Երեվանի բակերը.
պատմության եւ արդիականացման խաչմերուկում

Երեւանյան բակերի փոխակերպման խնդրահարույց գործընթացը մեր օրերում քաղաքային պլանավորման բազմաթիվ խնդիրների անկյունաքարն է:
Ճարտարապետ, պատմաբան
Այն պահից սկսած, երբ երեւանյան բակերում թափ առան ասֆալտապատման աշխատանքները, կամ կառուցվեցին միանման խաղահրապարակներ եւ տաղավարներ, հասարակական ընկալման մեջ ամրապնդվեց բակերի բարեկարգման այս պարզունակ օրակարգը։
Իրենց հերթին, քաղաքացիները, օգտվելով օրենքների անկատարության կամ դրանց գերակայության բացակայության պայմաններից, տարիներ շարունակ առիթը բաց չեն թողել բակային տարածությունները շահագործել սեփական հնարավորությունների եւ ցանկությունների շրջանակում։ Եւ եթե մեկին հաջողվել է մետաղական ավտոտնակը փոխարինել քարե շինությամբ, կամ բնակարանի մակերեսը ավելացնել ի հաշիվ բակային տարածության, ապա մեկ ուրիշը շահագործել է այդ տարածքները` լայնածավալ շինարարություն իրականացնելու նպատակով: Արդյունքում, երեւանյան բակերից յուրաքանչյուրը վերածվել է խայտաբղետ քաղաքաշինական խճանկարի:

Եթե այս խճապատկերի կտորտանքներն իրարից առանձնացնենք եւ վերադառնանք զրոյական վիճակին, ապա տեղափոխվելու ենք 100-150 տարի առաջ՝ 19-րդ դար, երբ Երեւանը հագեցած էր հիմնականում միահարկ կամ երկհարկանի առանձնատներով, որոնց բակային տարածքները տնամերձ հողամասեր էին՝ միջնադարից ծառայեցված այգեգործական կամ անասնապահական նպատակներին։
Գյուղաքաղաքից՝ քաղաքի, այն էլ՝ հանրապետության մայրաքաղաքի վերածվելու գործընթացը, համընկնելով քաղաքական եւ հասարակարգային փոփոխությունների շրջանին, Երեւանում արագորեն ձեւավորեց կենսագործունեության նոր միջավայր: Ասպարեզ եկան բազմաբնակարան շենքերը, ինչը բնակչության համար ոչ միայն քաղաքաշինական, այլեւ հսկայական մշակութային փոփոխություն էր։

Գրեթե 100 տարի առաջ, երբ նեղ եւ ծուռումուռ փողոցներին փոխարինելու եկան ընդարձակ ճանապարհները, որոնց երկայնքով էլ վեր խոյացան քարե 2-4 հարկանի շենքերը՝ շրջափակելով հին քաղաքի տարբեր թաղամասերը, սկսվեց երեւանյան բակերի փոխակերպման ամեն անգամ կիսատ մնացող խնդրահարույց գործընթացը, որը մեր օրերում Երեւանի քաղաքային պլանավորման բազմաթիվ խնդիրների գլխավոր փորձաքարն է:
Երեվանի բակերի կազմավորումը
1920-30-ականների Երեւանի վերակառուցման աշխատանքների հեղինակների մտահղացմամբ նոր կառուցվող բնակելի շենքերով պարփակված բակային տարածքները պետք է ամբողջությամբ ազատվեին 18-19-րդ դարերի բոլոր շինություններից: Հենց այդ ժամանակներից մինչ օրս Երեւանի քաղաքաշինական բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ օգտագործվում է՝ «Տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են արտակարգ իրավիճակների առիթ դառնալ» պատճառաբանությունը:
Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկ։
Ճարտարապետ՝ Տիգրան Երկանյան
Կառուցված՝ 1934-1938
Թերեւս 1920-30-ականներին ձեւավորվող նոր, սոցիալիստական հասարակարգում այլեւս տեղ չունեին քաղաքացուն պատկանող առանձնատները, հողամասերն ու այգիները: «Ազատված» տարածքների մեծ մասը նախատեսած էր տրամադրել հանրային օգտագործմանը՝ կանաչ գոտիների, պուրակների տեսքով:

