Երևանի պաշտպանական ենթակառուցվածքը

Ինչքանո՞վ է մայրաքաղաք Երևանը պատրաստ պաշտպանել իր բնակիչներին պատերազմական իրավիճակում
Այս տարի Հայաստանի բնակիչները ստիպված էին վերհիշել` ինչ է պետք անել օդային տագնապի ժամանակ և հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում մոտակա շինությունը, որը կարող է ծառայել որպես թաքստոց:
2020 սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմը կարևոր հարց բարձրացրեց՝ ինչքանո՞վ էինք մենք պատրաստ պատերազմի։ Հատկապես մայրաքաղաք Երևանը, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության ⅓-ը։

Այն, որ ռիսկերը իրական են նույնիսկ Երևանի բնակիչների համար, ակնհայտ դարձավ, երբ մայրաքաղաքի սահմանակից Կոտայքի մարզում հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան խոցվեց ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ-ի կողմից սարքը խոցելու պահը տեսանելի և լսելի էր նաև երևանցիների համար:

Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում խորհրդային տարիներին կառուցվել են ապաստարաններ։ Քաղպաշտպանության խնդիրը լուրջ էր դրված․ երկիրը պատրաստվում էր դիմակայել անգամ միջուկային հարվածների։ Մեծ կայսրության փլուզումից հետո անկախ Հայաստանին ժառանգվեց ստեղծվածը։

ՀՀ-ում սահմանվել է երեք տեսակի պաշտպանական կառույց՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Ինչպես մեկնաբանում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզագույն թաքստոցները նկուղային հարկերն են, ստորգետնյա ավտոկայանատեղիները, գետնանցումները և այլ խորացված տարածքները։ Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները քաղաքացիական պաշտպանության հատուկ կառույցներ են, որոնք նախատեսված են պատերազմի ժամանակ գործունեությունը շարունակող կարևոր կազմակերպությունների աշխատակիցների պատսպարման համար։

Քաղպաշտպանության օբյեկտ 1․ բնակելի շենքերի նկուղներ

2016-ի հրապարակման տվյալներով Երևանում հաշվառված է 1-9 և ավելի բարձր հարկ ունեցող 4835 բազմաբնակարան շենքը։ Ըստ Երևանի քաղաքապետարանի 2019-ի տվյալների՝ մայրաքաղաքում կա 4-րդ աստիճանի վթարային 8 շենք, մոտ 100-ը 3-րդ կարգի վթարայնության են:

Բնակելի ֆոնդի հարմարեցված առաջին հարկերը, նկուղները և կիսանկուղները, ըստ օրենքի, կարող են ծառայել որպես տարբեր տիպի թաքստոցներ: Սակայն, նկուղների հետ կապված մի քանի խնդիր կա:

Երևանի ոչ բոլոր շենքերում նկուղ կա։ Մի մասի դեպքում նկուղային հատվածը շենքի անհրաժեշտ խողովակների անցկացման համար է միայն նախատեսված։ Սա պատերազմի օրերին սխալվելու առիթներ էր ստեղծել քաղաքային իշխանության համար։

Ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանի բնակության շենքում նկուղ չկա, սակայն բնակչությանը գրավոր ծանուցմամբ տեղեկացրել էին, որ տագնապ լսելու դեպքում պետք է իջնել նկուղ։ Քաղաքապետարանից հաստատում են, որ նման խնդիրներ եղել են։ Իրենք էլ ահազանգեր ստացել են, փորձել են ամենօրյա ռեժիմով դրանց քանակը մինիմալի հասցնել։ Եղած նկուղների դեպքում այլ խնդիր է եղել։

Նկուղներում հաճախ աղբ է կուտակված: Երևանի քաղաքապետարանի տեղեկություններով, պատերազմի օրերին և դրանից հետո սկսել են տարիներով կուտակված աղբի մաքրման աշխատանքներ։ «Մոտավորապես 160-170 կամազ տեսակի մեքենա շինաղբ ենք հանել բազմաբնակարան շենքերի նկուղներից», - ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Փոխքաղաքապետը պատմում է՝ Ավանում թաքստոցները մաքրելիս բնակիչները միացել են աշխատանքներին։ Բնակիչների ինքնակազմակերպման դեպքեր եղել են վարչական այլ շրջաններում ևս։ «Նույնիսկ տեղեր կա` սալիկապատել են, լույս են քաշել բնակիչները ու տրամաբանական է, որ բնակիչները անեն դա», - ասում է նա։

ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ՏԻՄ և պետական կառավարման համակարգի մարմիններն են պատասխանատու իրենց շենքերի նկուղային հարկերը պատրաստի վիճակի բերելու համար։ Իսկ մասնավոր տարածքների նախապատրաստման համար ներգրավվում են նաև սեփականատերերը։

ԱԻՆ-ում վստահ են, որ Երևանը ապահոված է թաքստոցներով։ «Հարցը այնն է` դրանք պատրաստ են լինում, թե՝ ոչ։ Եթե ՏԻՄ-երը ճիշտ տեղեկություն են ԱԻՆ-ին տրամադրել, ապա թաքստոցների 90%-ը պատրաստ է։ Մնացածը վերակցագրում են և բնակիչներին տեղյակ պահում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչ ԱԻՆ փոխգնդապետ Կարեն Սահակյանը։

Նկուղների որոշ մասը մասնավորեցված է, վարձակալությամբ շահագործվում է։ Ինչպե՞ս պետք է լուծվեր այս շենքերի բնակիչների խնդիրը։ Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ նման խնդիրը հիմնականում կա Կենտրոն վարչական շրջանում, բայց այստեղ էլ շատ են քաղպաշտպանության այլ օբյեկտներ՝ անցումները, մետրոյի կայարանները, բազմահարկ շենքերի ավտոկայանատեղիները։

«Ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենտրոն վարչական շրջանում ճիշտ բաշխվածություն ունենանք, կկարողանանք վարչական շրջանի բնակիչներին մեծամասամբ ապահովել թաքստոցով։ Բայց այլ վարչական շրջաններ էլ ունենք, որ նկուղ չունեն, իրենց մոտ ավելի վատ վիճակ է», - ասում է փոխքաղաքապետ Սարգսյանը։ Ըստ նրա, թաքստոցների առումով ամենալավ վիճակում հենց Կենտրոն համայքն է։

Մասնավորեցված տարածքների սեփականատերերի հետ հարաբերությունները հստակեցնելու համար ԱԻՆ-ը 2020-ի նոյեմբերին Կառավարության որոշման նախագիծ էր մշակել։
Բազմաբնակարան շենքերը բաժնային սեփականություն են։ Համատիրություններն են բնակիչների համաձայնությամբ օտարել դրանց նկուղները:
Քաղպաշտպանության օբյեկտ 2․ հանրային շենքերի նկուղներ
Հանրային նշանակությամբ շենքերում քաղպաշտպանական ենթակառուցվածք ստեղծելը 1974-ից պարտադիր դարձավ։ Այս մասին հիշում է Ճարտարապետների միության քարտուղար Բորիս Քոչարյանը, որն աշխատում էր «ՀայԳյուղնախագիծ» ինստիտուտում։

«ԽՍՀՄ պետշինից նորմեր էին ուղարկել մեզ, և գրեթե բոլոր նախագծերում անպայման նկուղային հարկերը կառուցվում էին որպես ապաստարաններ կամ` արագ վերափոխելու հնարավորությամբ։ 1974-80 թթ. բոլոր վարչական շենքի նկուղներում ապաստարաններ էին արվում։ Դրանից հետո ես չեմ հիշում, որ նախագծային պրակտիկայում այսպիսի մեծ ուշադրություն դարձնեին», - ասում է նա։

Ճարտարապետը նաև հիշում է, որ նախագծային ինստիտուտները մասնագետ ունեին, որը վերահսկում էր նախագծերում ապաստարանների ապահովման խնդիրը։ Իսկ թե ներկայում ինչ վիճակում են ապաստարանները, տեղեկություն գրեթե չունի։ Անձնական օրինակով պատմում է, որ վարչական շենքերից մեկում վարժանքի ժամանակ գնացել են ապաստարան․ կիսատ կահավորված էր, հերթական ելքը փակ էր։

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը ևս որոշ մանրամասներ է հիշում Խորհրդային տարիների քաղպաշտպանության պլանավորումից: «Պլանավորումը կենտրոնական էր, և կենտրոնից էին պլանավորում, թե որ քաղաքում, որտեղ պետք է լինի քաղպաշտպանության համար նախատեսված տարածք։ Ով այդ շենքը նախագծում էր, նրան տալիս էին տվյալները, թե ինչպիսին պետք է լինի այդ տարածքը», - ասում է նա։

Գրիգոր Ազիզյանը մի քանի նման շենք է նախագծել 70-80-ականներին։ Քաղպաշտպանության համար նախատեսված նկուղներ առկա էին նաև հանրային և վարչական նշանակության շենքերում։ «Խաղաղ ժամանակ դրանք պետք է օգտագործվեին այլ նպատակներով, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ վերածվեին ապաստարանի»,- ասում է Գրիգոր Ազիզյանը։

