Ինչպես նշել ենք Թումանյան համայնքի բյուջեի
ուսումնասիրությունը կատարելիս՝ նպատակահարմար չէ դիտարկել Ջերմուկ համայնքի 2016 թ-ի տվյալները, քանի որ վերջինս այդ ժամանակահատվածում ենթարկվել է կառավարման և վարչատարածքային լրջագույն փոփոխությունների։ Այս ուսումնասիրությունում 2014 և 2015 թ-ի տվյալները համադրելի դարձնելու համար դիտարկվել են ներկայումս Ջերմուկ խոշորացված կազմի մեջ մտած նախկին համայնքների բյուջեների ընդհանուր գումարը՝ համապատասխան հոդվածներով։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։
Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, 2014 թվականի նկատմամբ 2015 թվականի եկամուտները էականորեն աճել են, մոտ 62 մլն դրամով՝ (310.4 և 372.7 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեի եկամուտների աճը գրեթե համադրելի է նախորդ տարվա նկատմամբ գրանցված աճի հետ՝ 63.7 մլն դրամով՝ հասնելով 436.4.0 մլն դրամի։
2014 և 2015 թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտները գրեթե նույնն են՝ մոտ 16 մլն դրամ, իսկ 2017 թ-ի ընթացքում վերջիններս կտրուկ աճել են՝ հասնելով 40 մլն դրամի։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, եկամուտների գերակշիռ մասը գոյանում է բյուջեի վարչական մասում։