Հանրապետության և Վարդանանց փողոցների անկյունում ճարտարապետ Տիրան Երկանյանի նախագծով կառուցած (1934-1938թթ.) Երևանի քիմիական գործարանի (սինթետիկ կաուչուկի) բնակելի թաղամասն այդպիսի բակերի եզակի օրինակներից է: Այստեղ, թեեւ ոչ ամբողջությամբ, բայց հաջողվել էր թաղամասի կառուցմանը զուգահեռ քանդել նախկին անկանոն կառուցապատումը եւ կազմակերպել բակային տարածությունը՝ փոքրիկ ջրավազանի շուրջն ստեղծելով պուրակ:

Պատահական չէ, սակայն, որ այսպիսի բակեր Երեւանում, իսկ մասնավորապես՝ կենտրոնում, գրեթե չկան: Ուտոպիստական ճարտարապետության մեր տեղական, թամանյանական փորձը՝ մեկ, սակայն շատ կարեւոր տարբերություն ուներ Էբենեզեր Հովարդի «Քաղաք-այգիների» տեսության սկզբունքներից: Խոսքը «նոր քաղաքի» տեղակայման խնդրի մասին է: Թեև Թամանյանին հաջողվել էր հիմնավորել հին, գոյություն ունեցող քաղաքը «քաղաք-այգու» վերափոխելու նպատակահարմարությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ տեսլականի լիարժեք իրականացման գլխավոր խոչընդոտ հանդիսացավ հե՛նց հին քաղաքային հյուսվածքների (urban fabric) վերափոխման անհնարինությունը:

Երեւանի քաղաքային միջուկի՝ կենտրոնի վերակառուցման գործընթացը գուցե բոլորովին այլ զարգացում ունենար, եւ նոր կառուցվող թաղամասերի ներքին տարածությունները նույնպես վերափոխվեին, եթե 1920-ականների վերջին քաղաքը երկու անգամ մեծացնելու պահանջ չառաջանար: «Մեծ Երեւանի» գլխավոր հատակագծի հաստատումով (1934թ.) ծավալուն շինարարական աշխատանքների աշխարհագրությունը կենտրոնից տարածվեց նախ դեպի հյուսիս՝ Արաբկիր, եւ հարավ՝ Նուբարաշեն եւ Շենգավիթ, իսկ հետագա հետպատերազմական տասնամյակներում աստիճանաբար զարգացում ապրեցին մյուս բոլոր ուղղությունները:
Երեւանի ընդլայնման գործընթացը, փաստորեն, ինչ-որ իմաստով խանգարեց կենտրոնի պարագծային կառուցապատմամբ ձեւավորված նոր թաղամասերի ներքին տարածքների եւ մի շարք առանձին թաղամասերի (Հյուսիսային պողոտա, Ֆիրդուսի, Գլխավոր պողոտա, Կոնդ) վերակառուցման գործին: Եւ ստացվեց այնպես, որ Երեւանի կենտրոնի թաղամասերում նոր, սոցիալիստական կյանքը եւ կենցաղը միախառնված շարունակվում էր նախկին, նախախորհրդային շրջանին բնորոշ սոցիալական, քաղաքաշինական, մշակութային պայմաններում, իսկ նոր կառուցվող թաղամասերում այդ պայմաններն արդեն հարմարեցված էին սոցիալիստական միջավայրի կանոններին:

Իրավիճակը նույնն է նաեւ այսօր: Ակնհայտ է, որ բակային տարածությունների վերաիմաստավորման, վերապլանավորման հարցերին անդրադառնալիս, մենք գործ ենք ունենալու երկու տարբերվող միջավայրերի և քաղաքաշինական տարաբնույթ խնդիրների հետ:
Բակերի չհնացող խնդիրները
Երեւանի կենտրոնի բակերի ընդհանրական նկարագիրն, անկասկած, սկսվում է դրանց մուտքերից՝ դալաններից: Հետաքրքիր է, որ եւ՛ թամանյանական, եւ՛ հետպատերազմական շրջանի շենքերի դալանների մեծ մասի կառուցման դիրքը թելադրված էր այդ պահին գոյություն ունեցող միջավայրի (18-20-րդ դարերի) հանգույցները միահյուսելու նպատակին: Այսինքն, մի կողմից, խորհրդային քաղաքականությունը քարոզում էր, որ գոյություն ունեցող քաղաքային միջավայրը չի համապատասխանում սոցիալիստական կարգերի պահանջներին եւ պետք է վերանա, մյուս կողմից, գործնականում մենք հանդիպում ենք քաղաքային հյուսվածքների միավորման, ձուլման բազմաթիվ դեպքեր: Դժվար է միանգամից նկատել, սակայն շատ հաճախ դալանների միջով դեպի բակային տարածություն տանող ճանապարհներն այն նու՛յն նախաթամանյանական շրջանի հին փողոցներն են, որոնց պահպանությունն ու օգտագործումը, փաստորեն, առավել նպատակահարմար է համարվել տվյալ ժամանակաշրջանում: Խորհրդային ճարտատապետությունն, առնվազն, փորձել է այդ փոքրիկ երակները կապել մեծ արյունատար անոթների՝ նոր բացվող լայն ու բարեկարգ փողոցների եւ պողոտաների հետ:

Որպես հետեւանք, բակային տարածություններում մինչ օրս առկա հին եւ փոքր փողոցների գոյությունը ժամանակի ընթացքում նպաստել է դրանց երկայնքով կառուցած, հիմնականում 19-20-րդ դարեր թվագրվող բնակելի տների պահպանմանը:

1930-ականներին կառուցված Մաշտոցի 31 հասցեի բնակելի շենքի դալանից սկիզբ առնող կարճ ճանապարհը, որը տանում է դեպի Փարպեցի փողոց բացվող դալանը (որտեղից էլ շարունակվում է դեպի սբ. Զորավոր եկեղեցի), առաջին հայացքից ընդամենը հետիոտն անցում է այս եւ հարակից բակերի բնակիչների համար, նաեւ՝ մեքենաների երկկողմանի երթեւեկի կապ՝ Մաշտոցի եւ Փարպեցու փողոցների միջեւ: Իրականում, սակայն, մենք գործ ունենք Հին Երեւանցի փողոցի հետ, որի այս հատվածը Աբովյան փողոցից սկիզբ առնող հին ճանապարհի վերջին հանգրվանն է:
Սխեմա 1․ Մաշտոց-Թումանյան-Փարփեցի
Մաշտոցի 31 շենքի դալանից անմիջապես ներս՝ կողք-կողքի գտնվում են երկու բնակելի տուն, որոնցից առաջինը (19-րդ դար թվագրվող), փաստորեն, խուսափել է ապամոնտաժումից շնորհիվ նրա, որ իրեն ուղղահայաց դիրքով 30-ականներին կառուցված շենքից պահպանել է ընդամենը 1 մետր հեռավորություն:

Ստորեւ մենք կտեսնենք այսպես պահպանված հին տների եւս մի քանի օրինակ, իսկ այս դեպքում մեր ուշադրությունը սեւեռենք 21-րդ դարի քաղաքաշինարարների գործունեությանը, որոնց ակնառու սխալների հետեւանքով էլ գոյացել են ներկայի եւ ապագայի քաղաքաշինական խնդիրները: Նրանք քաղաքային պլանավորման հայեցակարգի բացակայության կամ անտեսման պայմաններում (երբ գերիշխող է եղել բացառապես մասնավոր, գործարար շահը) հաշվի չեն առել տարրական նորմատիվային պահանջները, տվյալ բակային տարածությունում թույլատրել են կառուցել շենքեր, որոնք.
  • 1
    չունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ
  • 2
    չունեն կառուցապատմանն անհրաժեշտ նվազագույն կանաչապատման գոտիներ
  • 3
    երկու նորակառույց բարձրահարկերից առաջինը (Սխեմա 1՝ ձախից), գրավելով հնարավոր հողատարածքը, հայտնվել է Հին Երեւանցի փողոցի վրա՝ կոպտորեն խախտելով պատմական միջավայրերի քաղաքաշինական հյուսվածքների կապը
  • 4
    մյուս բարձրահարկը (Սխեմա 1՝ աջից) կառուցվել է նախկինում հարեւանությամբ գտնվող դպրոցին պատկանող մասնաշենքի տեղում
  • 5
    Թումանյան փողոցում կառուցված եւս մի նորակառույց 6 հարկանի շինության պատճառով փակվել է դպրոցի բակային տարածք մտնող երկու մուտքերից մեկը, ինչն էլ անվտանգության պահանջների բացահայտ խախտում է
Ակնհայտ է, որ տվյալ բակային տարածքն ուներ բոլոր հնարավորությունները այլ միջավայրի վերափոխվելու, եթե հաշվի առնվեին առնվազն վերոնշյալ պահանջները:

Հետևաբար, բակային տարածությունների կազմակերպման գործում ամենախնդրահարույց հարցը սկսած 1960-70-ականներից եղել է եւ կա բարձրահարկ բնակելի շենքերի կառուցումը: Հետպատերազմական շրջանում նկատվող բնակչության շեշտակի աճի եւ աշխատանքի ու ապրուստի նպատակով գյուղերից դեպի քաղաքները մեծացող հոսքի պատճառով խորհրդային քաղաքաշինության սկզբունքներում արմատական փոփոխություններ տեղի ունեցան: Նախ, տարածքներ ազատվեցին բազմահարկ, պանելակարկասային շենքերի համար, իսկ դրան զուգահեռ բակերում մեկը մյուսի հետեւից հայտնվեցին մետաղական ավտոտնակները:

Այս երկու փոխկապակցված երեւույթները, դժբախտաբար, կանխորոշեցին Երեւանի կերպարանափոխման հետագա ամբողջ ընթացքը: Պարագծային կառուցապատումով ձեւավորված բակային տարածքներում վեր խոյացած պանելակարկասային շենքերը ոչ միայն խախտեցին քաղաքի թամանյանական մասշտաբը, որը 50-ականներին արդեն ամփոփվել էր 5-րդ հարկի բարձրության նիշի վրա, այլեւ անդառնալի հետք թողեցին քաղաքի ճարտարապետա-գեղարվեստական տեսքի վրա: Թե՛ Երեւանի, թե՛ նախկին սոցիալիստական երկրների քաղաքների գերակշռող մասի քաղաքային պլանավորման ներկայիս, երբեմն անլուծելի թվացող խնդիրների արմատները ուղղակիորեն կապված են այդ ժամանակաշրջանում կատարված քաղաքաշինական միջամտությունների հետ:

Նորից սխեմատիկ օրինակի միջոցով դիտարկենք բակային տարածությունների խնդիրների մեկ այլ համախումբ։

Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի (Մաշտոց 18) դալանից դեպի Զաքյան փողոց բացվող միջբակային ճանապարհի երկու կողմում կանգնած են միմյանց զուգահեռ երեքական բարձրահարկ պանելային շենքեր: Այստեղ կրկին նկատում ենք, որ դալանից ներս, անմիջապես ձախ կողմում պահպանվել է նախաթամանյանական շրջանի աղյուսաշեն մի տուն:
Սխեմա 2․ Մաշտոց-Ամիրյան-Զաքյան
Պարզ է, որ այս տարածքում ոչնչացվել է մի ամբողջ հին պատմական թաղամաս՝ միջնադարյան Երեւանի կենտրոնական Շահար թաղի հիմնական հատվածը: Հին թաղամասը հիշեցնող մի տունը եւ Կողբացի փողոցի երկայնքով պահպանված եւս մեկ-երկու տները, բնականաբար, կորում են պանելային շենքերով ձեւավորված այս միջավայրում:

Սակայն տվյալ թաղամասի դեպքում ուշադրության առարկա պետք է դառնա հենց պանելակարկասային շենքերի ապագայի հարցը: Միայն այն փաստը, որ այսպիսի շենքերն իրենց սեյսմիկ չափանիշներով կառուցվել են շուրջ կես դար առաջ եւ առաջիկա տասնամյակներում կրկնապատկելու են արտակարգ իրավիճակներում վտանգի ցուցանիշը, վաղ թե ուշ քաղաքային պլանավորման մասնագիտական համայնքին ստիպելու է կայացնել համարձակ որոշումներ: Կարեւոր է արձանագրել շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղիների բացակայության խնդիրը. այն, բնականաբար, փոխհատուցվում է բակային ազատ կամ կանաչ գոտիների օգտագործման հաշվին:

Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ (Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Ֆինլանդիա) 90-ականներից սկսած ձեռնամուխ են եղել քաղաքների հսկայական բնակֆոնդն ապահովող տիպային շենքերի արդիականացմանը:

Արեւելյան Եվրոպայում տիպային շենքերի արդիականացման գործընթացը հիմնականում ներառում է՝



արտաքին ջերմամեկուսացման
նոր վերելակների տեղադրման
տանիքների վերանորոգման
շենքերի շրջակայքի, հատկապես, բակերի բարեկարգման աշխատանքները:
Բավական տարածված են նաեւ հարկայնության նվազեցման միջոցով նորարարական լուծումները, իսկ որոշ դեպքերում շենքերը պարզապես ապամոնտաժում են: Բակային տարածությունների առողջացման համար ելակետային է ավտոմեքենաների կայանման արգելանքը:

Եվրոպական երկրներում տիպային շենքերի արդիականացման գործընթացի հաջողությունն ուղղակիորեն կախված է քաղաքացիների մասնակցությունից եւ նախաձեռնողականությունից: Այս համատեքստում, Երեւանը դեռեւս կատարել է ընդամենը մեկ, սակայն անչափ կարեւոր քայլ: Խոսքը Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի 6 շենքի մասին է, որտեղ քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացվել են տիպային շենքի էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Այս ծրագրի ապագան նույնպես կախված է քաղաքացիների շահագրգռվածությունից եւ ցանկությունից: Ցանկացած նմանատիպ շենքի բնակիչների ընդհանուր պայմանավորվածությամբ (համատեղ ձեւակերպված վարկի շրջանակում) հնարավոր է իրականացնել նույն ծրագիրը: Սա կարեւոր նախադրյալ է Երեւանի տիպային, պանելակարկասային շենքերով կառուցապատված թաղամասերի (ՀԱԹ, Նոր Նորք, Ավան, Դավիթաշեն եւ այլն) արդիականացման համար:
Բակեր, թե ավտոտնակներ
Այդուհանդերձ, Երեւանի բոլոր բակային տարածությունները, լինեն դրանք տիպային շենքերով ննջարանային թաղամասերում, թե կենտրոնի պարագծային կառուցապատմամբ ձեւավորված բակերում, միավորվում են մեկ ընդհանուր խնդրի՝ ավտոտնակների հարցի շուրջ:

20-րդ դարավերջին հերթական հասարակարգային փոփոխությունը հանգեցրեց քաղաքային միջավայրը եւ, մասնավորապես, բակային տարածությունները աղավաղող խորհրդային ավտոտնակային տնտեսության բազմաշերտ կերպարանափոխությանը: Հասարակ մետաղական ավտոտնակի փոխակերպումը շքեղ մի քանի հարկանի առանձնատան, կամ փոքր առեւտրի, ավտոլվացման, հացաբուլկեղենի արտադրության կետերի, փոփոխությունների ամենաբնորոշ երեւույթն է: Սրանք, իհարկե, մանրուք են տոկոսային այն հարաբերության հաշվառման մեջ, որ բակային տարածություններում զբաղեցնում են իրենց բուն նպատակին ծառայող ավտոտնակները:

Լուծել այս խնդիրը՝ նշանակելու է հեղափոխություն անել մեր կենսագործունեության մտածողության տիրույթում՝ հիմնովին վերանայելով քաղաքային պլանավորման քաղաքականությունը եւ տարրական լուծում գտնել քաղաքացիների ավտոտնտեսության սպասարկման համար: Եւ հակառակը, չլուծել կամ անտեսել այս համալիր խնդիրը, որը բակային տարածությունների արդիականացման գործում առանց չափազանցության՝ ամենաելակետայինն է, նշանակելու է՝ էլ ավելի խորացնել հետզհետե քաոտիկ բնույթ ստացող վիճակը:

