Մարտունին` Հայաստանի
նոր խաչմերուկ


Ինտերակտիվ համայնքային բյուջե
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղին`
նոր ճանապարհ Մարտունիում զբոսաշրջության
զարգացման համար:

լրագրող <տեքստ>
լրագրող <ֆոտո / վիդեո >
Երբ հինգ տարի առաջ Սաթենիկ Մանուկյանին է զանգահարում հարազատներից մեկը, նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ զանգը նոր բիզնես սկսելու առիթ էր դառնալու:
«Մի անգամ ֆրանսիացի զույգ էր էկել Մարտունի: Փողոցում ինչ հարցրել են, ոչ ոք ոչինչ չի հասկացել: Մեր բարեկամներից մեկին են հանդիպել, նա էլ զանգել է տղայիս: Գիշերելու տեղ էին փնտրում, տղաս էլ հրավիրել էր մեր տուն: Բամիայով ճաշ հյուրասիրեցի, շատ գոհ էին: Առաջին հյուրերն իրենք էին»,- պատմում է 55-ամյա Սաթենիկ Մանուկյանը, ով այդ հյուրընկալությունից որոշ ժամանակ անց հիմնում է «Գրին Գեյբլս» (Green gables) հյուրատունը։

Մարտունեցիները Սևանի ավազան են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից 1830-ական թվականներին։ Այսօր էլ նրանցից շատերը դեռ ապրում են ալաշկերտցիների նիստուկացով։ Մարտունին հայտնի է իր հյուրասիրությամբ, Ալաշկերտի յուրահատուկ խոհանոցով:

Սաթենիկ Մանուկյանին նաև գեներով է փոխանցվել հյուրընկալությունը, խոհանոցին վարպետորեն տիրապետելը։ Ցույց տալով իր ձեռքով պատրաստած պահածոները՝ ասում է, որ մասնակցել է նաև խոհարարական դասընթացների, իսկ խոհանոցում ինչ էլ պատրաստում է՝ հիմնականում օգտագործում է սեփական հողամասում աճեցրած բանջարեղենը։

«Նաև մեր սարերից հավաքած բարիքներից եմ ունենում։ Թե՛ բուսակերի, թե՛ ցանկացած այլ ճաշակի համար պատրաստի ամեն ինչ ունենում եմ»,- ասում է նա:

Ինչպես շատ մարտունեցիների, այնպես էլ հյուրատան տիրուհու ավանդական ուտեստը կանեփով տոլման է, որը բուսական ուտեստ է ու պատրաստվում է հատուկ ընթացակարգով: Այն սովորաբար պատրաստել են մեծ կաթսայով Զատկին նախորդող Ավագ ուրբաթ օրը կամ ցուրտ եղանակին ու կերել մի քանի օր։



Սաթենիկը հիշում է «Գրին Գեյբլս»-ում հյուրընկալած գրեթե բոլոր հյուրերին, առանձնահոտւկ պատմում նրանցից յուրաքանչյուրի մասին։
 
 
 
 
«Հայր ու աղջիկը, որ որոշել էին 4 երկիր ճամփորդել, չեխ բժիշկներին, հեծանիվով ճամփորդող լեհ միլիոնատիրոջը…. Ասեցինք` սենց չի լինի, ու հյուրատունը գրանցեցինք որպես բիզնես։ Սիրում իմ գործը»,- ասում է նա։
 
 
 
 
Մասնագիտությամբ տեխնիկ-շինարար Սաթենիկ Մանուկյանը Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում խոհարարի սեզոնային աշխատանքի է անցել` ձմռան ամիսներին այնտեղ է աշխատում, մայիսից հոկտեմբեր, վերադառնալով Մարտունի, գործի է գցում հյուրատունը:
 
 
 
 
«Երբ արդեն բացել էինք, բիզնես դասընթացների էլ մասնակցեցի, ծրագիր գրեցի զուգարանների բարելավման համար, 800 եվրո գումար շահեցի։ Դասընթացների շնորհիվ սկսեցի մտածել որպես բիզնեսմեն, հիմա էնքան շատ բան գիտեմ, ինչը` որտե՞ղ ու ե՞րբ անել», - պատմում է իր գործին պատասխանատվությամբ մոտեցող հյուրատան տիրուհին:
 
 
 
 
 
 
 
 
«Գրին Գեյբլս»-ում առաջարկում են գիշերակաց ու նախաճաշ, ցանկության դեպքում` նաև ընթրիք: Հյուրատունը նախատեսված է առավելագույնը 9 հոգու համար, սակայն դա չի խանգարում, որ տարեկան ավելի քան 100 զբոսաշրջիկ ընդունեն աշխարհի տարբեր երկրներից և ոչ միշտ հայերի։
Սաթենիկ Մանուկյանի հարսը` Լիանա Հովհաննիսյանը, կարծում է, որ Մարտունին դեռևս ավելի շատ հարմար կանգառ է, քան զբոսավայր, սակայն իրենք աշխատում են փոխել այս միտումը:

«Ուզում ենք հետաքրքրել Մարտունի այցելող զբոսաշրջիկներին։ Եթե հնարավորություն լիներ, կուզեի տուրիստների հետ շփվող մարդկանց կրթենք, կարողությունները զարգացնենք, որպեսզի եկողներին կարողանային ուղղորդել տեղում մնալ, ծանոթանալ Մարտունուն: Դրան հասնելու համար երկար ճանապարհ պիտի անցնենք», - նշում է Լիանան, ով աշխատում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի՝ «Ինֆոտուն» ծրագրում, որպես համակարգող։

Հյուրատան համար էլ ծրագրեր ունեն, պատրաստվում են երեխաների և մեծահասակների ժամանցի հնարավորություններ ստեղծել:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն հրապարակել է Մարտունին որպես տուրիստական նոր երթուղի խրախուսող` «Ավանդազրույցներ ու լեգենդներ» գրքույկը, որը, ըստ Լիանայի, կարևոր է շփման համար, Սևանը, տարածաշրջանի վանքերն ու գյուղերը ներկայացնելու համար։

Մարտունու՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող վայրերից է 2829 մետր բարձրություն ունեցող Արմաղան լեռը, որը հարմար է լեռնարշավների, ձմռանը` դահուկասահքի համար։ Զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքրում էԱրմաղանի լիճը, 8-9-րդ դարերի վաղ քրիստոնեական կոթող Գոթավանքը: Այստեղ այցելում են նաև թռչնադիտարկման` կռունկների, բազեների, արծիվների չուերին հետևելու:

Լիանա Հովհաննիսյանը նշում է` փորձում են Մարտունու տարածաշրջանը էկոտուրիզմի, ագրոտուրիզմի ուղղությամբ զարգացնել։ Թվարկում է Մարտունու տարածաշրջանի տեսարժան վայրերը`Արգիճի սարահարթը, Մադինա գյուղը, Վանեվանը, Գեղհովիտ գյուղում 7000 տարվա հնության ժայռապատկերներով Աստղային քարտեզը, Ծակքար գյուղի բնական քարե կամուրջը` փոքրիկ ջրվեժով ու ջրաղացով:

«Համապատասխան ներդրումներ կատարելու դեպքում քաղաքը կարող է վերածվել տուրիզմի կենտրոնի, ինչի համար երաշխիք կարող են հանդիսանալ համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային կառույցները, սրբավայրերը, գեղատեսիլ Սևանն ու լեռնաշխարհը»,- նշված է Մարտունու 2017-21 թվականների զարգացման ծրագրում :
Մարտունու քաղաքապետարանում հույս ունեն, որ քաղաքի տնտեսական զարգացմանն ու զբոսաշրջության ծավալների խթանմանը կնպաստեն ընթացքի մեջ գտնվող քաղաքային հանգստյան գոտու վերականգնման ծրագրերը:

Հայաստանի սրտում` Սևանի ափի կենտրոնական հատվածում գտնվող Մարտունին խաչմերուկ է Հայաստանի` հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք և հակառակը ձգվող ճանապարհներին: Դեպի Արցախ նոր, կարճ ուղին` Վարդենիս-Մարտակերտ 114 կիլոմետրանոց ճանապարհը, նույնպես անցնում է Մարտունու միջով։ Ճանապարհների ակտիվությունը Մարտունի է բերում զբոսաշրջիկներին՝ նպաստելով քաղաքի տնտեսական զարգացմանը։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ անդամ Եղիազար Դավթյանի դիտարկմամբ` Հայաստան այցելող զբոսաշրջիկների առնվազն կեսի հոսքը Մարտունիով է անցնում:

«Այդ ճանապարհով օրական առնվազն 4-5 մեծ ավտոբուս, մի 6-7 սպրինտեր և ավելի շատ թեթև մարդատար մեքենաներ են անցնում: Նաև, ուսումնասիրելով Հայաստանի զբոսաշրջային օպերատորների փաթեթները, տեսնում ենք, որ դրանք ներառում են Դիլիջան ու Նորավանք, Տաթև կամ Ղարաբաղ, նաև Սևանավանք, իսկ ընտրում են մի տեղից մյուսը հասնելու ամենաօպտիմալ ճանապարհը, որն անցնում է Մարտունիով», - նշում է Դավթյանը:

Դեպի Արցախ՝ Վարդենիս-Մարտակերտ նորակառույց 114 կիլոմետրանոց ճանապարհը Մարտունի է բերում մեծաթիվ զբոսաշրջիկների։
 
 
 
 
Մարտունու քաղաքապետարանը զբոսաշրջությունը քաղաքի տնտեսական զարգացման առանցքային ուղիներից մեկն է համարում:
 
 
 
 
Մարտունին կոչվում է հեղափոխական և պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի կեղծանունով:
 
 
 
 
Մարտունու ամենախոշոր հյուրանոցը կառուցվել է 1980-ականների վերջին։
 
 
 
 
 
 
 
 
Խորհրդային ոճը պահպանած հյուրանոցն ունի 135 համար։
Վերջերս քաղաքային լողափը բարեկարգելու նպատակով տեղի գործարարները սպիտակ ավազով բարձած տասնյակ բեռնատարներ էին ուղարկել։
 
 
 
 
Ըստ Մարտունու քաղաքապետի՝ հնարավորությունների չափով մաքրել են ջրի տակ մնացած ծառերն ու շինությունները, սակայն տեղի բնակչությունը խոսափում է այստեղ լողալ՝ բողոքելով կեղտաջրերի առկայությունից։
 
 
 
 
Քաղաքային լողափին գտնվող լքված հանգստյան տունը ամռան ամիսներին լեցուն էր լինում բազմաթիվ հանգստացողներով:
 
 
 
 
Մարտունի քաղաքի միակ զբոսայգին:
 
 
 
 
Մարտունու միակ գրախանութը հանգրվանել է քաղաքային զբոսայգու ծայրամասում գտնվող մետաղյա տնակում:
 
 
 
 
Խնամքով պահպանված խաղահրապարակը խորհրդային տարիների ժառանգություն է։
 
 
 
 
 
 
 
 
Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղը հարուստ է խորհրդային մոդեռնիզմի ոճի ստեղծագործություններով։ Այստեղ ցուցադրված են նաև Երվանդ Քոչարի և Գրիգոր Խանջյանի կտավները։
Պատկերասրահի էքսկուրսավար Լյուդմիլա Գրիգորյանի խոսքով՝ թանգարանի հիմնական այցելուները տարածաշրջանի դպրոցականներն են և Մարտունիով անցնող զբոսաշրջիկները։
 
 
 
 
«Պատկերասրահը վատ վիճակում է, չի ջեռուցվում, սակայն մեզ առաջարկում են վարձով տարածք տալ ու այդ գումարով վերանորոգել», - ասում է Լյուդմիլա Գրիգորյանը։
 
 
 
 
Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարևորում է Մարտունուն հարակից Սևանա լճի լողափը, որը, սակայն, ջանքեր է պահանջում զբոսաշրջիկներին ու հանգստացողներին հետաքրքրելու համար, քանի որ այն ծոցային հատված է` ջուրը մշտապես մաքրելու անհրաժեշտություն կա:

Անցած ամառ քաղաքապետի, քաղաքի ավագանու անդամների ու բազմաթիվ մարտունեցիների ջանքերով լողափը կարգի է բերվել ու մաքրվել։ Խորհրդային տարիներին ամենամանր ու սպիտակ ավազն ունեցող ափը սակայն, որ շատերին էր գերում, անգամ մաքրելուց հետո էլ մեծ պահանջարկ չունի։ Այդ ամենին է գումարվում նաև ափին հարակից հանգստյան տան բարձիթողի վիճակը, որը տարիներ առաջ սեփականաշնորհվել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից և չի գործում։

Արմեն Ավետիսյանը նշում է, որ դիմել է Հակոբ Հակոբյանին՝ քննարկելու հանգստյան տան հետ կապված խնդիրները, սակայն Հակոբյանը մերժել է քաղաքապետի առաջարկը։

Ավետիսյանը կարևորում է նաև քաղաքում հյուրանոցային խնդիրը, միևնույն ժամանակ որպես տուրիզմի զարգացման գրավական`դիտարկում է Մարտունու տարածաշրջանի տեսարժան վայրերը։

«Ներդրումներ են նախատեսվում Արմաղանում դահուկասպորտը զարգացնելու ուղղությամբ, հյուրանոցային համալիր, անասնապահական ֆերմա, ձկնաբուծարան կառուցելու համար, որպեսզի տուրիստը գա, հանգստանա, ուտի, խմի, մնա, գնա։ Եթե միայն այցելում են Մարտունի, արդեն մեր համայնքը շահում է»,- նշում է Ավետիսյանը:

Թեպետ Մարտունու քաղաքապետը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում, սակայն այն զարգացնելու գործնական քայլեր դեռևս միայն անհատներն են անում։

Նրանցից մեկն էլ մասնագիտությամբ լրագրող, ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանն է, ով 2013 թվականին Մարտունու երիտասարդական բանկից իր գաղափարն իրագործելու համար դրամաշնորհ է ստացել, գնել իր առաջին քուռակը, ավելի ուշ հիմնադրել «Ասպ» հեծյալ ակումբը։ Այսօր արդեն ակումբը 7 ձի ունի։

«Սա դեռ հոբբի է, որ ցանկանում եմ վերածել բիզնեսի: Կյանքիդ գործը պիտի գա քո անցյալից, քո երբեմնի երազանքներից, որ միջիցդ հանես ու իրական դարձնես: Մանկուց սիրել եմ կենդանիներ ու ձիեր, 2002-ից էկոտուրիզմով, 2013-ից ձիավարություն ներառող զբոսաշրջությամբ եմ զբաղվում։ Որպես արտադրանք առաջարկում եմ ձիերով շրջագայություն»,- պատմում է Տիգրանը:

Հինգ ու կես տարեկանում, սողոսկելով մեծերի ուշադրությունից, Տիգրանն ինքնությույն ձի էր նստել։
 
 
 
 
 
 
 
 
Վախեցած ծնողները որդուն պատժել էին: Սակայն այդ դեպքը հենց առիթ դարձավ, որ Տիգրանը հետագայում առանձնահատուկ սիրով կապվեր ձիերին:
Նրա ձին Մարալն է։ Պատմում է, որ իրեն ոչ ոք չի սովորեցրել ձի պահել, ձի թամբել, ամեն ինչի հասել է ինքնուրույն։
 
 
 
 
 
 
 
 
Ձիավարության շրջանը Մարտունու տարածաշրջանում բացվում է մայիսից։
Տիգրանի նպատակն է սեփական ձիարշավարան ունենալը։
 
 
 
 
Տիգրանն աշխատում է նաև թռչնադիտարկման ու լեռնարշավների եկող հիմնականում գերմանացի ու ֆրանսիացի խմբերի հետ:
 
 
 
 
Արշավի վերջակետը Արմաղան լեռն է: Լուսանկարը՝ Տիգրան Բաղիշջանյանի անձնական արխիվից:
 
 
 
 
Զբոսաշրջության համար նախատեսված ձիերը մի շարք չափանիշների պետք է համապատասխանեն, լինեն հանգիստ, հավասարակշռված, գեղեցիկ, ունենան բնավորություն։ Ձիարշավորդներին Տիգրանը ուղեկցում է Արգիճի սարահարթով դեպի Արմաղան լեռը` Գեղարքունյաց աշխարհի գեղատեսիլ բնությունը վերևից դիտելու համար:

«Բոլոր տուրերն անում ենք սարերում: Վարդենիսի լեռների ողջ գեղեցկությունն եմ ցույց տալիս, մինչև 7 օր դիտելու բան կա։ Եթե 2013-ին տարեկան երկու մարդ էր տուրերի գալիս, անցած տարի գրեթե 50 հոգի է ձիավարել Գեղամա լեռներով, էս տարի հետաքրքրությունն ավելի է մեծացել, ու համոզված եմ՝ 50-ը կանցնենք»,-պատմում է նա։

Տիգրանի համար դժվարությունները սկսվում են հատկապես ձմռանը, երբ ձիերին տեղավորում է ծանոթների գոմերում: Նա հեծյալ տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում, սակայն կա հետաքրքրության պակաս ներդրողների կողմից, պետական ուշադրություն ն էլ իր հերթին է բացակայում:

«Ձին շատ համբերատար կենդանի ա, կարող ա ոտքի վրա սատկել՝ չնկատես: Անընդհատ ուշադրություն է պահանջում: Մանավանդ ձմռանը դժվար է, առավոտ 6-ին՝ մութ, ցուրտ, վազում ես գոմ, մաքրում, կեր տալիս, հետ վազում տուն, որ շուտ լողանաս, փոխվես, հասնես դպրոց: Դպրոցից՝ հեռուստաընկերություն, հետո՝ տուն ու էլի ձիերի մոտ… Եթե սեր չունենաս, էս ամեն ինչը կարող է դառնալ մարդ սպանող տանջանք: Բայց ձիու հետ մի շփումը հերիք ա, որ էդ ամեն ինչը փոխհատուցվի»,- նշում է Տիգրանը:
~
Ավելին
~