Քանի որ Արցախյան առաջին պատերազմում թիրախավորվել ու տուժել էր Կապան քաղաքը, 90-ականներին «այնտեղ ևս ապաստարաններ նախագծեցինք, որոնցից ոչ մեկը չիրականացավ»։ Իսկ թե այսօր ինչ է կատարվում այդ ամենի հետ՝ «շատ դժվար է ասել»։ Անկախ Հայաստանում դրանք սեփականաշնորհվել են, և «ապաստարան չի մնացել»։ «Եթե հիմա մի արտակարգ իրավիճակ լինի և փորձենք տեղավորել, մենք չենք կարողանա», - ասում է նա։
Քաղպաշտպանության օբյեկտ 3․ գետնանցումներ և թունելներ
Ըստ Երևանի զարգացման 2020-ի ծրագրի, մայրաքաղաքում կա 41 ստորգետնյա գետնանցում։ Ըստ նույն փաստաթղթի՝ դրանց մեծ մասը բավարար վիճակում է, մի շարք գետնանցումներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Սուլթանիկ և Էդուարդ Արևշատյաններն են 1980-ականներին նախագծել Աբովյան փողոցի երկու անցումը։ Ճարտարապետ ամուսինները այդ ժամանակ զարգացող ստորգետնյա ուրբանիստիկայով էին զբաղվում։ Նրանց որդին՝ արվեստաբան Ռուբեն Արևշատյանն ասում է, որ ապաստարանի հետ կապված խնդիր ուղիղ կերպով դրված չէր։ Քաղաքացիական պաշտպանության հետ կապված ֆունկցիաները այդ կառուցվածքներում երկրորդական էին։

«Կան մի շարք պարամետրեր. մետրոյի պես նույն ֆունկցիան չէր կարող կատարել, բայց որոշակի առումով պաշտպանողական ֆունկցիաներ դրվում էին, թեև դա գլխավոր նպատակը չէր։ Դա կառուցվում էր որպես հասարակական տարածք, նախևառաջ՝ որպես ստորգետնյա անցում, որի մեջ արդեն ինտեգրված էին առևտրային զոնաներ», - ասում է Արևշատյանը։


Աբովյան փողոցի ստորգետնյա մեծ անցումն իր լուծումներով և մոտեցումներով Սովետական միությունում առաջիններից էր՝ մասշտաբի և ունիկալության տեսանկյունից։ Այն եռահարկ էր․ չերևացող երրորդ հարկը պահեստային էր, ստորգետնյա թունելներով տեղափոխվում էր առևտրային զոնաներ։ Արժանացել է մի շարք մրցանակների։

Կառավարման խորհրդատու Մարիա Հովումյանը 2016-ի պատերազմից հետո ձևավորված «Դիմակայում համայքներ» նախաձեռության անդամներից է։ Նա տարիներ շարունակ զբաղվում է քաղաքացիական պաշտպանության խնդիրներով։

Պատերազմի օրերին նրանք էլ բախվեցին նկուղ չունենալու խնդրին։ Բնակիչները գտել են այլընտրանքը՝ մոտակայքում գտնվող, մոռացված ու աղբով լցված երկաթգծային թունելը։ Իրենց միջոցներով են մաքրել, քանի որ համայնքը ուներ տեխնիկայի խնդիր․ Արցախ էր ուղարկվել։

Թաղապետարանից աջակցել են այս աշխատանքներին, օպերատիվ կազմակերպել ԱԻՆ-ի գնահատումը՝ թունելը որպես թաքստոց ծառայեցնելու մասին։ Սակայն թե թունելը, թե այնտեղ տանող ճանապարհը բարեկարգելու խնդիր կա։ Կարգի բերելու և պահպանելու հարցով բնակիչներն այժմ պայմանավորվածություն ունեն թաղապետարանի հետ։

Թաղապետարանում ԱԻՆ-ի ցուցակից համոզվել են, որ շենքի դիմաց թաքստոցներ չկան։ «Զավեշտն այն է, որ մարդիկ գրել են 0 ու անցել են առաջ։ Մեր շենքում 2 մուտք է,12 հարկ, ամեն հարկում՝ 6 բնակարան։ Ամեն բնակարանում միջինը 3-4 հոգի մարդ է ապրում։ Այսինքն, դա մի գյուղ է, և այդ գյուղի դիմաց գրված է 0։ Խնդիրը լուծում չունի։ Այսինքն եթե մենք չենք հայտնաբերում այդ թունելը, մնում ենք բացարձակապես անպաշտպան», - ասում է Հովումյանը։

