Ազատ տնտեսական գոտին`
բաց սահմանին

Ինտերակտիվ համայնքային բյուջե
Մեղրեցիների հույսը հայ-իրանական սահմանին կառուցվող ԱՏԳ է
2017 թվականի դեկտեմբերին Ագարակում պաշտոնապես բացված «Մեղրի ազատ տնտեսական գոտին» դեռևս չի գործում ողջ հզորությամբ, սակայն մեղրեցիները համոզված են՝ իրենց տարածաշրջանի զարգացման ապագա գրավականը ազատ տնտեսական գոտին է:
Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին հաճախ են դիմում իրանցի գործարարներ, ովքեր նպատակ ունեն ԱՏԳ-ում բիզնես սկսել: Հետաքրքրված են հիմնականում կաշվի արտադրությամբ, մտադիր են սպանդանոց հիմնել: Սակայն համայնքի ղեկավարը համոզված է՝ ԱՏԳ-ի զարգացման ու կայացման համար դեռևս ժամանակ է անհրաժեշտ:

«Իրանական 7 միլիոնանոց շուկան մեր հարևանությամբ է։ Իրանցիների ներդրումների համար ԱՏԳ-ն ապահով հարթակ է։ Կազատվեն շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, 20 տոկոսով առաջ կընկնեն: Նաև աշխատուժի շուկա կձևավորվի: Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները կարող են կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի երկրների միջև»,- ասում է Զաքարյանը:

Ազատ տնտեսական գոտում ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։ Արդեն կան նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու նախապայմանները։
Հասարակական տարբեր վայրերում Մեղրիում կարելի է հանդիպել պարսկերենով գրված տարբեր ցուցապաստառների հատուկ իրանցի զբոսաշրջիկների համար։
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում: Այդ տարածքներից շուրջ 50 հեկտարը տրամադրվելու է շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար:

Ագարակում ապրող մեղրեցի Լևոն Միրզոյանը դասավանդում է պատմություն և պարսկերեն: Մեր զրույցն ընդհատում է Միրզոյանի բջջայինի հեռախոսազանգը, որին էլ հաջորդում է Միրզոյանը վարժ պարսկերենով պատասխանը իրանցի ընկերոջ զանգին։

30-ամյա Լևոնը համոզված է. Իրանի տնտեսական ազդեցությունը իրենց տարածաշրջանի վրա բավականին մեծ է, և այն աստիճանաբար աճելու է։
2016 թվականին Մեղրին դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք։ Այն ներառում է Մեղրի և Ագարակ քաղաքային, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
Համայնքի խնդիրներից է գյուղական միջհամայնքային անբարեկարգ ճանապարհները և տրանսպորտի բացակայությունը, մինչդեռ բնակավայրերի միջև հեռավորությունը 10-38 կմ է:


Երթուղային տրանսպորտի բացակայությունը սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար: Մեղրի և Ագարակ քաղաքների բազմաթիվ բնակիչներ սեփականության կամ վարձակալության իրավունք ունեն գյուղերում գտնվող մեծաքանակ հողամասերի նկատմամբ: Տրանսպորտային երթուղիների բացակայությունը և տեղաշարժման դժվարությունները թույլ չեն տալիս արդյունավետ օգտագործել այդ հողամասերը:
Մեղրիից 30 կմ հեռավորության վրա է գտնվում համայնքի Նռնաձոր գյուղը:
 
 
 
 
 
 
 
 
Գյուղ տանող ճանապարհի 13 կմ-ը գրունտային է, ինչը խիստ անհարմարություններ է ստեղծում Նռնաձոր գնացող-եկողների համար:
Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղը:
 
 
 
