Համալսարանն ավարտելուց հետո ես չեմ ներկայացել որպես նախագծող ճարտարապետ: Ես օգնում եմ ուրիշ ճարտարապետների, որ իրենց գործն ավելի լավ անեն: Օրինակ, այժմ ասպիրանտուրան անցնում եմ Միլանի պոլիտեխնիկում, և իմ թեման փախստականների ճամբարի ու կացարանների վերաբերյալ է: Այստեղի ճարտարապետների ու քաղաքաշինարանների համար ստեղծում եմ գործիքներ, որպեսզի նրանք ավելի հեշտ նախագծեն:
Ստացվում է, որ սովորական ճարտարապետի հաստիքի համար թեկնածուները շատ-շատ են: Բայց ֆիրմաներն ավելի սպեցիֆիկ մասնագիտական պահանջներ են ունենում, ու եթե նեղ մասնագիտացում ունես, ավելի հեշտ է գործ գտնելը:
Եթե համեմատեմ մեր և մյուս համալսարանները, որտեղ սովորել եմ (PoliMi, KADK), Հայաստանում կրթական ծրագիրն այնքան էլ կապ չունի ինդուստրիայի հետ:
Եթե դիտարկենք մեր հիմնական «Ճարտարապետական նախագիծ» առարկան, մեր դասախոսները չեն սովորեցնում այն, ինչի մասնագետն են: Համարվում է, որ եթե դասախոսը ճարտարապետ է, նա կարող է ամեն ինչ սովորեցնել: Եթե ուսանողն ուզում է օդանավակայան գծել, դասախոսը համաձայնվում է, թեև ինքը երբեք նման բան չի նախագծել, ամբողջ կյանքում գծել է միայն մի քանի արտադրամաս, դրանում է մասնագիտացած:
Վերջերս մի նախագիծ էի նայում Հայաստանում: Ուսանողը փախստականների ճամբար էր գծել, որը իմ ասպիրանտական թեման է: Դասախոսն էլ, ինքն էլ տեղյակ չէին թեմայի էությունից: Արդյունքում, սխալներ կային, բայց անգամ հանձնախմբում դրա մասնագետը չկար, որ հասկանար դրանք:
Խնդրի լուծումը կրթությունը ինդուստրիայի հետ կապելու մեջ է: Այն ճարտարապետները, ովքեր ինդուստրիայում ինչ-որ գործունեություն են ծավալում, պետք է գան համալսարան ու մատուցեն անձնական փորձով հիմնավորված գիտելիք:
Մեր երկրում պետք է լինի կոնկրետ գիտական աշխատանքների պահանջարկ, որը բխում է ոլորտում առկա բացերից: Համալսարանը պետք է ունենա ֆինանսավորում տարբեր սեկտորներից, օրինակ՝ անշարժ գույք, կադաստր, բիզնես և այլն: Ըստ այդ պահանջարկի, կարելի է ձևավորել ասպիրանտական ծրագիր և ընդունել կոնկրետ հետազոտողների: Այսպես ասպիրանտի աշխատանքը ռեալ կիրառություն կգտնի ոլորտում և կսպասարկի ինդուստրիան: