Ապարան համայնքի 2016 թ. բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (57%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։
Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (17%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։ Տնտեսական հարաբերությունների ոլորտում կատարված ծախսերը կազմում են ընդհանուրի 4%-ը, իսկ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ծախսեր գրեթե չեն իրականացվել։
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները կազմում են ընդհանուրի 11%-ը։ Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 8%-ը, իսկ սոցիալական պաշտպանության ծախսերը չեն գերազանցում 3%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Ապարան համայնքի 2017 թ. բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին։ Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (55%)։ Վերջինս գումարային առումով նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է (մոտ 2 մլն դրամ)։
Շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական պաշտպանության ոլորտներից յուրաքանչյուրի ծախսերը կազմում են ընդհանուրի մոտ 1%-ը։ Հանգիստ մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը մոտավոր նույն մասնաբաժին ունեն ամբողջի մեջ, ինչ անցած տարի՝ 8%, չնայած որ գումարային առումով մի փոքր աճել են (2.7 մլն դրամով)։ Կրթության ոլորտի ծախսերը աճել են մոտ 11.2 մլն դրամով և կազմում են ընդհանուր ծախսերի 18%-ը։
Տնտեսական հարաբերությունների ոլորտը էական աճ է գրանցել 2017թ-ին՝ նախորդի նկատմամբ ավելանալով շուրջ 48 մլն դրամով՝ կազմելով ընդհանուրի 12%-ը։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը նույնպես զգալի են և կազմում են ընդհանուրի 15%-ը։
Ապարան համայնքի 2018 թ. բյուջետային ծախսերը
2018թ-ին Ապարան բազմաբնակավայր համայնքի բյուջետային ծախսերի ճշտված պլանը (30.09.2018 դրությամբ) պլանը հետևյալն է։ Էականորեն ավելացել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը։ Վերջիններս ընդհանուրի կազմում 54% են, սակայն գումարային առումով նախորդ տարվա համեմատ աճել են 97 մլն դրամով։
Կրթության ոլորտի ծախսերը նկատելի նվազել են կազմելով ընդհանուրի 12%-ը, իսկ գումարային առումով նվազելով 12.7 մլն դրամով։ Վերջինս առավել մանրամասն երևում է Գծապատկեր 6-ում։
Կտրուկ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017թ-ի նկատմամբ ծախսերը ավելացել են շուրջ 28.7 մլն դրամով, և կազմում են ընդհանուր ծախսերի 4%-ը։ Այս աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարիներին համայնքում աղբահանության ծախսերը դիտարկվել են Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում։ Նշենք, որ աղբահանության ծառայությունը ծախսերի գործառնական դասակարգմամբ, ըստ հաշվապահական ստանդարտի, պետք է դիտարկել հենց Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։
Նկատելի նվազել են հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերի մասնաբաժինը և գումարը ընդհանուր ծախսերում հասել է ընդհանուրի 4%-ին։ Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը գրեթե նույն են, ինչ նախորդ տարիներին։ Նկատելի կերպով աճել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ կազմելով ընդհանուրի 18%-ը (նախորդ տարվա նկատմամբ աճելով 79.8 մլն դրամով)։
Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։