Քաղաքը՝ որպես մարդկայինի ճարտարապետ

Որտե՞ղ է մարդու «տեղը» ժամանակակից Երևանում
Հեղինե Ալեքսանյան
Հեղինակ

«Սկզբում մենք ենք ձևավորում քաղաքը, հետո քաղաքն է ձևավորում մեզ»

Յան Գեհլ

Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ստեղծվել ու ստեղծվում քաղաքները: Հիմնականում կստանանք նույն պատասխանը. «Իհարկե՝ մարդկանց»: Ոմանք էլ կեսկատակ-կեսլուրջ կասեն. «Մեքենաների համար»: Այնուամենայնիվ, ի՞նչ է նշանակում՝ «քաղաք մարդկանց համար», ինչպե՞ս գնահատել քաղաքի «մարդկայնությունը» և արդյոք ժամանակակից Երևանը «մարդակենտրոն» է:

Այս հարցերի պատասխանը գտնելու համար քաղաքին պետք է նայենք բնակիչների աչքերով, իսկ թե ինչպե՞ս, հուշում է քաղաքային պլանավորման անվանի մասնագետ դանիացի ճարտարապետ և ուրբանիստ Յան Գեհլը, որի հանրահայտ «Life Between Buildings» կամ «Կյանքը շինությունների միջև» գրքում նկարագրված քաղաքի ֆիզիկական միջավայրի գնահատման պրիզմայով էլ նայելու ենք մերօրյա Երևանին:

Ինչպե՞ս գնահատել քաղաքի «մարդկայնությունը»

Յան Գեհլի մեթոդը
Ինչպե՞ս է քաղաքը պայմանավորում մեր կյանքի ռիթմը. ի՞նչ ենք տեսնում քաղաքում շրջելիս, ի՞նչպես և ո՞ր ճանապարհով ենք գերադասում տեղաշարժվել, ի՞նչն ենք շրջանցում, որքա՞ն հաճախ ենք դուրս գալիս մաքուր օդ շնչելու կամ ծանոթների, հարևանների ու այլ մարդկանց հետ հանդիպելու ու հաղորդակցվելու, ի՞նչ տեմպով ենք քայլում, որտե՞ղ ենք հատում փողոցը . . . ապրել քաղաքում նշանակում է ամեն օր՝ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար կայացնել բազմաթիվ նմանատիպ որոշումներ, որոնց վրա մեծապես ազդում է քաղաքային ճարտարապետությունը:

Մարդու և քաղաքի այս փոխազդեցությունն առավել ցայտուն է դրսևորվում հանրային գոտիներում, և Յան Գեհլն իր ուսումնասիրությունում դիտարկում է մարդկանց փորձառությունը հենց բացօթյա տարածքներում՝ փողոցներում, այգիներում և այլ հասարակական վայրերում:

Քաղաքի ֆիզիկական միջավայրը գնահատելու համար դանիացի մասնագետն առաջարկում է հանրային տարածքները դասակարգել ըստ մարդկային գործունեության տեսակների՝ առանձնացնելով պարտադիր, կամընտրական և սոցիալական գործողություններ:
  • Պարտադիր են այն գործողությունները, որոնք քիչ թե շատ բոլորիս կյանքի անհրաժեշտ բաղադրիչն են, օրինակ, աշխատանքի կամ դպրոց գնալը, խանութում գնումներ անելը, կանգառում սպասելը և այլն:
  • Կամընտրական են ըստ ցանկության արվող ընտրությունները՝ մաքուր օդ շնչելու դուրս գալը, այգում զբոսնելը . . . այն ամենն, ինչն անում ենք բարենպաստ արտաքին պայմանների՝ լավ եղանակի կամ դուրեկան ու հարմար վայրի առկայությամբ:
  • Սոցիալական գործողություններն էլ ուղղակիորեն կապված են հանրային վայրերում ուրիշների ներկայության հետ: Որպես օրինակ կարող ենք դիտարկել երեխաների՝ խաղահրապարակում խաղալը, զրուցարաններում սեղանի խաղերի շուրջ հավաքվելը կամ անգամ պասիվ շփումները, որ սահմանափակվում են՝ այլ մարդկանց որպես դիտորդ տեսնելով և լսելով: Սրանք հաճախ կոչում են նաև «հետևանքային» գործողություններ, քանի որ ինքնստինքյան բխում են առաջին երկուսից:
Ըստ Յան Գեհլի, եթե պարտադիր գործողություններն ու դրանց հաճախականությունը նվազ կախված են քաղաքի ֆիզիկական միջավայրից ու դրա որակից, ապա կամընտրական գործողությունների պարագայում կապն անմիջական է (երբ բացօթյա տարածքների որակը լավ է, կամընտրական և սոցիալական գործողությունների թիվն ու հաճախականությունն աճում են):
Աղբյուր՝ Jan Gehl, “Life Between Buildings: Using Public Space”, Island Press, 2011, p. 11
Հենց այս տեսանկյունից էլ առաջարկում ենք նայել Երևանին ու գնահատել պարտադիր և կամընտրական գործողությունների ընթացքում քաղաքաբնակների ձեռք բերած փորձառությունը:

Մարդը քաղաքի առանցքում

Ինչպիսի՞ն է ամենօրյա Երևանը քաղաքաբնակների աչքերով
Մասնագիտությամբ լեզվաբան և տեսախմբագիր Անահիտ Տոնոյանն ամեն օր, աշխատանքի գնալիս, անցնում է Կոմիտասի Մամիկոնյանց փողոցից մինչև Մերգելյան ինստիտուտ տանող ճանապարհն ու կատարում բազում ընտրություններ, որոնք հաճախ պայմանավորված են նաև ինքնին քաղաքային միջավայրի ազդեցությամբ:

Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Որտե՞ղ է սկսվում և ավարտվում փողոցը
Կամընտրական գործողությունների տեսանկյունից Երևանին ուղղված նոր տեսանկյուն է բացահայտում մասնագիտությամբ տնտեսագետ, Եվրասիա միջազգային համալսարանի ասպիրանտ Շուշանիկ Գալոյանը, որի հետ փոքր զբոսանքի էինք դուրս եկել Երևանի կենտրոնում:

Որտե՞ղ է մարդը մերօրյա Երևանում

Իրավունք առ քաղաք
Որքան էլ տարօրինակ չհնչի, քաղաքային ճարտարապետության «մարդամետության» անհրաժեշտության վերաբերյալ այսօր այդքան ակնհայտ թվացող միտքը միայն նախորդ դարում է իրապես իմաստավորվել: Նույն այս սկզբունքն է նկատելի նաև մեր քաղաքային լեգենդում՝ թամանյանական Երևանում, որի հիմքում ընկած քաղաք-պարտեզի նախագիծը (հղացքի հեղինակ՝ Էբենիզեր Հովարդ, 1898), չնայած իր ուտոպիական բնույթի, առաջարկում էր կյանքի համար առավել բարենպաստ ու մարդամետ քաղաքային մոդել:

Եվ այդուհանդերձ, որտե՞ղ է մարդու «տեղը» մերօրյա Երևանում: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանն իր գործընկերների՝ Սրբուհի Միչիկյանի և Արմինե Ղալամդարյանի հետ 2023-ին մի հոդված է հրապարակել՝ առաջարկելով յուրատեսակ կոորդինատային համակարգ, որով կարող ենք հասկանալ՝ որքանով է Երևանը մոտ Յան Գեհլի մարդակենտրոն փիլիսոփայությանը:
  • Մոդեռնիստական կամ աջական, որը, սկիզբ առնելով 18-19-րդ դարերում, մեծապես իր արտացոլումն է ստացել Կորբյուզիեի «ժամանակակից քաղաքի» ​​մոդելում և Ռոբերտ Մոզեսի՝ երկնաքերներով, մայրուղիներով, մեքենաներով լի նյույորքյան նախագծում: Միջավայր, որը «տեղ չէր թողնում» մարդու համար՝ քաղաքն ինքնին վերածելով մեծ «տնտեսական մեքենայի»: Այստեղ առանցքային են ռացիոնալության և ֆունկցիոնալության սկզբունքները, որոնք պահանջում են յուրաքանչյուր տարածքի հստակ, նպատակային օգտագործում՝ ելնելով գերազանցապես տնտեսական աճի ու զարգացման տեսանկյունից (Խորհրդային մոդեռնիզմը ևս այս գաղափարախոսության դրսևորում է):
  • Ջեյն Ջեյքոբսի նոր կամ ձախական ուրբանիզմը, որը սկիզբ առնելով 1960-ականներին, ի հակադրություն մոզեսյան Նյու Յորքի, շեշտը դնում էր սոցիալական համախմբվածության, ներառականության և համայնքային բարեկեցության վրա: Այստեղ կենտրոնական են դառնում հանրային ու համատեղ օգտագործման տարածքները, հետիոտնային ուղիները, նստարանները, հանգստի գոտիները և այն ամենը, ինչը մարդկանց մոտ ամրապնդում է համայնքային կապն ու պահպանում ինքնատիպությունը:
  • Երրորդ ուրբանիզմը, Յան Գեհլի մոտեցման պես, կենտրոնական է դարձնում մարդուն և ձգտում ստեղծել հետիոտնային և հեծանվային ուղիներով հագեցած, աշխույժ քաղաքային միջավայր, որտեղ անկյունաքարային կլինի մարդկային փոխազդեցությունը, ազատությունը և հարմարավետությունը:
Իհարկե, առանձին-առանձին գաղափարախոսությունները չեն կարող ամբողջությամբ «բացատրել» և բնորոշել որևէ քաղաք, սակայն կարող են վեր հանել տիրապետող ուրբանիստական և մշակութային արժեքներն ու պրակտիկաները, որ պայմանավորում են տվյալ քաղաքի զարգացումը.
Կետ առ կետ անցնելով չափման աղյուսակի բոլոր բաղադրիչներով՝ Հարություն Վերմիշյանը նշեց. «Այս ցուցիչներով դիտարկելիս՝ գեհլյան սկզբունքների կիրառումը Երևանում հատվածական է, ինչը լուծում չէ: Գեհլի դեպքում կարևոր ցուցիչ է նաև 24/7 քաղաքի սկզբունքը. թե որքանով են քաղաքային ենթակառուցվածքներն ու միջավայրը թույլ տալիս, որպեսզի մարդը, օրինակ, գիշերը 4-ին վերադառնա տուն՝ առանց ապահովության կամ տեղաշարժի որևէ խնդրի: Երևանում այս առումով կենտրոն-ծայրամաս բաժանումը հստակ է: Կենտրոնում ժամանցային առումով գուցե 24/7-ը գործում է, բայց ծայրամասերում ամեն ինչ շատ ավելի վաղ է վերջանում: Թամանյանի քաղաք-պարտեզն էլ երրորդ ուրբանիզմին մոտ չես համարի. այն գուցե կանաչ էր, ուներ շերտերի համահավասարություն, բայց «վերևից ներքև» սկզբունքը տիրապետող էր: Խորհրդային շրջանում կար մայթի, փողոցի լայնությունից սկսած գրեթե ամեն ինչ նորմավորող ճարտարապետական ստանդարտ, որտեղ մարդուն չէին հարցրել՝ որքանով էին դրանք իրեն հարմար կամ բավարարող, բայց նվազագույնն ապահովված էր: Անցուղիներ, քայլուղիներ և մայթեր. եթե ուզում ենք գնահատել քաղաքի մարդակենտրոնությունը, պետք է նայել դրանց»:
Երկրորդ գործոնը, որի հիման վրա սոցիոլոգն առաջարկում է գնահատել քաղաքի մարդակենտրոնությունը, ֆրանսիացի փիլիսոփա Հենրի Լեֆևրի «Իրավունքն առ քաղաք» սկզբունքն է։

«Այս առումով ընդունված է առանձնացնել 2 տիպի իրավունք՝ հասանելիության և մասնակցության: Որքանո՞վ են քաղաքաբնակները ներգրավված քաղաքի զարգացման գործում: Խոսքն այստեղ իրական մասնակցության մասին է, որը չի սահմանափակվում քաղաքապետարանի լսումներին պասիվ ունկնդրի կարգավիճակով: Հասանելության տեսանկյունից էլ բավական է նայել՝ ինչպես է 20-50 մետրի վրա փոխվում մայթերի ծածկն ու սալահատակը՝ կախված նրանից քայլում ես նվազ, թե ավելի շահութաբեր խանութի կամ գրասենյակի մոտով:

Եվս մեկ կարևոր իրավունք է առաջ քաշում Շերոն Զուկինն իր «Naked City: The Death and Life of Authentic Urban Places» գրքում՝ հարցադրելով արմատ գցելու, հիշողությունը կամ քաղաքի ոգին պահպանելու իրավունքն ու այն չափը, որով այն պետք է համադրվի քաղաքի նոր զարգացման հետ: Երևանի պարագայում այս իրավունքն առկա չէ, թեև այս շրջանակում կարելի էր դիտարկել, օրինակ, Կոնդի պահպանել-չպահպանելու հարցը», - նշում է Հարություն Վերմիշյանը և հավելում, որ շատ բան գալիս է նաև հասարակական մտածողությունից: Ճարտարապետը կարող է Թիֆլիսն էլ, Ռոստովն էլ, Երևանն էլ նույն տրամաբանությամբ գծած լինել, սակայն դա միայն քաղաքը նախագծողի տարածության շերտն է: Քաղաքային միջավայրի ձևավորման վրա ազդում է նաև այն, թե ինչպես է այն ապրվում, և ինչ պրակտիկաներ են քաղաքաբնակները կիրառում: Այս ամենը բխում է տվյալ հասարակության արժեքներից, մտածողությունից, իրավական նորմերից և ազգային, սոցիալ-մշակութային այլ առանձնահատկություններից:

Այն, թե ինչպես էր պատկերացնում Յան Գեհլը հայրենի քաղաքը, այսօր արտացոլված է մարդկային չափումով աչքի ընկնող Կոպենհագենում, իսկ ինչպիսի՞ն են երևանաբնակները տեսնում Երևանն ու իրենց դերը քաղաքում:
Հոդվածը կարդացողներին հաճելիորեն կզարմացնի «Քաղաքապետ» գործիքը, որով հեղինակները յուրաքանչյուրիս թույլ են տալիս ինչ-որ առումով «ճարտարապետել և տեղորոշել» Երևանն ու մեր իրավունքն առ այն:

«60 % մոտ Յան Գեհլին և 40%՝ Ջեյն Ջեյքոբսին. ահա, այսպիսին ուրվագծվեց «իմ Երևանը»:
 «60 % մոտ Յան Գեհլին և 40%՝ Ջեյն Ջեյքոբսին. ահա, այսպիսին ուրվագծվեց «իմ Երևանը»:
~