Ինչ է սպասվում Արցախի ճարտարապետական ժառանգությանը

Արցախի հուշարձանների գրեթե կեսն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. դրանց ճակատագիրն անհայտ է:
Հեղինակ, խմբագիր
Երեք տասնամյակ շարունակվող Արցախյան հակամարտության ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը պարբերաբար վտանգված կարգավիճակում է հայտնվել:
2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրից հետո տնտեսական կորուստներից բացի անմիջապես բարձրացվեց ճարտարապետական արժեքների հարցը:

Արցախում ցուցակագրված շուրջ 4000 պատմական հայկական հուշարձաններից այժմ Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում է գտնվում մոտ կեսը՝ 1 500-ից ավելին: Այդ թվում են եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մելիքական ապարանքներ, մատուռներ, դամբարաններ, խաչքարեր: Դրանք հիմնականում կառուցվել են 4-19-րդ դարերում:

Մասնագետներն զգուշացնում են` Ադրբեջանին հանձնվելուց հետո Արցախի հարյուրավոր հուշարձանները կարող են վնասվել կամ ոչնչացվել:

Փորձագետների կարծիքով, առանց ժամանակ կորցնելու պետք է սկսել հուշարձանների փաստագրման գործընթացը: Հանձնված տարածքներում գտնվող ճարտարապետական ժառանգության կոթողների վիճակի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա, բացի հենց ադրբեջանցիների տարածած վանդալիզմի տեսանյութերից:
2020-ի աշնանը վերսկսված պատերազմի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են մ.թ.ա. 1-ին դարում կառուցված հայկական Տիգրանակերտ քաղաքի պեղավայրը:

Արցախի Տիգրանակերտը 4 նույնանուն քաղաքներից է, որոնք կառուցել է Տիգրան Մեծ արքան մ.թ.ա. I դարում: Միակն է,որը հնարավոր է եղել տեղորոշել պեղումների արդյունքում: Տիգրանակերտը Կովկասի տարածաշրջանում հելլենիստական մշակույթի լավագույն պահպանված վկայությունն է:

Հնավայրը ադրբեջանցիների կողմից հրետակոծելու մասին հայտնել է Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
2020թ. հոկտեմբերի 8-ին կրկնակի թիրախավորման, այնուհետև, քաղաքը գրավելուց հետո, վանդալիզմի է ենթարկվել Շուշիի սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Ղազանչեցոց եկեղեցին Արցախի հայկական խորհրդանիշերից է: Այն թիրախավորվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, թեև ոչ մի ապացույց կամ տվյալ չի եղել, որ եկեղեցին հայկական կողմից օգտագործվել է ռազմական նպատակներով: Տաճարի երկրորդ հրթիռակոծության ժամանակ վիրավորում է ստացել Արցախում պատերազմը լուսաբանող արտասահմանցի երեք լրագրող: Հայկական ինքնության և քրիստոնեական խորհրդանիշերի դեմ ուղղված ադրբեջանական գործողություններին անդրադարձել է միջազգային մամուլը, հեղինակավոր Human Rights Watch միջազային կազմակերպությունը:

Ադրբեջանական մեկ այլ տեսանյութից երևում է, որ հանվել կամ պայթեցվել են Շուշիի Կանաչ եկեղեցու գմբեթները:

Զինադադարից հետո Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության տարատեսակ ավերումների մասին շարունակում են լուսանկարներ և տեսանյութեր հայտնվել:

Հարյուրավոր այլ ճարտարապետական հուշարձանների ճակատագիրը դեռևս հայտնի չէ:
Ադրբեջանի ենթակայության տակ անցած շրջանների ճարտարապետական կոթողներից Դադիվանքի համալիրն այժմ եզակի կարգավիճակ ունի: Հանձնված միակ վանքն է, որը գործում է, այնտեղ պարբերաբար եկեղեցական ծեսեր, պատարագներ և ժամերգություններ են կատարվում:

Հոգևորականները վանքի միակ բնակիչները չեն: Դադիվանքի եկեղեցական կենսագործունեությունը, անվտանգությունն ու անխաթարությունը ապահովում են խաղաղապահները:

Միջնադարյան Դադիվանքի արժեքավոր որմնանկարները մի անգամ արդեն գրեթե ոչնչացվել են անցյալ դարակեսին, երբ գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների, ավելի ուշ՝ ռուսական կայսրության կազմում: Հողային մեծ կալվածքներ է ունեցել, սակայն Ադրբեջանին բռնակցվելուց հետո ունեզրկվել է, դադարել գործել 1921-ից:1950-ականներին ադրբեջանական իշխանությունները վանքում բնակեցրել են հոտաղների: Բնակարան և անասնագոմ դարձրած տաճարի ներսում փայտի վառարան է գործածվել: Հետևանքը՝ եկեղեցու` մրի հաստ շերտով ծածկված պատերն էին: Տասնամյակների մուրը և ծուխը երկար ժամանակ ծածկել են եզակի որմնանկարները: Վանքն ազատագրվել է 1993-ին, մեկ տարի անց՝ սկսել գործել:

2015թվականից մեծ ջանքերի և ներդրումների շնորհիվ հաջողվել է վերականգնել վանքի հազվագյուտ պատկերները: Վերանորոգումը մանրակրկիտ ու տևական աշխատանք էր, որը հնարավոր դարձավ հայ և իտալացի մասնագետների շնորհիվ: Նոր վտանգներից պաշտպանելու համար տարածքների հանձնումից առաջ որմնանկարները տեղափոխվել են Հայաստան:


Հուշարձանների թիրախավորման դեպքերը մտահոգել են մշակութային ժառանգությամբ զբաղվող կառույցներին և թանգարաններին: Հրատապ միջամտությամբ և հայկական կոթողների պաշտպանությամբ հանդես են եկել ՅՈւՆԵՍԿՕ-ն, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ), Մետրոպոլիտան թանգարանը:

2020-ի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով:

Այդ մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնել է ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը:
Փաստագրմանը պետք է մասնակցեն մասնագետներ տարբեր կառույցներից, որոնց հավանություն կտան թե Հայաստանը, թե Ադրբեջանը:
Փորձագետների անկախ առաքելությանը հավանություն են տվել Մինսկի խմբի համանախագահողները: Սակայն պաշտոնական Բաքուն չի տվել վերջնական պատասխան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ:

«Դեռևս սպասվում է Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին մի քանի անգամ դիմել ենք՝ առանց հաջողության: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների հետ կապված իրավիճակի գնահատումը, հատկապես առաջիկայում սպասվող եղանակի պատճառով: Կրակի դադարեցմամբ բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը կարևոր պայման է կայուն խաղաղության հաստատման համար: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»:
Հայաստանն առայժմ ոչ մի մուտք չունի դեպի հայկական մշակութային ժառանգություն:
Մշակութային մարդաբան Արսեն Հակոբյանը զուգահեռ է անցկացնում սիրիական կոնֆլիկտների հետ: Ինչպես Սիրիայում, թե Տիգրանակերտի, թե Շուշիի եկեղեցիների թիրախավորումը, վանդալիստական ակտերը ուղղված են ընդդեմ ինքնության և ժառանգության:

«Խորհրդանիշների թիրախավորման միջոցով մեսիջ էր ուղղվում հենց խմբի գոյությանը, գոյության հեռանկարներին: Դա ոչ միայն տարածքների հանձնումից հետո էր, այլև պատերազմի ընթացքում, մենք ունենք այդ փաստերը», - ասում է Արսեն Հակոբյանը:

Հաշվի առնելով պատմական իրողությունները` հնագետ-մշակութաբան Նժդեհ Երանյանը կարծում է, որ հայկական հուշարձանները կարող են ենթարկվել ոչնչացման մի քանի փուլերով:

«Առաջին հերթին ուղղակի ոչնչացվելու են սիմվոլները, որոշ արձանագրություններ, այն, ինչ կապված է դրանց քրիստոնեական և հայկական ծագման հետ: Հատկապես վտանգված են անտառներում, քիչ հասանելի վայրերում գնվող հուշարձանները, որոնք քիչ են հանրայնացված, քիչ են ներկայացված», - ասում է Նժդեհ Երանյանը:

Նժդեհ Երանյանի խոսքով, չի բացառվում նաև մշակութային արժեք ունեցող կառույցի մասնակի ոչնչացումը: Օրինակ, դեռևս խորհրդային տարիներին Արցախում գտնվող Վանքասարի եկեղեցին վերականգնվեց: Կառույցը ճարտարապետական առումով ֆիզիկապես պահպանվեց, սակայն ոչնչացվեցին տեսանելի հայերեն արձանագրությունները:
«Միանշանակ մշակութային էթնոցիդ է տեղի ունենալու կամ միտումնավոր էդ ամեն ինչը աղավաղելու, սխալ ներկայացնելու: Ֆիզիկապես ոչնչացնելու քայլեր են արդեն սկսվել, բազմաթիվ տեսանյութեր, ֆոտոներ կան, որ ցույց են տալիս, թե ոնց են այդ ամեն ինչը իրականացնում»,- ասում է Նժդեհ Երանյանը:

Ադրբեջանի ենթակայության ներքո են անցել նաև Արցախում գործող 22 թանգարաններից 12-ը` իրենց հավաքածուներով: Դրանց պահպանության և վերադարձի մասին լուրջ մտահոգություններ կան: Արդյո՞ք թալանված են կամ ավերված` ոչ մի տեղեկություն չկա:

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանի խոսքերով, կազմակերպությունը, որը Յունեսկոյի մաս է կազմում, փորձում է համատեղ խումբ ստեղծել և Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ազգային կոմիտեների ներգրավմամբ փորձել հավաքածուների ճակատագրի հետ կապված մշտադիտարկում իրականացնել:

«Մենք բարձրաձայնում ենք, որ հավաքածուների վերադարձի հարցը պետք է դրվի դիվանագիտական քննարկման օրակարգում, պահպանության և վերադարձի», - ասում է Անի Ավագյանը:

Անի Ավագյանի խոսքով, աղետների ժամանակ ռիսկերի կառավարման ոլորտի միջազգային կառույցների հետ այժմ վերապատրասման ծրագրեր են մշակվում: Թանգարանների անձնակազմերը Արցախում և Հայաստանում պատրաստ չեն եղել ռազմական իրավիճակում գործելուն: Մշակութային ժառանգության և թանգարանային հավաքածուների բախտին են արժանացել նաև անձնական արխիվները:

«Չնվաստացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որ թողել ենք էնտեղ, պետք է խոսենք մարդկանց անհատական հիշողությունների և անհատական արխիվների կորստի մասին: Մարդիկ անձնական հիշողությունները և արխիվները թողեցին այնտեղ, որտեղ իրենց ընտանիքների պատմություններն էր: Հասկանալի չի, երբևէ դրանք կվերադարձվեն, թե` չէ», - նշում է հնագետ, մշակութաբան Նժդեհ Երանյանը:

Արցախում մշակութային ճարտարապետական հուշարձաններին սպառնացող հաջորդ վտանգը մեկնաբանման աղավաղումն է: Վաղ միջնադարից մինչև նորագույն շրջան կառուցված կոթողներն այդ տարածքների հայկականության վկայություններն են:

Հայկականությունը վիճարկելու համար, դեռևս անցյալ դարի 60-ականներին, Ադրբեջանը առաջ է քաշել աղվանական տեսությունը: Դրա համաձայն, ադրբեջանցիները կովկասյան աղվանների հետնորդներն են: Հետևաբար, հայկական ժառանգությունը կարող է հայտարարվել աղվանական: Խորհրդային տարիների ադրբեջանական պատմագրությունը հայկական ժառանգությունը աղվանական էր ներկայացնում` զուգահեռաբար փորձելով ջնջել հայկականության հետքերը: Ադրբեջանում այս խորհրդային տեսությանը վերադարձան 2000-ականներին:

«Մենք գործ ունենք դրա արդեն քաղաքական ինստրումենտալիզացիայի հետ, բայց դա ավելի շատ մանիպուլատիվ գործիք է, որովհետև հստակ քաղաքական նպատակներ է հետապնդում և թիրախավորում: Այս պրոցեսներն սկսեցին 2000-ակաների սկզբին, երբ Ադրբեջանում գրանցեցին աղվանական եկեղեցի ասվածը որպես հասարակական կազմակերպություն, որը պետք է ծառայեր հայկական տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ նոր պատկանելության ձևավորման քաղաքական նպատակներին: Նպատակն էր՝ հայկական հետքի ջնջումը պատմական հայկական տարածքներից»,- բացատրում է Արսեն Հակոբյանը:

Պահպանության, անխաթարության խնդիրներին ավելանում է ևս մեկը` հուշարձանները ֆիզիկապես անհասանելի են ուսումնասիրության համար:

2020-ի վերջին հանձնված տարածքների որոշ վանքերն ու եկեղեցիները մի քանի կազմակերպություն հասցրել են տեսանկարահանել, լուսանկարել, փաստագրել, եռաչափ մոդելավորել և սքանավորել:

Մինչև պատերազմը Թումո կենտրոնը եռաչափ սքանավորման է ենթարկել Արցախի մշակութային հուշարձանները: 2020 թվականի վերջին, հանձնվող տարածքներում ևս կատարվել են հավելյալ սքանավորումներ այն ճարտարապետական կոթողների, որոնք անցնում էին Ադրբեջանի հսկողության տակ: Դրանք դեռևս գտնվում են մշակման փուլում:
Ղազանչեցոց (սեղմեք այստեղ)
Դադիվանք (սեղմեք այստեղ՝ 1) Վանական համալիր, 2) Մատուռ, 3) Վանք)
Սքանավորումը ճշգրտությամբ ցույց է տալիս ամբողջ հուշարձանի տարածական պատկերը: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի անգամ ֆիզիկապես վնասված կամ վանդալիզմի ենթարկած հուշարձանի նախկին տեսքը վերականգնել:

Չնայած Արցախի պատմամշակութային ժառանգության ճակատագրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մտահոգությանը, փաստագրման և մշտադիտարկման տեխնիկական գործընթացները դանդաղում են: Զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից երեք ամիս անց թե հայ, թե արտասահմանցի մասնագետները դեռևս ոչ մի լուր չունեն Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված հայկական ճարտարապետական արժեքներից:
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
~
ավելին