ՋԵՐՄՈՒԿ․ԿԱՑԱՐԱՆ
ԴԱՐՁԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Խորհրդային Հայաստանի ամենապահանջված օդանավակայաններից մեկի միակ տերմինալն այժմ գրանցված է որպես առանձնատուն և բնակարան է ծառայում։

Ջերմուկի օդանավակայանի երբեմնի սպասասրահում ընթրում են շենքի երկու բնակիչները՝ 70-ամյա Մելսիկ Առաքելյանը և 68-ամյա Անահիտ Սիմոնյանը։
Ամուսինները երանությամբ են հիշում ժամանակները, երբ այս օդանավակայանում ամեն օր դիմավորում էին Երևանից ժամանող չվերթները։
Օդանավակայանը գործել է 34 տարի (1955-1989)։
Ջերմուկի օդանավակայանից Երևան (170 կմ) հնարավոր էր հասնել 20 րոպեում։
Երևանից Ջերմուկ օրական 4 «Յակ-40» օդանավ էր ժամանում։
Ջերմուկի օդանավակայան
Առողջարանային քաղաքի կապն աշխարհի հետ ապահովող հիմնական հանգույցը օդանավակայանն էր՝ կանոնավոր չվերթներով։
Սկսած 1955 թվականից՝ Ջերմուկի օդանավակայանը Երևանից ամեն օր քաղաքացիական օդանավեր է ընդունել։ Ուղևորները Խորհրդային միության տարբեր երկրներից հանրահայտ հանգստարանային քաղաք այցելողներն էին։
Մինչև 1989 թվականն այս օդանավակայանում օրական չորս «Յակ-40» մարդատար օդանավ էր ժամանում։ Հետո ինքնաթիռների թիվը կրճատվեց՝ հասնելով օրական մեկի։
Սակայն պատճառը ոչ թե ուղևորահոսքի նվազումն էր, այլ գոյություն ունեցող պայմաններում անվտանգության ապահովման բարդությունը։ Քամու ուժգնությունն իր հերթին խնդիրներ էր ստեղծում վայրէջք կատարող օդանավերի համար։
Նախկինում այստեղ 26-32 մարդ է աշխատել։ Երբ օդանավակայանը դադարեց թռիչքներ սպասարկել, աշխատակիցներից ոմանք իրենց տեղը գտան Հայաստանում գործող միակ քաղաքացիական օդանավակայանում՝ «Զվարթնոցում»։ Նրանցից երկուսն առ այսօր աշխատում են այնտեղ։
Մելսիկ Առաքելյանը, շահագործման տարիներին նախ որպես թռիչքների ղեկավար է աշխատել: 1976-ից Առաքելյանն օդանավակայանի վերջին պետն է եղել, փակվելուց հետո դարձել է սեփականատերն ու բնակիչը։
Երկհարկանի շենքում 1991 թվականից հետո քիչ բան է փոխվել։ Այդ տարի օդանավակայանից իրականացվեց վերջին չվերթը։
Թեև օդանավակայանը չի գործում, տպավորություն է, թե այստեղ ամեն պահի պատրաստ են վայրէջք կատարող հերթական օդանավը դիմավորել։
Միայն թե նախկին սպասասրահն այժմ հյուրասենյակ է, տոմսարկղի սենյակում տիկին Անահիտը պահում է իր պահածոները, իսկ նախկին թռիչքուղին անգործության 28 տարիների ընթացքում մաշվել է ու խոտով ծածկվել։
1976 թ․ կառուցված թռիչքուղին ավարտվում էր Ամուլ սարի փեշերի տակ։ Տարիներ առաջ թռիչքուղու ծայրին եկեղեցի են կառուցել, ինչը հիմա գործնականում անհնար է դարձնում այս թռիչքուղում օդանավի վայրէջքները։
Ջերմուկի օդանավակայանի անկենդանությունը «կոտրում» է տերմինալի դիմաց խնամքով մշակված հողակտորը։ Մելսիկ Առաքելյանն այստեղ կարտոֆիլ է աճեցնում։
Պատշգամբի տակ լվացք է փռած, բակում մեղվի փեթակներ են, թռիչքուղու կողքին ինքնաշեն գոմ է։ Գյուղատնտեսությունն այժմ այս ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է։
«Ես մինչև այսօր ինձ օդանավակայանի պետ եմ համարում, որովհետև ինձ ոչ ոք չի հեռացրել։ Օդանավակայանը փակվել է, ես մնացել եմ առանց գործի»,- ասում է Մելսիկ Առաքելյանը։
«Ամեն հիշելիս ինձ թվում է, թե դեռ կարող է նորից աշխատեմ, չնայած չեմ հավատում։ Նախ օդանավակայան չեն կառուցի, երկրորդն էլ, եթե կառուցեն, ինձ այլևս աշխատանքի չեն ընդունի․ 70-ն անց եմ»,- հուսահատ ասում է Առաքելյանը։
Նախագծերն այդպես էլ մնացին թղթի վրա
1980-ականներին պլաններ կային թռիչքներ իրականացնել Ջերմուկից ռուսական Միներալնիե Վոդի և Կրասնոդար քաղաքներ։ Սակայն անկախության վերականգնման հետ չեղարկվեցին անգամ դեպի Երևան չվերթները։ Անարդյունք ավարտվեցին Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ սակավ քննարկումները։
2009 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը երկրի ղեկավարությանն էր ներկայացրել Ջերմուկի օդանավակայանի տարածքում կառուցապատումների իրականացման նախագիծ։ Չշահագործվող օդանավակայանի տարածքում նախատեսվում էին հանգստի, զվարճանքի և հյուրանոցային համալիրներ, ինչպես նաև` շախմատի կենտրոն և ձմեռային սպորտաձևերի մարզադաշտ։

1990-ին Մելսիկ Առաքելյանը սեփականաշնորել է փակված օդանավակայանի շենքը, և այժմ այն առանձնատուն է։ Սեփականատերը ցանկանում է շենքի տարածքում հյուրատուն կառուցել, սակայն առայժմ դրա հնարավորությունը չկա։
Մինչ այդ Ջերմուկի օդանավակայանի շենքը շարունակում է մնալ Հայաստանի մեկ տասնյակից ավելի չշահագործվող օդանավակայաններից վերջինը, որում դեռ կենդանության շունչ կա։