Չարենցավանի լքված կենտրոնաբնակը

Չարենցավանի տարածքով անցնող երկաթուղու նախագիծը քննարկվում էր դեռևս 1920-ների վերջին, սակայն առաջին գնացքը քաղաք հասավ երեսուն տարի հետո։ 1980-ականներին` ամբողջական նախագծման ավարտից հետո, երկաթուղին ապրեց ընդամենը մի քանի տարի:


1947թ.-ին որպես Լուսավան հիմնված և 1967-ին Եղիշե Չարենցի 50-ամյակի կապակցությամբ Չարենցավան վերանվանված բնակավայրն արագ դարձավ Հայաստանի խոշոր արդյունաբերական քաղաք։ Դրան նպաստեց միջպետական բեռնափոխադրումների նպատակով կառուցված երկաթգիծը:

Քաղաքի և բլրի միջև անցնող երկաթուղին ի սկզբանե մտածված էր միացնելու Երևանը Սևանի և Իջևանի, այնուհետև, Ադրբեջանի միջով, Մոսկվայի հետ:
74-ամյա Սևադա Հակոբյանը ծնողների հետ նոր ձևավորվող Չարենցավան է տեղափոխվել փոքր տարիքում Ծաղկաձորից:
Ճարտարագետ Սևադա Հակոբյանը, այլ հնաբնակների պես, քաղաքն անվանում է Լուսավան և հիշում, թե ինչպես էին կառուցվում առաջին շինությունները, իսկ Չարենցավանի կենտրոնական հրապարակում եռում էր կյանքը։

Չարենցավանի հրապարակում երկաթուղային կայարանի առաջին շենքը կառուցվել էր ըստ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տիպային նախագծի։


Մարտիրոս Սարյան, «Լուսավան» (1952թ.)
Երկաթուղային կայարանի մասին Սևադա Հակոբյանի ամենավառ հիշողությունը 1960թ-ին «Նվագախմբի տղաները» կինոֆիլմի նկարահանումներն էին:
8-րդ դասարանցի տղան դասից փախչում էր ՝ տեսնելու հայտնի դերասաններին, որոնք, մի կերպ դիմանալով Չարենցավանի աշնանային ցրտին, մեկ շաբաթ անընդմեջ նկարահանում էին դասական ֆիլմի` կայարանի տեսարանը։
Ուսանողական տարիներին Սևադա Հակոբյանի և շատերի կյանքը Չարենցավանում լիովին կախված էր երկաթուղուց։ Երևան-Չարենցավան ավտոբուսների անկանոն չվացուցակի պատճառով մայրաքաղաքի հետ ամենահարմար կապը շոգեքարշն էր: 1960-ականներից Չարենցավանում գործեցին նաև էլեկտրագնացքները։
80-ականներին կայարանի միահարկ հին շենքի փոխարեն Չարենցավանի դիմագիծ հանդիսացող հրապարակում` քաղաքապետարանի, ավտոկայանի և մշակույթի պալատի հարևանությամբ, հայտնվեց խորհրդային մոդեռնիզմի նմուշ համարվող կայարանի նոր շենքը: Եռահարկ նոր կառույցը նախագծեց ճարտարապետ Հենրիկ Առաքելյանը, որը հեղինակել է Չարենցավանի խորհրդանիշ «Գանգրահեր տղա» արձանը, Հրազդանի ավտոկայարանը, Երևանում` Սահմանադրական դատարանը, Ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենքը և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը և այլ շենքերը։
Չարենցավանի առաջին երկաթուղային կայարանի շենքը:
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։
Լուսանկարը՝ Համլետ Կոնջորյանի:
Կայարանի շենքն այսօր անցորդներից «թաքնվում» է փարթամ եղևնիների հետևում՝ քողարկելու կոտրված ապակիներն ու ժանգոտ թիթեղներով ծածկված մուտքերը:
Կայարանի շենքը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրինության ներքո: Չարենցավանի ղեկավար Հակոբ Շահգալդյանի խոսքով, շենքի անմխիթար վիճակը խիստ անհանգստացնող է, սակայն համայնքը միջոցներ չունի նորոգության համար:
««ՀԿԵ»-ն անհրաժեշտություն չունի որևէ կերպ օգտագործել Չարենցավան քաղաքի երկաթուղային կայարանի շենքը: Ընկերությունը պատրաստ է այն տրամադրել այլ կազմակերպություններին` օգտագործման համար»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրինություն
Վալերի Գասպարյանն արդեն 15 տարի Չարենցավանի կայարանապետն է և կայարանի` վերջին տարիների ոդիսականի վկան: Նրա խոսքով, կայարանն անկախացման տարիներից ծառայել է տարբեր կազմակերպությունների գրասենյակ և ժամանցի վայր, այնուհետև` հետզհետե դատարկվել։
Շենքում տանիքի կաթոցքի հետևանքով վնասվել են պատերը և հատակը։ Վալերի Գասպարյանի խոսքով, թեև երբեմն տարածքը վարձակալելու մտադրությամբ գործարարներ են գալիս, բայց ավերվող շենքը դեռ լքված է։
«Շենք տանող մուտքերը ստիպված թիթեղապատել ենք, քանի որ գիշերով մտնում և պատուհանների ալյումինե շրջանակներն էին հանում», - ասում է Վալերի Գասպարյանը։ Պատերի միջից գողացվել են էլեկտրալարերը։
Չարենցավանով անցնող բեռնափոխադրող գնացքներին ամռան երեք ամիսների հանգստյան օրերին ավելանում է Երևան-Շորժա մարդատար էլեկտրագնացքը։
Կայարանապետի խոսքով, ամռանը էլեկտրագնացքից օրական օգտվում է մի քանի տասնյակ չարենցավանցի, որոնք կառամատույց են հասնում՝ շրջանցելով կայարանի նախկին շենքը: Խարխլվող տանիքով խորհրդային մոդեռնիստական կառույցը դարձել է հետարդյունաբերական քաղաքի ևս մի ավերվող խորհրդանիշը: