին Ալավերդի քաղաքը խոշորացվել է՝ ընդգրկելով Աքորի, Հաղպատ, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքները:

Ըստ Ալավերդու համայնքապետարանի տրամադրած տվյալների՝ 2018թ-ին համայնքն ունեցել է 24,599 բնակիչ:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ 2017 թ-ին Ալավերդի քաղաքում կատարվել են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ածխածնի մոնօքսիդի դիտարկումներ: Քաղաքում և հարակից համայնքներում գործել են ակտիվ նմուշառման երեք դիտակայան և պասիվ նմուշառման 42 դիտակետ:

Ստացիոնար դիտակայաններից ակտիվ նմուշառմամբ վերցվել է օդի 2 560, շարժական դիտակետերից, պասիվ նմուշառմամբ, 3 931 փորձանմուշ: Ստացիոնար դիտակայանում կատարվել է ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների 122 380 դիտարկում:
2018 թվականի տարեվերջին` կառավարության կողմից տուգանվելուց հետո, գործարանը, հայտնվելով ֆինանսական ճգնաժամի մեջ, կասեցրեց աշխատանքները:

Պղնձաձուլարանն այս պահին չի գործում, բայց աշխատանքներ են տարվում տեխնոլոգիական հնարավոր լուծումներ և ներդրողներ գտնելու ուղղությամբ:

Ըստ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի՝ գործարանը շահագործող «Արմենիան Քափր Փրոգրամ» ընկերությունը պարտավորվել է արտանետումների համապատասխան թույլտվություն ստանալ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Կառավարության դիրքորոշման համաձայն՝ միայն հստակ ծրագիր ունենալու դեպքում կտրամադրվի արտանետումների հետ կապված արտոնություն:


Ծծմբի երկօքսիդի և ընդհանուր փոշու միջին տարեկան կոնցենտրացիաները 2017թ-ին գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2.3 և 1.7 անգամ։
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն
2018 թվականի տարեվերջին, կառավարության կողմից տուգանվելուց հետո, գործարանը կասեցրեց աշխատանքները՝ հայտնվելով ֆինանսական ճգնաժամի մեջ:
Արտանետումների ծավալների կրճատման` գործարանի առաջ դրված պահանջների պատճառով պղնձաձուլարանը վերագործարկելու վարկածը քիչ հավանական է թվում «Երիտասարդ Ալավերդի» ՀԿ նախագահ Վահե Պարանյանին:
«Տարիներ շարունակ պղնձաձուլարանի գործունեությամբ սոցիալական խնդիր է լուծվել, բայց մինչ օրս, պետական մակարդակով որևէ տվյալ չկա, թե գործարանի ծուխը ինչ ազդեցություն է ունեցել բնակչության առողջության վրա»,- ասում է Վահեն: Պարանյանի կարծիքով` նոր տեխնոլոգիաներով աշխատելու և վեց-յոթ անգամ ավելի քիչ արտադրանք ունենալու դեպքում գործարանը շահույթ չի ունենա: Հետևաբար, պղնձաձուլարանն առայժմ չի վերսկսի աշխատանքները:

«Պղնձաձուլարանի վերագործարկումից ավելի արդյունավետ և եկամտաբեր կլինի գործարանի ծխնելույզը կիրառել Զիփլայն տեղադրելու համար, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- տեսակետ է հայտնում «Վահագնի XXI» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գոռ Հովվյանը: Նրա կարծիքով, դա քաղաքի զարգացմանը ավելի կնպաստի, քան մի քանի հարյուր մարդու համար աշխատատեղ ստեղծելն է` բնությանը ավեր հասցնելու միջոցով:
«Երիտասարդ Ալավերդի» ՀԿ նախագահ Վահե Պարանյանի խոսքով` Ալավերդիում ծանր մետաղներով աղտոտվել են Դեբեդ գետը և տարածքի հողերը: Բնապահպանական խնդիրները նկատում են նաև Ալավերդու բնակիչները, թեև պատճառներն այլ տեղ են փնտրում:

«Ստեղ ծնվել, մեծացել եմ, կյանքիս մեջ չեմ տեսել, որ Դեբեդում ձուկ չլինի: Հիմա Սպիտակից, Կիրովականից ներքև մի հատ ձուկ չես գտնի»,- նկատում է Ռաֆիկ Իսրայելյանը: Նրա կարծիքով, Վանաձորում արտադրվող ամոնիակի մնացուկը լցվում է գետը, ջրի թունավորման ու ձկնապաշարի ոչնչացման պատճառ դառնում:

Ալավերդիով հոսող Դեբեդ գետը և քաղաքի անտառները տարածվում են մինչև Վրաստան և Ադրբեջան` կազմելով տարածաշրջանի ընդհանուր էկոհամակարգի մաս: Հետևաբար, քաղաքի էկոլոգիական հիմնախնդիրները մեծ ազդեցություն են ունենում ամբողջ Հարավային Կովկասի վրա:

2019-ի հունիսի 19-ին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված իրազեկող միջոցառման ընթացքում հարց բարձրացվեց՝ հողերի աղտոտվածության խնդիրը պետական մակարդակով ինչպե՞ս կարող է լուծվել:
Շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական մեխանիզմների, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ Արթուր Ղավալյանը պարզաբանում է` Հայաստանում հողի մոնիթորինգ պաշտոնապես դեռ արված չէ:

Այդ նպատակով պետական բյուջեից գումար կհատկացվի մինչև 2022 թվականը: «Վնասակար նյութերի պարունակությունը հողում դեռ չի նշանակում, որ հողը աղտոտված է հենց այդ նյութերով: Հայաստանում, մանավանդ լեռնային շրջաններում, մենք ունենք հողերի ֆոնային աղտոտվածություն», - նշում է Արթուր Ղավալյանը:

«Երիտասարդ Ալավերդի» ՀԿ նախագահ Վահե Պարանյանն առաջարկում է շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը չափելու պիլոտային ծրագիր իրականացնել՝ սկսելով Ալավերդուց:
Ալավերդու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսեր
Ալավերդի համայնքի 2018 թ․ շրջակա միջավայրի պաշտպանության համար բյուջեով նախատեսված է եղել մոտ 282 մլն դրամ, փաստացի ծախսվել է 270 մլն 395 հազ․դրամ։
Համայնքային բյուջետային ծախսեր
Ալավերդու 2018 թ․բյուջետային փաստացի ծախսերը կազմել են մոտ 680 մլն․ դրամ։ 2019 թ-ի առաջին եռամսյակում, ապրիլի 30-ի դրությամբ, համայնքի փաստացի եկամուտները կազմել են մոտ 198 մլն 392 հազ․դրամ, ծախսերը՝ մոտ 140 մլն դրամ։

Բնապահպանական սուբվենցիաներ
Ալավերդու վարչական տարածքում հանքարդյունաբերական գործունեություն են ծավալում «Արմենիան Քափր Փրոգրամ» և «Արթուր Տարոն» ընկերությունները: 2018-ին «Արմենիան Քափր Փրոգրամ»-ի վճարած գույքահարկը կազմել է 2 մլն 114 հազ. դրամ, հողի հարկը՝ 659 հազ. դրամ։ «Արթուր Տարոն» ընկերությունը 2016 թ-ից Ալավերդում որպես արդյունաբերական օբյեկտ վարձակալում է 68 110 քմ տարածք, որի համար տարեկան վարձավճարը կազմում է 116 հազ․ 500 դրամ։

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, պղնձաձուլական գործարանի արտանետումներից վնասակար ազդեցություն կրող Ալավերդի քաղաքը և հարակից համայնքները գործարանը շահագործող «Արմենիան Քափր Փրոգրամ»-ի բնապահպանական հարկերից ստանում են մասհանումներ։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Արթուր Ղավալյանը նշում է՝ առաջիկայում նախատեսվում է «աղտոտողը վճարում է» սկզբունքից անցում կատարել «աղտոտման կանխարգելում» սկզբունքին: Այսինքն, տնտեսվարողը գործունեություն է ծավալելու` առանց շրջակա միջավայրն աղտոտելու կամ վերացնելով դրա հետևանքները:


«Ալավերդին և մյուս համայնքները, որոնք տարիներ շարունակ բնապահպանական և առողջապահական ուղղվածություն ունեցող սուբվենցիաներ են ստացել, միշտ չէ, որ նպատակային են օգտագործել դրանք: Հիմնական գումարները ինչ-որ տեղ օգտագործվել են քաղաքաշինական նպատակներով, օրինակ՝ ասֆալտապատման»,-պարզաբանում է Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:

Նրա գնահատմամբ, համայնքների ներկայացրած բնապահպանական, առողջապահական սուբվենցիոն ծրագրերում հանրության ներգրավումը չափազանց քիչ էր, ինչի հետևանքով այդ ծրագրերը հաջողություն չեն ունեցել:

«Եթե մենք սուբվենցիաների տեսքով ստանում ենք «իքս» գումար, մենք դա պետք է ինչ-որ մի կերպ ներկայացնենք արտասահմանյան դոնոր կազմակերպություններին՝ որպես բնապահպանական ծրագրի մի մաս` 20 տոկոսի չափով, որպեսզի եռապատիկ, հնգապատիկ հնարավոր լինի տվյալ գումարները ավելացնել և շատ ավելի մեծ գործեր իրականացնել»- ասում է Դեմիրչյանն ու նշում՝ սա դեռևս չի հաջողվում իրագործել:

Համայնքային բյուջեի կազմման, ծախսերի առաջնահերթության որոշման, վերահսկման և այլ գործընթացներում հանրության մասնակցությունը պասիվ է` նշում են թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Դրանք մնում են փոքրաթիվ ակտիվ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Այս փաստը ևս մեկ անգամ վերահաստատվեց «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից, ԵՄ համաֆինանսավորմաբ իրականացված «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում»:
Նյութում ներկայացված տվյալները հավաքագրվել և վերլուծվել են «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ենթադրամաշնորհայինց ծրագրի շրջանակում:
~