Շուշիի Գոհարի վերադարձը

Վերակառուցումից հետո Շուշիում վերաբացվեց Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը:
  • Ուրբանիստայի խմբագրություն
Արցախի հայտնի ժայռի սարահարթին փռված Շուշի քաղաքը դարեր ի վեր շատերի համար համեղ պատառ է եղել: Քաղաքի նախաքրիստոնեական և քրիստոնեական հարուստ անցյալից բացի նախորդ երեք դարերում այստեղ իրենց հետքն են թողել նաև շիա-մուսուլման խաները, որոնց տիրապետության խորհրդանիշն է քաղաքի կենտրոնում գտնվող Գոհար տիկնոջ վերին մայր մզկիթը:
18-րդ դարի սկզբին, երբ Փանահ Խանը հայտարարվեց Շուշիի տերն ու տիրակալը, փոքրիկ բնակավայրն սկսեց ստանալ բերդաքաղաքի տեսք, և հայ բնակչության հարևանությամբ առաջացավ նաև թաթարական բնակչություն: Արդյունքում քաղաքի զարգացման պատմությունն ընթացավ քրիստոնեական և մուսուլմանական թաղամասերի կազմավորմամբ:
Սպանվում է Իբրահիմ խանը, և բերդաքաղաքում
հաստատվում է ռուսական տիրապետություն։
Որպես երկրորդ շրջանի առանձնահատկություն
նշվել է Շուշիում տնայնագործության,
արհեստների և առևտրի զարգացումը:
Հայ-թաթարական բախումները, երբ
քաղաքի բնակչության քանակն էականորեն
ավելանում է, ինչը համարվում է Շուշիի
տնտեսական ու մշակութային աճի
գագաթնակետ:
Փանահ խանը հաստատվեց Շուշիի բերդում,
և այն իր հարակից տարածքով ստացավ
Փանահաբադ անունը:
Քաղաքն աստիճանաբար կայուն առևտրական հարաբերությու-ններ է սկսում անդրկովկասյան, ռուսական և այլ շուկաների հետ,
ու, տնտեսական աճին զուգահեռ, մեծանում է նաև բնակչության քանակը:
Շուշի քաղաքը զգալի չափով կորցնում է իր
տեսակարար կշիռը Անդրկովկասում և գնում
դեպի լիակատար անկում:
Խորհրդային փուլ:
Շուշիի ազատագրումից ի վեր:
Մինչև
1750-ականներ
1750-ականներից –
1806թ.
1806-
1850-ականներ
1850 - 1905թ.
1905-1920թթ.
1920-1990թթ.
1992-ից ի վեր
Շուշի քաղաքի պատմության տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ հայտնի պատմաբան Ռ. Տեր-Գասպարյանը 1993թ. հրատարակած «Շուշի» գրքում քաղաքի՝ մինչև 20-րդ դարի պատմությունը բաժանել է 4 շրջանի, որոնց հաջորդում են ևս երեք շրջան։
Շուշիի պատմության յոթ աստիճանները
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում 2014թ-ին նախաձեռնվեցին Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները: Ծրագրերի նպատակն է պահպանել Շուշի քաղաքի պատմամշակութային ժառանգությունը` որպես հայ ժողովրդի պատմության անբաժանելի մաս:


Մզկիթի վերականգնման աշխատանքների շրջանակներում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտա-հետազոտական խումբը, Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ, ուսումնասիրություն էր կատարել: Ուսումնասիրության հիման վրա «Շուշիի Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը» հրապարակման մեջ նշվում է, որ 19-րդ դարի ազգագրագետ Մակար Բարխուդարյանցն իր նշանավոր «Արցախ» աշխատանքում նկարագրում է Շուշիի հայկական և մահմեդական քաղաքային միջավայրերը:
Շիա-մահմեդականները բնակվում էին քաղաքի ստորին մասում: Բնակչության մեծամասնությունը քաղաքի վերին հատվածում բնակվող հայերն էին, որոնք ունեին չորս եկեղեցի` Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց և Նոր եկեղեցիներ, նաև Կուսանաց անապատ։ Շուշիի մուսուլմանները հիմնականում այստեղ էին տեղափոխվել Թավրիզից, Ջուլֆայից, Շիրվանից, Յաղլավանդից, Մուղանյան հարթավայրից։ 19-րդ դարում արդեն ձևավորվել էր մուսուլմանական ազգաբնակչություն, և իսլամական կառավարիչները կառուցել էին մզկիթ, համամ [բաղնիք], իջևանատուն, շուկա։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը պատմում է, որ մինչ շինարարական աշխատանքները սկսելը Վերին մզկիթի տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ:

Արդյունքում մեդրեսեի շենքի առաջին հարկի տակ հայտնաբերվել է վաղ միջնադարյան դամբարան, իսկ բուն մզկիթի հիմքերը ամրակայելիս ի հայտ է եկել այլ կառույցի խորը հիմք: Հնագիտական հետազոտությունները շարունակվելու են:
Շուշիի գլխավոր մզկիթը կառուցված էր քաղաքի մուսուլմանական հատվածի երեք հրապարակների՝ Հողե, Դիվանատան և Մեյդանի հատման կետում: Մեծ մայր մզկիթը քարով և կրով կառուցվել էր 1768-1769թթ․, իսկ 1864-1865թթ․ Իբրահիմ խանի դուստր Գոհարը մզկիթը նորոգել և երկու հոյակապ մինարեթ էր ավելացրել: Այդպես «Ուրբաթօրյա մզկիթի» անվան մեջ ավելացավ Գոհար տիկնոջ անունը: Ի դեպ, Մակար Բարխուդարյանցի ուսումնասիրության մեջ նշված է, որ Գոհարը բավական տարածված անուն էր Շուշիի թաթարների շրջանում։

Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքներին մասնակցած ճարտարապետ Վազգեն Սեդրակյանը նշում է, որ բուն մզկիթից, մեդրեսեից և բակից բաղկացած համալիրը գտնվում է քաղաքի բանուկ հատվածում, որտեղ ակտիվ վերականգնման աշխատանքներ են ընթանում: Մինչև վերջերս մզկիթն ավելի լավ վիճակում էր, քան մյուս շինությունները. պահպանվել էին տանիքը, ծածկերը:

Ճարտարապետի գնահատմամբ, մզկիթի շենքն ուներ խնդիրներ՝ չկային առաջին և վերին հարկերի հատակները, քայքայված էին գմբեթների աղյուսաշարերը: Մեդրեսեի շենքը նույնպես վնասված էր՝ բացակայում էին տանիքը, միջհարկային ծածկը:
«Մզկիթն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասում, որի վերականգնումը էապես կնպաստի Շուշիի պատմական տեսքի վերականգնմանը և պահպանմանը: Հայկական Շուշիում վերականգնված և պատշաճ տեսք ստացած հուշարձանը նախ և առաջ հարգանքի դրսեւորում է մեր պատմության ու մշակույթի նկատմամբ, ինչպես նաև հարգանքի վերաբերմունք է այն կրոնի ու մշակույթի նկատմամբ, որին տվյալ հուշարձանը պատկանում է», - նշեց Րաֆֆի Պաղճեանը ։

Մզկիթում կատարվել են վերականգնման աշխատանքներ, իսկ մեդրեսեի շենքում իրականացվել է վերակառուցման նախագիծ: Խորհրդային տարիներին այստեղ գործում էր թանգարան: Պատմական լուսանկարների շնորհիվ հնարավոր եղավ վերադարձնել մեդրեսեի պատմական տեսքը:
Պատերազմը մեծ հետք էր թողել շինության ներքին հարդարման վրա: Բացի դրանից, մզկիթի մինարեթի վերին մասերը տուժել էին փոթորիկից և քամուց: Մզկիթի հետնամասի բարեկարգված հատվածում հիմա այգի է կազմակերպվում, նորոգվել է բակի սալահատակը:

«Նախնական ուսումնասիրության և նախագծման աշխատանքներում ներգրավված էին Արցախի, Իրանի ներկայացուցիչներ։ Իսկ արդեն վերականգնման աշխատանքներում հայ կոնստրուկտորների հետ աշխատում էին նաև Միլանի պոլիտեխնիկի մասնագետները, քանի որ շենքը աղյուսից էր, իսկ նրանք մեծ փորձ ունեն աղյուսե շինությունների վերականգման աշխատանքներում: Արդյունքում կիրառվեցին բավականին հետաքրքիր լուծումներ, ինչը մզկիթի շենքում թույլ տվեց ազատվել բետոնային աշխատանքներից` սահմանափակվելով հիմնային մասում ուժեղացումներով, և շենքի կոնստրուկցիան մնաց ինչպիսին, որ կար», - պատմում է Վազգեն Սեդրակյանը:

Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):
Արխիվային լուսանկարների շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել մզկիթի արտաքին տեսքը, սակայն լուսանկարների բացակայության պատճառով հնարավոր չէր նույն կերպ վերարտադրել շենքի ներսը։ Այդ պատճառով մզկիթի ներքին հարդարանքում տիպիկ զարդանախշերը բացակայում են, կոնսերվացված վիճակում պահպանվել են արձանագրությունների պատառիկները։ Ի դեպ, մեդրեսեի շենքում գործելու է ցուցասրահ, որտեղ այժմ ներկայացված է մզկիթի պատմությանը վերաբերող ցուցադրություն:

«Մզկիթը վերակառուցվել է որպես հուշարձան: Այն չի գործելու որպես կրոնական կառույց: Մեր պատկերացմամբ համալիրը և հարակից բարեկարգված տարածքը, կարող է օգտագործվել գիտական և ակադեմիական շրջանակների կողմից՝ միջմշակութային, և արևելագիտության ոլորտներում պրակտիկ, կրթական և գիտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով», - տեղեկացրեց IDeA հիմնադրամի տնօրենը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կվերականգնվեն այդ թաղամասի մյուս կիսաքանդ կառույցները, և Շուշին կունենա պատմական տեսքով վերականգնված մի քանի թաղամաս:
Նյութը պատրաստվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից տրամադրած նյութերի հիման վրա։
~
Ավելին