Անվտանգության
ճարտարապետություն

Հայաստանում պաշտպանական կառույցների ստեղծումը ամբողջ հանրապետության տարածքում դարձել է օրհասական
Անցած երեսուն տարիներին սառեցված Արցախյան հակամարտության արձագանքները հաճախակի զգացվել են Արցախի և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Սակայն 2020թ-ին վերսկսված պատերազմից հետո պարզ դարձավ, որ քաղաքացիական անվտանգության հարցն ակտուալ է Հայաստանի բոլոր մարզերում:
Արցախի քաղաքներում ապաստարանատիպ նկուղների առկայությունը փրկեցին բազմաթիվ մարդկային կյանքեր, թեև հիմնականում դրանք մասամբ էին համապատասխանում ռմբապաստարանների անվտանգության պահանջներին։ Տավուշի մարզում անկանոն կրակահերթերին դիմակայելու համար տեղացիներն ինքնուրույն փորձել են լուծել թիրախում գտնվող տների և մարդկանց անվտանգության խնդիրները։
Ժամանակավոր թաքստոցներ
2016թ-ի Քառօրյա պատերազմն ստիպեց վերանայել Տավուշի գյուղերի կենսակերպը: Քանի որ այդ ժամանակ Տավուշի գյուղական համայնքներն էին Հայաստան-Ադրբեջան միակ անմիջական սահմանը, Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը (ԿԽՄԿ) տեղի բնակչությանը անսպասելի կրակահերթերից պաշտպանելու համար սկսեց ստեղծել պասիվ պաշտպանական միջոցներ՝ ապահով սենյակներ, ռազմական դիրքերի տեսադաշտում գտնվող պատուհանների կառուցապատում, պաշտպանիչ պատեր մանկապարտեզների, դպրոցների ու այլ հանրային նշանակության շենք-շինությունների համար։ Նման աշխատանքներ իրականացվեցին Տավուշի մարզի 15, Վայոց Ձորի 3 և Արարատի մարզի 1 սահմանամերձ համայնքներում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

2019 թ-ի դրությամբ կատարած աշխատանքները
  • 29 ապահով սենյակ

    Այգեպար, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Բերքաբեր, Չինարի, Դովեղ, Կոթի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար, Ոսկեվան, Երասխ, Արենի, Բարձրունի և Խնձորուտ համայնքներում:
  • 17 պաշտպանիչ պատ

    Պառավաքար, Չինարի, Մովսես, Այգեպար, Ոսկեպար, Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ներքին Ծաղկավան, Արենի և Բարձրունի համայնքներում։
  • 195 պատուհաններ, դռներ և մուտքեր

    մասամբ կառուցապատվել են Բերքաբեր, Չինարի, Այգեպար, Բաղանիս և Ոսկեվան համայնքներում։


Աղբյուր՝ ԿԽՄԿ ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ, 2019թ․
Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի 320 կմ շփման գիծ, որի երկայնքով կա 27 գյուղական համայնք՝ թշնամու դիրքերից 1-3 կմ հեռավորության վրա։ 23 համայնք պարբերաբար ենթարկվում է գնդակոծության: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում Քառօրյա պատերազմից հետո դպրոցների ու մանկապարտեզների սաների պաշտպանության համար ապահով տարածքներ ստեղծելու գործում ակտիվ աշխատանքներ է սկսել «Պահապան» զարգացման հիմնադրամը։