Եւս մեկ, բավական հայտնի բակային տարածության սխեմայում ականատեսն ենք թամանյանական պարագծային կառուցապատման ներսում գոյություն ունեցող հին, նախախորհրդային բնակելի տների եւ ավտոտնակների միախառնված միջավայրի: Ի դեպ, նորից տեսնում ենք դալաններից անմիջապես ներս, շենքերից 1-2 մետր հեռավորության վրա պահպանված հին տներ:
Սխեմա 3․ Սպենդիարյան-Զորյան
Շուրջ 1 հա զբաղեցնող բակային այս տարածքի մոտ ⅓-ը հին շինությունների եւ ավտոտնակների գումարային մակերեսն է: Այսպիսի թվերը մեզ պետք է հուշեն տարածքների շահագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Սակայն վերջին երկու տասնամյակներում արդյունավետության բարձրացում ասելով` չենք հասկանում կանաչ գոտիների ընդլայնում, ավտոկայանատեղիների հարցի լուծում կամ միջավայրի հին շերտերի պահպանություն: Ուղղակի դիտարկում ենք այս մակերեսները միայն որպես մասնավոր բիզնես շահերի սպասարկմանը ծառայող հողակտորներ:

Մեզանում գերիշխում է նախորդ, խորհրդային քաղաքաշինական սկզբունքները մասնավոր շահերին աճպարարությամբ հարմարացնելու գործելակերպը: Երբ անհրաժեշտ է զավթել որեւէ հողակտոր եւ իրականացնել լայնածավալ կառուցապատում, բերվում է 20-30-ականների՝ «Տարածքը կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով....» պատճառաբանությունը՝ դրանով արդարացնելով քանդման եւ իրացման գործընթացը: Բակային տարածքներում բնակելի բարձրահարկ շենքեր կառուցելու «անհրաժեշտությունը» հիմնավորվում է` 60-70-ականներից սկիզբ առած տենդենցին անտեղի հղում կատարելով: Երկու դեպքում էլ այս գործելաոճը ժամանակավրեպ է թե՛ քաղաքական, թե՛ քաղաքաշինական տեսանկյունից եւ չի կարող սպասարկել քաղաքային միջավայրի պլանավորման ներկայիս խնդիրների լուծման պահանջներին:

Ամենաթարմ եւ լավագույն օրինակը Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում կառուցված նորակառույց շենքն է:
Սխեմա 4․ Նալբանդյան-Սայաթ-Նովա
Անկասկած, սա լավագույն օրինակներից է, թե ինչպես ՉՊԵՏՔ է վերափոխվի բակային տարածությունը: Եթե խորհրդային առաջին տասնամյակներում հաջողվեր «մաքրել» այս տարածքը, ամենայն հավանականությամբ այն կվերածվեր պուրակի: Համաձայն 60-70-ականների քաղաքաշինության սկզբունքների այստեղ կարող էր կառուցվել պանելակարկասային բազմահարկ շենք, ինչի փոխարեն իրականում կառուցվել էր մանկապարտեզ, իսկ ահա 21-րդ դարում այսպիսի տարածքները կլանել է «գերակա շահ» կոչվող ամենասովորական բիզնես մտածողությունը:

Ի հակադրումն այս օրինակի, դիտարկենք Երեւանի կենտրոնում բակային տարածության կազմակերպման եզակի հաջողված օրինակներից մեկը:
Սխեմա 5․ Բաղրամյան-Իսահակյան-Մաշտոց
Կառուցված լինելով 1960-ականներին (այսինքն, արդեն օրակարգում ունենալով ավտոկայանատեղիներ ապահովելու խնդիրը)` հեղինակները Կասկադի պուրակին հարող սիմետրիկ տեղակայված բակերից մեկում ներքին (սխեմայում՝ աջից) տարածությունն ամբողջությամբ հատկացրել են կանաչապատ պուրակին, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղին կառուցել պարագծային կառուցապատման եզրագծի մի հատվածի վրա, որի վերգետնյա մասը վերածվել է խաղահրապարակի, իսկ մյուսում (սխեմայում՝ ձախից)՝ ստորգետնյա ավտոկայանատեղին հենց բուն բակային տարածության կենտրոնում է՝ վերին մասում կրկին ունենալով խաղահրապարակ:
Ի՞նչ անել Երեվանի բակերի համար
Որքան էլ մանիֆեստային հնչի, սակայն քաղաքային միջավայրի կամ առանձին բակային տարածությունների արդիականացման համար հարկավոր է ստեղծել բոլորովին նոր հայեցակարգ։ Քաղաքաշինությանը վերաբերող օրենսդրական դաշտն ու կարգավորումները այս խնդիրների համալիր լուծումը նախատեսում է իրականացնել գոտիավորման նախագծերի միջոցով: Դրանք, սակայն, խիստ մակերեսային են անդրադառնում բակային տարածությունների արդիականացմանը: Ժամանակն է, որ ե՛ւ պետությունը, ե՛ւ բնակիչները ավելի նախաձեռնող դառնան բակերից յուրաքանչյուրի համար նոր նախագծեր ունենալու հարցում։

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն նոր նախագծային մոտեցումները, արդյո՞ք բարձրահարկ շենքերի կառուցման դադարեցումը կամ ավտոտնակների ապամոնտաժումը (ինչի դրվագային միտումը վերջերս նկատվում է Երեւանում) բավարար են մեր բակերին նոր շունչ հաղորդելու համար։ Ո՞ր պահանջներն են հռչակվելու առաջնային. Երեւանն իրապես ունի՞ հնարավորություն հրաժարվելու հողատարածքների եկամտաբեր շահագործումից։

Բացի այդ, այս վերլուծության ընթացքում կարմիր թելով անընդհատ նշմարած՝ բակային տարածություններում հին քաղաքային հյուսվածքների, փողոցների եւ տների առկայության փաստը մեզ հուշում է, որ անցած մեկ դարի ընթացքում Երեւանում կատարված խոշոր քաղաքաշինական միջոցառումները (թամանյանական պարագծային կառուցապատումը, 60-70-ականներից սկսված բարձրահարկերի կառուցումը, անկախության շրջանի մասնավոր միջամտությունները) այդպես էլ չեն կարողացել պարտադրել մեկ միասնական լուծում:
Մենք այսօր էլ չգիտենք, ավելի ստույգ, չենք որոշել՝ հինը պահպանե՞լ, թե՞ ոչ, եւ, եթե՝ այո, ապա ինչպե՞ս։ Հին քաղաքային պատմական հյուսվածքները համառորեն դիմադրում են ամեն նոր ժամանակաշրջանի բերած ծանր շինտեխնիկայի հարվածներին՝ հուսահատ փորձ կատարելով ապացուցել, որ միջավայրի բարելավման, արդիականացման համար պարտադիր չէ ընտրել ամբողջը քանդելու ճանապարհը:

Եւ ամենակարեւորը։ Բարձրահարկ շենքերով եւ մետաղական ավտոտնակներով խեղդված երեւանյան բակերում իրենց առանձին բույրն ունեն երեւանցիների մշակած փոքրիկ պարտեզները, հանգստյան հատվածները։ Առաջին հարկերի բնակիչները «յուրացրել» են շրջակայքի իրենց բաժինը, ավտոտնակ ունեցողները փորձել են մի կտոր ավել տարածք փախցնել: Կարծես բնազդաբար, բոլորի ձգտումը դեպի հողն է՝ երեւանյան բերրի հողը։ Գրեթե չկա այդպիսի բակ, որտեղ երեւանցին չի փորձել մշակել հնարավոր ազատ հողակտորը, թեկուզեւ՝ ապօրինի։

Գուցե մեր ապագա հայեցակարգի հիմքում պետք է լինի «Քաղաք-այգիների» վերափոխված մի նոր տարբերակ, որտեղ բակային տարածություններին վիճակված կլինի ավելի խելամիտ հարաբերակցությամբ ապահովել թե՛ ժամանակակից քաղաքի պահանջների սպասարկումը, թե՛ պատմական հյուսվածքների ժանակագրական կապը, թե՛ քաղաքային կանաչի խիստ անհրաժեշտ առկայությունը։
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: