Գյուղատնտեսությունն այստեղ չի կարող զարգանալ, քանի որ հողն ու ջուրը տասնամյակներով թունավորվել են ծանր մետաղների թափոններով։ Առողջարանի համար Ալավերդին նույնպես հարմար չէ՝ նույն պատճառով։
Քաղաքի դժվարահասանելիությունն ու մասնագիտացված աշխատուժի պակասը նույնպես արգելք են թեթև արդյունաբերական ու տեխնոլոգիական բիզնես-ծրագրերի իրագործմանը։
Այդ դեպքում ի՞նչն է այս ու նմանատիպ այլ քաղաքների վերաիմաստավորման գրավականը, երբ դրանք կազատվեն հանքարդյունաբերության գերությունից։
Նժարը թեքվում է դեպի զբոսաշրջություն՝ Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական զարգացման գերակա ոլորտներից մեկը։
Ալավերդու մոտակայքում են գտնվում առավել չքնաղ հայկական վանքերից մի քանիսը` Սանահինը, Օձունը, Քոբայրն ու Հաղպատը։ Զբոսաշրջիկների վտիտ հոսքը դեպի այդ հուշարձաններ սպասարկում է հարակից գյուղերի բնակչությունը։ Իսկ «Ալավերդիում բան չկա տենալու։ Ժամանակին
ճոպանուղին էր, հիմա էդ էլ ա փչացած»,- պնդում է տեղացիներից մեկը։
Կիրճի վերևում անշարժացած ճոպանուղու ժանգոտած կառքը հարցական նշանի նման կախված է օդում։ Կայծակի պատճառով շարքից դուրս է եկել շարժիչը, այն փոխարինելու համար մեծ գումար է անհրաժեշտ, որը համայնքային բյուջեն ի վիճակի չէ տրամադրելու։
Դժվար է պատկերացնել
Դեբեդի մութ ջրերով գոտեվորված, մրոտ ու խարխլվող խորհրդային շենքերի այս հախուռն զանգվածը` որպես տուրիստական սելֆիների «գեղատեսիլ» ֆոն։ Այնուամենայնիվ, եթե գոնե մի քանի ժամ պտտվենք Ալավերդու զառիթափ ճանապարհներով, կհանդիպենք 20-րդ դարի քաղաքաշինության ու ճարտարապետության չափազանց ինքնատիպ համալիրի։ Հենց այդ անտեսված մշակութային շերտերն են այն այլընտրանքային «հանքը», որը կարող է դառնալ Ալավերդու հետարդյունաբերական ապագայի գրավականը։