«Մեր առաջին նախագիծը եղավ գյուղերից մեկի դպրոցի տարածքում ապահով սենյակի ստեղծումը, որը կահավորեցինք նաև որպես խաղասենյակ, որտեղ երեխաները թաքնվելով կարող էին շարունակել խաղալ, սովորել, շարունակել իրենց առօրյա գործունեությունը։ Մեր ծրագրի անունը դրեցինք «խաղաթաքստոց» և որոշեցինք դրամահավաք սկսել։ Այդ միջոցներով հնարավորինս շատ գյուղերում կկարողանանք նման ծրագրեր իրականացնել», - պատմում է «Պահապան» զարգացման հիմնադրամի ղեկավար Ինգա Հարությունյանը, ով հավելեց, որ իրենց հիմնական և առաջին աջակիցն եղել է ՀԱՅ Տավուշի Թեմը, ի դեմս Բագրատ Սրբազանի, ում օգնությամբ գտել են խաղաթաքստոցների հովհանավորներին սփյուռքից։
Ծրագիրն սկսվեց 2017 թ-ից, և 3-4 տարվա ընթացքում Տավուշի սահմանի երկայնքով՝ Բերդի տարածքից մինչև Բերդավան գյուղ (դեպի Վրաստան, Ադրբեջանի հետ սահմանագիծ գյուղեր) 13 մանկապարտեզի ու դպրոցի տարածքում ստեղծվեցին թաքստոցներ: Որոշ մանկապարտեզների ու դպրոցների նկուղներ նույնպես հարմարեցվեցին պաշտպանության չափանիշներին։
Ինգա Հարությունյանը շեշտում է, որ ցանկացած վայրում ստեղծվող թաքստոցը խաղաղ պայմաններում պետք է ակտիվ օգտագործվող տարածք լինի, որպեսզի գույքը պահպանվի, տարածքը լինի մաքուր և օդափոխվող։ Թաքստոցների տեղակայման ընտրության ժամանակ նախապատվություն է տրվում մասնավոր տարածքները։

Թաքստոցների ստեղծման հիմնական խանգարող հանգամանքն այն էր, որ խորհրդային շրջանից հետո բոլոր կառույցները, հանրային շինությունները նկուղներ գրեթե չունեն: Միակ ելքը շենքերի հարակից տարածքում ստորգետնյա ապաստարանի կառուցումն է, սակայն արդեն ստեղծված ենթակառուցվածքների առկայությամբ հաճախ տարածքը չի բավականացնում։
Ինգա Հարությունյան․ «Պահապան» զարգացման հիմնադրամ
Այնուամենայնիվ 2020թ․ հուլիսյան մարտերից սկսած «Պահապանը» Տավուշի մարզում սկսել է ստեղծել ամրացված ստորգետնյա թաքստոցներ, որոնք լրիվ նորույթ են Հայաստանում, քանի որ օգտագործվում է ռազմական մոդելի թաքստոց, որոնք հավաքվում են տեղում մեկ շաբաթվա ընթացքում։

Իսկ նկուղների բացակայության խնդիրը հետագայում կառուցվող շինություններում կանխելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից այս տարի կատարվել են մի շարք նորմատիվ իրավական ակտերի լրամշակման աշխատանքներ: Սահմանվել են պարտադիր պահանջներ շինարարական օբյեկտների (բնակելի և հասարակական նշանակության շենք-շինությունների) ճարտարապետահատակագծային և նախագծային առաջադրանքներում նկուղային և կիսանկուղային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (ապաստարանների և թաքստոցների տեղակայման) նախատեսման վերաբերյալ։
Ժամանակավոր թաքստոցներ
Արցախում նոր ենթակառուցվածքների նախագծման գաղափարով ներշնչված ճարտարապետ Արթուր Հովհաննիսյանը որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրեց Քարվաճառի վերակառուցումը։

Բնակավայրն այդ պահին գտնվում էր Արցախի հանրապետության տարածքում և Հայաստանի հետ կապող օղակ էր։ Քանի որ Քարվաճառը սահմանային գոտում էր, կարևոր էր օդային կամ ցամաքային գնդակոծությունից բնակչության պաշտպանության խնդիրը։ Ճարտարապետը նախապես ուսումնասիրեց Իսրայելում կիրառվող քաղպաշտպանության մեթոդները: Այդ երկիրը նույնպես շրջապատված է թշնամիներով, սակայն այնտեղ բնակչության անվտանգության ապահովման օրինակելի պայմաններ են ստեղծված։

«Թաքստոցների նախագծումը նոր Ամերիկա հայտնագործում չի, այլ վաղուց իր կարգն ու ձևն ունեցող նախագծեր կան, և ես ինձնից նոր բաներ չէի հորինելու: Սակայն ինձ ավելի շատ մտահոգում էր՝ ինչպես կարելի է բնակչությանը օդային տագնապի հայտարարման պահին արագ ժամանակավոր թաքստոցներով ապահովել, քանի որ տասնհինգ վայրկյանում չես կարողանա հասնել քեզ կցված ռմբապաստարան», - ասում է ճարտարապետ Արթուր Հովհաննիսյանը։

