Փամբակի լեռնաշղթայի լանջերին փռված Ծաղկունքը ժամանակին մնացել էր խորհրդային տնտեսության անկման «փլատակների» տակ: Ոչ վաղ անցյալում ծաղկունքցիները աշխատում էին մոտակա Գագարին գյուղի գործարաններում, սեփական համայնքի կոլխոզներում և սովխոզներում: Այսօր 1 100-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում նոր ենթակառուցվածքներ են զարգանում` ավանդական հայկական գյուղը վերածելով զբոսաշրջության կենտրոնի: Ծաղկունք է այցելել նույնիսկ Միշլեն աստղ ունեցող շեֆ խոհարարը:
Ծաղկունքը և գետը
Գյուղի տարածքում եղած ամրոցների, հնագույն բնակավայրի ու դամբարանադաշտերի առկայությունը վկայում են այստեղ հնագույն բնակավայրի գոյության մասին: Ուշ միջնադարում Ծաղկունքը տեսել է շահաբասյան բռնագաղթը, որոշ ժամանակ լքվել։
Այսօրվա Ծաղկունքի բնակիչների նախնիների մեծ մասը այստեղ է տեղափոխվել Պարսկահայքի Մակու գավառից 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Վարաժնունիք գավառն անցավ Ռուսական կայսրությանը, և թույլատրվեց պարսկահայերի հաստատումն այստեղ: Նոր բնակիչները նոր կյանք տվեցին գյուղին։
Գյուղի պատմությունը սերտ կապված է Հրազդան գետի` Զանգուի հետ, որը հոսում էր գյուղի հարավային սահմանով։ Մակու քաղաքով նույնպես հոսել է Զանգմար գետը: Ազգաբան Գոհար Ստեփանյանի կարծիքով, թերևս գաղթականների համար Զանգուն այստեղ բնակավայր հիմնելու որոշիչ հանգամանք է եղել։
«Զանգուն մեծ դեր ուներ գյուղի և հարևան գյուղերի զարգացման և պատմության մեջ ընդուպ մինչև 1980թ-ը, երբ գետի մի մասը մտցվեց Սևան-Հրազդան կասկադի մեջ: Գետը այս հատվածում թաքնվեց խողովակի մեջ։ Ըստ էության, գետը խլվեց տեղի բնակավայրերից», - ասում է ազգաբանը։
Ոռոգումը շարունակում է մնալ գյուղի ամենամեծ խնդիրներից: Պոմպակայանը, որը թույլ էր տալիս ջրել գյուղի դաշտերը, շարքից դուրս եկավ մոտ 30 տարի առաջ: Գյուղացիները կարողանում են ջրել միայն այն հողերը, որտեղ ջուրը հասնում է ինքնահոսով։
Արմեն Կարապետյանի ընտանիքը դեռ 90-ականներին շինարարական աղբից մաքրեց գյուղի հարավում գտնվող դաշտի մի հատվածը և հիմա այստեղ կարտոֆիլ է աճեցնում: Նրա խոսքով, ժամանակին գյուղը ջրամուղով կապված էր Գավառի հետ, սակայն 90-ններին խողովակները փչացան և թալանվեցին:
«Մինչև 80-ակաները, երբ Հրազդան գետն էր հոսում դաշտի հարևանությամբ, պոմպակայանը դեռ շարքից դուրս չէր եկել, ջրի խնդիրը այդքան սուղ չէր։ Իսկ այսօր գյուղում նույնիսկ խմելու ջուր չկա: Հին ժամանակների պես աղբյուրից ջուր ենք կրում, այն ժամանակ, երբ սարի աղբյուրներից հնարավոր է խողովակով ջուր հասցնել գյուղացիների տներ», - նեղսրտում է Արմեն Կարապետյանը։
«Գագարին» նախագիծ
Ծագումով Ծաղկունքից Աղաջանյանների ընտանիքը 2000-ականների սկզբին հիմնեց «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը, որն այսօր իրականացնում է Գագարին նախագիծը։
Այս նախաձեռությունը նպատակ ունի մշակել համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի համար:
«Գագարին նախագիծը» մշակում է համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի համար:
«Գագարին նախագիծը» մշակում է համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի համար:
Հաճախ Հայաստանում կարելի է հանդիպել մի երևույթի, երբ քաղաքի կամ գյուղի բնակիչ, ֆինանսական հաջողության հասնելով, հայրենի բնակավայրին ու տեղացիներին շնորհակալ է լինում ֆինանսական աջակցությամբ և սեփական ճաշակով տարածքում նորարարություններով։
Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի
Ծաղկունքի կենտրոնում
Գագարին նախագծի շրջանակում իրականացվող պիլոտային նախագծերից մեկը` Ծաղկունք համայնքի կենտրոնի վերակառուցումն է, որը կձևավորի գյուղական յուրահատուկ հրապարակ։ Այստեղ բացի ռեստորաններից և հյուրատներից կգործի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, քո-վորքինգ տարածք (co-working) և համայնքային հավաքատեղիներ (վարսավիրանոց, խանութ-սրճարան, մեծահասակների խաղասրահ)։
Գյուղամիջում՝ նախկին կոլխոզի ճաշարանի շենքում, գործում է նորաբաց «Ծաղկունք» ռեստորան և գլխատունը, որի ճաշացանկը շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը կազմել է տեղի բնամթերքի հիման վրա։
Վերջերս այստեղ է հրավիրվել միշլենյան շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդը, որն իր թիմով հայկական խոհանոցի ուտեստների սեփական մեկնաբանությունն է ստացել։ 16-ամյա Գևորգ Մկրտչյանը յուրաքանչյուր օր դասերից հետո գալիս է խոհանոցում խոհարարի օգնական աշխատելու համար։
«Մինչև վերջերս գյուղում կային կարատեի ու ֆուտբոլի խմբակներ։ Տղաներով սպորտով զբաղվում էինք, սակայն դրանք փակվեցին։ Զբաղմունք չկար, համադասարանցիներով սկսեցինք օգնել ռեստորանի շինարարությանը», - պատմում է Գևորգը։
Որոշ ժամանակ անց պատանին սկսեց աշխատել ռեստորանում որպես մատուցող, հետո, մեկ ամիս տեղում ուսուցում անցնելով, աշխատանքի անցավ խոհանոցում։
«Գյուղում դասերից հետո առանջնապես անելու բան անելու չկա, եթե չես աշխատում, սպորտային խմբակներ չկան, մնում է առավելագույն դեպքում դաշտից անասունների հոտը քշել հետ դեպի տուն», - հավելեց Գևորգը։
«Ծաղկունք» ռեստորան և գլխատան հարևանությամբ կա 19-րդ դարում կառուցված և այսօր վերականգնված գլխատուն: Գլխատունը հին Հայաստանի լեռնային ու նախալեռնային շրջաններում տների գլխավոր հատվածն էր, որը միաժամանակ ցերեկային կացարան, ննջարան, խոհանոց և ճաշասենյակ էր։
Խորհրդային տարիներին գյուղամիջի գլխատունը կոլխոզի պահեստ էր, իսկ հետխորհրդային շրջանում դարձել էր կիսափլված և շինարարական աղբով շրջապատված վայր։ «Դար» հիմնադրամի պատվերով գլխատունը վերանորոգվեց և այժմ գործում է որպես ռեստորանի մի մաս, որտեղ հյուրերը ծանոթանում և անմիջական մասնակցություն են ունենում տեղի կենցաղին և ավանդույթներին։
Վերականգնողական աշխատանքների ընթացքում պարզվեց, որ գլխատանը կա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված թոնիր, այսինքն, այն դեռ երկար ժամանակ ծառայել է որպես թոնրատուն։
Մեկ այլ գաստրովայր` «Ծաղկունք» հյուրատուն-ռեստորանը հիմնել է շեֆ-խոհարար Յուրա Սարգսյանը, որը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի անդամ է:
Յուրա Սարգսյանը հյուրերին ներկայացվող ուտեստները պատրաստում է այնպես, ինչպես պատրաստել են այս գյուղում ապրած իր նախնիները։ Գյուղի խոհանոցում մեծապես կիրառվում են սարերից հավաքած բուսատեսակները, որոնք տեղացիները ոչ միայն տապակում են, այլև՝ մարինացնում։ Յուրա Սարգսյանը առաջ է գնացել, տեղի կովերի կաթից ու սարերում աճող ուտելի խոտերով պատրաստում է նաև կծու և համեմված պանիրներ։
Գյուղի շատ բնակիչների պես Արմեն Կարապետյանի կինը՝ Գոհար Գարեգինյանը, ընտանիքի մյուս կանանց հետ տարիներ շարունակ թե հաց, թե արիշտա են թխել տան փռում։ Նրանց հացն ու արիշտան սկզբում պահանջված էր միայն հարևանների կողմից։ Մի քանի տարի առաջ տան դիմաց կառուցած փուռ-խանութի օղակաձև հացն ու արիշտան այսօր արդեն սպառվում է թե տեղի նորաստեղծ ռեստորանում, թե՝ Երևանում և Դիլիջանում։
Հեքիաթներ գլխատանը
«Գագարին» նախագծի շրջանակներում Ծաղկունքի և հարևան համայնքի տների ուսումնասիրելու արդյունքում պարզվեց, որ այստեղ կա երեսունից ավելի գլխատուն։ Դրանք պահպանվել են մետաղական ծածկի շնորհիվ, թեև այսօր օգտագործվում են այլ նպատակներով՝ հիմնականում որպես անասնագոմ կամ պահեստ։
Ճարտարապետ Դավիթ Նահատակյանի խոսքով, խորհրդային շրջանում բոլոր տները ձևափոխվել են։ Նախ, երդիկները վերանորոգելու համար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր կավահող լցնել, ինչը աշխատատար էր: Այդ պատճառով տունն ամբողջությամբ ծածկվում էր շիֆերային տանիքներով, իսկ գլխատան տարածքը ներառվում էր բնակելի համալիրի մեջ։
Քանի որ Գեղարքունիքը փայտով հարուստ չէ, գլխատների հազարաշեն տանիքները հաճախ օգտագործել են որպես վառելափայտ։
«Վերակագնման ընթացքում երկու գլխատուն քանդվեց նույն պատրվակով։ Սակայն աշխատանքներից հետո, երբ զբոսաշրջիկների համար այն գրավիչ դարձավ, գյուղի այլ բնակիչներ սկսեցին գնահատել իրենց գլխատունները», - բացատրում է ճարտարապետ Դավիթ Նահատակյանը։
Այսօր գյուղում պահպանված և բնակիչների կողմից օգտագործվող գլխատներից մեկը պատկանում է Անդրիաս Ավետիսյանի ընտանիքին: Անդրիասը հինգ տարեկան էր, երբ ծնողները 1945 թվականին գնեցին այս տունը:
Ժամանակի ընթացքում հազարաշեն երդիկ ունեցող սրահով գլխատունը համալրվեց կցակառույցներով։ Սակայն, երբ գյուղի կենտրոնում վերականգնվեց մեծ գլխատունը՝ դառնալով միջոցառումների անցկացման վայր, Ավետիսյանների ընտանիքը նույնպես որոշեց բարեկարգել իրենց գլխատունը։
Ծովինար Բելյաեվան՝ Ավետիսյանների երիտասարդ հարսը, իրենց գլխատան բարեկարգման նախաձեռնողն է։ Նա ընդգրկվել է գյուղի գլխավոր գլխատանը իրականացվող «Տատիկի հեքիաթները» նախագծում, որը «Հազար ու մի հեքիաթ Ծաղկունքում» նախագծի մի մասն է։
«Տատիկի հեքիաթները» ծրագիրը դպրոցում ավանդական է․ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի գյուղի տատիկները գալիս էին դպրոց՝ հերթով երեխաների համար հեքիաթներ կարդալու։ «Դար» հիմնադրամից առաջարկեցին լայնացնել ծրագիրը, որը թույլ կտա գյուղի հյուրերին մասնակիցը դառնալու գյուղի այս ավանդույթին և հրավիրեցին դպրոցի ծնողներին միանալ դրան», - պատմեց Ծովինարը։
Ըստ ազգաբան Գոհար Ստեփանյանի, խորհրդային տարիներին Ծաղկունքում զարգացած էր հեքիաթասացությունը, բեմականացումները, որոնց մասնակցել են մեծ ու փոքր, պաշտոնյա ու հասարակ գյուղացիներ։ Տեղի բանասացները, բացի կուլտուրայի տնից, հավաքվում էին «Դավթի կտուրին» կամ գոմի օդայում (սենյակում) թատերական ներկայացումներ, բանավոր խոսքի, ասացվածքների մրցույթներ կազմակերպում։
«Հազար ու մի հեքիաթ Ծաղկունքում» նախագծում ներգրավված են դպրոցի աշակերտները, հարսներն ու տատիկները: Ժողովրդական հեքիաթների, երգերի միջոցով պատմում են նախնիների կենցաղի մասին, իսկ ժողովրդական հեքիաթի տարածման շնորհիվ՝ նպաստում ազգային ծեսերի ու գյուղի հին ավանդույթների պահպանմանը։ Գլխատան այս նախագծի շրջանակներում իրականացվում են նաև հեքիաթի ուսուցման, լավաշի թխման, թոնրի ու գործիքների մասին պատմող միջոցառումներ թե տեղացիների, թե հյուրերի համար։
Բացահայտելով միջնադարի հետքերը
Ծաղկունքի 19-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին, ճարտարապետ Դավիթ Նահատակյանի խոսքով, Հայաստանում պահպանված փայտաշեն կոնստրուկցիաներով ամենամեծ նմուշներից մեկն է։ Եկեղեցու պատի շարվածքը նման է վերականգված գլխատան շարվածքին և փայտային համակարգին, այսինքն, նույն շինարարական նյութերով է կառուցվել։
«Սակայն եկեղեցու կողքը առկա բազմաթիվ խաչքարերը և պատի մեջ ներկառուցված խաչքարը միջնադարի ժամանակաշրջանի են, ինչը վկայում է, որ նախկինում այստեղ եղել է ավելի հին եկեղեցի։ Ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գաղթականները, այստեղ գալով, բնակեցվել են նախկինում բնակեցված տարածքում», - բացատրում է Նահատակյանը։
2022 գարնանը մասնակի պեղումները կպարզեն, թե ինչպիսի կառույց է ժամանակին եղել այս եկեղեցու տեղում։ Նոր զբոսաշրջային սեզոնի նախաշեմին, պեղումներին զուգահեռ կտրվի եկեղեցու վերականգնման մեկնարկը։
~
Հոդվածը պատրաստվել է «Գերմանիկա» փիար-ընկերության հետ համագործակության շրջանակներում։