 
Ժամանակին Նռնաձորը եղել է մոնոլիտ ադրբեջանական գյուղ և կոչվել է Նյուվադի։ Ղարաբաղյան հակամարտությունից հետո, այն վերաբնակվեցվել է Գյումրիից, Կապանից, Գորիսից, Արմավիրից եկած ընտանիքներով։ Ավելի ուշ այստեղ են տեղափոխվել նաև ընտանիքներ Գետաշենից։
20-ամյա Աննա Բաբայանը ծնվել է ու մեծացել Նռնաձորում, աշխատում է գյուղի դպրոցում, դասավանդում է անգլերեն և ռուսերեն։ Ասում է, որ իր ապագան չի կապում գյուղի հետ։
 
 
 
 
Նռնաձորցի Սիրան Չիչյանը մեկ գյուղատնտեսական տարում ստանում է մինչև 2 տոննա նուռ, ինչը դժվարությամբ է սպառում վատ ճանապարհի պատճառով:

«Ասֆալտ չկա, մարդ չի կարողանում իր բերքը հասցնել շուկա, չնայած Մեղրիում գյուղատնտեսական շուկա էլ չկա: Վերավաճառողներն տանում են 250 դրամով, վերավաճառում՝ 1000-ով: Հաճախ էլ վատ ճանապարհի պատճառով չեն հասնում այստեղ, ավելի մոտ գյուղից՝ Շվանիձորից առնում են ու գնում, ու մեր բերքը մնում է»,- ասում է 63-ամյա Սիրան Չիչյանը:

Նռնաձորի դպրոցում մասնագետների պակաս կա, որը լրացնում են այլ մասնագետներ:

«Չունենք պատմության, աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության, պատմության, ռուսաց լեզվի, անգլերենի մասնագետներ: Ամեն տարի հայտարարությունները տեղադրում ենք դպրոցի կայքում: Մեղրիից ունեցել ենք մասնագետներ, ովքեր եկել-գնացել են, բայց հիմա չեն գալիս, տրանսպորտի այս պայմաններում շատ դժվար է»,- ասում է հոգեբանության մասնագետ 20-ամյա Աննա Բաբայանը:

Նռնաձորի երեխաները մեծանում են առանց երաժշտական, արվեստի կամ սպորտի դպրոցներ հաճախելու՝ տրանսպորտի բացակայության պայմաններում:

«Հրաշալի երեխաներ ունենք, որոնք մեծանում են այդ ամենից զուրկ: Մեղրիի հետ կապող մեր տրանսպորտը միայն երկու օր է աշխատում՝ երեքշաբթի և ուրբաթ, առավոտյան 9-ին գնում է, հինգին վերադառնում: Սա էլ խոշորացումից հետո ունեցանք, մինչև այդ միայն տաքսիներով էինք գնում-գալիս՝ 10 000 դրամով»,- ասում է Աննա Բաբայանը:
Մինչդեռ համայնքի ղեկավար Զաքարյանը նշում է. ամեն ինչ անելու են, որ Մեղրիի և գյուղերի բնակիչների միջև տարբերություն չլինի:
«Պետք է հասնենք նրան, որ ամենահեռավոր գյուղերի՝ Կարճևանի, Նռնաձորի, Լիճքի բնակիչը չզգա իր գյուղի ու Մեղրիի տարբերությունը: Մեղրիի մշակույթի պալատը, արվեստի դպրոցը՝ դրանք նաև պետք է լինեն կարճևանցունը, նռնաձորցունը»,- ասում է նա:

Տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ-ի և Շվեյցարիայի կառավարությունների հովանու ներքո տարածաշրջանում իրականացնում է 380 մլն դրամի համայնքների կարողությունների զարգացման ծրագիր, ինչը լուծում կտա մի շարք նման խնդիրների:

Ծրագիրը ներառում է երկու ենթածրագիր՝ շինարարական և տեխնիկայի ձեռքբերման: Իրականացվում է Մեղրի մտնող այլընտրանքայն 1 կմ ճանապարհի ասֆալտապատում (100 մլն դրամ) և 11 կանգառների կառուցում, ինչը կկազմի 130 մլն դրամ:

Զաքարյանը նշում է, որ գումարի մնացած մասը կծախսվի տեխնիկա ձեռք բերելու համար՝ երեք միկրոավտոբուս (գյուղերը Մեղրիի հետ կապելու համար), երեք աղբատար մեքենա, մեկ բեռնատար մեքենա, երկու տրակտոր, 140 աղբաման:

«Միկրոավտոբուսները հետագայում կդառնան համայնքի սեփականությունը: Այս պահին էլ վարձակալել ենք հինգ մեքենա, որոնք գյուղերի բնակչությանը կապում են Մեղրիի հետ: Միկրոավտոբուսները կլինեն 20 տեղանոց և օրական երկու անգամ գյուղերից կհասնեն համայնքի կենտրոն»,- ասում է նա:
2008 թվականից գործող Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնն էլ հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ իր հերթին նպաստում է տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Կենտրոնի հիմնադիր Սաթիկ Հարությունյանը նշում է. մշտապես ուշադրության կենտրոնում են պահում կարևորագույն խնդիրները, միշտ հայտնվում ամենաթեժ կետերում։

Նա հիշում է 2013 թվականին Մեղրիի Տաշտուն համայնքում նոր բացվող հանքի դեմ անցկացվող բողոքի ակցիաները, որտեղ հիմնական բեռը իրենց ուսերին էր, կազմակերպեցին ստորագրահավաք, որին մասնակցեց բնակչության 90 տոկոսը, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը։

«Ժողովրդին միացավ համայնքի ավագանին, բաց նամակով դիմեցին կառավարություն, բայց շուտով ավագանուն սկսեցին ճնշել, արդյունքում՝ բնակիչները պայքարից հետ կանգնեցին։ Յոթ կանանցով գնացինք Տաշտուն ու միայնակ դեմ կանգնեցինք իրականացվող աշխատանքներին։ Իհարկե, իրենց ուզածը արեցին, բայց այսօր բոլոր աշխատանքները կանգնեցված են։ Անհասկանալի էր՝ հա՞նք էին բացում, թե՞ փողեր լվանում»,- ասում է Սաթիկ Հարությունյանը։


2008 թվականից գործող Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնն էլ հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ իր հերթին նպաստում է տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Կենտրոնի հիմնադիր Սաթիկ Հարությունյանը նշում է. մշտապես ուշադրության կենտրոնում են պահում կարևորագույն խնդիրները, միշտ հայտնվում ամենաթեժ կետերում։

Նա հիշում է 2013 թվականին Մեղրու Տաշտուն համայնքում նոր բացվող հանքի դեմ իրականացվող բողոքի ակցիաները, որտեղ հիմնական բեռը իրենց ուսերին էր, կազմակերպեցին ստորագրահավաք, որին մասնակցեց բնակչության 90 տոկոսը, ովքեր որ դեմ էին հանքի շահագործմանը։

«Ժողովրդին միացավհամայնքի ավագանին, բաց նամակով դիմեցին կառավարությանը, բայց շուտով ավագանուն սկսեցին ճնշել, արդյունքում բնակիչները պայքարից հետ կանգնեցինք։ Յոթ կանանցով գնացինք Տաշտուն ու միայնակ դեմ կանգնեցինք իրականացվող աշխատանքներին։ Իհարկե իրենց ուզածը արեցին, բայց այսօր բոլոր աշխատանքները կանգնեցված են։ Անհասկնալի էր հանք էին բացում, թե փող լվանում»,-ասում է Սաթիկ Հարությունյանը։

Կազմակերպությունը ակտիվորեն հետամուտ է լինում համայնքում անցկացվող ընտրական գործընթացներին /տեղական և համապետական/, իրականացնում դիտորդական առաքելություն։

«Մենք վտանգ ներկայացրեցինք այն պահից սկսած, երբ սկսեցինք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել։ Մեզ վրա էլ են ճնշումներ եղել, անցել ենք այդ ամենի միջով։ Մեր անդամները ամեն տեղ փորձել են կանխել անօրինականությունները, այդ ամենի մասին էլ լուսաբանել ենք 2012 թվականից գործող մեր կողմից ստեղծված meghrinews.com կայքում»,-ասում է Հարությունյանը։

Կանանց ռեսուրս կենտրոնը մշտապես խոշորացույցի տակ է պահում Մեղրիի համայնքապետարանի աշխատանքները, հետևում ավագանու նիստերին, առաջարկություններով հանդես գալիս։ Կենտրոնի ղեկավարը նշում է. նիստերի, հատկապես արտահերթ նիստերի անցկացման հետ կապված հայտարարությունը յոթ օր առաջ կայքում չեն տեղադրում, ինչպես օրենքն է պահանջում։

«Կամ հանրային լսումները կազմակերպում են աշխատանքային ժամերին, բնականաբար գործի ժամին քչերը կարող են գնալ, հատկապես այն մարդիկ ովքեր ուզում էին դեմ արտահայտվել։ Հանրային քննարկները, որպեսզի տեղի ունենան օգտագործում են վարչական ռեսուրսը`մանկապարտեզ, դպրոց: Նույն զանգվածն է, որոնց օգտագործում են ընտրույթունների ժամանակ»,-ասում է կենտրոնի ղեկավարը։
Խոշորացումից հետո Մեղրի համայնքի եկամուտներն աճել են մոտ 46%-ով: Այսպես, 2017 թվականին համայնքի բյուջեի եկամուտների կտրուկ աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ՝ ավելանալով 203.2 մլն դրամով կամ 46,6%-ով՝ հասնելով 638.7 մլն դրամի։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշում է. եկամուտների աճը նաև վարչարարության բարելավման արդյունք էր: Առաջին հերթին աշխատանք է կատարվել ստվերային տնտեսության դեմ: Միայն 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մեղրի քաղաքում 58 նոր տնտեսավարող սուբյեկտ (իրավաբանական անձ) է հայտնաբերվել, որոնք բերվել են հարկային դաշտ:

«Ագարակում հարկային դաշտում էին 133 տնտեսավարող սուբյեկտներ, սակայն համայնքի սեփական եկամուտների աճը գրանցվել է հիմնականում Մեղրիի ու այլ համայնքների հաշվին»,- ասում է Մխիթար Զաքարյանը:

Ըստ Ուրբանիստայի վերլուծության` 2017 թվականին կրկնակի աճ է գրանցվել նաև Մեղրիի համայնքային բյուջեի ֆոնդային մասում՝ նախորդ տարվա համեմատ:



Մեղրի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի խոսքով՝ այս ցուցանիշները պայմանավորված են գույքի կառավարման գործընթացի բարելավմամբ, տարեսկզբի ազատ մնացորդով, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրում դոնորների ներդրումներով:

Համայնքի բյուջետային ծախսերը 2017-ին ավելացել են 48,4%-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ (660 մլն դրամ): 2017 թվականի բյուջետային ծախսերի մեկ երրորդն ընկնում է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին (32,15%), գրեթե նույնքան (31,10%) հատկացվում է կրթության ոլորտին:

Մեղրի համայնքի ղեկավարը նշում է, որ կրթության բարձրացած ծախսերը պայմանավորված են գյուղական համայնքներում նոր մանկապարտեզների կառուցմամբ: Մեկ երեխայի պահպանման ծախսը կազմում է 20 000 դրամ: Ծնողները մանկապարտեզի համար վճարում են 5000 դրամ:
«Գյուղեր ունենք, որտեղ մի քանի սերունդ մեծացել է առանց մանկապարտեզի: Երկու գյուղում՝ Լեհվազում ու Կարճևանում, արդեն բացել ենք մանկապարտեզ, Վարդանիձորում այս պահին շինարարությունը շարունակվում է»,- ասում է Զաքարյանը:


Ուրբանիստայի օնլայն հարցման համաձայն` համայնքի բնակիչների կարծիքով՝ իրենց քաղաքի բյուջեն պետք է առավելապես ծախսվի շրջակա միջավայրի պահպանության, բակային տարածքների բարեկարգման և ճանապարհաշինության վրա:
2017-ին շրջակա միջավայրի պահպանությանը հատկացվել է Մեղրիի բյուջեի մոտ 23%-ը: Նախորդ տարվա համեմատ այս ոլորտին ուղղված ծախսերը ավելացել են 63%-ով (151 մլն դրամ):

