Ունիվերսալ սոցիալական բնակարաններ

Նոր նախագիծը անհրաժեշտություն՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում
Երիտասարդ ճարտարապետների նոր նախագիծը մեկ քայլ առաջ է` ուղղված Հայաստանում ունիվերսալ սոցիալական բնակարանների ստեղծմանը: Նախագիծը սկսել են հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ պայմանները՝ աշխարհագրական դիրքը, սեյսմավտանգավորությունը, հնացող ու շատ դեպքերում` վթարային բնակելի ֆոնդը, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստան եկած փախստականների մեծ հոսքը:
Նախագծի հեղինակները՝ Հեղինեն Փիլոսյանն ու Անահիտ Սարգսյանը օրինակ են բերում Գյումրին, որտեղ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց էլ դեռ լուծված չէ բնակարանային խնդիրը:

«Բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել տնակային պայմաններում, որոնցում չկան հարմարավետության նվազագույն պայմաններ: Ուստի Գյումրին կարիք ունի մի նախագծի, որը կարող է կարճ ժամկետում լուծել սոցիալական ունիվերսալ բնակարանների խնդիրը՝ հարմարեցված տարբեր կլիմայական պայմաններին, տարբեր մոդելի ու տարատեսակ կենցաղ վարող ընտանիքներին», - ասում է նախագծի համահեղինակ՝ Անահիտ Սարգսյանը:

Երիտասարդ ճարտարապետների նախագծի հիմքում՝ կայուն սկզբունքներով սոցիալական բնակարանի ստեղծումն է, որի նախագծման հիմնական սկզբունքները մի քանիսն են՝ արագ կառուցում, մատչելիություն ստեղծման, ինչպես նաև շահագործման փուլերում:
Ճարտարեպետներ Հեղինե Փիլոսյանը ու Անահիտ Սարգսյանը
Կարևորում են նաև հասարակության ներգրավվածությունը կառուցման փուլում: Նախագիծը թույլ է տալիս յուրաքանչյուր ընտանիքի հնարավորինս հարմարեցնել բնակարանն իր պահանջներին ու վարած կենցաղին:

«Ունիվերսալության ու տրանսֆորմացիայի հնարավորության խնդիրը լուծելու համար կառուցվող բնակարանները բաղկացած կլինեն առանձին մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է կցվել, կամ չկցվել շինությանն`ըստ անհրաժեշտության», - նշում է ճարտարապետ Անահիտ Սարգսյանը:

Նախագիծը թույլ կտա բնակարանների էսքիզների ստեղծման փուլում՝ ներգրավվել ուսանողներին, ինչը հնարավորություն կտա փոխել կրթական ուղղվածությունը, նրանց ուշադրությունը հրավիրելով սոցիալական բնակարանների նախագծման վրա՝ շեղելով էլիտար տիպի շինությունների նախագծերից: Հեղինակների համոզմամբ այս ամենը կնպաստի ժամանակակից սկզբունքներով առաջնորդվող ու առավել պատասխանատու ճարտարապետների սերնդի ստեղծմանը:
Ունիվերսալ սոցիալական բնակարաններ
վիդեո
Տուֆը՝ սոցիալական սեյսմակայուն բնակարանների գրավական

Վերջինիայի համալսարանի ամերիկահայ ուսանող Լևոն Յակուբյանի այցը Գյումրի պատճառ դարձավ, որպեսզի կյանքի կոչի TUFF Armenia Project նախագիծը, որի նպատակն էր տուֆի օգտագործմամբ Գյումրու բնակիչներին ապահովվել սեյսմակայուն սոցիալական կացարաններով:

«Իմ տեղեկությամբ Գյումրին մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հայաստանում, այնպես որ ես այն պատկերացնում էի Երևանի նման: Հասնելով այնտեղ իրական ցնցում ապրեցի՝ թվում էր, թե երկրաշարժը երեկ էր տեղի ունեցել... Ես քայլում էի «դոմիկների» թաղամասի փողոցներով, որոնք դժվար էր փողոց անվանել և ինձ ունայնացած էի զգում: Միացյալ նահանգներ հետ վերադառնալուն պես հասկացա, որ պետք է ինչ որ բան ձեռնարկել», - հիշում է Լևոն Յակուբյանը:
Հեղինակը նախագծի վրա սկսեց աշխատել Վերջինիայի համալսարանում ուսանելու առաջին տարում՝ 2014 թ. ներկա գտնվելով Վերջինիայի համալսարանի "Engineers Going Global" ուսանողական կազմակերպության շնորհանդեսին: Այսօր նախաձեռնությունը հայտնի է որպես Engineering Students Without Borders և կենտրոնացած է տեղական և միջազգային նախագծերի իրականացման համար կայուն ինժեներական մեթոդների կիրառման վրա:

Ուսման երկրորդ տարում Լևոն Յակուբյանը նախագիծը ներկայացնում է Engineers Going Global նախագծերի պրեզենտացիոն երեկոյին (Project Pitch night) և հնարավորություն ստանում այն իրականացնելու հայտ ներկայացնել: Այս պահին հեղինակն իր թիմակիցների հետ աշխատում է հաշվետվություն-զեկույցների վրա՝ դրամաշնորհներ տրամադրող ընկերություններին ներկայացնելու համար: Պլանավորում են բնակարաններով ապահովել առնվազն 400 բնակչի:

Նախագծի վրա աշխատող թիմն արդեն ավարտին է հասցրել տուֆի բլոկների լայնածավալ փորձարկումը և նախատիպի ստեղծումը: Բոլոր աշխատանքային նյութերը գտնվում են Վերջինիայի համալսարանի լաբորատորիայում՝ թեստավորման փուլում:
Տուֆի օգտագործմամբ սեյսմակայուն սոցիալական կացարանները նախատեսված են Գյումրիի գլխավոր ավտոկայանի հարևանությամբ գտնվող «դոմիկների» բնակիչների համար: Ըստ նախագիծը մշակողների, տուֆը հասանելի է, ամուր, հեշտությամբ վերածվում է շինարարության համար նախատեսված բլոկների: Շինությունները պլանավորում են առավելագույնը երկհարկանի՝ սեյսմակայունությունն ապահովելու նպատակով:

«Բնակարաններն ունենալու են ընդհանուր այգի և պասիվ էներգախնայողության լուծումներ: Նախագծումը այս պահին գտնվում է նախնական փուլում և դեռ ոչ մի հստակություն չունի»,-որպես առանձնահատկություն նշում է Լևոն Յակուբյանը: Նախագծի շուրջ աշախատող թիմում ընդգրկված են ճարտարագետներ, ինժեներներ, Գյումրիում սեյսմակայուն, մատչելի, էներգախնայող բնակելի միավորների նախագծման գործում մասնագիտացված անձինք:

Նախագծի շրջանակներում թիմը հաջողությամբ համագործակցում է մի շարք ընկերությունների ու հասարակական կազմակերպությոնների հետ, այդ թվում` Հայկական բարեգործական ընդհանուր միություն (Armenian General Benevolent Union), Gyumri Project Hope, Bridge for CSO, Homeland Development Initiative Foundation: Նախագծին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Գյումրու քաղաքապետն ու քաղաքաշինության նախարարը:
«Նոր տան» կառուցման ընթացքը

Նկարները` Մ. Համամչյանի անձնական արխիվից
Ամուռկավ. նոր ջերմա-ձայնամեկուսիչ նյութը կկրճատի բնակարանների ջեռուցման ծախսը

Նոր ջերմա-ձայնամեկուսիչ «Ամուռկավ» նյութը հնարավորություն է տալիս կրճատել բնակելի շինությունների ջեռուցման ծախսերը, շնորհիվ ամուռկավի ջերմամեկուսիչ հատկությունների:

Տեղական հումքից նոր ջերմամեկուսիչ նյութի ստեղծման գաղափարը Տեխնիկական գիտությունների դոկտոր, տեխնոլոգ Միքայել Համամչյանի մոտ առաջացել էր դեռ 90-կաններին, երբ բազմաթիվ այլ խնդիրների շարքում առավել սուր էր զգացվում բնակարանների ջեռուցման հարցը:

Հայաստանում, մասնավորապես Երևանյան բնակելի շինությունների հիմնական մասի պատերի կառուցման մեջ կիրառվող նյութերի ջերմամեկուսիչ ցածր աստիճանի արդյունքում բնակարանի ջեռուցումը մեծ ջանքեր և ծախսեր է պահանջում:

Միքայել Համամչյանի նպատակն էր ստեղծել երկարակյաց, թեթև ու էկոլոգիապես մաքուր շինանյութ, որի կիրառմամբ բնակելի տների կառուցումը կապահովեր օպտիմալ ջերմաստիճան շինության ներսում, ինչի արդյունքում հնարավոր կդառնար զգալիորեն կրճատել բնակարանի ջեռուցման համար պահանջվող կոմունալ ծախսերը:
Ըստ հեղինակի, նոր նյութի ստեղծման հիմքում պետք է ընկած լինեին արտադրության կազմակերպման հիմնական երեք սկզբունքները, որոնք կապահովեին տեխնոլոգիականությունը, խնայողությունը և բնապահպանական նորմերը: 2007 թվականին գիտնականը ստացավ էկոլոգիապես մաքուր, հրակայուն ջերմա-ձայնամեկուսիչ նյութը, որը կնքեց Ամուռկավ անվանմամբ (հապավում Համամչյան/Амамчян/, ուռած և կավ բառերից):

Նոր նյութը ստացվեց դյուրահալ կավերի և տուֆի թափոնների հիմքով: Ընդ որում, ստացման ընթացքում որպես հավելում կիրառվող տուֆի թափոնները տարածաշրջանին համապատասխան կարող են փոխարինվել այլ նյութերով, այդ թվում՝ ցեոլիտով, դիատոմիտով, պեռլիտով կամ տրեպելով, որոնցով հարուստ է մեր երկիրը:

Ամուռկավի բազմաթիվ առավելությունների շարքում հատկապես կարևոր է դրա կիրառմամբ բնակելի շինությունների շահագործման մատչելիությունը: Տուֆն, ի տարբերություն այս նյութի փոքր ինչ մատչելի է ինքնարժեքում, սակայն փոխարենը՝ «Ամուռկավ»-ի հիմքով տարվող շինարարական աշխատանքներն աշխատատար և ծախսատար չեն: Եվ ամենակարևորը՝ շնորհիվ ամուռկավի բարձր ջերմամեկուսիչ հատկությունների, զգալի կրճատվում են դրա հիմքով կառուցվող բնակելի շինությունների ջեռուցման ծախսերը՝ հետագա շահագործման ընթացքում:
Ամուռկավը առանձնանում է բարձր ջերմամեկուսիչ հատկություններով
2009 թվականին հեղինակը գործարանային պայմաններում ամուռկավից արտադրված բլոկներով կառուցեց 60մ3 մակերեսով երեք սենյականոց փորձնական բնակելի շինություն, որը ստացավ «Նոր տուն» անվանումը: Երեք մոդուլներից բաղկացած երեք սենյականոց նմանատիպ բնակելի շինությունը հնարավոր է հավաքել և շահագործման հանձնել ընդամենը յոթ օրվա ընթացքում: Ընդ որում, բլոկների ստացման շնորհիվ նման բնակարանների հատակագիծը կարող է նախագծվել ըստ պահանջի:

Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո բնակարանի հետնամասում տեղադրված հատուկ պահարանին հեշտությամբ միացվում են անհրաժետ բոլոր կոմունիկացիաները`ջուր, գազ, էլեկտրական հոսանք, կոյուղի և բնակարանը ամբողջովին պատրաստ է լինում շահագործման:
Համամչյանը նշում է, որ «Նոր տան» նախագծով բնակելի շինության կառուցումը հնարավոր է իրականացնել ընդամենը 7-8 անձի ներգրավմամբ, իսկ արտադրական ինքնարժեքը կազմում է մոտ 9 մլն. դրամ: Ընդ որում, սերիական արտադրության դեպքում, ըստ հաշվարկների, մեկ բնակարանի կառուցման համար կպահանջվի ընդամենը երեք անձի ներգրավվածություն, ինչի շնորհիվ զգալիորեն կնվազի նաև շինության ինքնարժեքը:

«Ամուռկավ»-ից ստացված բնակարանը «ջերմ», հուսալի, սեյսմակայուն, հրակայուն, բիոկայուն բնակելի միավոր է` ստացված էկոլոգիապես մաքուր նյութից: Այն իդեալական նյութ է՝ սոցիալական կայուն բնակելի միավորների ստեղծման համար: Ամուռկավի կիրառմամբ հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում` մեկ–երկու տարում շահագործման մեջ մատչելի և բարեկեցիկ բնակարանով ապահովել շուրջ 500 ընտանիքի:

Ամուռկավի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն գործնականում այն գրեթե չի կիրառվում: Հեղինակը նշում է, որ նյութի ու դրա հատկությունների նկատմամբ բազմիցս հետաքրքրքրություն են ցուցաբերել նաև պետական մակարդակով ինչպես ստեղծման, այնպես էլ փորձարկման փուլերում, սակայն ոչ մի լուրջ և կոնստրուկտիվ քայլ այս տարիների ընթացքում դեռևս չի ձեռնարկվել:
~