ԿԱՆԱՉ ՖՈՆԴԻ ՓՈԽԱՐԻՆՈ՞ՒՄ,
ԹԵ ՎԵՐԱՑՈՒՄ

Երևանում մեկ մարդու համար նախատեսված կանաչապատ տարածքը պետք է լինի 28,8 ք/մ: Այսօր կանաչ ծառերով մեկ քաղաքացու ապահովման ցուցանիշը 7,8 ք/մ է, ինչը չորս անգամ ցածր է սահմանված չափից:
  • Գայանե Վասիլյան
    բնապահպան-լրագրող
2024 թ. գարնանը Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ քաղաքի կենտրոնական փողոցների ծառահատմանը: Հատված ծառերի տեղում և դրանց փոխարեն տնկվում են Իտալիայից բերած սակուրաների, հուդայածառերի, ալբիցիաների և ձիակասկերի տնկիներ:
Ծառահատումն իրականացվում է առանց որևէ հետազոտության և գիտական եզրակացության, ինչպես նաև առանց գնահատելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Ծառերի գործառնությունը գնահատվում է ընդամենն ակնադիտորեն՝ չկատարելով անտառպաթոլոգիական փորձաքննություն, շրջանցելով օրենսդրությունը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով, հատման են ենթակա «կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը»: Թվում է, թե միանգամայն խելացի որոշում է` հեռացնել դարն ապրած ծառերը և դրանք փոխարինել երիտասարդ ու առողջ ծառերով: Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ:


Լուսանկարը՝ Տաթևիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
«Նախ` միլիոնանոց քաղաքում կանաչ տարածք փոխելը դժվարին ու աշխատատար գործ է: Դա տասնամյակների, պետական շատ գերատեսչությունների ու ենթակա գերատեսչությունների համագործակցություն պահանջող աշխատանք է, որին պետք է մասնակցեն առողջապահության նախարարության բոլոր ինստիտուտները, այդ թվում` Առողջապահության ազգային ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային ինստիտուտը, Բուսաբանության ինստիտուտը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլն: Եւ միայն համապատասխան փորձաքննությունից, հնարավոր բոլոր վտանգները ծանրութեթև անելուց հետո կարելի էր ձեռնամուխ լինել բույսերի որակյալ փոխարինմանը», - ասում է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Քրիստինա Վարդանյանի կարծիքով, փողոցների և ճանապարհների կանաչապատման համար ընտրված ծառատեսակները պիտանի չեն: Բացի այդ, Երևան քաղաքի էկոլոգիական հենքի ստեղծման, քաղաքային բնապատկերի միասնական քաղաքականության աշխատանքները պետք է կատարվեն գլխավոր հատակագծի հիման վրա` ճարտարապետների և այլ մասնագետների հետ համատեղ:
«Կանաչապատումն առողջության համար է: Ճանապարհների երկայնքով պետք է տնկվեն խոշոր, լայնասաղարթ, անբարենպաստ էկոմիջավայրի համար կայուն տեսակներ, այլ ոչ այգի-պուրակային մշակույթների տեսակները, որոնցից են հուդայածառերը, սակուրաները, ալբիցիաները և այլն: Այդ ծառերը երրորդ շերտի են պատկանում, դրանք աճում են մոտավորապես մինչև 7 մ, դրանց սաղարթները մեծ չեն, հետևաբար այդ ծառերը չեն կարող պաշտպանել ճառագայթումից, փոշուց, աղմուկից ու գազա- և վառելիքաժայթքումներից: Ամռանը Երևանում ասֆալտը տաքանում է մինչև 70 աստիճան, ընդ որում` մթնոլորտ է նետվում հանքաձյութ, որը քաղցկեղածին է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգի առջև է կանգնած քաղաքը` մնալով առանց ծառերի»,- նշում է Քրիստինա Վարդանյանը:

Ծառերը պետք է փոխել աստիճանաբար: Սանիտարահիգիենիկ գործառույթներն ապահովելու համար, փողոցներում պետք է ծառեր թողնել. մատղաշ ծառերը չեն կարող աճել, ամրանալ առանց հին ծառերի: Անհրաժեշտ է, որ դրանք ստվերի տակ հասունանան, որպեսզի պաշտպանված լինեն Երևանի արևի այրող ճառագայթներից:

«Ծառը կարելի է կտրել միայն այն դեպքում, եթե այն այլևս հնարավոր չէ փրկել: Այդ պարզելու համար պետք է հետազոտել,- ասում է անկախ ծառաբան Տիգրան Հայրապետյանը: - Գոյություն ունեն բազում սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան ճշգրտորեն ախտորոշելու ծառը` արմատներից մինչև բնափայտը, հասկանալու, թե ծառը վնասվա՞ծ է կամ հիվա՞նդ է, եթե այո, ապա` ծառը դրանից կմահանա արդյոք, ի՞նչ կարելի է անել այն փրկելու համար և այլն: Ծառին նայելով` դրա վիճակը հնարավոր չէ որոշել: Պետք է ասել, որ շատերը կարծում են, թե փչակ ունեցող ծառը հիվանդ է: Սխալ է այդ կարծիքը: Ծառերի տեսակներ կան, որոնց վրա փչակի գոյացումը դրանց առանձնահատկությունն է: Այդպիսի ծառերը շատ կարևոր են կենդանիների կյանքի համար, հատևաբար` ամբողջ էկոհամակարգի համար»:
Հատվում են հիմնականում թեղիները, որոնք, մոտավոր հաշվարկով, 30-80 տարեկան են: Սակայն դրանց մեջ կան միանգամայն կենսունակ և առողջ ծառեր:

Թեղին փարթամ, սաղարթախիտ ծառ է: Թեղիները շատ կայուն են անբարենպաստ պայմաններում: Դրանք երաշտադիմացկուն են, ցրտադիմացկուն, քմահաճ չեն, հիանալի մաքրում են օդը, իսկ դրանց սերմերը փետրավորների համար կերի լավ տարբերակ են: Ի դեպ, փետրավորները նույնպես տուժում են տեղի ունեցող վայրի ծառահատումից:
«Ծառերը ոչնչացնելով, մենք ոչնչացնում ենք քաղաքի փխրուն էկոհամակարգը: Երևանում բնավորվում են 60 տեսակից ոչ պակաս թռչուններ, չվող թռչունների հետ ընդհանուր թվով 100 տեսակի թռչուններ կան քաղաքում: Այսպիսով, կանաչ տարածքը կրճատելով, մենք կրճատում ենք թռչունների սերնդատվությունը, որոնք մեզ օգնում են միջատների դեմ պայքարում: Օրինակ` երաշտահավի մեկ զույգը «սպասարկում է» 40 ծառ: Բացի այդ, մենք վտանգում ենք կարմիր գրքում տեղ գտած թռչունների շատ տեսակների, որոնք նույնպես բույն են դնում քաղաքում»:

Կարեն Աղաբաբյան, թռչնաբան
Տասնյակ տարիներ են պահանջվելու, որպեսզի նորատունկ տնկիները, նույնիսկ տեսակների ճիշտ ընտրության դեպքում, «աշխատեն»:

Երևանի փողոցների կանաչապատման համար ծառերի ո՞ր տեսակներն են ճիշտ համարվում: Առաջին հերթին` տեղային տեսակները, որոնք բնորոշ են տվյալ կլիմայի և տարածաշրջանի համար, հետևաբար դրանք ավելի մատչելի են, արագ աճող, սանիտարահիգիենիկ նորմերին և քաղաքի պատմական տեսքին համապատասխան: Այդպիսի տեսակներին են պատկանում թեղին, սոսին, կաղնին, բարդին, հացենին և այլն:

«Ի դեպ, փարթամ թեղու տակ ջերմաստիճանը նվազում է մինչև 33 աստիճան: Քաղաքապետարանը, եթե ամենալավ տեսակի ծառերը նույնիսկ տնկի, այսպիսի բաշխումը միևնույնն է, աղետ է. կրկնում եմ` հանցագործություն է քաղաքի բազմաթիվ փողոցները թողնել առանց ծառերի: Առավելևս, որ հիվանդ ծառերը կարելի է հաջողությամբ բուժել: Տերևակեր բզեզների թրթուրները, որ շատ են անհանգստացնում բնակիչներին, խնդիրներ չեն առաջացնի, եթե ծառերի բուժման հարցը արհեստավարժորեն կարողանան լուծել»,- նշում է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Կանաչ ծառերը մաքրում են քաղաքի օդը փոշուց ու գազից: Աղտոտված օդի հոսանքը, հանդիպելով կանաչ տարածությունների, դանդաղեցնում է արագությունը: Արդյունքում, այն օդում պարունակող 60-70 % փոշու ծանրության տակ նստում է ծառերի և թփերի վրա: Կանաչ ծառերի տակ, ջերմաստիճանի տարբերության հետևանքով, առաջանում են օդի նվազող հոսանքներ, որոնք քշում, հասցնում են փոշին գետին: Կանաչ ծառերի միջև օդի փոշոտվածությունը 2-3 անգամ ավելի քիչ է, քան քաղաքի բաց տարածքներում: Կանաչ տարածքների խորքերում` անտառեզրից 250 մ հեռավորության վրա, փոշոտվածությունը 2,5 անգամ պակաս է:
Կանաչապատման մեկ այլ ծանրակշիռ պատճառ է ջերմային կղզիների քանակի նվազումը: Քաղաքի ջերմային կղզիները էկոլոգիական հիմնախնդիրների հատուկ տարատեսակ են, որ գոյություն ունեն յուրաքանչյուր մեծ քաղաքում: Խոշոր քաղաքներում խիտ կառուցապատում է իրականացվում: Այն քաղաքի տարածքը վերածում է քարե անապատի:

Ի տարբերություն կանաչ տնկատարածքի, քաղաքային շինարարության ընթացքում ջերմաստիճանն զգալիորեն ավելի շատ է բարձրանում: Եթե խոտերն ու ծառերը արտացոլում են արևի ճառագայթման մի մասը, ապա տներն ու ասֆալտը, հակառակը, կուտակում են այն: Այդ պատճառով անհրաժեշտ է ջերմային կղզիները թուլացնել կանաչ գոտիներով, որոնց շնորհիվ կտրուկ պակասում է ջերմաստիճանը քաղաքի մեծ մասում` մարդու համար ստեղծելով առավել բարենպաստ միկրոկլիմա:

Կանաչ տարածքները բարենպաստ ազդեցություն են ունենում նաև քաղաքի բնակչության հոգեկան առողջության վրա: Օրհուսի համալսարանում (Aarhus University) կատարված ուսումնասիրությունների համաձայն, կանաչապատ միջավայրում մեծացող երեխաների շրջանում ապագայում հոգեկան տարբեր խանգարումների զարգացումը 55 %-ով ավելի քիչ է:

Ցավոք, մարդկանց մեծ մասը դեռևս չի գիտակցում, թե ինչ ներդրում ունեն ծառերը մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության գործում: Շատերի համար քաղաքի կանաչ տարածքների կրճատման վտանգները նույնքան վերացական են, որքան ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացումները:

Առայժմ, սակայն, մենք ակտիվորեն շարունակում ենք հատել այն ճյուղը, որի վրա նստած ենք:
~