Երիտասարդներին գրավելու և նրանց Ջերմուկ բերելու համար
Arm Events–ը,
Armenia Wellness & SPA Hotel-ը,
Visit Jermuk-ը կազմակերպում են գունագեղ
Color festival-ը, լինում են այլ փառատոններ, փորձում են զարգացնել էքստրեմալ տուրիզմը։
«Մենք նոր պրոդուկտ ենք առաջարկում` սառցամագլցումը, այստեղ ունենք ժայռապատեր, ունենք համապաատասխան գույք, վերապատրաստված մասնագետներ։ Կազմակերպում ենք նաև հեծանվային ձմեռային գավաթ դահուկավազքի ուղիներով, շատ էքստրիմ է, մարդիկ ուզում են փորձել», - ասում է Գալստյանը։
Ձմեռային տուրիզմի զարգացման համար Ջերմուկի համար լավ նախապայման է 2007 թվականին կառուցված ճոպանուղին, որի երկարությունը 1000 մ է: Ամենաբարձր կետը 2480 մ բարձրության վրա է, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: Ճոպանուղին ունի երկու սահուղի` 1450 և 1550 մետր երկարությամբ։
«Սահուղին սիրողական է, բայց մարդիկ գալիս են դրսից, նաև տեղացիներն են դահուկներով սահում։ Մենք ձմեռային փաթեթներ ենք պատրաստել, թե ի՞նչ կարելի է առաջարկել զբոսաշրջիկին ձմռանը։ Տուրօպերատորները վաճառում են մեր փաթեթները», - ասում է Նարեկ Միրզոյանը։
Այնուհանդերձ, Ջերմուկի զարգացման շուրջ խոսակցություններն ավարտվում են Ամուլսարի ու հանքի շուրջ քննարկումներով: Աողջարանային քաղաքի գոյությունը հարցականի տակ է դրվում։
«Երբ սկսվեցին հանքի մասին խոսակցությունները, Ջերմուկի տուրիզմի զարգացման վրա մի հատ սև գիծ քաշվեց։ Ես մի ծանոթ զբոսաշրջիկ գիտեի, որ գալիս էր ամեն տարի: Հիմա չի գալիս, մտնում է բուքինգում մեկնաբանություններ թողնում, որ այնտեղ հանք կա։ Թողնում է իր բացասական կարծիքը, նրան կարդում են նաև մյուսները, և այդպես շարունակ….», - ասում է Նարեկ Միրզոյանը։