«Ցավոք, մարդիկ միայն շենքերի ստվերում կանգնած են խոսում, անգամ ինչ-որ խնդրի վերաբերյալ որ ստորագրություններ են հավաքում, ասում են` մեր ստորագրությունը չերևա: Բայց խնդիրները լուծվում են, եթե դրանց մասին խոսում ենք: Անցած տարի` սեպտեմբերին, աղբահանության մեքենաների հետ կապված խնդիր կար, մեր ՀԿ-ի բլոգում նյութ հրապարակեցի, հարցը լուծվեց: Մեքենաները հրապարակում էին կանգնում, տեղ գտան ու տեղափոխվեցին»,- պատմում է Դավթյանը:
Նա հավելում է, որ անցած ամռանը նաև կոմունալ ծառայության մոնիտորինգ են իրականացրել. «Դրանից հետո ամեն օր զանգում են ու տեղեկացնում, որ իրենց գործն արել են, ավելին` կիրակի օրերն էլ են աշխատում: Պահանջատիրությունն օգնում է, հանրային վերահսկողությունն ազդում է որոշումների կայացման վրա, արդյունքներ տալիս է»:
Քաղաքացիական հասարակության և տեղական իշխանությունների համագործակցության արդյունքում ստեղծված հարթակը ապահովում է արդյունավետ պայմաններ Մարտունու զարգացման համար, որի մեջ առանցքային նշանակություն ունի մասնակցային բյուջեի ձևավորումը: