Սպիտակ համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Ուսումնասիրությունը ներկայացնում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2015, 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
2015 թվականի նկատմամբ 2016 թվականի եկամուտները գրեթե փոփոխություն չեն կրել (346.3 և 346.2 մլն դրամ), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեի եկամուտները նկատելի աճ են ունեցել, մոտ 22.2 մլն դրամ՝ հասնելով 368.4 մլն դրամի։ Հատկանշական է, որ դիտարկվող տարիների ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասում եկամուտներ ընդհանրապես չեն եղել։
Եկամուտների նման աճի հիմնական պատճառը հանդիսացել է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների, գույքահարկի ինչպես նաև տեղական տուրքերի և վարչական գանձումների ավելացումը։

2016 թվականին դոտացիաների գումարը փոքր ինչ նվազել է՝ 2015 թվականի նկատմամբ, սակայն 2017 թվականի ընթացքում վերջիններս ավելացել են շուրջ 8.6 մլն դրամով կամ 3.7%-ով։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Սպիտակ համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ 2017թ-ի ընթացքում փոքր աճ է նկատվել անշարժ գույքի գույքահարկի, փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով, ինչպես նաև գանձվել են տեղական վճարներ (երևում են «Վարչական գանձումներ» տողում)։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակը ցույց է տալիս, որ համայնքը 2015, 2016 և 2017 թվականներին Օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Սպիտակ համայնքը չի կրում որևէ բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի նախատեսվել՝ համաձայն օրենքի։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4). բյուջեի ծախսային ուղղվածությունը խոշոր հաշվով ուղղված է ընթացիկ ծախսերի իրականացմանը։ 2015թ-ին բյուջետային գրեթե ամբողջությամբ ծախսերն ուղղված են եղել միայն ընթացիկ գործունեության իրականացմանը (բյուջեի վարչական մաս)։ 2015թ-ին բյուջետային ընդհանուր ծախսերի 11.23%-ի չափով իրականացվել են կապիտալ աշխատանքներ։
2015 թ-ին Սպիտակ համայնքի բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (28%) ընդհանուր բնույթի ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։ Հաջորդ խոշոր մասնաբաժինը, մոտ 27%, ունի կրթության բնագավառը, որտեղ ներառվում են նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման ծախսերը։

Զգալի մասնաբաժին ունեն տարեկան բյուջեում նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը, ուր արտացոլվում են համայնքում աղբահանության ծառայության իրականացման ծախսերը։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բաժինը կազմում է ընդհանուր ծախսերի 11%-ը, ուր զգալի մաս է կազմում համայնքում փողոցային լուսավորության ապահովումը։

Համայնքում տարեկան ծախսերի շուրջ 8%-ի չափով մատուցվում են մշակութային ծառայություններ և իրականացվում են մշակույթի տներ, ակումբներ, կենտրոնների պահպանության ծախսերը։ Սոցիալական պաշտպանության ծախսերը 2015թ-ին չեն գերազանցել ընդհանուրի 2%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։

Նմանատիպ պատկերը տեսանելի է նաև 2016թ-ին: Ի հաշիվ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ծախսումների կրճատման՝ որոշակիորեն ավելացել են հանգիստ, մշակույթ, կրոն և կրթության բնագավառներում իրականացված ծախսերը։

Ծավալային առումով 2016 թ-ի նկատմամբ 2017 թ-ին էականորեն աճել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների բնագավառի ծախսումները՝ մոտ 10.7 մլն դրամով, ինչպես նաև փոքր դրական փոփոխություն կա հանգիստ, մշակույթ, կրոն, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների, կրթության բնագավառներում։ Այնուամենայնիվ նկատելի կերպով նվազել են շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում իրականացված ծախսերը՝ շուրջ 22.8 մլն դրամով։ Սա հիմնականում պայմանավորված է աղբահանության ծառայության ոլորտում ծախսումների էական կրճատմամբ։
Ընդհանրական գծապատկերով, համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական բնագավառների և տարիների ներկայացված են Գծապատկեր 6-ում։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Աղյուսակ 1-ում ներկայացված է նույն ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ՝ ըստ բնագավառների։
Աղյուսակ 1. Համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ տարիների և գործառնական դասակարգման(հազ. դրամ)
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
Օրինակ, 2015 և 2017 թվականներին բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսերը գրեթե իրար հավասար են, սակայն ի տարբերություն 2015թ-ի, 2017թ-ին ֆոնդային մասի ծախսումները անհամեմատ քիչ են, ինչը վկայում է նրա մասին, որ 2017թ-ին տվյալ բնագավառում կապիտալ ծախսումներ քիչ են իրականացվել, և հակառակ դրան, ավելացել է ընթացիկ պահպանման ծախսերի տեսակարար կշիռը։
~
Ավելին