Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի հստակ դինամիկա կա։
Նշվածը հատկապես վերաբերում է փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումներին, որտեղ տարեցտարի աճում են գրանցված մուտքերը՝ 36.7 մլն դրամից (2016թ.) դառնալով 49.4 մլն դրամ (2018թ.)։ Աճը էապես նկատելի է և կազմում է շուրջ 34.6% կամ 12.7 մլն դրամ։
Նույնը վերաբերում է թե տեղական տուրքերին, համայնքի գույքից ստացված վարձակալության, և թե հատկապես վարչական գանձումներին։ Նշենք, որ վարչական գանձումների խմբում մեծ տեսակարար կշիռ ունեն տեղական վճարները, որոնք գանձվում են համայնքի կողմից մատուցված ծառայությունների համար։
Մասնավորապես, համեմատած 2016թ-ի՝ 2017թ-ին վարչական գանձումների մուտքերը աճել են մոտ 3.9 անգամ՝ 4.9 մլն դրամից հասնելով 18.9 մլն դրամի, իսկ 2018թ-ին՝ մուտքերը 2017թ-ի նկատմամբ աճել են մոտ 1.7 անգամ կամ 12.9 մլն դրամ։
«Այլ եկամուտներ» հատվածում նույնպես ստացված գումարները որոշակիորեն աճել են՝ 2018թ-ին հասնելով 5.7 մլն դրամի՝ 2017թ-ի 1.7 մլն դրամի համեմատ։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։
Նոյեմբերյան համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։
Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 5)։