Սակայն, բացի ֆիզիկական թաքստոցից Հովումյանը բարձրացնում է ևս երկու հարց՝ շչակները աշխատելու խնդիրը և մարդկանց պատրաստվածության մակարդակը։ Նախաձեռնության շնորհիվ կրթական ծրագիր է մշակվել, որը առաջնահերթ սահմանամերձ համայքների համար է։

«Չեմ կարծում, որ մեկը կասի, թե Երևանը ապահով է, ու մարդիկ իրենց ապահով են զգում։ Այս պատերազմը առիթ եղավ, որ մարդիկ մտահոգվեն այս թեմայի շուրջ, քանի որ հիմնականում իրենց շատ անապահով են զգում», - ասում է նա։
Քաղպաշտպանության օբյեկտ 4․ ավտոկայանատեղիներ
ԱԻՆ-ից մեր հարցման ի պատասխան տեղեկացնում են, որ վերջին տարիներին կառուցված շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղիները համարվում են պաշտպանական կառույցներ․ դրանցում նախատեսվում է բնակչության պատսպարում։

Երևանի քաղաքապետարանից՝ բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն ստացած նախագծերի գերակշռող դեպքում պարտադիր պայման է ստորգետնյա ավտոկայանատեղին։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասում է, որ դրա հիմնական նպատակը քաղաքի երթևեկության ճիշտ կազմակերպումն է եղել։ Սակայն, նորմերին համապատասխանելու դեպքում դա անուղղակի ձևով հնարավորություն կտա ապահովել նաև բնակիչների անվտանգությունը։

«Մենք հաշվեցինք, որ շատ դեպքերում կային բազմաբնակարան շենքեր, որտեղ բնակիչները քիչ էին, կայանատեղիի մակերեսը՝ ավելի մեծ։ Վարչական շրջան ունենք, որ Խորհրդային Միության ժամանակներից սարքված շենքերի բնակիչները ըստ պլանի պետք է գնային նորակառույցի տարածքներում ապաստանեին», - ասում է փոխքաղաքապետ Սարգսյանը։

Ավտոկայանատեղիները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների` բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Մարիա Հովումյանի խոսքով, մեքենաներն ու մարդիկ նույն տարածքում չեն կարող մնալ, քանի որ կա մեքենաների պայթելու ռիսկ։

«Մեզ մոտ ասում են, որ ավտոկայան են կառուցել, որը կարող է ծառայել որպես ռմբապաստարան։ Մոտեցումը հակառակը պետք է լինի՝ կառուցել ապաստարան, որը կարող է օգտագործվել ինչ-որ գործունեության համար», - ասում է ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանը։

Նա գործնականում ծանոթացել է Շվեյցարիայի ապաստարանների փորձին ու պահանջներին։ Մինչև 2011 թվականը այնտեղ բնակելի շենք կառուցողը պարտավոր էր կառուցել ռմբապաստարան։ Քանի որ այս պահին լրացվել է ամբողջ բնակչության համար անհրաժեշտ ապաստարանների պահանջը, այդ պարտադիր պահանջը հանվել է։ Բայց նոր շենքեր կառուցող անհատները կամ կազմակերպությունները պարտավոր են համապատասխան գումար փոխանցել համայնքի հաշվին՝ ապաստարաններին սպասարկելու համար։

«Ես չեմ ուզում Շվեյցարիայի մոդելը միանգամից մեզ վրա կիրառել, որովհետև Շվեյցարիան հարուստ երկիր է, բայց համակարգային մոտեցում պետք է լինի։ Այնտեղ համայնքը իրավունք ունի ապաստարանը վարձակալության տալու այլ նպատակով օգտագործելու համար՝ որոշակի պայմաններով։ Եթե ուսումնասիրենք, կարող ենք տարբերակներ գտնել, թե ռմբապաստարաններն ինչ ֆունկցիա կարող է ունենալ խաղաղ ժամանակ», - ասում է ճարտարապետը։

Հայաստանում իբրև նախագծող իր գործունեության ընթացքում չի հանդիպել պատվիրատուի, որն իր առջև ապաստարան նախագծելու հարց դնի։ «Բայց պատվիրատուն չի կարող դնել այդ հարցը», - ասում է նա ու բացատրում, որ պատվիրատուին ձեռնտու չէ։ Պետությունը պետք է պահանջի կառուցապատողից։ Մասնագետի կարծիքով, օրինակ, ավտոկայանը չենք կարող օգտագործել որպես ռմբապաստարան․ այն նախագծման այլ մոտեցում է ենթադրում՝ սկսած դռան ձևից, ծածկի ու պատերի հաստությունից` մինչև օդափոխության համակարգ։
Քաղպաշտպանության օբյեկտ 5․ մետրոպոլիտեն
Երևանի քաղպաշտպանության օբյեկտներից է մետրոպոլիտենը։ Խորհրդային տարիներին՝ 1970-ակաների վերջում, սկսվեց կառուցվել հանրային այս տրանսպորտը, որը նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման համար է նախատեսված։

Կ․ Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենն այժմ ունի 10 կայարան, որոնցից 7-ը՝ ստորգետնյա։ Մետրոպոլիտենի առաջին բաժնի պետի տեղակալ Սեյրան Կյատիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ստորգետնյա կայարաններում կարող են ապաստանել 50-60 հազար քաղաքացի։

«Մետրոպոլիտենը նախատեսված է եղել որպես ապաստարան։ Սովետմիությունը քանդվեց, ապաստարանի հասկացողությունը կիսատ մնաց, վերածվեց թաքստոցի։ Հիմա ծառայում է որպես թաքստոց, արվում է մաքսիմումը, որ հնարավորություն լինի ուղևորներին և քաղաքացիներին պատսպարելու համար։ Այսինքն, ապահովում է, որ արագ իջնեն ներքև, ջրի հնարավորություն լինի, օդափոխություն և այլն», - ասաց Կյատիկյանը։

Պատսպարման աշխատանքները կանոնակարգելու, խուճապից խուսափելու և այլ բարդություններ չառաջացնելու համար աշխատակիցները վերապատրաստումներ են անցնում։ ԱԻՆ-ի հետ աշխատանքային համագործակցության պլան ունեն, ըստ որի տարբեր ուղղություներով աշխատում են, այդ թվում` նաև քաղաքացիական պաշտպանության։
Քաղաքապետարանից խոստանում են Երևանի 12 վարչական շրջաններում կառուցել թաքստոցներ ու ապաստարաններ, ավելացնել շչակների քանակը 100-ով: ՀՀ օրենսդրության համաձայն՝ պաշտպանական կառույցների քանակի և պատրաստականության մասին համահավաք տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։

Ինչ վերաբերում է ապաստարաններին, Խորհրդային տարիներից հետո բնակչության համար նորերը չեն կառուցվել։ Եղածի մի մասը մասնավորեցվել է։ Քաղաքապետարանից նաև ասում են, որ քաղպաշտապնության պլանները վերանայելու կարիք կա։

Քաղաքացիական պաշտպանության, պաշտպանական կառույցների նախագծման և կառուցման ոլորտը կարգավորող գործող նորմեր չկան, անհրաժեշտության դեպքում առաջնորդվում են Խորհրդային Միության նորմատիվ փաստաթղթերով։ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով 2020-ի նոյեմբերի 2-ին նախագծող կազմակերպության հետ կնքվել է պաշտպանական կառույցների շինարարական նորմերի մշակման աշխատանքների պայմանագիր։

Քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Հայնախագիծ» ընկերությունն է գրում շինարարական նոր նորմերը։ Ընկերությունը ղեկավարող Գրիգոր Ազիզյանն ասում է, որ նոր կառուցվողների մեծամասնությունն ունի ստորգետնյա հարկեր։ «Դրանք պետք է հնարավորություն ունենան վերաձևափոխվելու, թողնելու որոշակի կայանատեղի, իսկ որոշ սենյակներ այդ շենքի կամ միգուցե նաև հարակից շենքի բնակիչների համար փոքրիկ փոփոխություններով պնդացնել և սարքել ապաստարաններ: Խաղաղ ժամանակ կարող են շարունակել մնալ որպես ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ արտակարգ իրավիճակի դեպքում մեքենաները դուրս կհանվեն», - ասաց նա։

Դրան զուգահեռ կոմիտեն նախաձեռնել է մի շարք նորմատիվ փաստաթղթերի վերանայման գործընթաց՝ բնակելի և հասարակական շենքերում ապաստարանների և/ կամ թաքստոցների նախատեսման (տեղակայման) պարտադիր պահանջներ սահմանելու համար։

Այս նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հաստատումից հետո, դրանցով սահմանված պահանջները պարտադիր և կիրառելի են դառնալու Հայաստանի ամբողջ տարածքում քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։


  • Հրապարակումը պատրաստվել է չեխական NESEHNUTÍ կազմակերպության աջակցությամբ:
~
ավելին