Հիմնական ներդրումները կատարվել են կոմունալ ծառայության ոլորտում: Մարիամ Ծատուրյանի խոսքով՝ 2016 թվականին աղբահանությունը պատշաճ չի իրականացվել: Իրավիճակը փոխվել է խոշորացումից հետո՝ վստահեցնում է համայնքապետարանի ներկայացուցիչը:

Անդրադառնալով աղբահանության վարձավճարին՝ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշում է. 4600 բնակչություն ունեցող Մեղրիում աղբահանության համար վճարում են 2900-ը։

«Մեկ շնչի հաշվով վճարում են 250 դրամ, բայց ստանում են 100-150 դրամի սպասարկում: Արդարացիության սկզբունքը հարկավոր է պահել»,- ասում է Մխիթար Զաքարյանը:
Ուրբանիստայի վերլուծության համաձայն՝ 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, 187 %-ով ավելացել են սոցիալական պաշտպանությանը հատկացված ծախսերը (12,2 մլն):

Մարիամ Ծատրյանի դիտարկմամբ՝ խոշորացման արդյունքում սեփական եկամուտների աճի, ծախսերի օպտիմալացման և նպատակային ծախսման շնորհիվ ստեղծված խնայողությունները թույլ են տվել այն ուղղել սոցիալական պաշտպանության ոլորտ:

Որպես համայնքում առաջընթաց՝ համայնքի ղեկավարը նշում է. լուսավորել են ամբողջ տարածաշրջանը, համայնքում չկա որևէ գյուղ, որտեղ լուսավորություն չլինի:

Բյուջեից լուսավորության համար 2017 թվականին ծախսվել է 25, 429.5 հազար դրամ: Եվս 33 միլիոն դրամով օժանդակել է Գերմանական զարգացման բանկը՝ KfW-ը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի միջոցով:

«Այդ ծրագրի շրջանակում KfW բանկի ֆինանսավորմամբ ողջ համայնքում տեղադրվել են 250 սյուն և լեդ լամպեր: Իսկ այդ աշխատանքները կատարվել են համայնքի միջոցների հաշվին»,- ասում է Մարիամ Ծատրյանը:

11 604 բնակչություն ունեցող Մեղրի համայնքում մարդիկ հիմնականում աշխատում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, ռուսական և հայկական զորամասերում, բնակչության մի մասն էլ զբաղվում է այգեգործությամբ, պտղի արտադրությամբ:



Համայնքում մասնավոր ներդրողներն առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ, ինչը հանգեցնում է տնտեսության բևեռացման: Մեղրի համայնքը բնապահպանական ազդեցություն է կրում հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեությունից: 2017 թվականին բնապահպանական հարկից մասհանում է կատարվել պետական բյուջեից՝ 1 254 300 դրամի չափով։
2017 թվականի բյուջետային ծախսերի մոտ մեկ երրորդը (31,10%) հատկացվել է կրթության ոլորտին:
Համայնքի ղեկավար Զաքարյանը նշում է, որ այդ գումարներն ուղղում են հիմնականում մանկապարտեզներում երեխաների լրացուցիչ սննդին: Այստեղ, ի տարբերություն Հայաստանի նախակրթարաններում գործող սննդի նորմատիվների, դրանք շատ ավելի բարձր են:

Այդուհանդերձ, հանքարդյունաբերության զարգացման հետևանքով մեղրեցիներն այսօր հայտնվել են բնապահպանական լուրջ մարտահրավերների՝ պոչամբարների ընդլայնման, թափոնների կուտակումների և ջրային ռեսուրսների աղտոտման առջև:

Վերջին շրջանում մեղրեցիներն սկսել են ակտիվորեն պայքարել մետաղական նոր հանքավայրերի շահագործման դեմ, բողոքի ակցիաներով դուրս են գալիս փողոց, ստորագրահավաքներ են կազմակերպում, հացադուլի նստում:
~
~