Փորձագիտական հայացք

Ի՞նչն է անտեսվում խորհրդային բնակարանաշինության շուրջ ճարտարապետական խոսույթում


ճարտարապետ-ուրբանիստ
«Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամակարդակի իրավունք, այդ թվում՝ սննդի, հագուստի, բնակարանի և առողջապահության»

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդված, 1948 թ.

Բնակարանային հարցը հաստատապես ուրբանիզացիայի հետ կապված գերակա խնդիրներից է: Արդյունաբերական հեղափոխությունը բերեց քաղաքային խնդիրներ, որոնք պահանջում էին ավելի խիստ, հաճախակի համաճարակները, հրդեհները և գերբնակեցումը զսպող ստանդարտներ:
Արդեն այս փուլում աճող եվրոպական քաղաքներում խոշոր արտադրող կազմակերպություններն իրենց աշխատողներին տրամադրում էին կացարան՝ հանդիսանալով գյուղ-քաղաք միգրացիայի ևս մեկ շարժիչ: Այնուամենայնիվ, դեռ պահանջվելու էր ևս մեկ համաշխարհային պատերազմ՝ միլիոնավոր անօթևան մնացած քաղաքաբնակներ ու գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքներ, որպեսզի ամբողջ աշխարհում իշխանություններն իրենք նախաձեռնեին բոլոր դասակարգերի համար պատշաճ բնակարաններ կառուցելու ուղղությամբ ջանքերը:

Հայաստանի ժամանակակից ուրբանիզացիայի պատմությունը խարսխված է խորհրդային արդյունաբերականացման յոթանասուն տարիներում՝ զանգվածային բնակարանաշինությամբ հիմնավորված: Այնուամենայնիվ, վերջինիս շուրջ գրեթե բացառապես մերժողական ընկալումները՝ թե՛ ճարտարապետական հանրույթում, թե՛ քաղաքաբնակների մեջ, մերժում են նաև դրա իրական դերը երկրի զարգացման/ուրբանիզացման ընթացքում: Զանգվածային բնակարանաշինության հիմքում դրված գաղափարախոսությունը, որը խորապես մոդեռնիստական էր (ընդհատված ստալինյան նեոկլասիցիզմի ժամանակաշրջանով), հայ հասարակության համար այն հիմնաքարն էր, որը թույլ տվեց հետագայում ստեղծել ավելի որակյալ կացարանների շուկայական պահանջարկ:
Հիմքերի ստեղծում. ուրբանիզացիան 19-րդ դարի Արևելյան Հայաստանում

19-րդ դարում և 20-րդ դարասկզբին բնակավայրերը, որոնք հետագայում կկազմեն Հայաստանի առաջին Հանրապետությունը, կիսավեր էին՝ բազմաթիվ մարտերի, երկրաշարժերի, աղքատության հետևանքով։ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր վերապրողներ 1914-1916 թվականներին փրկություն էին գտել այստեղ (ի լրումն 100,000-ի՝ 1870-1910 թվականներին)։ Բնակավայրերից ոչ մեկը չուներ ենթակառուցվածք և ռեսուրսներ՝ նման արագ ժողովրդագրական աճը բավարարելու համար: Որոշ շրջաններում փախստականների մոտ կեսը չի դիմակայել առաջին իսկ ձմեռվան՝ սովի, հիվանդությունների և ցրտի պայմաններում։ Տարածաշրջանով ճանապարհորդող ժամանակակիցները պատմում էին սարսափելի զրկանքների և զարգացածության ցածր աստիճանի մասին։
Bloxham, D. (2005). The Great Game of Genocide: Imperialism, Nationalism, and the Destruction of the Ottoman Armenians. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-927356-1
Тер-Минасян, Т. (2019). Ереван: Конструирование столицы в советскую эпоху. էջ25, ISBN:978-9939-76-183
Hovannisian, R. G. (1971). The Republic of Armenia: The First Year, 1918–1919. Vol. 1. Berkeley: University of California Press. էջ128. ISBN 978-0520019843
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և շրջակայքի համայնապատկերը, 1896թ․
(Այժմյան՝ Մաշտոցի և Խորենացի պողոտաներով և Ամիրյան փողոցով պարփակված հատվածը)․
Աղբյուր՝ HinYerevan.com
Դեռևս անկայուն Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը խոչընդոտելու իրենց ջանքերում՝ Արևմուտքը (հիմնականում` Միացյալ Նահանգները) միլիոնավոր դոլարների համարժեք օգնություն էր ցուցաբերել («11 միլիոն դոլար արժողությամբ հացահատիկ և այլ պաշարներ»), որն, այնուամենայնիվ, բավարար չէր քաղաքային ենթակառուցվածքներ կառուցելու ներդրումների համար: 1920 թվականի դրությամբ տարածական զարգացման ցանկացած հեռանկար (արագ կրճատվող բնակչությանը պահելու համար) արգելակված էր Անկարայի Կառավարության բանակի առաջխաղացմամբ՝ զուգորդված Ադրբեջանի և Վրաստանի հետ տարածքային վեճերով և բոլշևիկյան ապստամբությամբ:

Խորհրդային Միության մաս դառնալու պահին Հայաստանը ընդամենը 720 հազարանոց պետություն էր՝ սոցիալ-տնտեսական իմաստով դեպի իր ագրարային վիճակ հետընթացով։ Մի քանի քաղաք (Երևան, Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ, Գորիս) ժառանգել էին մասնակի քաղաքային ենթակառուցվածքներ, որոնք սստեղծվել էին 1830-ական թվականներից հետո` ցարական Ռուսաստանի կարճատև կապիտալիստական ժամանակաշրջանում։ Նման միջամտությունները հատկապես ակնհայտ էին աշխարհագրորեն կարևոր քաղաքներում (Ալեքսանդրապոլ և Գորիս), որտեղ համապարփակ, կանոնավոր քաղաքային հյուսվածքում ընդգրկված էին տարբեր խավերի քաղաքային բնակչության առանձնատներ (ժողովրդական տներ): Դրանցից շատերը կանգուն են մինչ օրս և կազմում են ճարտարապետական ժառանգության զգալի մասը:
Hewsen, Robert H.; Salvatico, Christopher C. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-33228-4
Suny, R.G. (1993). Looking toward Ararat: Armenia in modern history. Bloomington: Indiana UP.
Աշտարակ, Վերի Թաղ․
Աղբյուր՝ L. A. Mamikonyan, Current problems of Ashtarak town's urban development
and preservation of its architectural heritage. 2017
Ընդհանուր առմամբ, քաղաքային տները հիմնականում կավից և աղյուսից 1-2 հարկանի առանձին կառույցներ էին: Ճարտարապետական «մշակվածությամբ» տները պատկանում էին տնտեսական և քաղաքական վերնախավին (որը հաճախ ներկայացված էր նույն տոհմ-կլաններով, ինչպես օրինակ՝ Աֆրիկյանների ընտանիքը)՝ 19-րդ դարում Թբիլիսիից և Բաքվից հայրենադարձված վաճառականների և արդյունաբերողների բուրժուական դասին։ Բնակչության մեծ մասի համար նվազագույն կենսապահովման գյուղատնտեսությունը ապրուստի հիմնական աղբյուրն էր: Բնակարանային խնդիրը բավարարվում էր աստիճանական մոտեցմամբ. այսինքն ընտանիքներն ընդլայնում էին իրենց կացարանները՝ ըստ անհատական փոփոխվող կարիքների և ռեսուրսների:
Ուրբանիզացիայի առաջին ալիքը և վաղ Մոդեռնիզմը
Խորհրդայնացման առաջին փուլում անցումը դեպի ուրբանիզացված հասարակություն համեմատաբար դանդաղ էր: Թամանյանի՝ Երևանի գլխավոր հատակագիծը սահմանեց այն ուղին, որով հետագայում նախագծվելու էին Հայաստանի շատ այլ քաղաքներ։ Ստանդարտացված բնակարանաշինության առաջին փորձերը 2-3 հարկանի շենքեր էին, որոնցում կային մի քանի բնակարան:

Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմը և անմիջապես հաջորդած իսպանական գրիպի համավարակը մարտահրավեր էին քաղաքաշինության և ճարտարապետության շուրջ արմատացած գաղափարներին: Բնակարանների ապահովության, մատչելիության և քաղաքային կենսապայմանների վերաբերյալ խնդիրները մոդեռնիստական մանիֆեստներում առաջնային և առանցքային էին:
Սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի համալիրը Շենգավիթում. գլխավոր հատակագիծ։ Նախագիծը ստեղծվել էր խորհրդային մոդեռնիզմի սկզբունքներով (1933թ., ճարտ.՝ Գ.Քոչար, Մ.Մազմանյան, Հ.Մարգարյան, Ս.Սաֆարյան):
Աղբյուր՝ Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986):
Այդ նույն շրջանում խորհրդային բոլոր երկրներում բնակարանների քանակը սուղ էր՝ անբարենպաստ, նեղ կենսապայմաններում բազմասերունդ ընտանիքներով լի: Բնակարանային նոր մոդելների որոնումներում՝ խորհրդային ճարտարապետները շրջվեցին դեպի Մոդեռնիզմը՝ իր նորարարական և տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներով: Այս փնտրտուքից ի հայտ եկան ուրբանիստների և դեզուրբանիստների երկու հակառակորդ մտքի դպրոց, որոնք, այնուամենայնիվ, հատվում էին ապագա սոցիալական կառուցվածքի հիմքում ընկած համայնքային համակեցության ձևի հարցում:

Բազմաբնակարան բլոկները դիտարկվում էին որպես այն տիպաբանությունը, որը կհամատեղեր տնտեսապես կենսունակ արտադրությունը և քաղաքային բազմանդամ ընտանիքների տարբեր կարիքների բավարարումը: Այս նոր սկզբունքների վրա հիմնված մի քանի փորձարարական նախագծեր կառուցվեցին 1920-ական թվականներին, հիմնականում՝ Մոսկվայում և շրջակայքում:
Սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի համալիրը Շենգավիթում. ընդհանուր տեսք (1933թ., ճարտ.՝ Գ.Քոչար, Մ.Մազմանյան, Հ.Մարգարյան, Ս.Սաֆարյան): Աղբյուր՝ Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986):
Փոքրացված բնակելի միավորները ստացվում էին սննդի պատրաստման և լվացքի (որոնք նախկինում նպաստում էին խոնավության և բորբոսի գոյացմանը) համար նախատեսված տարածքների կրճատման կամ առհասարակ վերացման միջոցով: Այս ֆունկցիաների դուրս հանելն ու դրանց՝ «երրորդական տեղերում» խմբավորելը ոչ միայն խրախուսում էր համաքաղաքացիների միջև շփումները, այլև ազատում էր կանանց տնային գործերից և այդպիսով նրանց դարձնում աշխատուժի հավասար մասնակիցներ: Սա իսկապես առաջադեմ գաղափար էր միջպատերազմյան ժամանակաշրջանում: Հայ մոդեռնիստների մի վաղ սերունդ (առավել նշանավոր՝ Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ. Քոչար), շատերը Վխուտեմասի դպրոցն անցած ճարտարապետներ ստացան սեփական «ասելիքի» հնարավորությունը համաշխարհային այս շարժման մեջ:
Луначарский, A. Б. (1927). О быте.
Ստալինյան շրջանը․ ինդուստրիալացումով առաջնորդվող ուրբանիզացիա
Խորհրդային Հայաստանում ուրբանիզացիայի տեմպի փոփոխությունը եղավ 1930-ականների երկրորդ կեսին` լիարժեք խորհրդային հանրապետության կարգավիճակ ստանալուց հետո։ Գործընթացը հասավ նաև հայկական այլ քաղաքներ և բնակավայրեր՝ Լենինական, Կիրովական, Վաղարշապատ, Դիլիջան։

Արդյունաբերական քաղաքների շուրջ կենտրոնացած արագ ինդուստրացումը դարձավ նոր քաղաքային օրակարգի հիմնաքարը: Նախորդ տասնամյակի ուրբանիստների պատկերացրած՝ կոլեկտիվ բնակության վրա հիմնված սոցիալական իդեալները համարվեցին անիրատեսական և խորհրդային տնտեսության առաջխաղացմանը չնպաստող։ Տնային խոհանոցը կրկին դարձավ կարևորված սենք։ Այն անհատապես Անաստաս Միկոյանի նախագիծն էր, որի արդյունքն էր նաև առողջ սննդի մասին տնային խոհարարական գրքի միլիոնավոր օրինակների տպագրությունը:

Մազմանյանն ու Քոչարը՝ տեղական Մոդեռնիզմը առաջնորդող երկու ճարտարապետ, «կանչվեցին»՝ այժմ արգելված ֆորմալիստական շարժմանը մասնակցելու մեղադրանքով և աքսորվեցին ամենահյուսիսային Նորիլսկ քաղաք՝ ղեկավարելու նեոկլասիկական արդյունաբերական քաղաքի շինարարությունը:
French, R. (1995). Plans, pragmatism and people: The legacy of Soviet planning for today's cities. London: UCL Press.
Կիրովական․ արդյունաբերական և բնակելի գործառույթների շուրջ ձևավորված քաղաքի սխեման։ Ակնհայտ է Երևանի կենտրոնի համար Թամանյանի լուծումների ազդեցությունը. (1934-1937 թ.թ., ճարտ.՝ Մ.Մազմանյան)․ Աղբյուր՝ Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986):
Հայկական քաղաքների ուրբանիզացումն արագացնելու համար խորհրդային ղեկավարությունը նախաձեռնեց հայրենադարձությունը սփյուռքից, հիմնականում՝ Եվրոպայից (1947-1948 թվականներին՝ Մերձավոր Արևելքից): Սակայն, չնայած տարածական զարգացման զգալի առաջընթացին, երկիրը դեռ պատրաստ չէր կլանել ժամանող մեծաքանակ քաղաքաբնակներին, այդ թվում՝ Երևանում:

Բազմաթիվ տնային տնտեսություններ, նրանց թվում՝ հայրենադարձներ, իրենց բնակարանային կարիքները շարունակում էին լուծել սեփական ուժերով․ պետությունը տրամադրում էր հողակտոր հիմնական ենթակառուցվածքներով, որի վրա ընտանիքը կառուցում էր սեփական տունը։ Սա նույնպես բնակարանաշինության աստիճանական մոտեցում էր։

Խորհրդային արդյունաբերականացման այս շրջանը շատ առումներով նման էր եվրոպական արդյունաբերական հեղափոխության սկզբնական փուլերին, որն ուղեկցվում էր քաղաքային կյանքի որակի նվազագույն նկատառումներով:

Հետպատերազմյան վերադարձ դեպի Մոդեռնիզմ. իրական զանգվածային բնակարանաշինություն
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բնակարանային ճգնաժամը էլ ավելի սուր էր՝ թե՛ խորհրդային երկրներում, թե՛ եվրոպական քաղաքների մեծ մասում: Ճարտարապետները կրկին դիմեցին Մոդեռնիզմին: Դրա ճարտարապետական պարզ ձևերը և, հետևաբար, արտադրության համակարգված եղանակը, ինչպես նաև էգալիտար գաղափարախոսությունը, համապատասխանում էին ինչպես կապիտալիստական, այնպես էլ սոցիալիստական իշխանությունների՝ բնակարանաշինության վերաբերյալ նպատակներին: Պարադոքսալ կերպով հենց պատերազմը եղավ այն գործոնը, որն ստեղծեց հիմքեր այսչափ լայնածավալ ձեռնարկի համար: Ռազմարդյունաբերական համալիրի համար աշխատող գործարանները և դրանց սարքավորումները գործարկելու համար մոբիլիզացված աշխատուժը վերազինվեցին և վերապատրաստվեցին խաղաղ ժամանակների արտադրության համար:

1954 թ.-ին Խրուշչովը բարձրաձայնեց բնակարանների արտադրությունը արդյունաբերական առաջնահերթություն դարձնելու նոր նպատակը։ Այն ուղեկցվեց հավաքովի բետոնե կոնստրուկցիաների մշակման մասին հրամանագրով: Դրանից մեկ տարի առաջ զեկուցվել էր, որ մեկ շնչին բաժին ընկնող բնակարանների միջին մակերեսը խորհրդային բոլոր երկրներում կազմում էր ընդամենը հինգ քառակուսի մետր։ Այս թիվը հաշվի չէր առնում գերբնակեցման և ժամանակավոր կացարանների իրական պատկերը: Իր ելույթում Խրուշչովը նախատում էր ճարտարապետներին, որոնք իբր հակա-կոնստրուկտիվիզմի քողի տակ նախագծում էին շքեղ, զարդարված ճակատներով շռայլ կառույցներ, և նրանց հռչակեց իսկական ֆորմալիստներ։ Մեկ տարի անց նրա՝ ստալինյան ճարտարապետության բացահայտ քննադատությունը իր գագաթնակետին հասավ՝ «նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների» դեմ բարեփոխումների հրամանագրով:
Хрущев, Н. С., «О развитии производства сборных железобетонных конструкций и деталей для строительства» (1954).
Ռայմոն Կամյուի հավաքովի տեխնոլոգիայով տան շինարարություն հետպատերազմյան Հավր քաղաքում։ Տեխնոլոգիան հետագայում ներմուծվեց ԽՍՀՄ (դառնալով ամենատարածված սերիաների հիմք), ինչպես նաև Ավստրիա, Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Իսպանիա, Ալժիր և այլ երկրներ:
Աղբյուր
Հավաքովի զանգվածային բնակարանաշինության ուղղությունը արդեն ամբողջ թափով զարգանում էր հետպատերազմյան եվրոպական քաղաքներում:
Դեռևս մինչև կուսակցության ղեկավարի պաշտոնում Ստալինին փոխարինելը Խրուշչովն արդեն ուսումնասիրում էր հավաքովի մեթոդների հնարավորությունները: Խորհրդային ճարտարապետների և ճարտարագետների մի քանի պատվիրակություններ ուղղորդվել էին այս տեխնոլոգիաները փորձարկող արևմտյան երկրներ, նույնիսկ՝ ԱՄՆ: Ֆրանսիայի Հավր քաղաքում խումբը ոգեշնչվել էր նոր քաղաքային թաղամասերի հավաքովի պանելային տներով; Ֆինլանդիայում՝ կանաչի մեջ ընկղմված, նոսր կառուցապատոումով ննջարանային թաղամասերով: 1959 թվականին լիցենզիայի ձեռքբերումով ֆրանսիական տեխնոլոգիան պաշտոնապես ներմուծվեց։ Հատակագիծն է՛լ ավելի պարզեցվեց, ինչն էլ պահանջեց ավելի կոմպակտ, ստանդարտացված կահույք, որը դարձավ խորհրդային դիզայնի մեկ այլ ճյուղ։
Բնակելի թաղամաս, Երևան, Ավան-Առինջ։ Թաղամասը թեթևացված պանելներով տիպային նախագծի կիրառման ամենահաջող օրինակներից է, որն էլ ավելի է ընդգծում նման այլ նախագծերում անհատական լուծումների պակասը (1978 թ, ճարտ.՝ Յա․ Իսահակյան, Գ․ Ռաշիդյան, Ա․ Մկրտչյան)
Աղբյուր՝ Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986):
Հայաստանն այս ժամանակաշրջանում անցավ արդյունաբերական ուրբանիզացիայի իր ամենափոխակերպող փուլը: 1960 թ. առաջին տարաբնակեցման նախագիծն ակտիվացրեց նոր քաղաքային կենտրոնների զարգացումը (Աբովյան, Հրազդան, Մեծամոր, Իջևան, Կիրովական, Ջերմուկ և այլն): Բնակարանաշինության մեթոդների կատարելագործումը, որը զուգորդվում էր քարից կառուցելու բազմադարյա ավանդույթների և նյութի լայն հասանելիության հետ, առաջ մղեց գործընթացը: Կարկասապանելային տիպերի կիրառությունն ավելի ուշ սկսվեց՝ 1970-ականների սկզբին, և հիմնականում ներկայացված էր բարձրահարկերով (ինը հարկանի և ավելի բարձր): Նոր բնակարանների քանակը մեծացնելու և պլանով նախատեսված ցուցանիշներին հասնելու համար բնակարանների տրամադրման ռազմավարությունը թույլ էր տալիս նախաձեռնել նաև կոոպերատիվ անդամակցության և սեփական (կամ՝ վարկավորմամբ) ֆինանսական ռեսուրսների միջոցով սկսված շինարարություն:
Կարկասապանելային բազմահարկ բնակելի շենք՝ արդեն ձևավորված քաղաքային հյուսվածքում, Երևան, Բաղրամյան և Պռոշյան փողոցների անկյուն (1975 թ, ճարտ.՝ Ա․ Ալեքսանյան, կոնստր․՝ Ի․ Մանուչարյան):
Աղբյուր՝ Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986):
1986 թվականի դրությամբ ակնհայտ էր, որ «յուրաքանչյուր ընտանիքին մեկ բնակարան» լավատեսական կանխատեսումները պետք է հետաձգվեին 20 տարով՝ նոր թիրախ դարձնելով 2000 թվականը: Այնուամենայնիվ, աշխարհի համատեքստում, բնակարանային ապահովման խորհրդային համակարգը մինչ օրս մրցակցությունից վեր է:

1985 թ․-ին Հայաստանում օրական 3300 քառակուսի մետր բնակարան էր արտադրվում, ինչը համարժեք էր ավելի քան 100 բնակարանի: 1983 թվականի դրությամբ միջին քաղաքաբնակն ուներ 12 քառակուսի մետր բնակելի տարածք: Այս ցուցանիշների նշանակությունը հասկանում էին նաև խորհրդային Հայաստանի հետազոտողները՝ դրանք համեմատելով կապիտալիստական երկրներում բնակարանային քաղաքականության հետ, որը ստեղծում էր անմատչելի շուկաներ և դրանցով պայմանավորված զանգվածային վտարումներ, աղքատություն և անօթևանություն:
Доклад ЦК КПСС Н. С. Хрущева 17 октября 1961 г. и заключительное слово Хрущева на XXII съезде. 27 Октября 1961 г.
Ղարախանյան, Գ. (1985). Բնակարանի հարցը ՍՍՀՄ-ում և կապիտալիստական երկրներում․ «Բանբեր Երևանի համալսարանի» 2 (56), 131-138.
Անկախություն. թյուրըմբռնումներն ու նորահայտ անմատչելիությունը
ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապված տեղական հանգամանքները հետ մղեցին նախկին ուրբանիզացման շատ ձեռքբերումներ։ Կյանքի բոլոր ասպեկտների խափանումները (էներգիա, տրանսպորտ, ռեսուրսների հոսքեր) անդրադարձան նաև քաղաքային դիմակայունության վրա: Քաղաքային շատ բնակիչներ ստիպված տեղափոխվեցին գյուղական վայրեր՝ կրկին նվազագույն կենսապահովման գյուղատնտեսության միջոցով ապրուստ ունենալու։

Սեփականաշնորհված բնակարաններում չարտոնված փոփոխությունները (երևույթ, որը գալիս է դեռևս 1970-ական թվականներից) նոր, ավելի լայնարձակ ձևեր ստացան: Թեև այս երևույթն ավելի նուրբ ուսումնասիրության կարիք ունի, այնուամենայնիվ, հարց է առաջանում, գուցե՞ դրա պատճառներներից էր ընդհատված ուրբանիզացիան, որն ուղեկցվում էր բնակարանաշինության նախկին աստիճանական (ինքնօգնության) պրակտիկաներով:
Այսօրվա Երևանի կենտրոնական թաղամասերից մեկի համայնապատկերը՝ խորհրդային շրջանի բազմահարկ տների, «ինքնակամ» կառույցների և անհատական առանձնատների խիտ կառուցապատումով:
Multi-Apartment Housing in Armenia: Issues Note, 2006. "Housing and communal services in the South Caucasus". Infrastructure Department, Europe and Central Asia Region, The World Bank, էջ 7:
Քաղաք-գյուղ միգրացիան և արտագաղթը շեղեցին քաղաքներում մեկ շնչին ընկնող բնակարանային տարածքի ցուցանիշը. 1990 թվականին այդ թիվը կազմում էր 12,9 քառակուսի մետր, մինչդեռ 2000 թվականին այն աճեց մինչև 16,0 քառակուսի մետր:

Էլեկտրաէներգիայի և այլ ոլորտների ներդրումները և 2000-ականների սկզբին հիփոթեքային վարկերի ներդրումը փոխեցին միգրացիայի ուղղությունը: 2021 թվականի դրությամբ նույն ցուցանիշը հասավ քաղաքային մեկ շնչի հաշվով 29,5 քառակուսի մետրի (ընդ որում, ամենացածրը՝ Երևանում)՝ հավասարվելով Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների համապատասխան ցուցանիշին։ Աճը, սակայն, պայմանավորված էր ոչ թե բնակարանների մատակարարման տեմպերով (ի վերջո, քաղաքային բնակարանների 75%-ը կառուցվել էր 1950-1990 թվականներին), այլ ավելի շուտ քաղաքային բնակչության նվազմամբ և լայն տարածում ստացած անհատական տների շինարարությամբ:

Շուկայական տրամաբանությամբ բնակարանաշինությանն անցնելն ստեղծեց բնակարանային անմատչելիություն՝ համահունչ այլ զարգացող և զարգացած երկրներին: Այժմ դժվար է պատկերացնել շուրջ կես դար տևած մի ժամանակաշրջան, երբ բնակարանները գործնականում անվճար էին տրամադրվում՝ եկամտի ընդամենը 3%-ը կազմող վարձակալությամբ: Զարգացած քաղաքներում (Լոնդոն, Ստոկհոլմ, Բարսելոնա, Բեռլին, Շանհայ) բնակարանների անմատչելիության ճգնաժամն այսօր ստիպում է քաղաքաբնակներին միավորել իրենց ջանքերն ու ռեսուրսները համակեցության նախաձեռնությունների շուրջ՝ մի տիպաբանություն, որը խորհրդային կոնստրուկտիվիստները տեսնում էին որպես ապագայի մոդել:
Կոոպերատիվ տան նախագիծ Vertical Village in Villeurbanne, Լիոնի մետրոպոլ, 2011-2013 թթ.։ Ապագա բնակիչների ասոցիացիան ձեռք է բերել հողատարածք (տեղական իշխանությունների աջակցությամբ) և սերտորեն համագործակցելով ճարտարապետների և իրավաբանական խորհրդատուների հետ՝ կառուցել կոոպերատիվ տուն, որը կբավարարեր իրենց կարիքները։ Կոոպերատիվ միավորումը նաև ինքն է կարգավորում շենքի մասնավոր և ընդհանուր տարածքների պահպանումը:

Աղբյուր
1920-ականների՝ համակեցության վրա հիմնված մոդելները և դարի կեսի ստանդարտացումը երկուսն էլ պատասխան էին բոլորի համար արժանապատիվ կենսապայմաններ ստեղծելու ցանկությանը: Այս նախագծերի շուրջ չափազանց պարզեցված նարատիվում, իբրև Խրուշչովի՝ զարդարանքի նկատմամբ անձնական հակակրանքի դրսևորման արտահայտում, ավելի բարդ նրբերանգները մնում են չուսումնասիրված: Նույն ճառում ճարտարապետության մեջ վատնողականության ու պճնանքի և Ստալինի հանցագործությունների դատապարտումը հիշեցնում է (թեև ոչ ուղղակիորեն) Լոոսի՝ ճարտարապետական զարդանախշերի և հանցագործության միջև հավասարության նշան դնելուն։ 1908 թվականի իր մանիֆեստում Լոոսը զարդանախշերը որակել էր որպես հանցավոր վատնում, որն արտահայտվում էր շինաշխատողներից լրացուցիչ ջանք պահանջելու և արտադրության ժամանակի ավելացման մեջ։

Հատկանշական է, որ կոպտորեն պարտադրված նեոկլասիկական ճարտարապետությունը դարձավ այն գեղագիտությունը (էսթետիկան), որն այժմ նախընտրելի է և դիտվում է որպես ներհատուկ հայկական: Մինչդեռ մոդեռնիստական զանգվածային բնակարանները գրեթե անմիջապես որակվեցին որպես «անդեմ», միջակ ճարտարապետություն, որը մշտապես ուղեկցվում է ավելի ցածր սոցիալական դիրքի ենթատեքստով: 1991թ.-ին հաջորդող տարիներին փորձ չի արվել օբյեկտիվորեն գնահատել ստանդարտացված բնակարանների մեր գերակշռող ֆոնդի իրական արժեքը: Դրանց ցածր որակը հայտնի խնդիր էր արդեն վաղ փուլերում, ճիշտ այնպես, ինչպես ուշ խորհրդային շրջանի ճարտարապետներն արդեն գիտակցում էին սխալները, որոնք արվում էին դրանց օգտագործման ձևերում՝ թե՛ նոր թաղամասեր ձևավորելիս, թե՛ առկա քաղաքային հյուսվածքի մեջ ավելացումներում: Սրանք կարևորագույն խնդիրներ են, որոնք, այնուամենայնիվ, չպետք է հերքեն խորհրդային ժամանակաշրջանի բնակարանաշինության առաջնային նպատակները և երկարատև արդյունքները:

Զանգվածային բնակարանների քննումը շինարարության այսօրվա չափանիշների և նոր միջին խավի պահանջների դիրքից մերժում է դրա իրական նշանակությունը՝ որպես անհրաժեշտ անցումային փուլ՝ նախախորհրդային ագրարային հասարակության և նոր քաղաքաբնակներով ժամանակակից Հայաստանի միջև:
Григорян, А.Г., Товмасян, М.Л. (1986). Архитектура Советской Армении. Москва: Стройиздат
~