«Աղբյուրակ» զբոսայգին բարենորոգման ճանապարհին է

Հրազդան քաղաքի ամենամեծ հանրային տարածքը հնարավորություն է ստացել դառնալու քաղաքի նոր այցեքարտը։
Կիմա Պետրոսյան
Տեքստ
Անահիտ Կարապետյան
Տեքստ
Միլենա Հովհաննիսյան
Լուսանկարներ
Հրազդանի Աղբյուրակ թաղամասում գտնվող զբոսայգին ժամանակի ընթացքում դարձել է անմշակ հողակտոր։ Նոր նախագիծը, որը մշակվել է բնակիչների անմիջական մասնակցությամբ, կարող է կյանքի կոչել քաղաքի լքված հանրային տարածքը։
«Աղբյուրակ» զբոսայգին մեծությամբ երկրորդ զբոսայգին է Հրազդանում։ Սովետական տարիներին կառուցված այգուց գրեթե ոչինչ չի մնացել, պահպանվել է միայն տարածքը։ Լքված տարածքում կարելի է հանդիպել թափառող շների, արածող կովերի։ Զբոսայգին գտնվում է ճամփեզրին, բայց երբ մի քանի քայլ մոտենում ենք` քաղաքի աղմուկն անլսելի է դառնում։ Զբոսայգու որոշ հատվածներ նույնիսկ անմխիթար վիճակում ուշադրություն են գրավում անգամ ցուրտ և անձրևային օրերին։

Գլխավոր հուշարձանի մոտ գտնվող խճանկարը, անձրևից թրջվելով, ավելի արտահայտիչ էր դարձել։ Ջուրը նոր շունչ էր տվել հուշարձաններին և դրանց դետալներին։ Այգուն կարծես հենց սա է պակասում` կենսատու «ջուրը», այսինքն՝ բարեկարգումն ու վերականգնումը։ Բայց ամենանկատելին մարդկային շարժի ու ակտիվության բացակայությունն է։ Յուրահատուկ ճարտարապետությամբ նախագծված զբոսայգին, որը տեղաբնակները կոչում են նաև Արևային ժամացույցի այգի, այսօր մոռացվել է։
Աղբյուրակի զբոսայգին Հրազդան քաղաքի հիմնական հանրային տարածքն է։ Գտնվում է համանուն ջրամբարի հարևանությամբ, զբաղեցնում է 3,78 հա (0,0378 կմ) տարածք։

Թանգարանագետ-փորձագետ Արմեն Այվազյանը պատմում է զբոսայգու և հարևանությամբ գտնվող արհեստական ջրամբարի մասին։ Ըստ նրա ուսումնասիրությունների՝ Հրազդանի ջրամբարի կառուցումն սկսվել է 1953 թվականից։ 1959 թվականին այն հանձնվել է շահագործման։ Արհեստական ջրամբարը կառուցվել է Ծովինար լճից վերև՝ Հրազդան գետի հունի վրա։ Բացի հոսանք ստանալուց այն օգտագործվել է նաև ոռոգման նպատակով։
Հրազդան քաղաքի Աղբյուրակ զբոսայգին, 1986թ
«Հրազդանի գործկոմը որոշել էր, որ ջրամբարի տարածքը և գեղեցիկ լանդշաֆտը հարմար են հանգստյան գոտի ստեղծելու համար։ Մինչև 1970֊ական թվականները օղակաձև զբոսայգու տեղանքում առանձնատներ էին։ Թե երբ է ջրամբարի մոտ կառուցվել զբոսայգին, ստույգ հայտնի չէ», - պատմում է Արմեն Այվազյանը։

Փորձագետը արխիվային փաստաթղթերի ապարդյուն փնտրտուքից ու այդ տարիների մամուլը ուսումնասիրելուց հետո եզրակացրել է, որ այգին ստեղծվել է 1970 կամ 1975 թվականներին և նվիրված է Հայաստանի խորհրդայնացման որևէ տարեդարձի։ Եթե 1970 թվականին, ապա այն նվիրված է եղել 50-ամյակին, իսկ եթե 1975 թվականին, ապա, համապատասխանաբար, 55-ամյակին։ Արմեն Այվազյանը կարծում է, որ հին առանձնատներից մեկում մինչև բանտարկվելն ու մահանալը մեկ ամիս թաքնվել է Եղիշե Չարենցը ընտանիքի հետ։
Զբոսայգու մուտքը զարդարել է «Արևային ժամացույց» աշտարակը։ Ժամացույցի աշտարակաձողի վերևում գունդ կա, որտեղից արևի ճառագայթներն ընկնում են խճանկարի վրա։ Խճանկարում պատկերված են աստղակերպի 12 նշանները, նշված են շաբաթվա օրերը և ամիսները։

«Այգու հուշարձանը, արևային ժամացույցը և մի քանի այլ հուշարձաններ չկան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական պաշտպանության ցուցակում։ Որպես թանգարանագետ-հուշարձանագետ, հետազոտող և համայնքապետարանից իրավասու անձ՝ բազմաթիվ գրություններ եմ ուղարկել, որպեսզի այդ ամենին տրվի նորահայտ հուշարձանի կարգավիճակ, ինչպես նաև հուշարձաններն առնվեն պետության և համայքի հոգածության տակ», - ասաց Արմեն Այվազյանը։
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Լուսանկարը՝ Միլենա Հովհաննիսյանի
Լուսանկարը՝ Միլենա Հովհաննիսյանի
Լուսանկարը՝ Միլենա Հովհաննիսյանի
Աղբյուրակի ջրամբարին կից գործում է նաև Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թիավարության և կանոեի խմբակը։

Մարզիչ Սևակ Ավետիսյանը պատմեց, որ թիավարությունը Հրազդանում տարածվել է 1980-ականներից։ Այն նոր թափ է առել 2016 թվականին, երբ Կոլյա Պետրոսյանի նախաձեռնությամբ հիմնվեց նոր և ավելի հարմարավետ մարզաբազա։ Թիավարության մարզիչ Կոլյա Պետրոսյանը զոհվեց 44֊ օրյա պատերազմի ժամանակ։
Սևակ Ավետիսյանի խոսքով՝ ամռանը «Ծովինար» ջրամբարում են մարզվում (զբոսայգու հարակից տարածքի ջրամբարն է), իսկ ձմռանը մարզվում են դպրոցում հատուկ մարզասարքերով՝ պահպանելու ընդհանուր ֆիզիկական մարզավիճակը։
Խմբակում կան մարզիկներ, որոնք արդեն Հայաստանի պատանիների հավաքականում են հանդես գալիս։
Զբոսայգու հետ կապված Ձեր ամենավառ հիշողությունը
Հիշողություն 1
Քրոջս 3 տարեկան երեխան կորել էր:Մեր փնտրտուքների և սթրեսների արդյունքում պարզվեց,որ մեր աղջնակը որոշել է միայնակ գնա և ուսումնասիրի ժամացույցը:
Հիշողություն 2
Մեր քաղաքի հյուրերին առաջին անգամ զբոսայգի բերելը, ուսանողներիս հետ այստեղ բացօթյա դասեր անցկացնելը, օտարերկրյա զբոսաշրջիկների հերթական այցի ժամանակ նրանց մասնակցությունը մաքրության աշխատանքներին։
Հիշողություն 3
Երբևէ չեմ այցելել և չեմ ցանկացել։ Բացի ժամացույցից ոչնչով աչքի չի ընկնում։ Ծնողներիցս տեղյակ եմ, որ նախկինում հաճելի զբոսայգի է եղել։
Հիշողություն 4
Մի սեզոն կար, երբ ծառերից բամբակի պես թեփեր էին թափվել կամուրջի մոտի ճանապարհին, ամբողջը սպիտակ, փափուկ, շքեղ տեսարան էր։
1990-ականներին Հայաստանում այլ հանրային տարածքների պես Աղբյուրակի զբոսայգու տարածքը նույնպես երկարատև վարձակալությամբ տրվեց։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ Արևային ժամացույցի զբոսայգու վարձակալության պայմանագիրն ավարտվել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին, և ներկա պահին զբոսայգին վարձակալ չունի:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում Կոտայքի ինֆոտունը կազմակերպեց Աղբյուրակի զբոսայգու բարեկարգման վերաբերյալ առցանց հարցում և հանրային քննարկում։
Առցանց հարցման արդյունքները
Հարցման արդյունքների համաձայն՝ Հրազդանի բնակիչների մեծ մասը ցանկանում են, որ տարածքը բարեփոխվի՝ առանց բնությանը վնաս հասցնելու։ Համակարծիք են նաև բարեկարգման անհրաժեշտության հարցում։ Լքված ու անբարեկարգ տարածքը որևէ կերպ չի պահպանվում, դրա համար էլ բարձիթողի և խոտածածկ տարածքը դարձել է կովերի արոտավայր։
Հանրային քննարկման արդյունքները
Հանրային քննարկման ժամանակ մասնակիցները բաժանվել են խմբերի և համատեղ որոշել են զբոսայգու ապագա տեսքը։ Հարցումների և քննարկումների ընթացքում հավաքագրած տեղեկության և այգու առկա վիճակի ուսումնասիրության հիման վրա TL Bureau ճարտարապետական ստուդիան պատրաստել է Աղբյուրակի զբոսայգու բարեկարգման նախագիծ-առաջարկը։

Հայեցակարգում կարևոր տեղ ունեն տեղի հիշողությունները, բնակիչների առկա կարիքներն ու տարածքի հուշարձանները։

Այգում գտնվում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած աղբյուրակցիների հիշատակին նվիրված հուշակոթողը, համայնքային հուշարձան հանդիսացող խաչքարը, որը նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին, և հուշաքար` նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Նախագիծ-առաջարկը ներկայացվել է Հրազդան համայնքի ղեկավարին՝ բարեկարգման հետագա աշխատանքների համար։

Ընթացիկ և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ 2020 թվականին Աղբյուրակ թաղամասում գտնվող զբոսայգում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, անցկացվել է լուսավորության համակարգ, տեղադրվել են աղբամաններ և նստարաններ:

Ինչպես հայտնեցին համայնքապետարանից, Հրազդան համայնքը նախատեսում է համայնքի հնգամյա ծրագրերում ներառել զբոսայգու բարեկարգման աշխատանքներ ավելի լայն ծավալներով: Ֆինանսական Նախատեսվում է զբոսայգու աշտարակի վրա տեղադրել նոր ժամացույցներ: Կդիտարկվեն նաև այգու արդիականացման նախագիծ- առաջարկները:
~