Իսրայելում ժամանակավոր վերգետնյա թաքստոցներն ամենուր են։ Ուստի, ճարտարապետը պնդում է, որ յուրաքանչյուր բնակավայրի ենթակառուցվածքների ստեղծումն այնպես պետք է նախագծվի, որ ներառվեն ճշգրիտ հաշվարկված ժամանակավոր թաքստոցներ։
Ճարտարապետի կարծիքով, համեմատելով վերգետնյա և ստորգետնյա թաքստոցները՝ պարզ է դառնում, որ ստորգետնյա թաքստոցներն ավելի արդյունավետ են, սակայն դրանց ստեղծումն ավելի թանկ է և աշխատատար, պահանջվում են լուրջ հողային աշխատանքներ։ Բացի դրանից, վերգետնյա թաքստոցները բավականին մոբիլ են՝ պատրաստի երկաթ-բետոնե սալերն արագ կարող են տեղադրվել անհրաժեշտ վայրերում, ինչպես դա արվում է Իսրայելում։
Վերգետնյա ռմբապաստարաններ
Քանի որ տեղանքից ելնելով հնարավոր չէ ամեն տեղ ստորգետնյա ապաստարաններ ստեղծել, ճարտարապետը կարևորում է վերգետնյա ապաստարանների մեկ այլ տարբերակ` Վինկելի աշտարակները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վինկելի աշտարակները լայն տարածում գտան Գերմանիայում։ Դրանք երկաթբետոնից միաձույլ աշտարակներ են՝ ստորգետնյա և վերգետնյա հատվածներով, որոնք ապացուցեցին իրենց արդյունավետությունը ուղղակի խոցման չկառավարվող հրթիռներով փորձարկումների ժամանակ:
Ճարտարապետի կարծիքով, նման աշտարակների չափսերը թույլ են տալիս նվազեցնել ուղիղ խոցման հավանականությունը: Ապաստարանում կարող է պատսպարվել մոտ 200 մարդ։
Տարհանման ուղիներ
Ֆրանկո-գերմանական ինժեներական բարձրագույն ինստիտուտի շրջանավարտ Մարիամ Էմեկսիզյանը դիպլոմային աշխատանքի համար ընտրեց սահմանամերձ գոտիների զարգացման թեման։

«Հաշվի առնելով համայնքների խոշորացման ծրագիրը՝ ես որոշեցի ընտրել Հայաստանի ամենախոցելի բնակավայրը՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղը։ Ինձ համար հոգեբանորեն շատ ծանր էր ուսումնասիրություն կատարել նման համայնքում, քանի որ այնտեղ հասկանում ես, թե որքան փխրուն են պատերազմի և խաղաղության միջև սահմանները։ Սակայն որքան էլ ցանկանաս ստեղծել ապահով նախագծված կառույցներ ու ենթակառուցվածքներ, երբ մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, և քո հարևաններն իրոք ագրեսիվ են, որպես ճարտարապետ անզոր ես ապահովել մարդկանց լիակատար անվտանգությունը», - ասում է Մարիամ Էմեկսիզյանը։

Երիտասարդ ճարտարապետին սարսափեցրել էր այն փաստը, որ մարդիկ իրենց բնակավայրում ստիպված են չկրել վառ կամ զինվորական համազգեստի գույների հագուստ: Գիշերային ժամերին փողոցային լուսավորությունը բացակայում է, քանի որ համայնքը թիրախավորվում է հակառակորդի դիրքերի կողմից։ Ռելիեֆային տեղամասերում աստիճանների առկայությունը մութ ժամերին ավելի հարմարավետ ու անվտանգ սարքելու համար ճարտարապետն առաջարկել է գետնի մակարդակի վրա տեղավորել քողարկված թույլ լուսատուներ։
Նախագիծը բաղկացած է երեք մասից՝ ստեղծել քաղաքաստեղծ գործոն, օրինակ, գինու գործարան, ապահով բնակելի թաղամաս, որը կունենա տարհանման ցանց՝ անսպասելի հարձակումից պաշտպանվելու ԱՄՆ-ի և Իսրայելի էվակուացիոն ցանցի օրինակներով։

Ըստ նախագծի, անվտանգության նկատառումներով գինու արտադրամասի գերիշխող հատվածը պետք է տեղակայվի ստորգետնյա մակարդակում և միացված լինի բնակչության տարհանման ստորգետնյա ուղիներին։ Յուրաքանչյուր չորրորդ բնակելի տան միջակայքում ստեղծվում է մեկական ստորգետնյա ապաստարան, որը միացվում է բնակավայրի փողոցների տակով անցնող տարհանման ուղիներին։
Ապաստարաններ
Ապաստարան
Թշնամու կողմից բոլոր տեսակի խոցման միջոցների կիրառման կամ ճառագայթային, քիմիական, մանրէաբանական խոցման գործոններով վթարների և աղետների պայմաններում առանց անհատական պաշտպանական միջոցների մարդկանց երկարատև մնալու համար հարմարեցված կամ կառուցված ամուր (սովորաբար՝ խորացված) հերմետիկ կառույց։
Ինչպես նշվում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական ձեռնարկում, ապաստարանները պետք է պատրաստ լինեն երկու օր անընդմեջ մարդկանց կեցությունը ապահովել։ Թաքստոցը պետք է ունենա նախամուտքեր և օդազտիչ, օդամղիչ սարքավորումներ, ջերմային և լուսային սարքեր, մահճակալներ, ջրամատակարարման և կոյուղու համակարգեր։

Պաշտպանական կառույցների մուտքին փակցվում են ցուցատախտակներ, իսկ դեպի այդ կառույցներ տանող ուղիներում՝ ցուցանշաններ։ Պաշտպանական կառույցներում պատսպարումն իրականացվում է քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով։ Օրինակ՝ «Օդային տագնապ» ազդանշանի միջոցով։

Ըստ տարողության ապաստարանները լինում են՝ փոքր – մինչև 150 մարդ տարողությամբ, միջին – 150-600 մարդ տարողությամբ, մեծ՝ 600-5000 մարդ տարողությամբ։

Ապաստարանները կառուցվում են աշխատավայրերից (աշխատողների հավաքման տեղից) նվազագույն հեռավորության վրա, այսպես կոչված «հավաքման շառավղի» հեռավորությամբ։ Դա այն երկարությունն է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիական պաշտպանության «Օդային տագնապ» ազդանշանի ստացման դեպքում սահմանված ժամանակահատվածում զբաղեցնել ապաստարանում հատկացված տեղը։ Սովորաբար այդ շառավղի երկարությունը 400–500մ է՝ կախված շենքի հարկայնությունից։ Որքան շենք-շինության հարկայնությունը բարձր է, այնքան պետք է այդ հեռավորությունը մոտ լինի 400մ–ին։


Մեր խմբագրության հարցմանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրեցին, որ կոմիտեի պատվերով 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվում են ՀՀ մարզերի համայնքների ապաստարաններով համալրված 3 մոդուլային դպոցների շինարարական աշխատանքներ։ «Հայնախագծի» կողմից 2020 թվականին մշակվել է 70 հոգու համար նախատեսված, անհրաժեշտ կոնստրուկտիվ լուծումներով և ինժեներական հաղորդակցուղիներով համալրված ապաստարանի արդիական նախագիծ, որի կառուցման աշխատանքներն ընթանում են Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում։
Այսօր Արցախի սահմանների փոփոխության և տարածաշրջանում առկա իրավիճակից ելնելով՝ պաշտպանական կառույցների ստեղծումը ամբողջ հանրապետության տարածքում դարձել է օրհասական։

Եվ երկրաշարժի ժամանակ անվտանգության առաջնակն կաննոներն իմանալուն պես անհրաժեշտ է իմանալ, որ օդային տագնապի ազդանշանի հնչելու պահին կարևոր է խուճապի չմատնվել և տեղափոխվել մոտակա բնակելի շենքի, դպրոցի, հիվանդանոցի, գյուղական տան թաքստոցներ։ Բոլոր օրենքները պահպանելու դեպքում վտանգը չեզոքացվում է։
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: