Ի՞նչն է բնորոշում բնակարանը որպես սոցիալական:
Յուրաքանչյուր երկրում բնակարանային սեկտորի խնդիրները պայմանավորված են տեղական տնտեսական, օրենսդրական, մշակութային և այլ առանձնահատկություններով։ Կատարյալ է, երբ յուրաքանչյուր երկիր ստեղծում է մի համակարգ, որն առավել արդյունավետ է իր սեփական բնակարանային իրավիճակը կարգավորելու համար:
Լավ օրինակ է Housing Europe - ի որդեգրած մոտեցումը, որի համաձայն յուրաքանչյուր եվրոպական պետությունում սոցիալական բնակարանների սահմանման համար ստեղծվում է երկրի անհատական պրոֆիլ՝ անհատական էջով իրենց կայքում:
Իսկ ի՞նչ է այս դեպքում «մատչելի բնակարանը»: Սոցիալական բնակարանների սահմանմանը հակառակ ՝ մատչելի բնակարանը հաշվարկելի կատեգորիա է: Ամենատարածված բանաձևի համաձայն, բնակարանը մատչելի է համարվում, եթե դրա ամսական ծախսերը կազմում են տնային տնտեսության տնօրինվող եկամտի մեկ երրորդից ոչ ավելին:
Այս մոտեցումն, իհարկե, հաշվի չի առնում մատչելի բնակարանում ապրելու այն «զրկանքները», որոնք տնային տնտեսությունը կրում է` գտնվելու վայրը և տրանսպորտային ծախսերը, թաղամասի որակը և ծառայությունների հասանելիությունը, բնակարանի որակը և, ի վերջո, կայունությունը` էներգախնայողության, շինանյութերի, ամրության տեսանկյունից: