Վարդենիս. դարպասից այս կողմ

Սահմանամերձից սահմանապահ դարձած
Վարդենիսում ոռոգման խնդիրներին
ավելացել է անվտանգության հարցը:
լրագրող, լուսանկարներ
Քարվաճառից և մոտակա գյուղերից դուրս եկած հայ բնակչության հետևից դարպասը փակվել է 2020 -ի նոյեմբերի 25-ին: Վերջին 26 տարիներին Արցախի հանրապետության Շահումյանի շրջանի կազմում ընդգրկված Քարվաճառը ոչ միայն Արցախի բնակչության, այլ նաև հարևան Գեղարքունիքի մարզի համայնքների անվտանգության երաշխիքն էր:
2020-ի աշնանը Արցախում բռնկված հայ-ադրբեջանական նոր պատերազմի հետևանքով, նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա, Արցախի շուրջ «անվտանգության գոտու» մյուս շրջանների թվում Ադրբեջանին հանձնվեց նաև Քարվաճառը:

Արդյունքում, մարզի այլ համայնքների պես սահմանամերձ է դարձել նաև Վարդենիսը: Այս խոշորացված համայնքի մեջ մտնող Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերը այժմ գտնվում են սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից լսվեցին կարկուտի պես ինտենսիվ պայթյունների ձայներ: Տղամարդկանց մի մասը զենքն առած կամավորագրվեցին, իսկ մնացածն ակտիվ անցավ զինվորների համար օգնություն հավաքելու գործին», - ասում է Վարդենիս քաղաքի բնակիչ Վարդան Արշակյանը։

Վարդենիսի համայնքապետարանի տրամադրած տվյալների համաձայն ռազմական գործողությունների հետևանքով համայնքը նյութական վնասներ չի կրել, շենք-շինություն չի խոցվել: Սակայն պատերազմի առաջին 10 օրերին այս հատվածում, պաշտոնական տվյալների համաձայն, խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ, որոնցից 1-ն ընկել է Վարդենիսի հարևան Կութ գյուղի տարածքում:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել նաև Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածքներին, ինչի հետևանքով ծնողների հետ կարտոֆիլի դաշտում աշխատող 14-ամյա տղան վիրավորում էր ստացել։

Քարվաճառում, ըստ 2015 մարդահամարի, ապրում էր 600 մարդ, Շահումյան շրջանի բնակչությունը ընդհանուր կազմում էր 3 090 մարդ: Այսօր այդ տարածքներից միայն Վարդենիսի համայնքում ապաստան է գտել 46 ընտանիք՝ 182 մարդ։

Վարդենիսի համայնքապետի տեղակալ Արտակ Մանուկյանի խոսքով, իրենց համայնքում ապաստան գտած տեղահանվածների մոտ 10%-ը մտադրություն ունի տեղափոխվել այլ բնակավայրեր կամ վերադառնալ Արցախ։ Սակայն տեղափոխվածների թվում նաև տեղի զորամասում աշխատողներն են, որոնց ընտանիքները բնակվում էին Քարվաճառի տարածքում: Նրանց մի մասին հաջողվել է ժամանակավոր լուծել կացարանի խնդիրները՝ վարձելով բնակարաններ կամ տներ, իսկ գերիշխող մեծամասնությունը ապաստան է գտել բարեկամների, ծանոթների կամ լրիվ անծանոթ մարդկանց տներում։
Մարդկանց համայնքում պահելու համար անհրաժետ է լուծել մշտական կացության խնդիրը: Վարդենիսի համայնքապետի տեղակալի խոսքով, զորամասի աշխատակիցներն ունեին բնակարանային խնդիր դեռևս մինչև պատերազմը: Ըստ համայնքապետարանի, վերջին քսան տարիներին համայնքում բնակարանաշինական ծրագիր չի իրականացվել։

Վարդենիս քաղաքի բնակիչներ Ֆլորա և Արմինե Խաչատրյանները (քույրեր են-հեղ.) ընկերների հետ կարողացել են օգնել Արցախից տեղահանված 9 ընտանիքի, որոնցից 5-ը բազմազավակ էին, ընդհանուր առմամբ կար 26 երեխա։

Ընտանիքները եկել էին գիշերով, և կամավորների 5 հոգանոց խումբը գործի է դրել բոլոր կապերը` նրանց գիշերակացի տեղ գտնելու համար։ Գտել են նաև հագուստ և սնունդ, երեխաների համար գնել են գրենական պիտույքներ։
Գիտակցելով, որ հումանիտար օգնությունից բացի տները կորցրած մարդկանց անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն` փորձել են օգնել պարզապես զրուցելով, լսելով նրանց պատմությունները։
Ռուզաննա Ալավերդյանի ընտանիքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից է: 2008-ին ընտանիքը տեղափոխվել է Քարվաճառի Նոր Կարաչինար գյուղ։ Այստեղ Ռուզանը զբաղեցրել է դպրոցի տնօրենի պաշտոնը:

Պատերազմի սկզբում մարդիկ դեռ շարունակվում էին բնակվել իրենց տներում։ Սակայն Վարդենիս-Սոթք մայրուղու ռմբակոծությունից հետո Ռուզաննայի խոսքով, նրանք նախընտրեցին տարհանել երեխաներին` խուսափելով Արցախը Վարդենիսի հետ միացնող ճանապարհի լիակատար արգելափակումից։ Երեխաներին ուղարկեցին Վարդենիս քաղաքի հարևանությամբ գտնվող Լուսանկունք գյուղ`ծանոթների տուն։ Ռուզաննան և նրա հետ աշխատող մի քանի ուսուցչուհիներ մնացին՝ թիկունքում օգնելու զինվորներին: Սակայն, երբ Արցախում մարտերը թեժացան, նրանք ևս տեղափոխվեցին Լուսանկունք` հանգրվանելով Խաչատրյանների ընտանիքում, որտեղ արդեն ապաստան էին գտել նրանց երեխաները։
«Դուրս գալուց ոչինչ չենք վերցրել, վստահ էինք, որ հետ ենք գնալու»,- վերհիշում է Ռուզաննան։

Լուսանկունք գյուղի հյուրընկալներին վաղուց են ճանաչում: Մեղվապահ Խաչատրյաններն մի քանի տարի շարունակ փեթակները Քարվաճառ էին տանում և տեղադրում Ալավերդյանների բակում։

Խաչատրյանների ընտանիքն այս ընթացքում համալրվել է և դարձել բազմազավակ: Մինչ այդ զույգը մենակ էր ապրում, երեխաները ուսանողներ են Երևանում։ Պատերազմի առաջին օրերից նրանց տանն արդեն բնակվում էր երկու ընտանիք, որոնք հետագայում վերադարձան Արցախ: Հիմա Խաչատրյանների տանը Ռուզաննա Ալավերդյանի և նրա զավակների հետ ապաստան է գտել ևս մի ընտանիք` Հադրութից։

Ռուզաննա Ալավերդյանը հուզմունքով հիշում էր, որ դպրոցը նոր էին վերանորոգել, այդպես էլ չհասցրին շահագործել։ Տան գույքը և նորակառույց դպրոցի կահույքը, գրքերը սեփական միջոցներով և ծանոթների շնորհիվ հետագայում հասցրել են դուրս բերել։

«Մարդիկ կային, որ այրում էին իրենց տները, ասում էին` մենակ թուրքին չմնա, բայց մենք չկարողացանք վառել մեր տունը։ Ես վստահ եմ, որ հետ ենք գնալու մի օր», - ասում է Ռուզանան։
Արցախցիներին ապաստան տված տանտեր Վալեր Խաչատրյանը հյուրերին նաև օգնել է դուրս բերել տնային կենդանիներին, սակայն շուտով հասկացել են, որ խոշոր անասունին չեն կարող պահել։ «Ճիշտ է` գոմ կար, բայց անասնակեր չկար, իսկ գնելը շատ թանկ կլիներ, այդ պատճառով հենց ճանապարհին՝ 18 խոշոր եղջերավոր կենդանիները վաճառել են 1 մլն 650 հազար դրամով՝ իրական գնի կես չափով», - ասում է Ռուզաննա Ալավերդյանը։

Լուսանկունք գյուղում Ռուզաննայի երեխաները հաճախում են դպրոց, այնտեղից ստացել են գրենական պիտույքներ։ Թեև երեխաները պակաս բան չունեն, սակայն դեռ պատրաստ չեն նոր բնակավայրում հաստատվելուն: Տղաներից Անգելը խոստովանում է․ «Չէ, չենք հարմարվել, տուն եմ ուզում գնալ»։

Սևանա լճի հարավային և հարավ-արևելյան հատվածը բնությամբ հարուստ չէ, սակայն այստեղ լայն տարածում ունի հողագործությունը։ Խիստ կլիմայական պայմաններում գտնվող Վարդենիսի համայնքում ապրող մարդիկ հացահատիկի և կարտոֆիլի մշակումից բացի, աշխատում են տեղի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում, Սոթքի ոսկու հանքում և զորամասում։ Տղամարդկանց մի մասը գնում է սեզոնային արտագնա աշխատանքի, որն այժմ անհասանելի է համաճարակային կարանտինի պատճառով:
Վարդենիս քաղաքից մոտ 20կմ հեռու գտնվող Սոթքի հանքավայրը 2020-ի հոկտեմբերին ունեցել է 1 654 աշխատող, որոնցից 300-ը Վարդենիս համայնքի բնակիչներ են։ Նոյեմբերի 9-ին հայտարարված եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ հանքավայրը հայտնվեց Հայ-Ադրբեջանական սահմանի երկու կողմում: Նոր հանգամանքներում գլխավոր խնդիրը տեղացիների ապահով պայմաններում աշխատանքը շարունակելու հարցն է: Այլապես, տարածաշրջանում արտագաղթի մեծ հոսք կարող է սկսվել։

Սոթքի հանքի արևմտյան սահմանի հարևանությամբ անցնող M11 Մարտունի-Վարդենիս-Դրոմբոն մայրուղին, միացնելով Հայաստանը Արցախի հետ, նաև ակտիվ զբոսաշրջային ուղի էր. այսպես էր անցնում դեպի Դադիվանք ճանապարհը։ Ինքնին Վարդենիսի համայնքը դուրս է ակտիվ տուրիստական քարտեզներից: Վերջին տարիներին Գավառ-Արցախ մայրուղու շնորհիվ զբոսաշրջիկներն ավելի հաճախ էին կանգ առնում Վարդենիսում` խանութներից և սննդի օբյեկտներից օգտվելու համար։

Քաղաքում կա երեք հյուրատուն, վեց ռեստորան, որոնք նույնպես հիմնականում սպասարկում էին դեպի Դադիվանք և Արցախի այլ հատվածներ շրջագայող զբոսաշրջիկներին։

«Վարդենիսում տուրիստական ոլորտը զարգացնելու նպատակով պետական աջակցության ծրագրեր գրեթե չեն իրականացվել, ինչպես, օրինակ, Սյունիքում, և այստեղ եկող զբոսաշրջիկի հիմնական ուղղությունը Արցախն էր», - ասում է Վարդենիսի համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մանուկյանը։
Վարդենիսցի Վարդան Արշակյանը շատերի պես հիմնականում զբաղվում է հողագործությամբ, իսկ բերքը սպառում է քաղաքի կենտրոնում գտնվող նախկին բենզալցակայանի տնակում, որը դարձել է տեղի տղամարդկանց մտքերի փոխանակման վայր։

Ըստ պաշտոնական տվյալների, Վարդենիս խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2 388 հա: Վարդանի խոսքով, ժամանակին Վարդենիսի բնակիչների մի մասը տեղափոխվել էր Քարվաճառ, որտեղ կլիման ավելի բարենպաստ է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու համար։
Վերջին տարիներին կլիման Վարդենիսում փոխվել է: Եթե երեսուն տարի առաջ հոկտեմբերին արդեն ձյուն էր նստում, իսկ աշնանացանը կատարվում էր օգոստոսին, ապա այս տարի աշնանացանը նոյեմբերին է արվել, քանի որ հողը չոր էր։ Վարդենիսում տնտեսությունը զարգացնելու և բնակչության արտահոսքը զսպելու համար, Վարդանի կարծիքով, առաջնային է ոռոգման խնդրի լուծումը:

Վարդան Արշակյանը համոզմունք ունի, որ եթե ցանկություն կա սահմանը պինդ պահելու, պետք է լուծվի ոչ միայն Սոթքի հանքավայրում մարդկանց աշխատանքը անվտանգ պայմաններում շարունակելու հնարավորությունը, այլև ոռոգման խնդիրը։
~
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: