«Սարահարթ թաղամասի ժողովուրդը հավաքվում էր այդտեղ, զբոսնում։ Նստարաններ, սրճարաններ կային, մի խոսքով, հրաշալի վայր էր և երիտասարդների ժամանցի, և տարիքով ավելի մեծերի՝ հանգիստը վայելելու համար։ 90-ականներին ես հենց հարևանությամբ էի ապրում և ականատես եղա, թե ինչպես 2 շաբաթվա մեջ ամբողջ այգին պարզապես հատվեց։ Երկար ժամանակ տարածքն էդպես դատարկ էլ մնաց: Հետո մարդիկ սկսեցին կամաց-կամաց այգու հատվածներ վերցնել ու մշակել»,- հիշում է Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ Հրաչյա Պապինյանը։
Երբեմնի մեծ ու գեղեցիկ զբոսայգին վերածվեց կտոր-կտոր մշակովի այգիների, որոնք սեփականաշնորհված չեն։ Դրանց ոչ օրինական տերերը ցանկապատել են տարածքները, դռների վրա կողպեք տեղադրել։ 3,04 հա տարածքը մինչ օրս համայնքային փաստաթղթերում գրանցված է որպես համայնքային սեփականություն հանդիսացող այգի։
«Ինձ ոչ ոք չի դիմել էդ մշակովի այգիները սեփականաշնորհելու նպատակով։ Սակայն, եթե դիմեն էլ՝ կմերժեմ։ Նախ, որովհետև տարածքով երկու կարևոր խողովակաշար է անցնում՝ դեպի Նոյեմբերյան գնացող խմելու ջրի խողովակաշարն ու գազատարը։ Ստացվում է, որ այդ տարածքներն օտարման ենթակա չեն։ Երկրորդ պատճառը, որն անձամբ ինձ համար ավելի կարևոր է, նախկին զբոսայգին վերականգնելու երազանքն ու անհրաժեշտությունն է»,- ասում է Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը։